Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.05.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Անհրաժեշտ է ձեւավորել «առաջարկի տնտեսություն»

Այն կնպաստի տնտեսության պաշտպանողականության մակարդակի բարձրացմանը

Թե պատերազմի օրերին եւ թե հատկապես հետպատերազմյան շրջանում, երբ կտրուկ ավելացել են անհրաժեշտ ծախսերը, «ՀՀ»-ն մեկ անգամ չէ, որ գրել է, թե արագ պետք է տնտեսապես ոտքի կանգնենք՝ հնարավոր պատերազմներին դիմագրավելու համար։ Եվ արագ ոտքի կանգնելու համար պետք է փոխենք մեր տնտեսության կառուցվածքը: Սակայն արագ, որակյալ ու դրական տնտեսական տեղաշարժերի անհրաժեշտության համապատկերում չենք կարող չքննարկել մեր երկրի պետական պարտքի խնդիրը: Պարտքային ի՞նչ կարգի ճգնաժամում ենք, ի վիճակի՞ ենք լինելու այն սպասարկել, դեֆոլտի ռիսկ կա՞, որո՞նք պետք է լինեն մեր քայլերը առկա եւ հնարավոր ռիսկերը կարգավորելու ուղղությամբ: Այս եւ այլ հարցերի շուրջ է «ՀՀ»-ի հարցազրույցը տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կառավարում» ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանի հետ:
- Պարոն Սարգսյան, մինչ Հայաստանում իրավիճակից խոսելը թեման փորձենք քննարկել միջազգային ծիրում՝ խնդիրներն առավել խորքային հասկանալու համար: Մանավանդ որ միջազգային փորձագիտական ու մասնագիտական ամենատարբեր շրջանակների գնահատականների համաձայն՝ 2021 թ. համաշխարհային տնտեսության համար կարող է դառնալ պարտքային ճգնաժամի տարի։ 2020 թ. կորոնավիրուսային համավարակը սրեց պետական պարտքի խնդիրն աշխարհի բազմաթիվ երկրներում, եւ այն նաեւ ռեկորդային դարձավ պետությունների դեֆոլտների թվաքանակով:
-Այո, եւ ընթացիկ տարում թիվը կարող է ավելի աճել։ 2020 թ. պետական պարտքի բարձր մակարդակ ունեցող մի շարք պետություններ արդեն հայտարարել են դեֆոլտ՝ Արգենտինա, Լիբանան, Էկվադոր, Սուրինամ, Զամբիա: Առաջիկա տարվա ընթացքում դեֆոլտը կարող է սպառնալ Անգոլային, Կամերունին, Քենիային, Պակիստանին, Թուրքիային եւ Ուկրաինային: Ինչ վերաբերում է զարգացած երկրներին, ապա պետք է նշել, որ եվրոպական երկրները, ինչպես նաեւ Ճապոնիան ու Միացյալ Նահանգները, մեր դիտարկմամբ, ունակ են սպասարկելու իրենց պետական պարտքերը՝ առանց պետական բյուջեներին էական վնաս հասցնելու, ուստի վերջիններս կհաղթահարեն առկա ճգնաժամը նվազագույն վնասներով: Արտաքին պարտավորությունների հետ կապված՝ համեմատաբար մեծ ռիսկեր են առկա նաեւ այն երկրների համար, որոնք ֆինանսավորման դժվարություններ են ունեցել դեռ համավարակից առաջ: Խոսքը «կրկնակի դեֆիցիտային»՝ բյուջեի եւ ընթացիկ հաշվի մշտական պակասուրդ ունեցող երկրների մասին է, որոնց մեջ առավել հստակորեն առանձնանում են Թուրքիան եւ Ուկրաինան: Համեմատաբար ավելի ցածր ռիսկի տակ են հայտնվել Հնդկաստանը, Բրազիլիան եւ եվրոպական մի շարք երկրներ: Իրականում զարգացած տնտեսություններ ունեցող երկրները, ինչպիսիք են, օրինակ, Իտալիան եւ Պորտուգալիան, ունենալով պետական պարտքի հետ կապված բավական բարձր ռիսկեր, Եվրամիության շրջանակում արտաքին ֆինանսավորման մի շարք մեխանիզմների շնորհիվ կարող են խույս տալ դեֆոլտից։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա առիթով ասել եմ, որ եթե չլիներ ԴՊՀ (դաշնային պահուստավորման համակարգ. սա ԱՄՆ֊ում կենտրոնական բանկի անալոգն է,-Ա.Մ.) ակտիվ միջամտությունը՝ իրավիճակը կհասներ նաեւ դեֆոլտի։ Փաստացի, ԴՊՀ-ն ակտիվորեն ֆինանսավորում է բյուջեի դեֆիցիտը, որի մեծությունը 2020-ին կազմել է 3.13 տրիլիոն դոլար, երկրի ՀՆԱ-ի ավելի քան 15 տոկոսը։ Փաստացի ԱՄՆ պակասուրդի մեծությունը 2020 թ. գերազանցել է Ռուսաստանի ՀՆԱ-ի ծավալը: Ինչ վերաբերում է երկրի պետական պարտքի ծավալին, ապա այն 2020 թ. կազմելով ՀՆԱ֊ի 98 տոկոսը՝ ընթացիկ տարում կհասնի մինչեւ 104 տոկոսի եւ տարեցտարի կշարունակի աճել։ Ճապոնիայում նույնպես պետական պարտքի ծավալը հսկայական է՝ գերազանցելով երկրի ՀՆԱ-ն ավելի քան 2 անգամ:
-Սակայն, միաժամանակ, այս երկրների կառավարությունները վճարումների հետ կապված խնդիրներ դեռեւս չունեն:
-Բանն այն է, որ Եվրագոտում, Ճապոնիայում եւ ԱՄՆ-ում կենտրոնական բանկերն իրականացնում են այսպես կոչված քանակական մեղմացում. այլ կերպ՝ մշտապես իրականացնում են պետական պարտատոմսերի խոշորածավալ գնումներ, ինչը լիովին բացառում է կառավարության պարտավորությունների դեֆոլտի հնարավորությունը։
-Ասացիք՝ պետական պարտքի սպասարկումը վտանգված է նաեւ Ուկրաինայում եւ Թուրքիայում…
-Այո, նրանց մոտ առկա են CDS-ների՝ վարկային դեֆոլտի սվոփների ամենաբարձր տոկոսադրույքները։ Վերջիններս ածանցյալ ֆինանսական գործիքներ են, որոնք ներդրողներին ապահովագրում են պետական պարտքի դեֆոլտի ռիսկից։
-Բայց Թուրքիայի պետական պարտքի ծավալը մեծ չէ:
-Թեեւ մեծ չէ՝ կազմում է երկրի ՀՆԱ-ի շուրջ 30 տոկոսը, բավական մեծ են կորպորատիվ արտարժութային պարտավորությունները։ Ընդ որում, պարտավորությունների զգալի մասը կարճաժամկետ է, եւ 2021 թ. Թուրքիայի կողմից վճարվելիք պարտքի գումարը զգալիորեն գերազանցելու է երկրի արտարժութային պահուստները։ Թուրքիայի դեֆոլտը կարող է շղթայական ռեակցիայով տարածվել նաեւ այլ երկրներում, ինչպես դա տեղի է ունենում ճգնաժամերի ժամանակ։ Փաստացի նման իրավիճակում համաշխարհային ֆինանսական համակարգը լուրջ փորձության կենթարկվի. համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամի հետեւանքով տեղի է ունենում վճարային ճգնաժամ, որին հաջորդում է ֆինանսական ճգնաժամը: Համաշխարհային պարտքի արագ աճի պայմաններում ֆինանսապես նվազ կայուն երկրներն ստիպված կդիմեն պարտքերի վերակազմավորման կամ դեֆոլտի ընթացակարգերի։
-Հայաստանում պետական պարտքի ի՞նչ պատկեր ունենք, կամ որ ավելի ստույգ՝ այդ պարտքի հետեւանքով ի՞նչ ռիսկեր կան:
-Հայաստանում պետական պարտքի ծավալը գերազանցել է 8.85 մլրդ դոլարը՝ հասնելով ՀՆԱ-ի շուրջ 70 տոկոսի։ Դրանից միայն արտաքին պարտքը կազմում է 6.73 մլրդ դոլար։ 2020 թ. նախնական պլանավորվածի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է 14 տոկոսով։ Ընդ որում՝ այս աճը տեղի է ունեցել առավելապես արտաքին պարտքի հաշվին՝ 941 մլն դոլարի չափով։ 2021 թ. պլանավորվել է պետական պարտքի աճ եւս 177 մլրդ դրամի չափով կամ շուրջ 4 տոկոսով, ինչը ՀՆԱ հարաբերակցությամբ կհասնի մինչեւ 72 տոկոսի։ ՀՀ պետական պարտքի շուրջ 75 տոկոսը բաժին է ընկնում արտաքին պարտքին, իսկ 25 տոկոսը՝ ներքին։ Անդրադառնալով պարտքի սպասարկման գծով ծախսերին՝ պետք է նշել, որ 2020 թ. կառավարության պարտքի մարման եւ սպասարկման գծով նախնական պահանջվել է 448.7 մլրդ դրամ, որից՝ 280.6 մլրդ դրամը կազմում են պարտքի գծով մարումները, իսկ 168.0 մլրդ դրամը՝ տոկոսավճարները: Իհարկե, այս թիվը տարեվերջի դրությամբ փոփոխություն է կրել՝ հաշվի առնելով ինչպես նոր վարկերի ներգրավումը, այնպես էլ դրամի փոխարժեքի անկումը։ Տոկոսային հարաբերակցությամբ եթե նշենք, ապա՝ սպասարկման ծախսերի 50.9 տոկոսն ուղղվել է պետական պարտատոմսերի մարմանը, 17.4 տոկոսը՝ արտարժութային վարկերի եւ 31.7 տոկոսը՝ արտաքին վարկերի մարմանն ու սպասարկմանը։ Ընդամենը արտաքին վարկերի գծով սպասարկման եւ մարման գծով ծախսերը կազմել են շուրջ 178 մլրդ դրամ կամ 344.6 մլն դոլար։ Պետական պարտքի մինչեւ մարումը միջին ժամկետը կազմում է 9 տարի։ Պետական պարտքի շուրջ 82 տոկոսը ֆիքսված տոկոսադրույքով է, իսկ 2020 թ. կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքը կազմել է մոտ 5.2 տոկոս: Ընդամենը կառավարության պարտքի սպասարկման ծախսերը (տոկոսավճարներ) կազմել են ՀՆԱ-ի 2.4 տոկոսը: Սա, բնականաբար, բավական ծանր բեռ է մեր պետական բյուջեի համար եւ նաեւ մտահոգիչ է՝ հաշվի առնելով 2020 թ. մակրոտնտեսական ցուցանիշների բավական մեծ անկումը։ Միայն նշեմ, որ ՀՆԱ-ի անկումը կազմել է 9.1 տոկոս, իսկ ըստ միջազգային կառույցների կանխատեսումների՝ 2021 թ. աճը կազմելու է 1 տոկոսից մինչեւ 1.5 տոկոս։ Ավելին՝ Հայաստանում փաստացի պետական պարտքի աճին զուգընթաց չենք տեսնում տնտեսության կառուցվածքի էական փոփոխություն եւ ներառականության աճ, չեն նկատվում ներդրումների մեծ ներհոսքեր, ինչը, իրոք, մտահոգիչ է, քանի որ նման պայմաններում պարտքերը վճարվելու են ոչ թե ոչ տնտեսության մեջ հավելյալ միջոցների ձեւավորման, այլ նոր պարտքերի ներգրավման հաշվին:
-Հայաստանում դեֆոլտի ռիսկ կա՞:
-Իհարկե, ներկա դրությամբ Հայաստանում դեռ առկա չէ դեֆոլտի բարձր ռիսկ՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ պետական պարտքի միջին ժամկետը բավական մեծ է։ Սակայն, մյուս կողմից, տնտեսությունը ճգնաժամից վերականգնելու համար մեծ ֆինանսական ներարկումներ են պահանջվելու, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է պետական պարտքի հետագա աճի։ Ցանկացած տնտեսության համար բավական դժվար է գոյատեւել նման տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամերի զուգակցման պայմաններում, ինչն ուղեկցվում է համախառն պահանջարկի համատարած անկման հետ։ Տնտեսության վերականգնումը, առանց վերջինիս աշխուժացման, չափազանց դժվար կլինի։ Եկամուտների անկումը, գործազրկության կտրուկ աճը, արտադրության էական անկումն ու հարկային բազայի նվազումը հանգեցնում են պետական եկամուտների կրճատման, եւ փաստացի ստացվում է փակ շղթա։ Այս իրավիճակից դուրս գալու համար պահանջվում է նախեւառաջ, որ կառավարությունը ներգրավված միջոցները բացառապես ներարկի տնտեսության մեջ՝ աջակցության ծրագրերի, ենթակառուցվածքների զարգացման, նոր արտադրական հզորությունների գործարկման նպատակով։ Այսինքն՝ այնպիսի ոլորտներ, որոնց հաշվին կարող է աճ գեներացվել առաջիկա տարիներին։ Այլապես եթե ստացված փոխառու միջոցներն անարդյունավետ շարունակվեն ծախսվել, ապա չի բացառվում, որ առաջիկա տարիներին կհայտնվենք դեֆոլտի լուրջ վտանգի տակ, ինչպես դա տեղի ունեցավ մի շարք երկրներում։ Անհրաժեշտ է լուրջ դասեր քաղել այդ փորձից։
-Ճգնաժամերը նաեւ նոր հնարավորություններ են հատկապես զարգացողների համար, մե՞ր ուղին որն է:
-Անհրաժեշտ է ձեւավորել տնտեսական աճի նոր մոդել՝ հիմնված «առաջարկի տնտեսության» վրա, այլ ոչ թե «պահանջարկի տնտեսության», ինչպես որ մինչ օրս առկա է։ Սա նաեւ կնպաստի արտաքին շոկերից մեր տնտեսության պաշտպանողականության մակարդակի բարձրացմանը։ Այս ուղղությամբ կարեւոր քայլեր են ոչ հումքային արտահանման խթանումը, ներդրումային միջավայրի բարելավումը, ներդրումային կոլեկտիվ ինստիտուտների հետեւողական զարգացումը, տնտեսության մեջ «երկար փողերի» ձեւավորման համար նախադրյալների ձեւավորումը, մարդկային կապիտալում ներդրումների խրախուսումը։ Ներկա փուլում կառավարության հակաճգնաժամային գործիքների ընտրության բովանդակային չափորոշիչներ պետք է լինեն՝ 1. տնտեսության իրական հատվածի աջակցության ուղղվածությունը, 2. համախառն պահանջարկի խթանումը, 3. տնտեսապես դժվար կացության մեջ գտնվող ընկերություններին ֆինանսական օժանդակությունը, 4. ներքին շուկայի եւ ազգային արտադրողի պաշտպանվածությունը, 5. գիտատեխնիկական ու մարդկային ներուժի զարգացմանն ուղղվածությունը, 6. ֆինանսական շուկայի եւ ֆինանսական կառույցների կայունության ապահովումը, 7. վարկային ռեսուրսների մատչելիության ապահովումը, 8. պետական երաշխիքների համակարգի ընդլայնումը, 9. պետական ռեսուրսների արդյունավետ վերաբաշխումը:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

13-01-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO