Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայ բանաստեղծության մայրը

Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն

«Նա մեծ բանաստեղծ էր, ավելի քան մեծ: Նրա քնարը օրավուր գերազանցում էր ինքն իրեն մինչեւ իր վերջին օրը: Նա մեծ հրապարակախոս էր, ավելի քան հրապարակախոս: Քնարին զուգահեռ հնչեցնում էր իր հրապարակախոսությունը՝ շռնդալից, հրաբորբ ասելիքն անսպառ էր: Նա իր ժողովրդի հետ էր, նրա բոլոր ցավերի կրողը: Նա մարդասեր էր, ավելի քան մարդասեր: Օրը քանի-քանիսն էին դուռը բախում, գանգատվում իրենց ցավերից, եւ նա իր մեծ հեղինակությամբ, ամենայն ջանքով կարողանում էր օգնել նրանց, դարմանել նրանց ցավերը: Նա բնությունից շռայլորեն օժտված էր եւ իրեն տրված մի հատիկ կյանքը հազարապատիկ բովանդակալից դարձրեց: Նրան Աստված շռայլորեն տվել, ոչինչ չէր խնայել ու սահմանափակել: Նա իր ունեցած անսպառը անմնացորդ տվեց ժողովրդին եւ իր կենդանությամբ տվածի դիմաց շռայլաբար ստացավ ժողովրդի սերը…»:
Անահիտ ՍԱՀԻՆՅԱՆ

Հայ պոեզիայի կանացի զուլալ ձայնը՝ Սիլվա Կապուտիկյանը, գրական աշխարհ մուտք գործեց ճիշտ այն ժամանակահատվածում, երբ խորհրդային կոչված երկրում մոլեգնում էր անձի պաշտամունքը, ու մահվան հունձքը չէր խնայում գրի ու գրականության, մտքի ու գիտության երեւելիներին ու առաջնորդներին: Բավական էր մի անզգույշ խոսք, որպեսզի ցանկացած մեկն ընկալվեր որպես դասակարգային կամ ժողովրդի թշնամի եւ հրաժեշտ տար կյանքին: Բարեբախտաբար, այդ նույն ժամանակաշրջանում օրօրի հայտնի դարձող՝ տակավին ուսանող Սիլվա Կապուտիկյանն անզգուշություն չունեցավ ու չհայտնվեց մահապարտների սեւ ցուցակում, չնայած համալսարանական դասընթացներից մեկի ժամանակ բողոքել էր բերիական ելույթների թեմայով կարդացվող ձանձրալի մի դասախոսությունից եւ դրա համար արժանացել ընդամենը բանավոր դիտողության ու խոստացել այլեւս թույլ չտալ լեզվի նման սայթաքում: Իսկ երիտասարդ բանաստեղծուհու անունն արդեն հնչում էր: Նրա գործերը լույս էին տեսնում տարբեր պարբերականներում, գրական շրջանակներում հաճախակի էր հնչում նրա անունը՝ որպես օժտված ու խոստումնալից բանաստեղծուհու:
Վերջապես բանն այնտեղ է հասնում, որ 1938 թվականին ուսանողուհի Կապուտիկյանը ոչ թե դիմում, այլեւ առաջարկ է ստանում անդամակցել Հայաստանի գրողների միությանը: Հետագայում, վերհիշելով այդ տարիները, «Էջեր փակ գզրոցից» գրքում խոստովանելու էր. «Ինձ ոչ թե ընդունեցին գրողների միություն, այլ, կարելի է ասել՝ հրավիրեցին. 1937 թ. համատարած հունձքից հետո գրական անդաստանում հատուկենտ մարդիկ էին մնացել: Մահվան ու աքսոր ուղարկված գրողների փոխարեն այստեղ առվույտի պես առատորեն բուսնել էին շինծու աշուղները՝ իրենց «հայր Ստալին, ջան ստալիններով…»: Հարկավոր էր այդ առվույտի դաշտում գոնե մի քանի մատղաշ տնկիներ մեջտեղ բերել: Դա էր պատճառը, որ, դեռ ուսանողուհի, ինձ համարեցին գրող, այն աստիճանի գրող, որ հարմար գտան 1938 թվականին հայ գրողների պատվիրակության կազմում ուղարկել Բաքու՝ Միրզա Ֆաթալի Ախունդովի 100-ամյա հոբելյանին, իսկ 1939-ի աշնանը՝ Մոսկվայում կայանալիք Հայ գրականության ու արվեստի տասնօրյակին: Ինձ համար՝ աղքատ ու խարխուլ բակում մեծացած աղջկաս համար, ուղղակի հեքիաթային օրեր էին դրանք, հայտնի Մոխրոտիկի նման՝ թագավորական պալատ ընկնելու պես մի բան…»:
Ս. Կապուտիկյանի առաջին գիրքը պատրաստ էր տպագրության, սակայն Հայրենական պատերազմը խանգարեց դրան, եւ այն՝ «Օրերի հետ» խորագրով, հրատարակվեց 1945 թ.: Այս գրքում էր «Խոսք իմ որդուն» հանրահայտ բանաստեղծությունը, որով հեղինակը գրավեց բովանդակ հայության սիրտը: Երախայրիք գրքին հաջորդեցին «Զանգվի ափին», «Իմ հարազատները», «Սրտաբաց զրույց» ու տարաբնույթ գնահատանքների արժանացած տասնյակ գրքեր: Բանաստեղծուհու անունը հռչակվեց ողջ Միությունով մեկ: Թարգմանվեց տարբեր լեզուներով, շատ բանասեղծություններ թեւեր առան՝ վերածվելով երգերի: Հայ մեծերից շատերը չզլացան բարձրաձայն հնչեցնելու գնահատանքի ու մեծարման իրենց խոսքը. «Մեր սիրելի անզուգական Սիրվարդ,- գրեց Մարտիրոս Սարյանը,- մեր մեծ, հանճարեղ ժողովրդի զավակն ես դու՝ ամբողջովին ծնված մեր հողից, սնված մեր արմատներից, մեր տանջանքներից եւ ուրախություններից, այն ժողովրդի, որը երբեք չի տիրել, այլ միշտ տրորված լինելով` շարունակել է շտկել իրանը, բարձրացրել գլուխն ու նորից նայել արեւին, նորից ստեղծել, ստեղծել, ստեղծել… Ապրիր, ստեղծիր, բարձր պահիր Մեծ ժողովրդի անունը, նրա իդեալները, նրա արդար դատի իրավունքը…»:
Նորագույն շրջանի հայ գրականության մեջ Սիլվա Կապուտիկյանն առաջինը, ըստ էության, արծարծեց սփյուռքի թեման, եղավ մի շարք հայահոծ գաղթօջախներում, հանգամանորեն ուսումնասիրեց այնտեղի կյանքն ու մարդկանց եւ նրանց սովորեցրեց Հայրենիքի ճամփան ու ներարկեց սեր իրենց միակ ոստանի՝ Հայաստանի նկատմամբ, մեզ հաղորդակից դարձրեց սփյուռքի հոգսերին ու տվայտանքներին, նրան աջակից լինելու բարձր ու պատվաբեր առաքելությանը: Ու ծնվեցին բանաստեղծուհու մեծարժեք ու ծավալուն արձակ էջերը՝ սփյուռքապատումը, որը տասնամյակներ շարունակ դարձավ նրա մարդկային ու ստեղծագործական մտքի կիզակետը՝ մեծագույն ավանդ բերելով Հայրենիք-Սփյուռք ամրապնդվող կապերին: Եվ պատահական չէր, որ տասնամյակներ առաջ երկնած «Խոսք իմ որդուն» պատգամ-բանաստեղծությունը դարձավ ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքի նորօրյա աղոթքը, որն իրենով պորտալարի նման մեկ անգամ եւս սփյուռքը կապեց իր սուրբ լեզվին, իր մայր հայրենիքին: Իսկ նա սփյուռքահայ գաղթօջախներում իր առաքելությունն սկսել էր 1962 թվականից՝ լինելով Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Եթովպիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում, Հարավային Ամերիկայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իրանում, Երուսաղեմում: Այդ ամենի մասին իր տպավորություններն ամփոփված են նրա, հիրավի, մեծարժեք ուղեգրություններում, որոնցից բացառիկ են «Քարավանները դեռ քայլում են», «Խճանկար հոգու եւ քարտեզի գույներից», «Քարավանները հեռանում են», «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» գրքերը:
Բանաստեղծուհին կյանքի վերջին տարիներին մեծ աշխատանք կատարեց նաեւ հրապարակախոսության ոլորտում՝ ընթերցողին հանձնելով «Իմ ժամանակը», «Չեմ կարող լռել», «Վերջին զանգ» գրքերը:
Հայոց բանաստեղծության մայրը, իր բազմախոհ ու սրամիտ խոսքով, առանց երկնչելու՝ մարդկանց ու երեւույթները իրենց անունով կոչելու համարձակությամբ, իր վիթխարի, անմնացորդ հայրենասիրությամբ վաստակեց համաժողովրդական սեր ու հարգանք: Նա ապրեց ստեղծագործական հարուստ եւ տեւական կյանք, ավելի քան 70 տարի իր գրիչը մուսաների բարձր հովանավորությամբ եւ ազնվորեն ծառայեցրեց իր ժողովրդին՝ ստեղծելով մեծարժեք եւ մնայուն այնպիսի գործեր, որոնք իրեն իրավունք էին տալիս դեռեւս 1960 թ. իր «Մտորումներում» դիմելու ժողովրդին.
Ես՝ հետին մշակ քո մեծ դպրության,
Բայց ինձ մեծերիդ համեմատ դատիր…
Շուրջ 70 գիրք՝ պատկառելի վաստակ: Եվ այդ վաստակը ամենաբարձր գնահատանքի են արժանացրել մեր գրեթե բոլոր մեծերը, ամենատարբեր բնագավառների մեծավաստակ հայորդիք՝ Արամ Խաչատրյան, Ավետիք Իսահակյան, Վազգեն Առաջին վեհափառ, Վարազդատ Հարությունյան, Էդվարդ Ջրբաշյան, Վիկտոր Համբարձումյան, Գրիգոր Գուրզադյան, այլ մեծեր: Նաեւ օտարազգի գրողներ, բանաստեղծներ ու երգահաններ:
Անմեռ բանաստեղծուհու ծննդյան օրվա խորհուրդը հավաստող մեր համեստ ասելիքն ամփոփենք վաստակաշատ Պերճ Զեյթունցյանի խոսքով. «Մինչեւ վերջին պահը նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն, մնացածը, փառքի ընձեռած հնարավորություններից օգտվելով, ծախսեց ուրիշների համար, ծառայեց իր ժողովրդին եւ երկրին: Ահա այսպես նա շահագործեց իրեն: Սիլվա Կապուտիկյանը նախեւառաջ հրաշալի բանաստեղծ էր: Չմոռանանք, որ քաղաքացիական իր արու «կեցվածքը» թույլատրված էր նրա տաղանդի շնորհիվ եւ միայն տաղանդի…»:
Բանաստեղծուհու թեւավոր խոսքն է. «Դժբախտ է այն մարդը, ով այլեւս ոչինչ չունի կորցնելու…»:
Իսկ նա եկել էր, որ ունենայինք իրեն որպես ամենայն հայոց մայր ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

20-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO