Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ԱՇԽԱՐՀ


Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս

Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է տալ տարածաշրջանին

Երբ այսօր Ջո Բայդենը նախագահ դառնա, նրան կշրջապատի արտաքին քաղաքական մի թիմ, որը նախկին ԽՍՀՄ-ի երկրներում աշխատանքի մեծ փորձ ունի: Հարցն այն է, թե արդյոք Վաշինգտոնը կկարողանա՞ կամ կցանկանա՞ էական ազդեցություն գործել Կովկասում ու Կենտրոնական Ասիայում: Այս մասին ամերիկյան «Eurasianet»-ում գրում է Ջոշուա Կուչերան:
Ինքը՝ Բայդենը, վաղուց ԱՄՆ-ի ամենաականավոր արտաքին քաղաքական գործիչներից մեկն է, եւ տարածաշրջանի հետ նրա աշխատանքն սկսվել է 1970-ականներին: Բարաք Օբամայի օրոք, երբ փոխնախագահ էր, առաջին ջութակի դեր է կատարել արտաքին քաղաքական հարցերում եւ անձամբ ծանոթ է Կովկասում առաջատար շատ դեմքերի:
Մասնավորապես՝ Բայդենը Վրաստանի կողմնակից է: Որպես սենատոր՝ 2008 թ. Հարավային Օսեթիայի ու Ռուսաստանի հետ պատերազմից հետո Վրաստանին միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթի նախաձեռնողներից էր: Նոյեմբերին ԱՄՆ նախագահի պաշտոնում նրա ընտրվելուց հետո շատ վրացիներ տարածեցին 2009 թ. Վրաստանի խորհրդարանում Բայդենի ելույթի տեսանյութը (այդ ժամանակ նա արդեն փոխնախագահ էր), որում վերջինս մեջբերում արեց բանաստեղծ Իլյա Ճավճավաձեից եւ երկիրն անվանեց «ոգեշնչման աղբյուր»:
Բայց հետո Բայդենն Օբամայի վարչակազմում ղեկավարում էր Ռուսաստանի հետ հարաբերությունների թարմացման գործընթացը, ինչը շատ արեւմտամետ վրացիներ համարում էին իրենց ագրեսիվ թշնամուն հանգստացնելու միամիտ քաղաքականություն:
Աշխարհը, հատկապես՝ հետխորհրդային տարածքը, շարունակում է արմատապես փոխվել, եւ առայժմ հայտնի չէ, թե Բայդենը հիմա ինչ կարող է տալ տարածաշրջանին: Նրա արտաքին քաղաքական թիմի առանցքային շատ խաղացողներ ներկայացնում են Օբամայի վարչակազմը, ովքեր այնուհետեւ աշխատել են վերլուծական կենտրոններում ու համալսարաններում կամ դրսեւորվել են որպես խորհրդականներ:
«Բոլորը, ովքեր միանում են Բայդենի վարչակազմին, միանգամայն ունակ մարդիկ են, սակայն նրանց շրջանում շատ են նոր դեմքերը: Մեզ անհրաժեշտ են նոր գաղափարներ,- ասել է Վաշինգտոնում գտնվող Քարնեգի հիմնադրամի միջազգային խաղաղության ռուս-եվրասիական ծրագրերի ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին «Eurasianet»-ին տված հարցազրույցում:- Աշխարհը շատ ուժեղ փոխվել է այն ժամանակվանից, երբ Բայդենը հեռացավ փոխնախագահի պաշտոնից: Մարդիկ գիտակցո՞ւմ են, որ ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը խախտվել է, որ աշխարհը շարժվել է բազմաբեւեռային ուղղությամբ, եւ ԱՄՆ-ի համար շատ դժվար կլինի առաջ մղել ժողովրդավարության գաղափարները՝ հաշվի առնելով քաոսը, որ մենք այստեղ ունեցել ենք»:
Նոր վարչակազմը, հավանաբար, նվազագույնը կակտիվացնի համագործակցությունը տարածաշրջանի հետ: Թրամփի օրոք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը հենվում էր մի շարք խոշոր առաջնահերթությունների՝ Չինաստանի, Իրանի, Իսրայելի ու Հյուսիսային Կորեայի ուղղությունների վրա, իսկ մնացած աշխարհի մեծ մասը հաճախ պարզապես անտեսվում էր: Դա վերաբերում է նաեւ Կովկասին ու Կենտրոնական Ասիային. երբ 2019 թ. լարվածության հերթական բռնկումն արձանագրվեց ԱՄՆ-ի գործընկեր Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ, Վաշինգտոնի անգործությունն աչքի զարնեց: Նույնը տեղի ունեցավ, երբ 2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանը Թուրքիայի հրահրմամբ ու մասնակցությամբ պատերազմ սանձազերծեց հայերի դեմ:
Եթե տարածաշրջանը հայտնվել է Թրամփի վարչակազմի տեսադաշտում, ապա միայն այնքանով, որքանով կարող էր կապված լինել վերը նշված առաջնահերթությունների հետ: Ամենաակնառու օրինակը 2018 թ. այն ժամանակվա Ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի այցն էր Կովկաս: Այդ այցը հիշվում է այն բանով, որ ամերիկացի պաշտոնյան հայերին ասել էր, թե նրանք Ադրբեջանի հետ պետք է լուծեն արցախյան հակամարտությունը՝ հանուն Իրանի մեկուսացմանն օգնելու հնարավորության:
Հայ-ադրբեջանական պատերազմն սկսվեց Միացյալ Նահանգներում նախագահական մրցարշավի ընթացքում: ԱՄՆ-ի՝ բարձր մակարդակով մասնակցությունն աննշան էր, սակայն որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարություններ կատարեցին, ինքը՝ Թրամփը, միայն մի քանի անգամ խոսեց պատերազմի մասին: Ընդամենը: Իսկ նոյեմբերին պատերազմն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ, եւ ՌԴ-ն այժմ թելադրող դիրք է գրավում հակամարտության հետեւանքների լուծման գործում: ԱՄՆ-ի նոր վարչակազմը, հավանաբար, կփորձի ավելի ակտիվորեն մասնակցել հակամարտության կարգավորմանը: Այդ առումով Ստրոնսկին ասել է. «Ես չգիտեմ, թե որքանով է դա հնարավոր, գնացքն արդեն մեկնել է»:
Իրանի հարեւանների համար լուրջ տեղաշարժերից մեկը կլինի Բայդենի՝ Թեհրանի հետ 2015 թ. միջուկային պայմանագիրը վերականգնելու մտադրությունը: Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի ռազմատենչ դիրքորոշման ֆոնին հարեւան երկրները, առաջին հերթին՝ Հայաստանն ու Ադրբեջանը, անընդհատ սպառնալիքի տակ էին:
Ստրոնսկու խոսքերով՝ մյուս առանցքային հարեւանների՝ Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ մոտեցումը նույնպես կլինի կարեւոր, բայց այստեղ ամեն ինչ պակաս կանխատեսելի է: Վաշինգտոնում բոլորը, անկախ քաղաքական հայացքներից, Չինաստանը դիտարկում են որպես սպառնալիք ԱՄՆ-ի գերակայությանը, բայց նաեւ անհրաժեշտ գործընկեր գլոբալ հարցերում: Միեւնույն ժամանակ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն փոխվել է, եւ այժմ Բայդենի կողմնակիցներից շատերը նրան հիմնականում համարում են մի երկիր, որը վնասակար ազդեցություն ունի ինչպես գլոբալ մակարդակով, այնպես էլ Միացյալ Նահանգներում:
«Հաշվի առնելով Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ այդքան մեծ ուշադրությունը՝ եթե այդ երկրների հետ հարաբերությունները շարունակեն վատթարանալ, ապա Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի պետությունները կհայտնվեն խաչաձեւ կրակի տակ»,- նշել է Ստրոնսկին:
Միեւնույն ժամանակ Կովկասը եւ Կենտրոնական Ասիան, ամենայն հավանականությամբ, կմնան որպես երկրորդական առաջնահերթություն: Հնարավոր է մեկ բացառություն: «Միակ երկիրը, որտեղ կարող է տեղի ունենալ համագործակցության վերածնունդ, Վրաստանն է»,- ընդգծել է Ստրոնսկին:
Թբիլիսին, անկասկած, դրա հույսն ունի: Այս մասին ասել է Վրաստանի քաղաքականության ինստիտուտի ղեկավար Կոռնելիուս Կակաչիան: «Թրամփի վարչակազմի օրոք եւ նույնիսկ դրանից առաջ տարածաշրջանն ուղղակի անտեսվեց,- «Eurasianet»-ին տված հարցազրույցում նկատել է նա:- Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած հակամարտությունը հստակ ցույց տվեց արեւմտյան խոշոր խաղացողների բացակայությունը, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն, ինչը տարածաշրջանում իշխանության վակուում է ստեղծել»:
Ըստ Կակաչիայի՝ Վրաստանը կնախընտրեր շեշտը դնել ժողովրդավարության խթանման, ռազմական համագործակցության ընդլայնման եւ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը վերսկսելու վրա: «Վրաստանն ԱՄՆ-ի կողմից ավելի մեծ ուշադրություն է սպասում»,- շեշտել է նա:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

20-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO