Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Պատերազմի դաժան երեսը

Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ

Խոսքերն այն մասին, որ 21-րդ դարը քաղաքակրթության եւ զարգացման դարաշրջան է, սոսկ ցանկության արտահայտություն են եւ ոչ այնքան իրականություն: Երբ խոսում ենք տեխնոլոգիական առաջընթացի մասին, պարզվում է՝ դա մարդուն մղում է ոչ թե խաղաղության միջոցների, այլ ռազմական գործողությունների հնարավորությունների փնտրտուքի: Արյունահեղ եւ կատաղի պատերազմները, մարդու նկատմամբ դժոխային հնարավորությունների ստեղծումը վկայում են, որ առաջընթացն ամենեւին էլ կյանքի համար կենսապայմանների ապահովումը չէ: Եվ օրենքների ստեղծման համար ծախսվող միջոցները սոսկ քամուն են տրվում, քանզի միջազգային իրավունքը չի ապահովում այն, ինչին միտված է, իսկ փոքր ժողովուրդների համար վերածվում է սարդոստայնի, որի մեջ փոքր կամ թույլ ժողովուրդները բռնվում ու կեր են դառնում: Այդպես եղել է բոլոր հասարակարգերում, բոլոր ժամանակներում, այդպես է հիմա: Նույնն են մնացել էությունն ու բովանդակությունը, փոխվել են միայն ձեւերը, ավելի ճիշտ՝ առավել սարսափելի են դարձել…
Ագրեսորները չեն պատժվում, այն երկրները, որոնք պատերազմական հանցանքներ են գործում, հաղթող են դառնում, այլ ոչ թե կանգնում են միջազգային դատարանի առջեւ։ Անտեսվում են մարդկանց, ազգերի ինքնորոշման իրավունքները: Այսպիսի իրավիճակում հետին պլան են մղվում միջազգային իրավունքը, մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը, ժողովրդավարությունը։ Այս ամենը պարզորոշ ընդգծվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին, երբ բռնապետական Ադրբեջանը լայնածավալ հարձակում գործեց խաղաղ եւ ժողովրդավար Արցախի վրա՝ ոտնահարելով միջազգային հակամարտությունները բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը, այն է՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը: Նման պահանջ էր դրված նաեւ 1994 թ. կրակի դադարեցման համաձայնագրում՝ կնքված Ռուսաստանի, Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի ռազմական հանցագործություններին՝ շեշտենք, որ խոսքը խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորման, քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումների, քիմիական տարրերի կիրառման (սպիտակ ֆոսֆոր) մասին է։ Ռազմական գործողությունների սկսման նույն օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հանդես եկան արցախյան հարցի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, որով դատապարտեցին ուժի կիրառումը, ցավ հայտնեցին մարդկային կյանքերի կորստի համար՝ ներառյալ խաղաղ բնակիչների, կողմերին կոչ արեցին անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու վերսկսել բանակցությունները՝ հակամարտության կայուն լուծում գտնելու համար: Համատեղ հայտարարության մեջ ընդգծված էր այն կետը, որ հակամարտության խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի եւ պետք է լինի միակ տարբերակը։
Երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի (ՄԽ) հատուկ նիստ, որտեղ համանախագահ երկրների ներկայացուցիչները վերահաստատեցին նույն հայտարարությունը: Հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարությամբ կոչ արեցին վերսկսել «առարկայական բանակցությունները՝ բարեխղճորեն եւ առանց նախապայմանների»: Նրանց վերջին համատեղ հայտարարությունը հոկտեմբերի 2-ին էր, որում նրանք կոչ էին անում նաեւ «անհապաղ հաստատել հումանիտար հրադադար, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել զոհվածների աճյունների վերադարձը` համաձայնեցնելով ԵԱՀԿ-ի եւ ԿԽՄԿ-ի հետ»: Այսպիսով՝ պատերազմի առաջին իսկ օրերից համանախագահներն իրենց հայտարարություններում ընդգծում էին ԵԱՀԿ Մինսկի եռանախագահության՝ բանակցային միակ ձեւաչափը լինելու մասին դրույթը:
Ավելի ուշ՝ հոկտեմբերի 9-ին, Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ ավելի քան 10 ժամ տեւած բանակցություններից հետո կողմերը հանգեցին համաձայնության, որ 2020 թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կհայտարարվի կրակի դադարեցման մասին` ռազմագերիների եւ պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ վերջինիս չափանիշների համաձայն, կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ, Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ կլինեն առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Միաժամանակ կողմերը վերահաստատեցին բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխությունը։
Համանախագահներն այս առիթով համատեղ հայտարարությամբ ողջունեցին մարդասիրական հրադադարի մասին կողմերի որոշումը. «Մեզ կայունություն է պետք, ինչպես հակամարտության գոտում, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարած բանակցային գործընթացում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մեկ գիշերվա ընթացքում Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը ուղի է հարթում համաձայնեցված ձեւաչափով առարկայական բանակցությունների վերսկսման համար»։ Հայտարարության մեջ հատուկ պարբերությամբ ընդգծված էր Ռուսաստանի դերակատարությունը բանակցությունների հրավիրման գործում։ Սակայն, ոչ ի զարմանս հայկական կողմի, Ադրբեջանը խախտեց հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը։
Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունեցին նաեւ Ֆրանսիայի (հոկտեմբերի 18) եւ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ (հոկտեմբերի 26) կնքված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունները։ Եզրակացություն. հետեւելով Ռուսաստանի օրինակին՝ համանախագահ մյուս երկու երկրները եւս փորձեր կատարեցին իրենց «ներդրումն» ունենալու հումանիտար հրադադարի հասնելու գործում՝ նկատելով, որ առաջինը՝ Ռուսաստանի միջնորդությամբ, չաշխատեց։ Անգամ հետազոտողների որոշ շերտեր խաղադրույք էին կատարում համանախագահ երկրների հանդեպ Ադրբեջանի ունեցած հարգանքի եւ քաղաքական նախապատվություն ունենալու վրա՝ ո՞ր երկրի միջնորդությամբ կնքված հումանիտար հրադադարի ռեժիմն Ադրբեջանը որքա՞ն կպահի։ Սակայն, դրանցից եւ ոչ մեկը չպահպանվեց։ Որովհետեւ սեփական ստորագրությունը, ստանձնած պարտավորությունները չհարգած կողմի նկատմամբ պատժամիջոցների փոխարեն կուլիսներում քննարկվել են «պատառների» բաժանման հարցերը: Երկրները, որոնք Ադրբեջանի հետ կրակի դադարեցման համաձայնագրեր էին ստորագրում, պետք է Ադրբեջանին պարտադրեին հարգել նաեւ իրենց, բայց չարեցին: Որովհետեւ կարեւորը նավթն է, այլ ոչ թե հարգա՛նքը: Արցախյան պատերազմում իրադարձությունների ընթացքն ապացուցեց, որ այս մոլորակը ընթանում է դեպի, մեղմ ասած, «սարսափելի» ժամանակներ, առավել եւս, որ նրանք, ովքեր պատասխանատու են օրենքների կիրառման համար, խիստ են միայն այն դեպքում, երբ ոտնահարվում են իրենց շահերը:
Անկասկած, միջազգային իրավունքի նորմերը փոփոխությունների կարիք ունեն: Այս տեսքով արեւմտյան արժեքները բարոյազրկվում են, եւ ստացվում է, որ մեզ պարտադրվում են այնպիսի կանոններ, որոնք ստանձնել են ինքնաոչնչացման ուղին ընտրած երկրները: Թող վերամբարձ չթվա՝ նրանց հաստատ չէր խանգարի արժեքներ ներմուծել Հայաստանից…

Մարիամ ԱՎԱԳՅԱՆ

20-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO