Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ազգային նկարագիրն ու հոգեկերտվածքը մեր բանակի ամենահզոր զենքերն են

Արժանի լինենք հայ զինվորին՝ կառուցելով մեր բաժին պետականությունը

Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունն սկսեց հաղթանակի հիմքի վրա, եւ հայկական բանակն ստեղծվեց իրեն պարտադրված, բայց հաղթական մարտերի ընթացքում: Արցախյան առաջին պատերազմում հայ զինվորը գիտեր իր անելիքը. նա կառուցում էր բանակը ու կռվում հայկական արժեհամակարգի կենսունակության պահպանման համար, արժեհամակարգ, որը ոչ միայն առաջնորդել, այլեւ պետք է շարունակի փարոսի դեր կատարել մեր ժողովրդի համար հետագա պատմության ընթացքում: Ազատամարտիկը յուրահատուկ «շինարար» էր, ով առանձնակի սիրով ու պատասխանատվությամբ է ստեղծում իր պաշտպանական ենթակառուցվածքները, եւ անպարտելի շարքային ու զորահրամանատար: Հայ ժողովուրդն իր ծոցից էր հանում ոչ միայն զինվորներին, այլեւ սպաներին, որոնք թեպետ զինվորական կրթություն չունեին, բայց աչքի էին ընկնում նախանձելի հերոսականությամբ, կարգապահությամբ ու կամքով, եւ արդյունքում հայոց բանակի պատմությունը հարստացրին բազմաթիվ փառահեղ հաղթանակներով: Արցախյան գոյամարտի սկզբում մեր բանակը, իրոք, հրամանատարների կարիք ուներ, բայց նրանց տեղն արագորեն լրացրին այն ազատամարտիկները, ովքեր ոչ միայն մարտական բարձր ոգի ունեին, այլեւ գիտեին՝ ով են իրենք, որտեղից են եկել, դեպի ուր են գնում եւ ինչ են ուզում, հավատարիմ էին իրենց ազգային արմատներին, եւ նրանց ուղեկցում էր ոչ միայն երկրի սահմանների պաշտպանության պարտականությունը, այլեւ անցած-գնացած հերոսների գործին հավատարիմ մնալու աներեր ձգտումը: Դա, կարելի է վստահորեն ասել, հայկական հաղթանակող ռազմական մշակույթի մաս է, մշակույթ, որում առաջին հորիզոնականներն զբաղեցնում են ազգային նկարագիրն ու հոգեկերտվածքը:
Ադրբեջանաթուրքական հրոսակները եղել եւ մնում են տարածաշրջանի անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը, եթե ոչ գլխավոր սպառնալիքը: Սակայն բոլորը չէ, որ հասկանում են այդ պարզ ճշմարտությունը: Ոմանց թվում է, թե հարվածը կիջնի Հայաստանի գլխին ու կանցնի իրենց կողքով, որ կարող են փրկվել մեզ զոհաբերելու գնով, բայց դա միամիտ ու կործանարար մտածողություն է: Այո, հարվածում են ազատության ձգտողին, մտածողին, ուժեղին, նրան, ով ի վիճակի է հակադարձել, պատժել… Եթե նրան հաղթեն, ավելի հանգիստ մթնոլորտում կզբաղվեն մյուսներով: Հարեւաններից շատերն իրենց գոյությամբ, թող բարձրագոչ չթվա, պարտական են հայ զինվորին, հայկյան բանակին, քանզի դեռ շարունակում ենք պայքարել, եւ հերթը նրանց չի հասել: Այո, վստահաբար հաղթելու ենք, եւ սա ինքնամխիթարանք չէ, այլ հավատամք, որովհետեւ ոչ մի համեմատություն չի կարող լինել իր ակունքներին ու սեփական լեռների ամրությանը փարված, հարուստ պատմություն ու հարուստ մշակույթ ստեղծած հայերիս եւ սպանության ու թալանի մոլուցքով տարված թաթարաթուրքական ելուզակների միջեւ:
Բանակի մարտունակության համար ամենակարեւորը, ինչ խոսք, ոչ թե զենքն է, այլ մարդը: «Հոգեբանությունը եւ զինվորը» գրքում անգլիական ռազմական հոգեբան Նորման Կոուպլենդը գրել է. «Դա մարդուն հայտնի ամենահզոր զենքն է. ավելի հզոր, քան ամենածանր տանկը, քան ամենաուժեղ հրանոթը, քան ամենակործանիչ ռումբը: Բանակի բարձր բարոյական վիճակն այն միջոցն է, որն ի զորու է պարտությունը վերածել հաղթանակի: Բանակը ջախջախված չէ, քանի դեռ տիրապետող չէ պարտության գիտակցումը, որովհետեւ պարտությունը մտահանգում է, ոչ թե ֆիզիկական վիճակ»:
1990-ականներին արցախյան պատերազմում տոնած հաղթանակից հետո Անդրկովկասում մեր զինուժը գերազանցում էր բոլոր բանակներին մարտական պատրաստականությամբ եւ ոգով: Եթե դա հպարտություն էր պարգեւում հայ մարդուն, ով իր պատմության ընթացքում նման բանակի կարիքը հաճախ է ունեցել՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար, այն միեւնույն ժամանակ նյարդայնացնում էր ոսոխին, որը միշտ մի խնդիր է ունեցել՝ ցանկացած գնով ոչնչացնել հայ ժողովրդին, տիրել նրա սեփականությանը եւ առաջ ընթանալ դեպի պանթուրքական նպատակների իրականացում:
Հայկական տարածքներին տիրացած, հայկական մշակույթի գողությամբ զբաղված, ցեղի հոգեբանության կապանքներից դեռ չազատված ու համաշխարհային ընտանիքին որեւէ արժեք չպարգեւած երկիրը, աջակցություն ստանալով Թուրքիայից, Իսրայելից, Մեծ Բրիտանիայից, սիրիական ու լիբիական վարձկան-ահաբեկիչներից, էլ չենք խոսում այլ երկրների բացահայտ ու գաղտնի օգնության մասին՝ թելադրված տնտեսական շահերի քաղաքականությամբ, ի վերջո, համարձակվեց հարձակում գործել ընդամենը 150 հազար բնակչություն ունեցող Արցախի վրա: Հարձակման թիրախում ոչ միայն զինվորն էր, այլեւ հայ մարդն ընդհանրապես՝ լինի կին, թե տղամարդ, մանուկ, թե ծեր: Ադրբեջանցի եւ թուրք զինվորականներն անդադար հրթիռային կրակի տակ էին պահում հայոց շեներն ու քաղաքները՝ կարծես վախենալով հայկական զինուժի հնարավոր հակահարձակումից: Անընդհատ հարվածում էին՝ սեփական վախից «փախչելու» համար, եւ նրանց հարձակումը պարզապես վախեցած գրոհ էր: Սա է հայ զինվորի ամենամեծ հաղթանակը: Նա, ճիշտ է, զիջեց զենքի քանակով ու որակով, սակայն մեկուկես ամիս հերոսաբար դիմակայեց թուրք-իսրայելա-ադրբեջանական նախադեպը չունեցող հարվածներին, բազմաթիվ զոհեր պատճառեց թշնամուն եւ նրան դրեց հոգեբանական այնպիսի վիճակում, որը հաղթանակի զգացում չի ապահովում: Հայ զինվորը կրկին հարստացրեց ազգային բանակի ռազմական մշակույթը եւ պատրաստ է շարունակել պայքարը: Պատրաստ է իր բաժին կռիվը տանել մինչեւ վերջ, որովհետեւ հասկանում է, որ Արցախը սոսկ տարածք չէ, այլ հայրենիքի մի թանկ կտոր, որը հայկական բանակի անձնուրաց թռիչքով ստանձնել է համահայկական խնդիրների լուծման բանալու դերը:
Արցախյան երկրորդ պատերազմն ապացուցեց, որ մենք՝ թիկունքում մնացածներս, չկարողացանք արժանի լինել մեր հերոսական բանակին: Մենք չենք կառուցել այն պետությունը, որին արժանի են ազգային բանակն ու նրա զինվորը, չենք կարողացել այնպիսի ռազմարդյունաբերական համալիր ստեղծել, որ նա թշնամու հրթիռների ու անօդաչուների դեմ կռվի համարժեք զենքով, այլ ոչ թե ավտոմատով: Ուստի ոչ միայն խոսքերով, այլեւ գործով պետք է հետամուտ լինենք ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործին, հարգենք ու փայփայենք հայկական գիտական միտքը, մեր ժողովրդի տաղանդավոր զավակների բարձր մակարդակի կրթության հնարավորությունն ապահովենք բացառապես Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում՝ դրանք համալրելով բարձր մակարդակի մասնագետներով: Դրսից ոչ ոք մեզ միտք չի տալու, բայց փախցնելու է հույսեր ներշնչող յուրաքանչյուր հայ երիտասարդի, յուրաքանչյուր հայկական միտք՝ վճարելով չնչին գումարներ: Այս պայմաններում հայկական գիտական մտքի հնարավորությունները պետք է լիարժեք օգտագործվեն, սերունդների միջեւ գիտական փորձի փոխանակությունը պետք է կազմակերպվի ինչպես պետության, այնպես էլ անհատ նվիրյալների հոգածությամբ: Որովհետեւ եթե վերջնականապես կորցնենք արմատը, կկորցնենք ինքնուրույնությունը նաեւ գիտության մեջ ու կսպասարկենք օտարների շահերը:
Պետականության բացակայության պայմաններում աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները բազմաթիվ հայտնագործություններ են կատարել տարբեր ոլորտներում: Իսկ հետո մենք զարմանքից չռված աչքերով հետեւում էինք, թե հայկական մտքի արդյունքներն ինչպես են կրակում մեր զավակների ուղղությամբ: Նաեւ հենց նրանց սերունդների, ովքեր ստեղծել են այդ զենքերը: Սա օրինակ է, թե ինչպես չի կարելի վարվել:
Քանի դեռ պետական մոտեցում չենք ցուցաբերել, քանի դեռ չենք փայփայել հայկական միտքը՝ որպես զարգացման առաջին պայման, չենք հասկանա պետականության արժեքը: Հայկական պետության խորհրդանիշ բանակը կատարել է իր խնդիրը եւ հսկայական ռազմական ճնշման պայմաններում պահպանել է հայկական պետականությունը: Մենք մյուս ոլորտներում նրանց հավասար ոչինչ դեռ չենք արել եւ ամենուր դավաճաններ փնտրելու փոխարեն պետք է սկսենք կառուցել մեր բաժին պետականությունը, առաջին հերթին՝ գիտության մեջ: Այլապես արժանի չենք լինի այն զինվորին, որի թափած արյան համար այսօր արտասվում ենք:
Եռաբլուրին նայելիս ոչ թե պետք է կոտրվենք, այլ հարց տանք ինքներս մեզ, թե այսօր ինչ ենք արել հայրենիքի համար, որպեսզի ոչ մի գյուտարար, հոգնած գերատեսչական միջանցքներում թափառումից, չբռնի արտագաղթի ճամփան: Պետք է ամեն օր կրկնենք, որ եթե դավաճաններ կան, էլի մենք ենք պատասխանատու, որովհետեւ հողը վարելու փոխարեն անմշակ ենք թողել, եւ այնտեղ տարատեսակ մոլախոտեր են աճել:
Եկեք մեղավորներ չորոնենք, եկեք յուրաքանչյուրս մեր չափով կառուցենք մեր պետականությունը:
Եթե խոնարհվում ենք հայ զինվորի առջեւ, այսուհետ բոլոր ճանապարհները հային պետք է հետ բերեն Հայաստան:
Որովհետեւ այստեղ մի ողջ հերոսական ժողովուրդ արժանի է ՀԶՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ:
Շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր, որ ստիպում ես ճիշտ մտածել քո ազգային ու ոգեղեն կեցվածքով: Քո կյանքը մի սրբազան կրակ է, որ մեզ ցուցանում է Ելքը:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

28-01-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO