Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ՀՀ ԶՈՒ ստեղծումը վերջին հազարամյակում մեր ժողովրդի մեծագույն նվաճումն ու հաղթանակն է

Հարցազրույց ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, «Արծիվ մահապարտներ» գումարտակի մարտիկ, ազատամարտիկ Ֆելիքս Պողոսյանի հետ

-Պարոն Պողոսյան, Դուք կանգնած եք եղել հայոց բանակի կազմավորման ակունքներում, երբ, թողնելով մանկավարժի ձեր ոչ պակաս կարեւոր առաքելությունը, սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով միացաք մահապարտների գումարտակին եւ մասնակցեցիք արցախյան առաջին հերոսամարտին: Ի՞նչ տեսլական ունեիք որպես հայոց բանակի առաջին մարտիկներից մեկը, ի՞նչ գաղափարներով էիք համակված այն ժամանակ:
-Մանուկ հասակից դաստիարակվել եմ հայրենասիրական ոգով: Ընտանիքիս, ուսուցիչներիս ազդեցությունը շատ խորն է եղել իմ ձեւավորման, կայացման գործում, եւ բնական է, որ հայրենիքի հանդեպ պարտքս ես պետք է տայի: Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից ընդգրկվել եմ շարժման մեջ: Մտածում էի ծննդավայրիս՝ Սիսիանի շրջանի Սալվարդ գյուղի անվտանգության մասին, որը սահմանակից էր Նախիջեւանին: Ընթացքում մանկավարժությամբ էի զբաղվում, իմ սաներին միշտ քարոզում էի հայրենասիրություն, նվիրում, հայրենիքը պաշտպանելու մեր փառապանծ նախնիների երբեմնի հզորությունը եւ փառքը վերականգնելու մասին: Ես ինձ երբեք չէի ների, չէի կարող թույլ տալ, որ միայն լսարանում նստած՝ այդ մասին խոսեի եւ անդամակցեցի Վազգեն Սարգսյանի կոչով ձեւավորվող Մահապարտների գումարտակին: Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի խորհուրդն այն էր, որ ժողովրդի մեջ տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ կուտակվել էր մեր նախնիների զինական փառքի վերականգնման ձգտումը: Բացթողումներ շատ էինք ունեցել 20-րդ դարի առաջին քսանամյակում՝ ծանր պարտություններ, ցեղասպանություն, անկախության կորուստ:
-Ո՞րն էր արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի խորհուրդը մեր պետականության կայացման ճանապարհին եւ ՀՀ ԶՈՒ կազմավորման գործընթացում:
-Ասեմ, որ իմ սերնդակիցները, ապրելով խորհրդային կոմունիստական կարգերում, իրենց գործով ցույց տվեցին, որ դաստիարակվել էին հայրենասիրական ոգով, եւ դրա դրսեւորումը եղավ մեր ազատամարտը: Այն տարիներին դեռեւս չունեինք կայացած պետություն, հինն ամբողջությամբ քանդված էր, նորաստեղծ հանրապետության վիճակը շատ վատ էր, ճանապարհներից զրկվելով՝ ամբողջությամբ մեկուսացված էինք եւ, ի պատիվ իմ սերնդակիցների, ի պատիվ այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարության՝ կարողացանք հաղթահարել այդ անասելի դժվարությունները: Այն պայմաններում, երբ երկրում հացի պաշարը մեկ կամ երկու օրվա է եղել, մեր ժողովրդին, պետությանը հաջողվեց հասնել հաղթանակի, կազմավորել կանոնավոր զինված ուժեր: Այն մեր խոշորագույն ձեռքբերումն է, վերջին հազարամյակում մեր ժողովրդի մեծագույն նվաճումն ու հաղթանակը: Կարողացանք հաղթել մեզ քանակով, սպառազինությամբ գերազանցող եւ բարենպաստ պայմաններում գտնվող պետությանը եւ ստեղծեցինք բանակ: Գաղտնիք չէ, թե պատերազմին հաջորդած տարիներին ինչ դժվարությամբ էինք մարտական հերթապահություն իրականացնում եւ հաղթահարում խոչընդոտները: Անասելի դժվարությունների եւ զրկանքների գնով էինք դա անում, բայց կար ոգի, եւ ամենագլխավորը՝ ես հակված չեմ միայն ոգու առկայությամբ հիմնավորել հաղթանակը, այդ ոգու հետ կար խստագույն կարգապահություն, որը, ցավոք, չկար վերջին պատերազմում: Նաեւ հրամանատարների հրամանների անվերապահ կատարումն արցախյան առաջին պատերազմում մեզ բերեց հաջողությունների: Ռազմաճակատի այն հատվածներում, այն տեղանքում, որտեղ հրամանատարը կամային էր, իրեն էր ենթարկում ենթակա ստորաբաժանումները, այնտեղ զոհերը քիչ էին լինում եւ հաջողությունները՝ շատ: Մահապարտների գումարտակում մեր խնդիրը կատարելուց հետո ես կամավորագրվել եւ ծառայությունս շարունակել եմ 5-րդ բրիգադում, որտեղ միշտ իշխել են ըստ աստիճանակարգի անառարկելի ենթակայությունն ու կարգապահությունը, եւ դրա արդյունքն էր, որ բրիգադը ողջ պատմության ընթացքում ռազմաճակատում ունեցել է միայն հաջողություններ: Այսօր կարող են ասել, որ 5-րդ բրիգադը շատ զոհեր է տվել, իսկ ո՞ր պատերազմի ժամանակ, ո՞ր հարձակողական կամ ծանր պաշտպանական գործողությունների ժամանակ զոհեր չեն լինում: Պատերազմը արյուն է, այն դժբախտություն է, բայց մեզ պարտադրված էր այդ պատերազմը, այլ ելք չունեինք, եւ մենք պատերազմեցինք ինչպես կարող էինք, եւ կյանքն էլ ցույց տվեց, որ կարողացանք դա անել՝ արձանագրելով հաջողություններ: Կարծում եմ, որ հենց այդ ժամանակ դրվեցին բանակի, զինված ուժերի կայացման կայուն գործընթացի հիմքերը: Հետագայում բանակաշինության գործում ունեցանք եւ՛ հաջողություններ, եւ՛ անհաջողություններ, բայց այն, որ պատերազմի, շրջափակման, անբավարարության պայմաններում կայացավ բանակը, անքննելի ճշմարտություն է: Դեպքեր եմ հիշում, երբ զինվորների հագին անգամ կոշիկ չկար, երբ զինվորի կիսաճտքավոր կոշիկները պոկվում էին, եւ մետաղյա լարով դրանք կապում էին ոտքին: Զինամթերքի պակաս էր զգացվում եւ ծննդյան օրերին միմյանց համապատասխան զենքի տրամաչափի փամփուշտներ էինք նվիրում, բայց կարողացանք հաղթահարել այդ ամենը: Այն ժամանակ կար անասելի ոգեւորություն, նվիրում, սխրանք: Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերակատարությունը բանակի կայացման գործում՝ նրա նվիրումը, բոլորին ճանաչելը, զինվորին զգալը: Ազատամարտի առաջին ժամանակահատվածի մասնակից բոլոր տղաներին նա անձամբ ճանաչում էր, բոլորին անձամբ ոգեւորում էր: Վազգենի կերպարը մեզ համար դրոշ էր, որի հետեւից պատրաստ էինք գնալու, որն արտահայտվեց ոչ միայն մահապարտների գումարտակ ձեւավորելու նրա մարտակոչով: Նա կարողանում էր խոսել ու գործել անհրաժեշտ ձեւով, եւ դա մեր բոլորի կողմից ընկալվում էր:
-Ձեր անցած լեգենդար ուղին շարունակեց Ձեր որդին՝ Կարենը, ով, թողնելով ԱՄՆ-ում իր անհոգ կյանքը, հայրենիքի կանչով վերադարձավ Հայաստան եւ առաջինների թվում մեկնեց Արցախ: Արցախյան երրորդ պատերազմը, ցավոք, վերջինը եղավ նրա երկրային կյանքում: Նա հերոսաբար զոհվեց հոկտեմբերի 21-ին, Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի Սուրբ կոչվող վայրում՝ մեր մյուս սուրբ նահատակների հետ ահռելի ծանր պատգամ թողնելով մեզ եւ ապագա սերունդներին: Ի՞նչ զգացումներ ունեք: Ըստ Ձեզ՝ ո՞րն էր այս պատերազմի ուղերձը:
-Իմ սերնդակիցների ձեռք բերած փառահեղ հաղթանակներից հետո մենք դառը պարտություն կրեցինք: Ցավոք, մեր ժողովրդի մեջ Պետրոս Գետադարձների եւ Մելիք Շահնազարների նման դավաճանների պակաս չունեցանք: Կարծում եմ, որ պարտության պատճառներից մեկը նաեւ դա էր: Խորենացու «Ողբ»-ի շարունակությունը երեւաց այսօր, երբ հասարակության տարբեր շերտերում, պետական իշխանության համակարգում, զինվորականության, ինչու չէ, նաեւ հոգեւորականության շրջանում իրենց առաքելությունից հեռացել էին: Ինչպես իմ ընտանիքում, նույն ոգով էլ դաստիարակել եմ իմ ենթակա զինվորականներին, փորձել եմ իմ խոսքը հասցնել նաեւ աշակերտներին ու ուսանողներն՝ նրանց մեջ ներարկելով հայրենասիրության ոգին: Բնական էր, որ իմ որդին այդպիսին պետք է լիներ: Նա ԱՄՆ-ում էր բնակվում: Աշխատանք ուներ, տաքուկ էր տեղը, կարող էր եւ չգալ: Ապրիլյան պատերազմի ժամանակ՝ երկրորդ օրը, նա զանգահարեց եւ ասաց, որ ուզում է գալ: Ասացի, որ թող մի փոքր համբերի՝ պարզ կլինի նրա գալու անհրաժեշտությունը: Այն ժամանակ պատերազմը 4 օր տեւեց: Այս անգամ նա ինձ հետ չխորհրդակցեց այդ հարցով: Տղաս իր գալու մասին մեկ օր ուշ է ասել մեզ, եւ այդ մեկ օր շուտ գալը նպատակ է հետապնդել՝ մինչեւ տուն հասնելը մտնել զինկոմիսարիատ՝ կամավորագրվելու համար: Իր կարծիքով՝ ինքը ինձ փաստի առաջ պետք է կանգնեցներ, որ ես հանկարծ չընդդիմանամ: Բայց բնական է, որ ես չէի կարող ընդդիմանալ, դա սկզբունքի հարց էր: Ես միշտ շեշտել եմ, եւ իմ տղան էլ այդ նույն խոսքերով ինձ պատասխանեց: Ասում էի, որ մեր սերունդը մեղավոր է, որ պատերազմը թողեց մեր որդիներին, մենք պետք է պատերազմն ավարտեինք: Նա նույն խոսքերն ինձ ասաց, որ չի ուզում պատերազմը թողնել իր երեխաներին՝ երկու որդուն: Նրա որոշումը վճռական էր, վերջնական, եւ ես ոչ թե ընդդիմացել եմ, այլ իր ուսապարկն իմ ձեռքերով եմ պատրաստել, ընդ որում՝ երկու օրինակից, որովհետեւ պատրաստվում էի ես էլ մեկնել՝ ակնկալելով, որ զինկոմիսարիատն ինձ էլ հանձնարարություն կտա: Ցանկանում էի իր հետ մեկնել, բայց չստացվեց այնպես, ինչպես կամենում էի: Ինքը գնաց, կանգնեց, կռվեց մինչեւ վերջին փամփուշտը: Կռվեց եւ զոհվեց այն կրակակետի վրա, որտեղ ինքն էր եղել: Իմ հայթայթած տեղեկություններով՝ թշնամին կրակակետին հարվածել է անօդաչու թռչող սարքով, քանի որ չէր կարողացել մոտ գալ: Թոռս՝ Ֆելիքսը, 16 տարեկան է եւ ցանկություն է հայտնել զինվորականի մասնագիտություն ընտրել՝ պապի, հայրիկի հետքերով գնալ: Տեսնենք՝ ինչ ցույց կտա կյանքը: Իսկ որ կիսատ գործեր ունենք եւ դրանք ավարտին հասցնելու նպատակ, դրանում ոչ մի խոսք:

Շարունակելի
Զրուցեց Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

28-01-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO