Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.03.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ամենաորակյալ եւ ամենաշատ փքվող լեռնային ապարների պաշարները Հայաստանում են

ՏՄՊՊՀ-ն գնահատել է ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի կենտրոնացվածության աստիճանը

Երբ խոսում ենք ընդերքօգտագործման ոլորտի խնդիրներից, հասկանալի պատճառներով առանձնակի ուշադրություն ենք դարձնում մետաղական հանքավայրերին, տվյալ պահին թանկարժեք մետաղների միջազգային գներին, մեր արտահանման ծավալներին, պետական գանձարան մտնելիք հարկերին եւն: Բայց մենք հարուստ ենք նաեւ ոչ մետաղական հանքավայրերով, եւ, ի դեպ, ՀՀ-ն ոչ մետաղական օգտակար հանածոների պաշարների բազմազանությամբ ու հարստությամբ աշխարհում գրավում է առաջատար տեղերից մեկը: Այս երկու ճյուղում էլ՝ մետաղական եւ ոչ մետաղական հանածոների, մեկ բան նույնն է՝ երկու դեպքում էլ պաշարներն արդյունավետ չենք գործածում:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրելիս ոչ մետաղական հանքարդյունաբերության ենթաոլորտներին էլ է ուշադրություն դարձրել: Մինչ ուսումնասիրության արդյունքներին անդրադառնալը հակիրճ պարզաբանենք ոչ մետաղական հանքարդյունաբերության կարեւորությունը մեր երկրի համար:
Դեռ 1993 թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից (պատասխանատու կատարող՝ «Քարի եւ սիլիկատների» գիտահետազոտական ինստիտուտ, ծրագրի գլխավոր մշակող` «Հայարդշինանյութեր» պետական արտադրական միավորում) մշակվել էր «Ոչ մետաղական հանքային ռեսուրսների օգտագործում» նպատակային պետական համալիր ծրագիրը, որը հաստատվել էր կառավարության որոշմամբ: Ծրագրում հստակ բերված էին Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի համալիր վերամշակման արդյունքում նոր արտադրատեսակների արտադրությունների կազմակերպման որոշակի առաջարկներ՝ ըստ հանքանյութերի եւ առաջնակարգությամբ իրացման շուկաների: 2000-ականներին էլ է այս ոլորտին ուշադրություն դարձվել: 2013 թ. ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգը հաստատվեց: Այդ ժամանակ մանրամասն քննարկվեց, թե ինչպես ենք զարգացնելու ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտը, եւ, ըստ այդմ, որոնք են ոլորտի էներգախնայող ու շահութաբեր արտադրատեսակները:
Ուշագրավ մի փաստ մեջբերենք. մեր հայրենիքի այս փոքրիկ հատվածում հանդիպում են աշխարհում հայտնի գրեթե բոլոր տեսակի հանքանյութային ապարները: Հատուկ արժեք ու նշանակություն են ներկայացնում Հայաստանի տարածքում հրաբխային պրոցեսների արդյունքում առաջացած լեռնային ապարները, որոնցից են թեթեւ ապարները` տուֆերը, պեռլիտները, պեմզաները, ցեոլիտները եւ այլն: Տարատեսակ բազալտների, գրանիտների, նեֆելինային սիենիտների, մարմարների պաշարների ծավալները հսկայական են: Ամենաորակյալ եւ ամենաշատ փքվող լեռնային ապարների (պեռլիտներ, օբսիդիաններ եւ այլն) պաշարներն աշխարհում Հայաստանում են: Արագած-պեռլիտի հաստատագրված պաշարները կազմում են 150 մլն խմ, իսկ կանխատեսումային պաշարների ընդհանուր քանակը հասնում է մինչեւ 3 մլրդ խմ-ի: Հայաստանի ամբողջ տարածքով քարտեզագրված են 100-ից ավելի բազալտի, անդեզիտի հանքավայրեր, որոնցից մի քանիսն իրենց բաղադրությամբ միակն են (օրինակ` բազալտի հանքավայրերից մեկի հանքանյութում MgO–ի պարունակությունը հասնում է մինչեւ 11 տոկոսի): Առկա են նաեւ բնական հանքային կլանիչների (սորբենտների) հանքավայրեր` բենտոնիտային կավերի, պեռլիտների, դիատոմիտների եւ ցեոլիտների, որոնցից ստացվող բազմաթիվ վերջնարտադրանքները պահանջում են բարձր տեխնոլոգիաների մշակում եւ կիրառում: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տվյալներով՝ իրենց նշանակությամբ, որակական ցուցանիշներով եւ մեծ պաշարներով անգնահատելի են Հայաստանի տարածքում առկա քվարցիտների, կարբոնատների, ցեոլիտների, հրաբխային խարամների եւ պեմզաների, կավերի, բենտոնիտների, դիատոմիտների, գիպսի հանքավայրերը: Ամբողջական մի հարստություն, որի շարքի թվարկումը կարող ենք շարունակել:
Հիմա՝ գանք ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ուսումնասիրությանը: ՏՄՊՊՀ-ն որ ենթաոլորտներն է դիտարկել եւ ինչ պատկեր է ստացել: Ըստ հանձնաժողովի՝ «ՀՀ»-ին տրամադրած տեղեկատվության, դիտարկվել են «շինարարական քարեր», «բետոնի լցանյութեր», «կապակցող նյութեր, ցեմենտի հումք», «քիմիական հումք», «կիսաթանկարժեք եւ բնագույն քարեր», «բազմանպատակային օգտագործման հումք» ենթաոլորտները: Եվ պատկերը ընդհանուր առմամբ, այսպիսին է, որից նաեւ պարզ է դառնում, թե ինչքանով ենք կարողանում մեր հարստությունը ծառայեցնել երկրի զարգացմանը:
Թեեւ ՀՀ տարածքը հայտնի է ոչ մետաղական հանքային պաշարների բազմազանությամբ, եւ ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում տրված թույլտվությունների քանակը շատ ավելի մեծ է (373 թույլտվություն), արտադրության ծավալներով այն բավական փոքր մասնաբաժին ունի ոլորտում, արտահանման ծավալները եւս շատ փոքր են, ու հիմնականում սպասարկվում է տեղական պահանջարկը։ Ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտը կազմված է մեծ թվով փոքր եւ միջին ընկերություններից։ Մեր երկրում ոչ մետաղական օգտակար հանածոների հաստատված պաշարների եւ արդյունահանման իրավունքով տրված հանքավայրերի արդյունահանման թույլտվության հաշվեկշռային պաշարների ծավալների համադրությունից պարզ է դառնում, որ արդյունահանվող հիմնական ոչ մետաղական օգտակար հանածոների մասով առկա են ազատ ռեսուրսներ, եւ այս իմաստով շուկա մուտք գործելու խոչընդոտներ չկան: 2018 թ. դրությամբ վավեր է եղել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված 328, իսկ 2019 թ.՝ 300 թույլտվություն։ 2020 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ վավեր է 373 թույլտվություն։
Շինարարական քարերից տրավերտինի արտադրանքը եւ արտահանում ենք, եւ ներմուծում: Արտահանում ենք Ռուսաստան (արտահանման առաջատարը «Նյոլիթա» ՍՊԸ-ն է, որը 2019 թ. ՌԴ է արտահանել 456,4 տոննա արտադրանք, որը կազմում է տրավերտինի ամբողջ արտահանման 36,9 տոկոսը։ Ընկերությունը շահագործում է Արարատի մարզի Արարատի տրավերտինի եւ կավերի հանքավայրի Նյոլիթա-4 տեղամասը), ներմուծում ենք Իրանից (2019 թ. Հայաստան են ներմուծվել 279,3 տոննա տրավերտինե չմշակված բլոկներ): 2019 թ. Հայաստան են ներմուծվել 1184,9 խմ չմշակված բազալտե սալեր։ Արտահանման երկիրը 98,4 տոկոսի դեպքերում Վրաստանն է։ Վրաստան ենք արտահանում նաեւ հայկական տուֆը:
Մեզ հետաքրքրեց նաեւ ցեմենտի հումքի ենթաոլորտը: ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունում նշվում է, որ ցեմենտի ներկրման համար պետական տուրք սահմանելու միջոցով փորձ արվեց նվազեցնել ցեմենտի ներմուծումը եւ փոխարենը ավելացնել ներքին արտադրությունը։ Սական այս քաղաքականության հետեւանքով նկատվել է կլինկերի ներմուծման ավելացում, ինչպես նաեւ ի հայտ են եկել կլինկերի աղացման ծառայություններ մատուցող նոր ընկերություններ։ Այն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ չէ, եւ վերջինիս նկատմամբ պահանջներ որպես այդպիսին սահմանված չեն։ Նշվում է նաեւ, որ 2019 թ. Հայաստան են ներմուծվել 101,1 հազար տոննա ցեմենտային կլինկեր, որի 88,93 տոկոսը ներմուծվել է Իրանից, մյուս 11,07 տոկոսը՝ Վրաստանից։
«Քիմիական հումք» ենթաոլորտն ընդգրկում են քարաղն ու դիատոմիտը։ Գործնական տեսակետից մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես քարաղի խոշոր պաշարները: «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի աղ արտադրող կոմբինատը կառուցված է անմիջապես հանքավայրի վրա։ Հանքավայրից հորատապայթեցման եղանակով արդյունաբերվում են կերային քարաղ (նատրիումի քլորիդի 93 տոկոս նվազագույն բաղադրությամբ) եւ աղացած աղ (նատրիումի քլորիդի 90 տոկոս նվազագույն բաղադրությամբ)։ Ընկերությունն արտահանել է 2018 թ. 178,4 տոննա, իսկ 2019-ին՝ 179,8 տոննա կերակրի յոդացված եւ չյոդացված աղ։ Արտահանել է հիմնականում Վրաստան, Շվեյցարիա, 2019 թ.՝ նաեւ Ճապոնիա։ Բայց Հայաստան նաեւ ներմուծվում է աղ ինչպես կերակրի, այնպես էլ արդյունաբերական նշանակության։ Ընդհանուր առմամբ, 2019 թ. ներմուծվել է 10 255,5 տոննա աղ, արտահանման հիմնական երկիրն Իրանն է (84,5 տոկոս):
Կիսաթանկարժեք եւ բնագույն քարերի մասով: Փիրուզի հումքի դեպքում արդյունահանման բացակայությունը պայմանավորված է այն փաստով, որ փիրուզի պաշարները նախկինում պահեստավորվել են հետագա վերամշակման համար եւ ներկայումս արտահանվում են։ 2018 թ. արտահանվել է 440,3 կիլոգրամ չմշակված երկնագույն փիրուզ, իսկ 2019-ին՝ 389,43 կիլոգրամ։ Փիրուզը Հայաստանից արտահանվում է Գերմանիա, Իտալիա եւ ԱՄՆ: Օբսիդիանի չմշակված գլաքարերի եւ քարակտորների արտահանումը 2018-ին կազմել է 152 220 կիլոգրամ, իսկ 2019-ին՝ 367 760 կիլոգրամ։ Արտահանվել է գլխավորապես Չինաստան եւ Ավստրիա։
Մյուս ենթաոլորտներին անդրադառնալու կարիք չկա: Դրանց կարեւորությունից, արտահանման ներուժից ու այդ ներուժը չգործածելու պատճառներից առիթով կխոսենք: Այս ներկայացվածով, իբրեւ ամփոփում, փորձենք հասկանալ ոչ մետաղական հանքարդյունաբերության ենթաոլորտների որոշ ապրանքային շուկաների կենտրոնացվածության աստիճանը:
Ըստ այդմ, ինչպես «ՀՀ»-ին պարզաբանեցին ՏՄՊՊՀ-ից, ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի տնտեսական բարձր նշանակություն ունեցող ապրանքային շուկաների կենտրոնացվածության աստիճանի գնահատման համար հանձնաժողովը հաշվարկել է ապրանքային շուկաների կենտրոնացվածության մակարդակը բնութագրող Հերֆինդալ-Հիրշմանի (HHI) ինդեքսը, որը ստացվում է շուկայում ընկերությունների մասնաբաժինների քառակուսիների հանրագումարի արդյունքում: Կենտրոնացվածության աստիճանի գնահատման համար հիմք են օգտակար հանածոների արդյունահանման եւ ներմուծման ցուցանիշները։ Վերջիններիս տարբեր չափման միավորների կիրառության հետ կապված համադրելիությունն ապահովելու համար մի շարք օգտակար հանածոների դեպքում կարիք է առաջացել քաշը վերածել ծավալի (կիլոգրամ չափման միավորը վերածել խորանարդ մետր չափման միավորի)։ Ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել, որ 2019 թ. տվյալներով դիտարկված շուկաներից 2-ում՝ տուֆի եւ բազալտի շուկաներում, շուկան կենտրոնացված չէ, ավազակոպճային նյութերի շուկան՝ միջին, իսկ դիտարկված մյուս շուկաները բարձր կենտրոնացվածության մակարդակի են:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

20-02-2021





02-03-2021
Չնայած դժվարին վիճակին, լուծում, ի վերջո, կա
Որոնք են Հայաստանի անելիքները

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս ...


02-03-2021
Հայոց բանակի վերածնունդըմտահոգում է մեր հարեւաններին
ԱՀ խորհրդարանը կարեւոր հայտարարություն է ընդունել

Հայի մի ...


02-03-2021
Արցախը որեւէ կարգավիճակում չի կարող լինել Բաքվի իրավասությունների ներքո
Հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտի վերսկսում


02-03-2021
«Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա»
«Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա ...


02-03-2021
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է
Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

Սումգայիթյան ոճրագործությունից 33 ...


02-03-2021
Հայ երգի ժրաջան մշակը
«Նա ասես շրջիկ դպրոց լիներ…»

Հայ երաժշտական արվեստում ...


02-03-2021
Հայրենիք. «Տիրոջ օրհնութիւնը ինչպէ՞ս երգենք օտար երկրումը»
Սուրբ Գրքում հստակ արտահայտված է, որ մեր երկրային հայրենիքը ...



02-03-2021
Ունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետեւություններ անենք սխալներից
Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են ...

02-03-2021
Վարչապետն այցելել է նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

02-03-2021
Պատգամավորների միաձայն հավանությամբ
ԱՀ խորհրդարանի արտահերթ նիստում

Երեկ ...

02-03-2021
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 5-րդն է
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO