Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.03.2021
ԱՇԽԱՐՀ


Հայերի հակասեմականությունը միֆ է

Ինչո՞ւ է Բաքուն հայատյացություն զարգացնում

Հայաստանի հրեաները ոչ միայն հավաստիացնում էին, որ խնդիրներ չեն զգում, այլեւ անցյալ տարի գիրք են հրատարակել Հայաստանի հրեաների պատմության մասին, որն ընդգրկում է 19-րդ դարի առաջին կեսից մինչեւ այսօր ընկած ժամանակահատվածը: Այս մասին հիշեցնում է պատմաբան Վլադիմիր Ռուժանսկին՝ անդրադառնալով իսրայելական կայքերից մեկում հրապարակված «Պարտվածների սինդրոմը. ինչո՞ւ է Հայաստանում ծաղկել հակասեմականությունը» վերնագրով Վլադիմիր Լիխաչովի հոդվածին: Հեղինակը դիլետանտ չէ կամ անբարեխիղճ լրագրող, այլ հարուստ կենսագրություն ունեցող մարդ՝ Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտ, մի շարք հեղինակավոր գիտահետազոտական հաստատությունների աշխատակից, որոնց թվում է նաեւ իսրայելական «Յադ Վաշեմը»: Դասախոսել է Ասիայի երկրների ինստիտուտում եւ Մոսկվայի հրեական համալսարանում:
«Ընդհանրապես` ավելի լավ է չարձագանքել նման հրապարակումներին: Ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը` ամեն փռշտոց չէ, որ արժանի է առողջության մաղթանքի: Առավել եւս, որ հակահայկականությունն աշխարհում, ցավոք, ավելի քիչ չէ, քան հակասեմականությունը: Բայց այստեղ ես չեմ կարող լռել»,-նշել է Վլադիմիր Ռուժանսկին:
Հոդվածը կառուցվել է փետրվարի 12-ին Երեւանի կենտրոնում Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի պղծման փաստի վրա: Նման մակարդակի հեղինակից կարելի էր առաջին հերթին հուշարձանի վերաբերյալ տեղեկատվության ավելի ուշադիր ու բարեխիղճ ուսումնասիրություն ակնկալել: Կամ գոնե պետք է ծանոթանար հարցի վերաբերյալ ողջ տեղեկատվությանը:
Բանն այն է, որ իր հրապարակման արդեն առաջին տողերում հեղինակը Երեւանի կենտրոնում գտնվող հուշարձանն անվանում է «Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր»: Բայդ դա անվանման միայն մի մասն է: Իրականում այն նվիրված է ինչպես Հոլոքոստի, այնպես էլ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Բացի այդ, հուշահամալիրը ոչ միայն տեղի հրեական համայնքի, այլեւ Հայաստանի Հանրապետության եւ երկրի մայրաքաղաքի՝ Երեւանի ձեռքբերումն է:
Եվ, վերջապես, վանդալները, ովքեր պղծել են հուշահամալիրը, վիրավորել են ոչ միայն Հոլոքոստի զոհերի, այլեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այլ կերպ ասած՝ սադրանքն ուղղված է ոչ միայն հրեաներին, այլեւ հայերին: Այդ տխուր իրադարձության մասին գրողին նման դետալները պետք է որ հայտնի լինեին:
Բայց առանց լիովին խորամուխ լինելու այն հարցի մեջ, թե ում է նվիրված պղծված հուշահամալիրը, հեղինակն անմիջապես անցնում է Հայաստանում հակասեմականության պատճառներին: Ավելի տրամաբանական կլիներ, որ նախ մեջբերեր կոնկրետ փաստեր, որոնք վկայում են ՀՀ-ում հակասեմականության առկայության մասին:
Հայաստանում «հակասեմական տրամադրությունների աճի» հիմնական պատճառը Լիխաչովը տեսնում է այն փաստի մեջ, որ «Իսրայելից Ադրբեջանին բարձր տեխնոլոգիական զենքի մատակարարումը շատ հայեր համարում են պատերազմում իրենց պարտության հիմնական պատճառներից մեկը»: Կապված դրա հետ՝ հետաքրքիր է., թե իսրայելցիներն ինչպե՞ս կարձագանքեն Հայաստանի կողմից զենքի մատակարարմանը, ասենք, Գազայի հատվածին, Հորդանան գետի արեւմտյան ափի տարածքին կամ լիբանանյան «Հեզբոլլահին»: Եվ ինչպիսի՞ն կլինի Իսրայելի արձագանքը, եթե քառասունչորս օրվա ընթացքում «Հայաստանի կողմից Գազայի հատված առաքվող բարձր տեխնոլոգիական զենքից», ներողություն մտքի վերաձեւակերպման համար, սպանվեին իսրայելցի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: Արդյոք իսրայելական հասարակությունը կպահպանե՞ր իր հանգստությունը, եթե խոսքը գերի ընկած իսրայելցի զինվորների կտրված գլուխների մասին լիներ, այլ ոչ թե հայ կամավորների:
«Հարցերը, կարծում եմ, հռետորական են: Մեծ հաշվով՝ հայերն Իսրայելը սիրելու պատճառ չունեն: Բայց բանը նույնիսկ դրանում չէ: Անձամբ ես չեմ հասկանում, թե ինչու է հեղինակը հավասարեցնում Իսրայելի նկատմամբ թշնամանքը եւ հակասեմականությունը: Յուրաքանչյուր դիպլոմավոր քաղաքագետ պետք է իմանա, որ Իսրայելում բնակվող հրեաներից բացի, կա նաեւ հրեական սփյուռք, այդ թվում՝ նաեւ Հայաստանում: Բացի այդ, սփյուռքի հրեաները կարծիքների շատ հարուստ սպեկտր ունեն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Ավելին՝ կարծիքների այս սպեկտրը միշտ չէ, որ համընկնում է Իսրայել պետության պաշտոնական դիրքորոշման հետ: Վերջապես՝ սիրո ու ատելության միջեւ գոյություն ունեն շատ զգացումներ, այս դեպքում՝ եթե չես սիրում Իսրայելը, չի նշանակում, որ ատում ես հրեաներին: Մի խոսքով՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչու է հեղինակը նախադասություններից մեկում Հայոց ցեղասպանությունը գրում փոքրատառով եւ վերցնում չակերտների մեջ: Դա քերականության կանոնների չիմացությո՞ւն է, թե՞… Դա թողնենք հեղինակի խղճին: Ուկրաինացի քաղաքագետը գրում է. «Հենց այդ հանգամանքն է պայմանավորել հակասեմական տրամադրությունների աճը երկրում: Իսկ տեղի հրեական համայնքին, ինչպես հաճախ է լինում, Հայաստանում նայում են արտաքին քաղաքականության պրիզմայի միջով»,-նշել է պատմաբան Վլադիմիր Ռուժանսկին:
Հետաքրքիր է իմանալ, թե կոնկրետ ով է հրեական համայնքին նայում արտաքին քաղաքականության պրիզմայի միջով: Նրանք անուններ ունե՞ն: Բայց ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում փաստերը, որոնց վրա են հիմնված Հայաստանում հակասեմական տրամադրությունների աճի վերաբերյալ հոդվածի հեղինակի եզրակացությունները. որտե՞ղ, ե՞րբ եւ ո՞ւմ կողմից են այդ հարցով ուսումնասիրություններ կատարվել:
Լիխաչովը մատնացույց է անում «վերջին տարիների սոցիոլոգիական հետազոտությունները», մասնավորապես՝ «Pew Research Center»-ի կողմից անցկացված հարցումները: Միեւնույն ժամանակ խոստովանում է, որ «հետազոտության մեթոդաբանությունը քննադատվել է, իսկ Հայաստանի հրեաները վստահեցրել են, որ խնդիրներ չեն զգում»: Բայց որտե՞ղ են 2020-ի հարցումները: Եվ ո՞վ է հիմա նման հետազոտություն անցկացրել:
Ի դեպ, Հայաստանի հրեաները ոչ միայն վստահեցրել են, որ խնդիրներ չեն զգում, այլեւ անցյալ տարի գիրք են հրատարակել Հայաստանում հրեաների պատմության վերաբերյալ, որն ընդգրկում է 19-րդ դարի առաջին կեսից մինչ մեր օրերն ընկած ժամանակահատվածը: Երեք լեզվով հրատարակված «Նոյի երկրի հրեաները» գիրքը գրվել է մեծ թվով պատմական աղբյուրների հիման վրա եւ ամբողջությամբ ոչնչացնում է ադրբեջանական քարոզչության կողմից ստեղծված՝ հայերի հակասեմականության առասպելը: Ռուժանսկին խորհուրդ է տալիս բոլորին, ովքեր պատրաստվում են գրել հրեաների եւ հայերի փոխհարաբերությունների մասին, նախքան սեփական եզրակացություններն անելը կարդալ այդ գիրքը:
Անիմաստ է վերլուծել այս հրապարակման բոլոր հատվածները: Օրինակ՝ ինչ արժե միայն այս հայտարարությունը. «Նախկինում այստեղ հակասեմական տրամադրությունները թաքնված էին: Համայնքի հասցեին հնչող պնդումները հանգեցնում էին հաճախակի կրկնվող «Ինչու Իսրայելը չճանաչեց հայ ժողովրդի ցեղասպանությունը» հարցին: Այդ հարցը տալով՝ արդյոք մարդն ինքնաբերաբար դառնում է հակասեմակա՞ն: «Ես կարող եմ հանգստացնել հեղինակին. այդ հարցը տալիս են ոչ միայն հայերը, այլեւ հրեաները, այդ թվում՝ իսրայելցիները, բավական է հիշել պրոֆեսոր Յաիր Օրոնին, ով հրապարակայնորեն ասել է, որ «իսրայելցիները պետք է առաջինը ճանաչեին Հայոց ցեղասպանությունը», ընդգծել է պատմաբանը:
Հրապարակման վերջում Լիխաչովը խոսում է Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին: Իր հիմնավորումը նա եզրափակում է հետեւյալ հատվածով. «Հայ հասարակությունը ճնշված է, ցնցված, հիասթափված, հակված է թշնամիներ որոնելուն եւ պատրաստ է լիովին ենթարկվել Ռուսաստանին: Այս համատեքստը ծայրաստիճան բարենպաստ է «վհուկների որսի» համար: Նման մթնոլորտում Հայաստանի հրեաները կարող են հայտնվել ուժեղ ճնշման տակ»:
«Ես չգիտեի, որ Լիխաչովը կատարելապես տիրապետում է հայոց լեզվին, հասցրել է այցելել Հայաստան եւ ուսումնասիրել տեղի իրողությունները: Հեղինակին կարող եմ հավաստիացնել, որ հայերը բավականաչափ խնդիրներ ունեն եւ աշխատում են դրանք լուծելու ուղղությամբ: Խոսքն առաջին հերթին գերիների վերադարձի մասին է: Որոնում են անհայտ կորած զինվորներին, օգնություն են տրամադրում զոհվածների եւ հաշմանդամների ընտանիքներին, ապահովում բնակարաններով, աշխատանքով եւ այլն: Ձգտում են վերականգնել քանդվածը եւ կառուցել ուժեղ, կենսունակ պետություն: Իսկ դա շատ հեռու է վհուկներից, հարգելի հեղինակ:
Ի դեպ, ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պղծման գործով մեկ կասկածյալի: Հայ իրավապահները, առանց ավելորդ աղմուկի ու հայտարարությունների, լավ են կատարում իրենց գործը»,-ամփոփել է Վլադիմիր Ռուժանսկին:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

20-02-2021





02-03-2021
Չնայած դժվարին վիճակին, լուծում, ի վերջո, կա
Որոնք են Հայաստանի անելիքները

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս ...


02-03-2021
Հայոց բանակի վերածնունդըմտահոգում է մեր հարեւաններին
ԱՀ խորհրդարանը կարեւոր հայտարարություն է ընդունել

Հայի մի ...


02-03-2021
Արցախը որեւէ կարգավիճակում չի կարող լինել Բաքվի իրավասությունների ներքո
Հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտի վերսկսում


02-03-2021
«Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա»
«Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա ...


02-03-2021
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է
Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

Սումգայիթյան ոճրագործությունից 33 ...


02-03-2021
Հայ երգի ժրաջան մշակը
«Նա ասես շրջիկ դպրոց լիներ…»

Հայ երաժշտական արվեստում ...


02-03-2021
Հայրենիք. «Տիրոջ օրհնութիւնը ինչպէ՞ս երգենք օտար երկրումը»
Սուրբ Գրքում հստակ արտահայտված է, որ մեր երկրային հայրենիքը ...



02-03-2021
Ունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետեւություններ անենք սխալներից
Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են ...

02-03-2021
Վարչապետն այցելել է նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

02-03-2021
Պատգամավորների միաձայն հավանությամբ
ԱՀ խորհրդարանի արտահերթ նիստում

Երեկ ...

02-03-2021
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 5-րդն է
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO