Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է

ՌԴ 102-րդ ռազմաբազայի ընդլայնման անհրաժեշտությունը թելադրված է տարածաշրջանային զարգացումներով

Արցախի շուրջ թուրքական ռազմական ուժերի ներկայությունը մի կողմից եւ մյուս կողմից հարեւան երկու թուրքական պետությունների զինված ուժերի ինտենսիվ սերտացումն ու պարբերաբար իրականացվող համատեղ զորավարժությունները Հայաստանի առաջ առարկայական խնդիր են դնում ընդլայնելու ռազմական փոխգործակցությունը ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ:
Արցախում հրադադարի հաստատումից եւ այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Հայաստանում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի մարտական խնդիրներն ավելացան, ինչը հանգեցրեց վերջինիս լրացուցիչ ծանրաբեռնվածության: 2020 թ. նոյեմբերից ՌԴ ռազմաբազայի «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված կործանիչները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում Հայաստանի օդային տարածքում, նաեւ Արցախի սահմանի երկայնքով: Ամեն օր մեկ կամ երկու «ՄիԳ-29» կործանիչ անընդհատ հերթապահում են երկնքում, իսկ Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ապահովում են Հայաստանի եւ Արցախի տարածքով տեղաշարժվող զորամասերի անվտանգության ծածկույթը, ինչպես նաեւ հայկական հակաօդային պաշտպանության ուժերի հետ երաշխավորում են քաղաքացիական բնակչության անվտանգությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնելու եւ զարգացնելու ռուսաստանյան ռազմաբազայի ներուժը: Նախարարի խոսքերով՝ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի ընդլայնման ու ամրապնդման հարցը միշտ եղել է օրակարգում, եւ դա մշտապես հետաքրքրել է հայկական կողմին այն պարզ պատճառով, որ բազան Հայաստանի ու Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մաս է կազմում, եւ նրա կարողությունների ընդլայնումը ենթադրում է կովկասյան տարածաշրջանում երկկողմանի հիմքերով գործող խմբավորման ներուժի ավելացում:
Ի դեպ, 102-րդ ռուսական ռազմաբազան ստեղծվել է 1992 թ. օգոստոսի 21-ին ստորագրված Հայաստանի տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին եւ Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի ռազմաբազայի գտնվելու մասին 1995 թ. մարտի 16-ին ստորագրված պայմանագրերի համաձայն: Ռազմաբազան մարտական հերթապահություն է իրականացրել ԱՊՀ հակաօդային պաշտպանության միավորված համակարգի շրջանակներում եւ մինչեւ 2007 թ. ենթակա է եղել Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի Անդրկովկասում Ռուսաստանի ուժերի խմբի հրամանատարությանը, 2010-ից հետո՝ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարությանը: 2001-ի հուլիսի 1-ին 102-րդ ռազմաբազան մտավ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբի մեջ:
Բազայի շահագործման մասին համաձայնագիրը կնքվել է 25 տարի ժամկետով: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ 2010 թ. Հայաստան կատարած այցի ընթացքում այդ ժամկետը երկարաձգվել է եւս 49 տարով՝ մինչեւ 2044 թ.: Ըստ երկկողմ պայմանավորվածության՝ Հայաստանի համար ցանկացած արտաքին սպառնալիք կդիտարկվի որպես Ռուսաստանի համար սպառնալիք:
Ռուսական ռազմաբազայի, հետեւաբար նաեւ զորքերի միացյալ խմբի ընդլայնումը ենթադրում է տարածաշրջանում երկրների միջեւ ռազմական ներուժի հավասարակշռում՝ գոնե սպառազինության հավասարազոր միավորների ապահովում: Այն բանից հետո, երբ Ռուսաստանը Թուրքիային վաճառեց C-400 զենիթահրթիռային համալիրները, հակաօդային պաշտպանության ոլորտում վերջինս տարածաշրջանում հայտնվեց առաջնային դիրքերում: Բանն այն է, որ ինչպես Հայաստանի զինված ուժերում, այնպես էլ ՌԴ 102-րդ ռազմաբազայի սպառազինության մեջ ընդգրկված են C-300 զենիթահրթիռային համակարգերը: Ռազմաբազայի ընդլայնումը ենթադրում է սպառազինության համալրում նաեւ նորագույն տեխնիկայով: Նկատենք որ 102-րդ ռազմաբազայի սպառազինության մեջ այսօր ընդգրկված են նաեւ «ՄիԳ-29» կործանիչներ, ինչպես եւ «Մի-24» ու «Մի-8» ուղղաթիռներ:
Սպասվում է, որ ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները կընդլայնվեն նաեւ Հայաստանի արեւելյան եւ հարավարեւելյան սահմանի երկայնքով, որոնց հարեւանությամբ արցախյան պատերազմի ժամանակ գործում էին Սիրիայի հյուսիսից եւ Լիբիայից բերված ջիհադիստ ծայրահեղականները, որոնց հեռանալու մասին տեղեկություններ դեռ չկան:
Ռուսական 102-րդ ռազմաբազան առարկայորեն Հայաստանի Հանրապետության եւ հիմա արդեն Արցախի անվտանգության համակարգի բաղադրիչներից է, եւ նրա ուժեղացման անհրաժեշտությունը թելադրվում է տարածաշրջանային, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական արդի զարգացումներով:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

24-02-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO