Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ԱՇԽԱՐՀ


Անկարան վախենում է, որ Սեւ ծովը կարող է դառնալ «ռուսական»

Թշնամական նավերի այնտեղ հայտնվելը պարզապես ինքնասպանություն է

Թուրքիայի ու Ուկրաինայի ռազմական արդյունաբերության ներկայացուցիչները սերտ համագործակցում են եւ հետաքրքրված են ռազմատեխնիկական կապերի ամրապնդմամբ: Ներկայումս Կիեւն ու Անկարան ավելի քան 30 համատեղ ծրագրեր են իրականացնում զինամթերքի ու ավիացիայի ոլորտներում: Թուրքական ռազմական արդյունաբերությունը վերջին տարիներին հասել է մեծ հաջողությունների: Այս մասին գրում է գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung»-ը:
Վերջին մի քանի տասնամյակում Թուրքիան ժամանակ առ ժամանակ հանդես է եկել որպես ռազմական արտադրանքի մատակարար: Ազգային պաշտպանական արդյունաբերության զարգացման մեջ հաջողությունները նպաստել են, որ վերջին 20 տարվա ընթացքում Թուրքիան վերածվի համաշխարհային պաշտպանական շուկայում ավելի ու ավելի նշանակալից խաղացողի:
Վերջին մի քանի տարում այստեղ իսկական բեկում է տեղի ունեցել, որը կապված է թուրքական առաջարկների շրջանակի ընդլայնման, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում (Պարսից ծոցի երկրներ) եւ նախկին ԽՍՀՄ թյուրքալեզու տերություններում (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան) թուրքական ռազմարդյունաբերական համալիրի կողմից հարուստ հաճախորդների ներգրավման հետ:
Ընդհանուր առմամբ՝ թուրքական պաշտպանական արդյունաբերությունը ներկայումս համաշխարհային շուկայում ներկայացված է մի քանի հիմնական հատվածներում, որոնց զարգացման մեջ Թուրքիան վերջին տարիներին զգալի հաջողությունների է հասել, եւ որոնք դարձել են արտահանման համապատասխան «շարժիչ»:
Խոսքն առաջին հերթին թեթեւ զրահատեխնիկայի, նավաշինարարության, էլեկտրոնային, կապի, չկառավարվող հրթիռային համակարգերի, հրետանա-հրաձգային ու այլ զինամթերքի մասին է:
Չնայած Թուրքիայում կառավարությունն ու բիզնեսը ոգեւորված են զենքի եւ զինամթերքի արտահանման եկամուտների աճից, արտաքին շուկա մուտք գործելու հեռանկարները սահմանափակվում են թուրքական ընկերությունների գիտական-ինովացիոն ներուժի ցածր, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ շինարարական աշխատանքների ծախսերի իռացիոնալ մակարդակով:
Թուրքական պաշտպանության արդյունաբերական համալիրի թույլ տեղը մնում է շարժիչների արտադրությունը: Եվ այստեղ, ինչպես արդեն նշել ենք, օգնության պետք է գա Ուկրաինան: Խորհրդային ժամանակաշրջանում այստեղ գտնվում էին շարժիչների բոլոր տեսակների գլխավոր ձեռնարկությունները: Թուրքիան մտադիր է հաղթահարել իր ռազմական արդյունաբերության գլխավոր թերությունը՝ անօդաչու թռչող սարքերի, նավերի, հրթիռների, ինքնաթիռների ու տանկերի տարբեր շարժիչների համատեղ արտադրություն կազմակերպելով Ուկրաինայի հետ: Հարկ է նշել, որ իր թեւավոր հրթիռների համար թուրքական «Aselsan» կոնցեռնը գնում է ուկրաինական «Իվչենկո-Պրոգրես» արտադրողի շարժիչները:
Քանի որ Սեւ ծովում ռազմական ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ Ռուսաստանի, Թուրքիան արդեն իրեն վտանգի մեջ է զգում: Ռազմական համակարգերը, որոնք Ռուսաստանը տեղադրել է Ղրիմում, կարող են վերահսկել ողջ սեւծովյան տարածաշրջանը: Անկարան վախենում է, որ Սեւ ծովը կարող է դառնալ «ռուսական»:
Իսկ ինչպիսի՞ն կարող է լինել հիպոթետիկ զինված բախումը սեւծովյան տարածաշրջանում: Մի շարք փորձագետներ կարծում են, որ նման բախումը կարող է ունենալ բացառապես ռազմածովային բնույթ: Սակայն ռազմական շատ մասնագետներ իրադարձությունների այդպիսի զարգացմանը չեն հավատում:
Դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից հայտնի է, որ նավատորմը չի կարող արդյունավետ դիմակայել ռազմական ինքնաթիռների զանգվածային հարձակմանը: Առանց օդային գերակայության նավատորմը դատապարտված է պարտության, անկախ նրանից, թե ովքեր եւ ինչ ուժեր կուղարկվեն Սեւ ծով: Իսկ օդում նման գերակայություն այսօր այս տարածաշրջանում կարող են ստեղծել միայն Ռուսաստանի զինված ուժերի օդատիեզերական ուժերը: Ուստի ցանկացած խոսակցություն Սեւ ծովի ջրերում ինչ-ինչ դաշինքների մասին, մեծ հաշվով, անիմաստ է: Նույնիսկ եթե ենթադրենք, որ Մոսկվայի պոտենցիալ հակառակորդները կարող են որեւէ ավիացիոն խմբավորում ձեւավորել, ինչը, ի դեպ, այնքան էլ հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով նույն Թուրքիայի դիրքերը, ապա հարկ է նկատի ունենալ, որ Ռուսաստանը Ղրիմի թերակղզում ու հարակից տարածաշրջաններում տիրապետում է հակաօդային պաշտպանության ամենաժամանակակից միջոցների ու ուժերի բավական հզոր խմբավորման: Բացի այդ, այն կարճ ժամանակում կարող է զգալիորեն ուժեղացվել:
Իրավիճակը ներկայումս այսպիսի տեսք ունի. Սեւ ծովում կամ կգերակայի ռուսական ավիացիան, կամ ընդհանրապես ոչ ոք: Դրան կարելի է ավելացնել եւս մեկ կարեւոր հանգամանք: Սեւծովյան ջրային հատվածը տարածքով շատ սահմանափակ է: Իսկ Ռուսաստանը լուրջ կարողություններ ունի՝ ոչնչացնելու հիպոթետիկ հակառակորդների ցանկացած կարգի նավերն ափից կրակոցներով:
Սեւ ծովի գրեթե ողջ տարածքը Սեւծովյան նավատորմի առափնյա ուժերի հրթիռային եւ հրետանային համալիրների ոչնչացման գոտում է, եւ այսօր թշնամական նավերի համար այնտեղ հայտնվելը պարզապես ինքնասպանություն է: Հետեւաբար, կարծիքը, որ Սեւ ծովը կարող է վերածվել բացառապես «ռուսականի», լիովին արդարացված է:
Այս մասին խոսվել է նաեւ Բրյուսելում պաշտպանության նախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան միության վերջերս կայացած հանդիպման ժամանակ, որը վարում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Դաշինքի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունն այս տարածաշրջանում, մասնավորապես՝ Սեւ ծովում:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

24-02-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO