Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Վերադասավորումների եւ հստակեցումների ճանապարհով

Ինչ փոփոխություններ են եղել կառավարության նախորդ տարվա որոշման մեջ

Բազմիցս ասել ենք՝ չկան զուտ տնտեսական հարցեր: Դրանք մշտապես սերտաճած են այս կամ այն քաղաքական հարցին: Առավելեւս՝ պետության համար չեն կարող լինել զուտ տնտեսական հարցեր՝ առանց անվտանգային բաղադրիչի, զուտ տնտեսական հարցեր՝ առանց ազգային արժանապատվության բաղադրիչի, զուտ տնտեսական հարցեր՝ առանց պետական ու ազգային շահի հեռանկարի:
Թուրքական ծագման ապրանքների ներմուծումը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ից 6 ամիս ժամկետով արգելվեց: Որոշումը եղավ հոկտեմբերին, եւ տնտեսավարողներին 2 ամիս ժամանակ տրվեց՝ փոփոխություններին հարմարվելու, նոր շուկաներ գտնելու, վերադասավորվելու համար: Մենք այդ ժամանակ ողջունեցինք գործադիրի մոտեցումը, որովհետեւ դա անհրաժեշտ էր, եւ մեր տնտեսությունը պարտավոր էր արձագանքելու թուրքական ապակառուցողական քաղաքականությանը: Թուրքական քաղաքականությունն այսօր էլ մեր հանդեպ չի փոխվել, ավելին՝ հայատյացությունն օրեցօր ավելի բացահայտ է տարվում այդ պետության կողմից, իսկ մենք… դեռ թուրքական ապրանք ենք ներկրում՝ չնայած արգելքին:
Փորձեցինք հասկանալ՝ ինչ է կատարվել այս ընթացքում, ինչի հիմամբ է դարձյալ թուրքական ապրանք բերվում մեր երկիր: Մինչ այդ նախապես կանխենք այն հակադարձումը, թե մեր բերած ապրանքը չնչին թիվ է Թուրքիայի համար: Չմոռանանք՝ այդ չնչին թիվը 2019 թ. տվյալով 268 մլն դոլար էր:
Հիմա՝ ըստ հերթականության: Նախ՝ երեք օր շարունակ դիտարկեցինք երեւանյան բոլոր տոնավաճառները, «մոլերի», այսպես ասենք, թուրքական տաղավարները: Թուրքական ապրանք կար: Այո, հնարավոր է, որ դրանք ներկրվել են մինչեւ դեկտեմբերի 31-ը: Բայց եթե ունեք Թուրքիայի հետ առեւտուր անող ծանոթ, նրանից կարող եք ճշտել, որ նոր ապրանք ՀՀ մտնում է: Նոր՝ այսինքն՝ այս տարվանից: Ինչո՞ւ, ի՞նչ փոխվեց, չէ՞ որ էկոնոմիկայի փոխնախարարներից Վարոս Սիմոնյանը մեկ անգամ չէ, որ ասել է, թե «կառավարությունը եւ էկոնոմիկայի նախարարությունն ամբողջ գործիքակազմով կսատարեն տնտեսավարողներին վերադասավորվել եւ գտնել նոր շուկաներ»:
Պարզվեց՝ թուրքական ոչ բոլոր ապրանքների ներմուծումն է արգելված, որովհետեւ նախորդ տարվա հոկտեմբերի որոշումում այս տարվա փետրվարին փոփոխություն է եղել:
Կառավարության 2020 թ. հոկտեմբերի 20-ի 1708-Ն որոշմամբ արգելվեց թուրքական ծագման ապրանքների ներմուծումը, ինչպես ասացինք՝ 6 ամսով, դեկտեմբերի 31-ից սկսած: Արգելվեց 6 ամսով, որովհետեւ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առեւտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Միաժամանակ 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում արձանագրության VII եւ VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առեւտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ: Եվ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։ Բայց ոչ մի բան չի խանգարում 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը եւս 6 ամսով։ Եվ այդպես շարունակ։ Արգելված ապրանքների ցանկը բազմազան էր՝ ամբողջական մի ցանկ: Սկսած կոշիկի քսուքից մինչեւ մանկական հագուստ, մանկական կոսմետիկ միջոցներ, հիգիենայի պարագաներ, տարատեսակ տնկաշիվեր, ճյուղեր, սոխուկներ, պալարներ, արմատապալարներ, հանքային կամ քիմիական, ազոտական պարարտանյութեր, թարմ կամ պաղեցրած, սառեցրած ձուկ, թարմ կամ պաղեցրած լոլիկ, վարունգ, հացաբույսերից՝ պատրաստի սննդամթերք, ցիտրուսային մրգեր, եգիպտացորեն, սուրճի, թեյի կամ մատեի խտահյութ, բնահյութ, պատրաստի սոուս ու մանանեխ, բամբակ, թանզիֆ, վիրակապ, դեղագործական ապրանքներ, ատամնաբուժական բաղադրանյութեր, շինարարական նյութեր, խողովակներ, մետաղալարեր, ալյումինե տակառներ, հաստոցներ, կենցաղային տեխնիկա, գրենական պիտույքներ եւն:
Դեկտեմբերից մեկ ամիս եւ մի քանի օր անց կառավարության 2021 թ. փետրվարի 4-ի 140-Ն որոշմամբ փոփոխություններ արվեցին 2020 թ. հոկտեմբերի 20-ի որոշումում:
Ըստ այդմ, սահմանված արգելքը չի տարածվում «վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վրա: Արգելքը չի տարածվում նաեւ այն ապրանքների վրա, որոնց մասով մատակարարման պայմանագրերը կնքվել են մինչեւ 2020 թ. հոկտեմբերի 20-ը, եւ այդ ապրանքները նույնականացվում են մաքսային մարմինների կողմից: Նաեւ՝ ոչ թուրքական ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչների (դիլերներ, տարածորդներ, գործակալներ) կողմից ներմուծվող եւ թուրքական ծագում ունեցող այն ապրանքների (ներառյալ` պահեստամասերի, մեխանիզմների, ագրեգատների, հանգույցների եւ դրանց բաղադրիչների) վրա, որոնք նախատեսված են հաճախորդների երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար՝ հայտարարագրման պահին մաքսային մարմիններին ներկայացնելով երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկման փաստաթղթերը: Նշվում է նաեւ, որ սույն որոշման դրույթները չեն տարածվում «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249.1 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների վրա:
Ի դեպ, փետրվարի 4-ի որոշումն ուժի մեջ է մտել հենց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Այժմ ավելի մատչելի բացատրենք: Փետրվարի 4-ի փոփոխությունների համաձայն, ըստ էկոնոմիկայի նախարարության պարզաբանման, թուրքական ծագում ունեցող կենդանական եւ բուսական ծագման արտադրանքների, ինչպես նաեւ սննդամթերքի ներմուծման վրա, այո, ամբողջական արգելք կա: Բայց…պարզվում է, դա էլ միանշանակ չէ: Այլ կերպ, դարձյալ ըստ պետական այս գերատեսչության, բոլոր գործարարներին չէ, որ վերաբերում է, այսինքն՝ այն գործարարները, որոնք մինչեւ առաջին որոշումը՝ 2020 թ. հոկտեմբերի 20-ը, կնքել են մատակարարման պայմանագրեր, 2021-ին կշարունակեն ներմուծում իրականացնել: Հումք ներկրողներն էլ Թուրքիայից կկարողանան ներկրել, օրինակ, կտորեղեն, թել:
Ինչեւէ, իբրեւ ամփոփում փաստենք. բոլոր նրանք, ովքեր կասեն, որ սա խնդիր չի ստեղծում, որովհետեւ հավասար հիմունքներով առեւտրականներն աշխատում են, տնտեսական հարց է, առեւտրականի օրվա հացն է եւ այլն եւ այլն, ի պատասխան այդ հավասար առեւտրի մեկ թիվ կմեջբերենք. 2019 թ. եթե ներմուծել ենք 268 մլն դոլարի թուրքական ապրանք, ապա արտահանման ցուցանիշն ընդամենը 2 մլն դոլար է եղել…

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

24-02-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO