Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԱՇԽԱՐՀ


Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞

Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհը երկար է, բայց վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, որ գործընթացն արագացնելու հնարավորություն կա: Այս մասին գրում է լեհական «Nowa Europa Wschodnia»-ի աշխատակից Պշեմիսլավ Հենզելը: Շատ բան, իհարկե, կախված կլինի ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենից, բայց դեռ հարց է՝ արդյոք ամերիկացիները կորոշեն կրկին ակտիվացնել իրենց ներկայությունը կովկասյան տարածաշրջանում:
2010 թ. սեպտեմբերի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանին կոչ է արել լիարժեք օգտագործել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունները եւ պատրաստվել անդամակցությանը: Այս խոսքերն ասվել են Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ Բրյուսելի կենտրոնակայանում կայացած բանակցությունների ընթացքում: Ստոլտենբերգն այդ ժամանակ Թբիլիսիին գովել է ժողովրդավարական բարեփոխումների եւ զինված ուժերի արդիականացման համար, ինչպես նաեւ եւս մեկ անգամ Ռուսաստանին կոչ է արել իր զինվորականներին դուրս բերել Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից: Ճիշտ է՝ նախկինում էլ հայտարարություններ եղել էին Վրաստանի անդամակցության մասին, բայց դրանք երբեք այսքան ծանրակշիռ չէին եղել:
Երեք ամիս անց ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները հաստատեցին Վրաստանին աջակցության միջոցառումների փաթեթի նոր տարբերակը, որն առաջին անգամ հրապարակվեց 2014 թ. Ուելսի գագաթնաժողովում: Այն ենթադրում էր համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծում, որն իրականություն դարձավ 2015 թ. օգոստոսին: Կենտրոնը կոչված է օգնել վրացական բանակին՝ հարմարվելու դաշինքի չափանիշներին, ինչպես նաեւ ապահովելու ՆԱՏՕ-ի նավերի ներկայությունը վրացական նավահանգիստներում, ուժեղացնելու զորավարժությունները եւ ընդլայնելու համագործակցությունը բժշկական ոլորտում: Ստոլտենբերգը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն Վրաստանին երաշխավորում է ոչ միայն քաղաքական, այլեւ գործնական աջակցություն ռազմական պատրաստության, նյութատեխնիկական ապահովման եւ սարքավորումների մատակարարման գործերում:
Ստոլտենբերգը հունվարին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու՝ Բրյուսել կատարած այցի ժամանակ վերահաստատել է այդ երկրի՝ դաշինքին անդամակցելու հնարավորությունը: Գլխավոր քարտուղարը հերթական անգամ ասել է, որ Թբիլիսիի իշխանությունները, շարժվելով անդամակցության ճանապարհով, պետք է շարունակեն ժողովրդավարական բարեփոխումները: Արդյոք ՆԱՏՕ-ի ղեկավարության արտահայտիչ հռետորաբանությունն ու օգնության շրջանակների ընդլայնումը նշանակո՞ւմ են, որ դաշինքին անդամակցելու գործընթացը մոտենում է ավարտին: Իրադարձությունների նման զարգացումը կդառնա Թբիլիսիի ղեկավարության երկար տարիների ջանքերի պսակը, որը փորձում է աշխարհաքաղաքական շրջադարձ կատարել Կովկասում:
ՆԱՏՕ-Վրաստան գծի ակտիվացումն անհանգստացրել է Կրեմլին: ՆԱՏՕ-ի օգնության փաթեթի հաստատումից հետո ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ այդ որոշումը լուրջ անհանգստություն է առաջացրել Ռուսաստանում եւ ստիպում է մտածել համապատասխան գործողությունների մասին:
Մոսկվայի արձագանքի հետ կապված մտահոգությունները բարդացրել են Թբիլիսիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը: Վրաստանի խորհրդարանը դեռ 2006 թ. միաձայն բանաձեւ ընդունեց նրա հետ ինտեգրման մասին: Այդ կուրսը հաստատվեց 2008 թ. հանրաքվեով, որում քվեարկողների 77 տոկոսը հավանություն տվեց ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարին:
Ռազմական առումով դաշինքին մերձենալու Թբիլիսիի ցանկությունը մարմնավորվեց Կոսովոյում, Աֆղանստանում եւ Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցությամբ: ԱՄՆ-ի հետ ավելի սերտ կապերի հաստատումը նույնպես նպաստեց ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ամրապնդմանը: 2003-2008 թթ. Վրաստանը մասնակցեց Իրաքում կայունացման առաքելությանը: Երբ Հյուսիսային Օսեթիայում պատերազմ սկսվեց, ամերիկացիները շատ շտապ հայրենիք վերադարձրին վրացի զինվորականներին: Մարտերի ավարտից հետո ԱՄՆ-ը մարդասիրական օգնություն ուղարկեց Վրաստան եւ մեկ միլիարդ դոլար հատկացրեց վերակառուցման համար: Մեկ տարի անց երկու երկրները ստորագրեցին Ռազմավարական գործընկերության խարտիա, որը համագործակցություն է նախատեսում քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, ներդրումների ավելացման, վրացական բանակի արդիականացման, կրթական բարեփոխումների եւ ուսանողների փոխանակումների ոլորտներում:
Վաշինգտոնի հետ հարաբերությունների հատուկ բնույթի մասին է խոսում ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված բաց նամակը, որն ստորագրվել է 2020 թ. նոյեմբերին անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող վրացի 45 փորձագետի կողմից: Դիմումում կոչ է արվում քննարկել Վրաստանում ամերիկյան ուժերի մշտական ռոտացիոն ներկայության հարցը` Կովկասում եւ սեւծովյան ողջ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար: Փորձագետները շեշտում են, որ «անվտանգության սպառնալիքների մեծ մասը բխում է Ռուսաստանի ցանկությունից` վերստեղծելու խորհրդային ժամանակաշրջանի «ազդեցության ոլորտը» այն տարածքում, որը Մոսկվան ընկալում է որպես «մերձավոր արտասահման»:
Այս դիմումից մի քանի օր անց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար նախկին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի կոնֆերանսում առաջարկեց Վրաստանին ու Ուկրաինային «ասոցացված անդամի» կարգավիճակ տալ:
Սեւ ծովում Դաշինքի ներկայության մեծացումը հնարավորություն կտա ավելի տեսանելի դարձնել գործողություններն արեւելյան թեւի հարավային հատվածում: Դա Ռուսաստանին հստակ ազդանշան կուղարկի, որ դաշնակիցները պատրաստ են տարածաշրջանում անվտանգության երկարաժամկետ ռազմավարություն իրականացնել: Իր հերթին՝ Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցության շնորհիվ կարող է սկսել ավելի կարեւոր դեր խաղալ Անդրկովկասում իրավիճակի կայունացման գործում: Նման հեռանկարի մասին է վկայում միջնորդի դեր ստանձնելու առաջարկը, որով վրացական կողմը հանդես եկավ արցախյան երկրորդ պատերազմում:
2020 թ. դեկտեմբերի վերջին Վրաստանի խորհրդարանը միաձայն ընդունեց բանաձեւ, որում ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցությունն անվանվում են Վրաստանի արտաքին քաղաքական ռազմավարության գերակայություններ: Հիմա ամենակարեւոր հարցն անդամակցության կոնկրետ օրերն են:
Իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իր երկիրը 2024 թ. պաշտոնապես կդիմի ԵՄ-ին լիիրավ անդամակցության համար: Իր հերթին՝ 2021 թ. առաջին ամիսներին տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, որին կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Քննարկման հիմնական թեմաները կլինեն դաշինքի առաքելության շարունակումը Աֆղանստանում, ինչպես նաեւ Ռուսաստանի կողմից սպառնացող սպառնալիքները: Դա նշանակում է, որ հնարավորություն կլինի քննարկելու նաեւ Վրաստանի հետ հարաբերությունների ապագան:
Բայդենի նախագահությունը, ով նախընտրական արշավի ընթացքում խոսել է ՆԱՏՕ-ի անդամների հետ հարաբերություններն ամրապնդելու իր մտադրության մասին, Վրաստանին կմոտեցնի՞ անդամակցությանն այս կազմակերպությանը: Գեներալ Յարոսլավ Ստրոժիկը՝ Անվտանգության եւ զարգացման «Ստրատփոինթս» հիմնադրամից, կասկածում է, որ Կովկասը ավտոմատ կերպով կհայտնվի ամերիկյան գերակայությունների ցուցակի առաջին հորիզոնականում: «Հավանականություն կա, որ հետաքրքրությունը կետային կլինի: Դա կդրսեւորվի այն պահերին, երբ այնտեղ այնպիսի բան կպատահի, որը կարող է ազդել տարածաշրջանի անվտանգության վրա»,- ասել է նա:
Միեւնույն ժամանակ փորձագետը շեշտել է, որ չնայած Բայդենը Ռուսաստանի հետ «հարաբերությունները շտկելու զգուշավոր փորձեր» կձեռնարկի, բայց ջերմացում չի սկսվի: Իրավիճակը նույնիսկ Չինաստանի թեման չի փոխի, եթե, օրինակ, ամերիկացիները որոշեն ռուսների հետ համաձայնության գալ Պեկինի գլոբալ հավակնությունների վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում մշակելու հարցում:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

27-02-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO