Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԼՂՀ


Միրիկ գյուղի մոտակա ամրոցները

Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան

Աղավնո գետի աջակողմյան բարձր դիրքերում դարեր-դարեր առաջ մեր պապերն ամրոցներ ու դիտակետեր, ամրացված փարախներ են կառուցել։ Զինվորը հսկել է շինականի անդորրը, շինականը բարիք ստեղծել, քարտաշն ու որմնադիրը տուն ու եկեղեցի, պարիսպ են կառուցել, եւ ապրել է սյունեցի հայն իր հողում, ապրել, արարել, հարկ եղած դեպքում՝ կռվի ելել։
Տարածքում պահպանված մի քանի տասնյակ ամրոցատեղիների, ամրոցների ավերակների, բնակատեղիների ու դամբարանադաշտերի, միջնադարյան հայկական կանգուն ու ավերակ հանգստարանների, բնակավայրերի վանական համալիրների, եկեղեցիների գոյությունը վստահեցնում է՝ Աղավնոյի հովիտը եւ նրան հարակից տարածքները հայոց ոստան են։ Նույն Աղավնո-Արքունագետի միջին հոսանքի աջակողմյան բարձր բլուրներից մեկի վրա է տարածվում երբեւէ եղած ամենահզոր ամրոցներից մեկը, եթե ոչ՝ ամենահզորը։ Միրիկ գյուղը գտնվում է նույն տեղում՝ Բերձորից մոտ 50 կմ հյուսիս-արեւմուտք։ Աշխարհագրական 39 41 23,2 N. 46 19 39,1 E. Alt. 1600 մ կոորդինատներում։ 2010-2020 թթ. տարածքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված, պայմանականորեն Միրիկ 1 կոչվող, Ք.ա 9-6-րդ դդ գոյություն ունեցած ամրոցը առաջին անգամ ուսումնասիրվեց մեր հնագիտական արշավախմբի կողմից։
Հնագետ Գագիկ Սարգսյանի, պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի, այլ ուղեկիցների հետ առաջին անգամ ամրոցատեղի բարձրացանք 2013 թ.։ Հետագայում ամրոցում եւ մոտակա դամբարանադաշտում կատարվեցին պեղումներ, ուսումնասիրություններ։ Պատմական Աղահեջք գավառի երկաթեդարյան ամենանշանավոր քաղաք-ամրոցն է, որի պահպանված կառույցները վկայում են տարածաշրջանի՝ քաղաքական ու հոգեւոր կենտրոն լինելու մասին: Տեղադրված է Աղավնո գետի աջ ափին, Միրիկ գյուղի արեւմտյան եզրին բարձրացող, արեւմուտքից արեւելք առանցքով ձգվող լեռնաբազկի արեւելյան վերջավորության գագաթին: Միջնաբերդը զբաղեցնում է լեռնաբազկի գագաթնագիծը մոտ 340 մ երկարությամբ եւ միջինը 40 մ լայնությամբ ամբողջովին պարսպապատ հատվածը: Պարիսպներըը շարված են մեծածավալ, ճեղքած, անմշակ քարերից չոր՝ կիկլոպյան շարվածքով: Միջնաբերդը բաղկացած է երեք հիմնական ծավալատարածային համալիրներից: Ծայր արեւելյան եզրին տեղակայված է պալատական համալիրը՝ դղյակը: Դղյակից 80 մ արեւմուտք գտնվում է վիմակերտ դարպասների համալիրը: Այն բաղկացած է բուն դարպասից, ժայռափոր սենյակից, նրա երկրորդ հարկի մակարդակին պահպանված եւս մի սենյակից եւ կուռքերի հարթակից: Այս սենյակում կատարված պեղումների արդյունքում գտնվեցին խեցիների կտորներ եւ պարսատիկի համար նախատեսված բազում քարեր։ Սա ապացույց է, որ սենյակը եղել է զորանոց։
Ամրոցի հիմնական մուտքը եղել է արեւմտյան կողմից։ Այստեղ պահպանվել է մի տարածք՝ պարսպապատ, որտեղ ձիերին են կապել։ Ամրոցից արեւմուտք կա մի տարածք-հրապարակ, որը պատված է բավականին մեծ քարերով պարսպով։ Մեջտեղում մի մեծ քար կա, որը, հնարավոր է, զոհասեղան է։ Այս հրապարակից մոտ 100 մ արեւմուտք դամբարաններ կան, որոնցից մեկի պեղումներից գտնվեցին 8 կավե ամաններ։ Դամբարանն ընդհանրապես թալանված էր, բայց կողոպտողները չեն տեսել այդ ամանները, որոնցից մեկի մեջ ոսկորներ կային։ Պեղումներն իրականացնող հնագետ Հարություն Խուդանյանի համոզմամբ՝ կերակուր են թողել տեղում։ Հնագիտական աշխատանքները ղեկավարող Գագիկ Սարգսյանի կարծիքով՝ ամրոցի կարեւորագույն կառույցը տաճար-զիկուրատն է: Այն գտնվում է միջնաբերդի կենտրոնում եւ բաղկացած է բլրակին կանգնած եռաստիճան բուրգ-աշտարակից, դրան արեւմուտքից հարող ժայռափոր ներքին բակից (սենյակից) եւ ամրոցանիստ լեռնաբազկի հյուսիսային լանջից դեպի բուրգ-աշտարակ բարձրացող երկարաձիգ, թեքադիր աստիճանավանդակից: Մինչեւ 4 մ բարձրությամբ բուրգ-աշտարակի չափերն են10 X 16 մ: Դեպի բուրգ-աշտարակ եկող թեքադիր աստիճանավանդակը սկիզբ է առնում ամրոցանիստ լեռնաբազկի հյուսիսային ստորոտով դեպի տաճար տանող հնագույն ճանապարհից: Թեքադիր աստիճանավանդակի ընդհանուր երկարությունը 70 մետր է, թեքությունը՝ 38 աստիճան, ստորին ու վերին կետերի բարձրության նիշերի տատանումը՝ 46 մ, ամենամեծ լայնությունը՝ 8 մ: Աստիճանավանդակի մի հատվածը կազմակերպված է որպես 1,0-2,8 մ բարձրությամբ պատերով ներփակվող ժապավենաձեւ լեզվակ, որի մակերեսին նկատվում են 6-8 իրար հաջորդող հորիզոնական հարթակներ:
Ամբողջ համալիրը կառուցված է անմշակ ճեղքած քարերից չոր, կիկլոպյան շարվածքով: Տաճար-զիկուրատը եզակի հուշարձան է, որը փայլուն հեռանկար ունի զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Ամրոցի հարավարեւմտյան կողմում կան ուղղաձիգ ժայռեր, որոնք էլ օգտագործվել են որպես պարիսպ-ամրություններ։ Թույլ մասերում պատեր են շարվել։ Բավականին թեք լանջի ներքին մասում մեծ-մեծ քարերով պարիսպ ու կառույցների ավերակներ կան։ Նույն կողմում նաեւ 3 քարանձավ հայտնաբերեցինք, որոնք ծառայել են որպես գաղտնարան կամ գաղտնուղի։ Հյուսիսային լանջն անտառապատ է։ Տեղ-տեղ պահպանվել են երբեմնի հզոր պարիսպների մասեր՝ մինչեւ 5-6 մ բարձրությամբ, 2-3 մ լայնությամբ։ Հյուսիսային լանջի ներքին մասում եղել է ամրոցի առաջին շերտի պարիսպը, որի մոտով է անցել զիկուրատի աստճանավանդակ տանող ճանապարհը։ Այս մասում, չնայած քանդված լինելուն, զգացվում են զիկուրատի աստիճանավանդակի մուտքը, աստիճանները։ Ամրոցի արեւելյան կողմը բավականին նեղ հրվանդան է, որտեղ եղել է մեկ այլ մուտք։ Կիսատ մշակված, բավականին մեծ քարերով կանգուն է եղել մուտքի դարպասը։ Անկյունաքարերին ու շեմքի սալին պահպանվել են ծխնիների ու նիգի համար նախատեսած անցքերը։ Գետից է բարձրանում այս լանջը՝ մոտ 500 մ ուղղաձիգ բարձրությամբ։ Միջին հատվածում կան քարանձավներ, որոնք մշտապես եղել են բնակելի, օգտագործվել այլ նպատակներով։ Քարանձավներից ցած կանգուն է Միրիկի Սուրբ Աստվածածին 17-րդ դարի եռանավ, թաղակապ բազիլիկ եկեղեցին, որը վերջերս հիմնանորոգվեց «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից։ Հարավարեւմտյան լանջին միջնադարում գյուղ է եղել, կան դամբարաններ։ Հնագետ Գագիկ Սարգսյանի կարծիքով՝ այս ամրոցը եղել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեջք գավառի վարչական կենտրոնը՝ Աղահեջք բնակավայրը։
Ամրոց-բնակատեղի Միրիկ
Հաջորդ ամրոց բնակատեղին 39 40 54.6 N. 46 18 30.7 E. աշխարհագրական կոորդինատներում է, բարձրությունը ծովի մակերեւույթից՝ 1853 մ։ Բնակատեղին գտնվում է Միրիկ եւ Հերիկ գյուղերի միջեւ սփռվող ընդարձակ սարահարթի արեւելյան եզրին, Աղահեճ (Միրիկ 1) ամրոցից 1,8 կմ հարավ-արեւմուտք: Այն տեղակայված է արոտավայրերի բաց դաշտի եզրի բնականից անպաշտպան փոքր բարձունքին: Բնակատեղին հատակագծում էլիպսաձեւ եւ պաշտպանված է երկու ներգծված պարսպաշարերով: Արտաքին պարսպի երկայնական տրամագիծը 200 մ է, ընդլայնականը՝ 120 մ, եւ շարված է երկշերտ, միջին ու մեծ անմշակ քարերից առանց շաղախի: Ներսի կլորացող պարսպաշարով փակվող տարածքը խիտ կառուցապատված է ուղղանկյուն ու կորագիծ կառույցներով, որոնց մեջ նկատվում են նաեւ փողոցներ, ներքին բակեր, առանձին կացարաններ հիշեցնող փոքր սենյակներ: Սենյակների պատաշարերի մեջ եւ ներսում դրված են կուռք հիշեցնող ցից կանգնած քարեր: Արտաքին պարսպապատը ներառում է նաեւ անասնափարախների նմանվող ընդարձակ ուղղանկյուն ու կլորացող քարե ցանկապատեր: Ներսի կառույցների պատերը դրված են միջին չափի քարերից եւ պահպանվել են մեկ-երկու քարի բարձրությամբ:
Ամրացված բնակատեղիի ներսում աչքի են ընկնում 3-4, այսպես կոչված, «օղուզի տներ» հիշեցնող շինություններ: Վերջիններս ուղղանկյուն, մոտ 2,5 X5,0 մ չափերով, մեծ ու ճեղքած քարերից շարված կիսագետնափոր սենյակներ են (թաղումնային խցեր), որտեղ նկատվում են կեղծ թաղի ծածկերի հետքեր: Ամենայն հավանականությամբ, դրանք ավելի հին դամբարանների թաղումնային խցեր են, որոնք հնում կողոպտվել եւ օգտագործվել են որպես կացարան: Բնակատեղիի հյուսիսային մասում երեւում է նաեւ կատակոմբային թաղում հիշեցնող գետնափոր կիսաբաց խորշ: Ամրացված բնակատեղիին հարող շրջակա ընդարձակ դաշտերը հերկված են: Միայն հյուսիսային կողմում պահպանվել են կիկլոպյան շարվածքով միաշերտ պատերով ներփակ ընդարձակ տարածքներ, հավանաբար, բնակավայրից դուրս դրված անասնափարախներ: Հուշարձանը բազմաշերտ է: Նախապես կարելի է տարազատել առնվազն 2-3 շինարարական շերտ, որոնք արտահայտվում են միմյանց վրայով անցնող եւ շինտեխնիկայի որոշ տարբերություն ունեցող պատերով ու կառույցներով: Հայտնաբերված վերգետնյա խեցեղենը բազմազան է եւ թվագրվում է ՝ Ք.ա. 4-1 հազ., որոնց մեջ կարող են լինել նաեւ կողոպտված դամբարաններից հանված նյութեր:
Հուշարձանի տեղադրությունը բնականից անպաշտպան, հարթ դաշտում, համեմատաբար թույլ պաշտպանական համակարգը, անբարենպաստ ջրագրությունը եւ ընդարձակ փարախների առկայությունը ենթադրել են տալիս, որ բնակատեղին եղել է ժամանակավոր բնակության վայր, որը պարբերաբար վերակառուցվելով ու ընդլայնվելով, օգտագործվել է որպես անասնապահական ամառանոցի կայան: Բնակատեղիից 2,0 կմ հարավ-արեւմուտք, գետահովտից դեպի ալպյան մարգագետիններ եկող ճանապարհի սկզբնամասում հայտնաբերվել է ժայռապատկեր: Մերկացող բնական ժայռի մակերեսին փորագրված առվակները, կոնցենտրիկ օղակները, փոսորակներն ու հարթակները, ամենայն հավանականությամբ, տեղանքի սխեմատիկ քարտեզն են, որտեղ պատկերված են հնագույն ճանապարհները, անասնափարախներն ու կայանները, լճակներն ու աղբյուրները:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

27-02-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO