Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.05.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Քարեղեն արարումների ասպետը

Նվիրյալ, որ նոր շունչ տվեց հայ մշակույթին

«Արա Սարգսյանը մեր արդի կերպարվեստի սյուներից է: Հայրենիքում ստեղծած նրա լավագույն գործերը ներծծված են մեր ժողովրդի վերածննդյան ոգով ու ապագային նայող խոր հավատով: Արա Սարգսյանն իր բազմաբովանդակ գործունեությամբ անբաժան է հայ ժողովրդի եւ նրա մշակույթի պատմությունից…»:
Մարտիրոս ՍԱՐՅԱՆ

Հուշարձանները մշակութային այն կոթողներն են, որոնք նոր շունչ ու կենդանություն են հաղորդում քաղաքին: Իսկ հնարավո՞ր է քաղաքամայր Երեւանը պատկերացնել առանց Սասունցի Դավթի, Հայկ նահապետի, Ազատության հրապարակը՝ առանց Հովհաննես Թումանյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի ու մոնումենտալ այլ կոթողների: Գործեր, որոնք անտեսանելի թելերով կապված են մեր պատմությանը, ժողովրդի հոգուն, ավանդույթներին: Վերջին երկու արարումների հեղինակն Արա Սարգսյանն է՝ հայրենաշունչ մի արվեստագետ, որին, թերեւս, քչերը գիտեն որպես «Նեմեսիս» գործողության անմիջական կազմակերպիչ-պարագլուխներից մեկի: Այո, Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիր հանճարեղ արվեստագետը նաեւ ազգային գործիչ էր եւ վրիժառու…
Արա Սարգսյանը ծնվել է 1902 թ. ապրիլի 7-ին, օտար երկնքի տակ՝ Պոլսին մերձակա Մաքրի գյուղում: Տեղի Տատյան ուսումնարանում նախնական կրթություն ստանալուց հետո Միհրան եւ Կատարինե ամուսինների ընտանիքը տեղափոխվում է Պոլիս՝ հանրածանոթ Բերա թաղամաս: Արան ուսումը շարունակում է Եսայան սանոց վարժարանում: Նրա հորեղբայր Սարգիս Սարգսյանը Պոլսի գլխավոր ճարտարապետներից էր, որի խորհրդով էլ պատանին սկսում է հետաքրքրվել ու խորանալ արվեստում: Խորհուրդներ, որոնք ճակատագրական դերակատարում էին ունենալու:
Առաջին աշխարհամարտի տարիներին Արան ստիպված թողնում է ուսումն ու սկսում զբաղվել պատահական աշխատանքով՝ գոյության միջոցներ էին անհրաժեշտ: Զբաղվում է գրագրությամբ, գծագրությամբ, աշխատում է անգամ էլեկտրիկ: Պատերազմի ավարտից հետո սովորում է Պոլսի գեղարվեստի վարժարանում, որտեղ հանդես է գալիս ինքնաստեղծ դիմաքանդակներով, հայկական նախճիրի եւ պատերազմական արհավիրքների ազդեցությամբ՝ ողբերգական թեմաներ պատկերող կոմպոզիցիաներով: Սրանցում զգալի էր մեծն Ռոդենի ազդեցությունը: Սկսնակներին բնորոշ իրողություն: Անհրաժեշտ էր մասնագիտական խորը եւ բովանդակալից կրթություն, որը ստանում է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում՝ դիմաքանդակներով մասնակցելով տեղի նկարիչների եւ քանդակագործների ցուցահանդեսներին: Այս շրջանի ստեղծագործություններն արդեն հասուն արվեստագետի գործեր էին՝ հոգեբանական շեշտված դրսեւորումներով:
Բարձրագույն դպրոցի քառամյա ուսումնառությունը գերազանցությամբ ավարտելով երկու տարում՝ Արա Սարգսյանը վճռում է մեկնել Հռոմ: Եսայան վարժարանը հովանավորում է երբեմնի իր տաղանդավոր սանին: Գալով Հռոմ՝ Պոլսի կուսակցական ընկերների, հատկապես Արշավիր Շիրակյանի խորհրդով ներկայանում է Իտալիայում ՀՀ ներկայացուցչություն՝ Միքայել Վարանդյանին: Վերջինս աշխատանքի է ընդունում խելացի, վեց լեզուների տիրապետող երիտասարդին: Արդյունքում Արա Սարգսյանն ակտիվ մասնակից է դառնում 1921-1922 թթ. Հռոմում եւ Բեռլինում «Նեմեսիս» գործողությանը: Սրբազան ուխտի կատարում, եւ նորից Վիեննա, նորից ուսումնառություն. ընդունվում է «Վարպետների դպրոց» կրթօջախ, մասնագիտանում դիմաքանդակի ժանրում եւ ցուցահանդեսների մասնակցում նման աշխատանքներով: Ավստրիայում է ստեղծում «Ռիխարդ Ռոբերտ», «Կարլ Վայգեր», «Հեղինե Զատեյան» դիմաքանդակները, «Լուռ վիշտ» կոմպոզիցիան, որոնք համարվում են 20-րդ դարի հայ քանդակագործության լավագույն գործերից:
Ի վերուստ օժտված արվեստագետները, ինչ խոսք, իրենց տեղը հաստատում, ընդունվում եւ կայանում են նաեւ օտար հողի վրա, բայց, ի վերջո, մայր հայրենիքն է նրանց փայփայելի հանգրվանատեղին եւ անունները փառավորողը. 1924 թ. Վիեննայում Արա Սարգսյանը ստանում է խորհրդային քաղաքացիություն եւ հաջորդ տարի տեղափոխվում Երեւան: Այստեղ ստեղծում է Հայաստանի նկարիչների միությունը, ընտրվում դրա առաջին նախագահ: Միաժամանակ զբաղվում է մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդելով գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում: Երկրորդ աշխարհամարտի ավարտից անմիջապես հետո նրա ղեկավարությամբ հիմնադրվում է Երեւանի գեղարվեստի ինստիտուտը՝ այժմյան Գեղարվեստի ակադեմիան: Այն ղեկավարում է շուրջ 15 տարի:
Ուշագրավ մի իրողություն. տաղանդավոր քանդակագործն առանձնակի ուշադրություն է դրսեւորել մեր ժողովրդի երեւելի զավակներից շատերի նկատմամբ՝ կերտելով նրանց դիմաքանդակները՝ Րաֆֆի, Վահան Թոթովենց, Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Միքայել Նալբանդյան, Թորոս Թորոմանյան, Մարիամ Ասլամազյան, Նաիրի Զարյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Վարդան Աճեմյան, Ստեփան Շահումյան, Ալեքսեյ Ջեւելիգով…Գործեր, որոնք խոսուն են ու արտահայտիչ:
Մեծ հայրենականի տարիներին են ստեղծվել բազմաթիվ ռազմիկների դիմաքանդակներ, «Ի զեն, իմ ժողովուրդ», «Հանուն հայրենիքի», «Բարձունքի գրավումը» կոմպոզիցիոն աշխատանքները, որոնք համարվում են խորհրդային քանդակագործության նվաճումներից: Իսկ 1943 թ. կերտած «Սահակ Պարթեւ եւ Մեսրոպ Մաշտոց» քանդակն ընկալվում է որպես նրա կոմպոզիցիոն մտահղացումների պսակ: Մի ստեղծագործություն, որում կիրառված են հայ միջնադարյան պատկերաքանդակի հարուստ ավանդույթները: Նրա կոմպոզիցիոն գործերից են դրամատիզմով առլեցուն «Հերոսիմա», «Տաթեւ», «Այգեկութ», «Սեւան» ստեղծագործությունները:
Այսօր Ազատության հրապարակին շուք տվող ու խորիմաստ մեր երկու մեծերի՝ Թումանյանի եւ Սպենդիարյանի մոնումենտալ քանդակները տեղադրվել են 1957 թ.: Մեծեր՝ կերտված մեծ արվեստագետի ձեռամբ:
Քանդակագործն անուրանալի վաստակ ունի նաեւ որպես բեմանկարիչ: Բազմաթիվ են նրա ձեւավորումները մայրաքաղաքի եւ Գյումրիի թատրոններում: Նա է ձեւավորել Ս. Դեյչի «Նապոլեոնի արշավանքը», Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ», Շեքսպիրի «Համլետ» եւ շատ ու շատ այլ ներկայացումներ: «Նեմեսիսի» գաղափարակիրն ու մասնակիցը հոգու խորքում թեեւ բանաստեղծ էր ու գրում էր քնարական տողեր, բայց հայրենիքին նվիրաբերումը խորհրդանշվելու էր հավերժամնա քարեղեն իր կոթողներով…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

07-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO