Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Եթերում գլուխ է բարձրացնում օտարամոլությունը

Օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն է առաջացել

Հաճախ է խոսակցություն բացվում եթերի լեզվի խաթարումների մասին, նաեւ տարբեր հարցադրումներով՝ ինչպիսի՞ն այն պետք է լինի, ի՞նչ առանձնահատկություններ ունենա եւ, վերջին հաշվով, ինչո՞ւ է այսքան աղավաղվում մեր մայրենին։ Այս եւ նման հարցադրումներով մեր թղթակիցը դիմեց ՀՀ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանին։
–Նախ փորձենք հասկանալ, թե այս առումով օրենսդրությունն ի՞նչ պահանջներ է դնում հեռուստառադիոընկերությունների առջեւ։
–Եթերի լեզվին ներկայացվող պահանջները տրվում են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում։ Այնտեղ հստակ արձանագրվում է, որ ՀՀ տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է։ Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը։ Իհարկե, բացառություն կարող են լինել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների լեզուները, որոնցով հաղորդումները պետք է ուղեկցվեն հայերեն լուսագրով։
–Որքանո՞վ են պահպանվում օրենքի այս եւ նման պահանջները։
–Ընդհանուր առմամբ լեզվին առնչվող խախտումները տարբեր դրսեւորումներ ունեն։ Նախ, երբ առանձին հեռուստաընկերություններ շարունակում են հաղորդումներ հեռարձակել ոչ հայերենով եւ առանց լուսագրային կամ համաժամանակյա թարգմանության, բայց կա եւ հակառակ օրինակը, երբ Հանրային հեռուստաընկերությունը օրենքի բոլոր պահանջներից ելնելով՝ «Արարատ» ալիքով ներկայացնում է հեռարձակվող «Ճառագայթ» հաղորդման լուսագրային թարգմանությունը։ Եթերում քիչ չեն նաեւ համաժամանակյա թարգմանությունները։ Այս տեսակի խախտումների երկրորդ խումբը վերաբերում է լրատվական թողարկումներում տեղ տրվող համաժամանակյա խոսքերին, որոնք ավելի հաճախ ռուսերենի դեպքում չեն թարգմանվում։ Այսօր ավելացել է այն հաղորդումների թիվը, երբ մասնակիցներից մեկը կամ մի քանիսը նախընտրում են հարցերին պատասխանել կամ խոսել ոչ հայերենով։ Դեռ ավելին, հայտնվել են լրագրող—խոսնակներ, որոնք հաղորդումները վարում են ոչ հայերենով, որը եւս օրենքի կոպտագույն խախտում է։ Այս շարքին են դասվում ոչ հայերենով եթեր տրվող գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմերը, այլ նյութեր։
–Արդյոք այս եւ նման խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով տույժեր, տուգանքներ նախատեսվա՞ծ են։
–Ցավոք, ոչ։ Այնպես է ստացվել, որ այդ խնդիրը մինչեւ հիմա օրենքով չի կարգավորված։ Օրենքի խախտումները սկզբունքորեն որեւէ պատասխանատվություն առաջացնել չեն կարող։ Անկասկած, այս ամենը գիտակցում են բոլոր նրանք, ովքեր թեթեւ ձեռքով անցում են կատարում օտար լեզուներով հաղորդումների եւ չեն էլ թարգմանում դրանք։ Հասկանում ենք, որ առանձին հեռուստաընկերություններ իրենց եթերը լցնելու խնդիր ունեն, անհրաժեշտ միջոցներ չունեն եւ չեն կարող թարգմանել կինոնկարները, առանձին հաղորդումներ, բայց չէ՞ որ 2000 թվականի հոկտեմբերին ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով անցումային դրույթներ սահմանվեցին, որոնք վաղուց ավարտվել են։ Այսօր արդեն պահանջը մեկն է՝ հեռուստահաղորդումների լեզուն գրական հայերենն է, որը պետք է սրբությամբ պահպանել, եթե անգամ դրա խախտման համար առայժմ պատժամիջոցներ չկան։
–Օրենքն ուրիշ ի՞նչ պահանջներ է դնում։
–Մասնավորապես, որ արգելվում է հեռուստառադիոընկերությունների անվանումները, ազդականչերը եւ այլ տվյալները միայն օտար լեզվով օգտագործելը։ Այստեղ էլ, կարծես թե, օրենքի ձեւակերպումը թերի է, որովհետեւ չի ամրագրում հայերենով ելքային տվյալների գերակայությունը։ Չնայած սա այն եզակի դեպքն է, որ տույժ է սահմանվում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
–Նույն օրենքի 5—րդ հոդվածը պարտադրում է ապահովել հաղորդումների լեզվի անաղարտությունը։ Ի՞նչ է դա նշանակում։
–Թվում է, թե բոլորի համար էլ հասկանալի է, թե դա ինչ է նշանակում։ Բայց, երբ փորձենք խոսել կոնկրետ չափորոշիչների լեզվով, ապա արդեն իսկ դժվարություններ ի հայտ կգան։ Ընդհանրական հասկացությամբ դա գրական հայերենն է, որը եւս եթերում իր մաքրության չափանիշները պետք է ունենա։ Շատ դժվար կլինի որոշել լեզվի մաքրության եւ անաղարտության աստիճանը եւ սահմանները։
–Ընդհանրապես, կյանքի տարբեր ոլորտներում խնդիր ունենք մաքուր եւ անաղարտ լեզվի գերակայության։ Բայց անզեն աչքով էլ նկատելի են եթերային խաթարումները։ Գուցե առաջին հերթին դա՞ պետք է նկատել, մատնացույց անել, հեռուստաընկերություններին օգնել, աջակցել՝ վերացնելու այդ ամենը։
–Թերեւս, եթերն այստեղ էլ դիտարկենք մի քանի մոտեցումներով։ Առաջին հերթին լրագրողական լեզվի, որն իսկապես քանի գնում իր դիրքերը զիջում է։ Դա տեղի է ունենում նախ գրավոր խոսքում, երբ եթերում կադրից դուրս հնչող խոսքը հաճախ գրագետ չէ, զերծ չէ բազմապիսի սխալներից՝ սկսած բառապաշարի աղքատությունից, ոչ ճիշտ օգտագործումից մինչեւ ոչ ճիշտ շեշտադրումն ու քերականական անհամաձայնությունները, սխալները։ Թվում է, թե այս ամենը եթերից առաջ հնարավոր է շտկել, բայց որոշ հեռուստաընկերություններում խմբագիրների պակասը կամ բացակայությունը բերում է այդ վիճակին։ Այս նույն պատճառով բազմաթիվ սխալներ են հայտնվում «վազող» տողերում ու լուսագրերում։ Հաջորդ խոցելի շերտը լրագրողի բանավոր խոսքն է ստենդափների, խոսակցական հաղորդումների տեսքով։ Եթե ստենդափների պարագայում հնարավոր է քիչ թե շատ կազմակերպված խոսք ունենալ, հավանաբար որոշակիորեն նախապատրաստվելու հնարավորություն է լինում, ապա խոսակցական հաղորդումների (հարցազրույց, զրույց, թոք—շոու, բանավեճ) դեպքում վարողների խոսքը անհավասարաչափ է, մեծամասամբ քննարկվող նյութից չբխող, ոչ քիչ դեպքերում հերթապահ հաղորդումներով։ Այս դեպքերում, որպես կանոն, տեղ են գտնում անհարկի օտարաբանություններ, ոչ ճիշտ պատճենումներ եւ ոճեր, սխալ եւ անհաջող բառընտրություն, կապերի ոչ տեղին գործածություններ։ Առավել տարածված են այս, այդ, այն ցուցական դերանունների եւ է օժանդակ բայի խեղաթյուրումները, որոնցից այդպես էլ չեն ձերբազատվում լրագրողները։ Դեռ ավելին, շատերը դա համարում են իրենց խոսելաձեւի անբաժանելի մասը։
–Ի՞նչ է ստացվում, մեր լրագրողները չե՞ն տիրապետում մայրենի լեզվին։
–Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչ եթերը մեզ է հրամցնում լակմուսի թղթի տեսքով։ Ինչո՞ւ եք զարմանում, մեր հեռուստալրագրողների մի մասը ոչ մասնագիտական եւ ոչ էլ բանասիրական կրթություն ունեն, եւ ինչպես եթերն է ցույց տալիս, նրանց համար ուսուցման հնարավորությունը եւ դաշտը հենց եթերն է։ Այստեղ դժվար է տարիների ընթացքում արմատացած սխալները եւ պատճենները հաղթահարել։ Այս ամենի մասին խոսում եմ կոնկրետ դիտարկումների արդյունքներով։ Միայն էթիկական առումներով չեմ նշում կոնկրետ հեռուստաընկերությունների, հաղորդաշարեր վարողների անունները։ Երբեմն այն տպավորությունն ունեմ, որ մեր լրագրող—վարողների լեզվի տակ ոսկոր չկա, ինչ մտքներին գալիս է՝ ասում, խոսում են։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս։ Մի առիթով ասել եմ, որ մեր շատ երգիչ—երգչուհիների՝ հաղորդավարների կարգավիճակում եթերում հայտնվելը, մեր փոքր էկրանը հարստացրեց նոր լեզվական «գոհարներով»։ Եթերային ազատության գործոնն իր հետ բերեց լեզվական ամենաթողություն։ Ուրախ եմ, որ նրանց մեծ մասը շատ արագ հասկացան եւ թողեցին եթերում հաղորդում վարելը եւ անցան իրենց մասնագիտական գործունեությանը։ Առնվազն ինքնամաքրում է տեղի ունենում։
–Դուք դասավանդում եք լրագրողական բուհում։ Ի՞նչ լեզվաբանական պատրաստվածություն են ստանում ապագա լրագրողները։ Իսկ գործող լրագրողների պարագայում կա՞ն վերապատրաստումներ եւ վերաորակավորումներ։
–Ցավոք, դպրոցից բուհ են գալիս լեզվական բավական ցածր մակարդակով, որը շատ դժվար է լինում բարձրացնել քիչ դասաժամերի օգնությամբ։ Բեմական խոսքի դասերն էլ ամբողջական փրկօղակ չեն դառնում։ Որպես կանոն, այնպես է ստացվում, որ լեզվական առումով դեռ ամբողջական պատրաստվածություն չստացած ապագա լրագրողները կամ արդեն լրագրողները հայտնվում են հեռուստաընկերություններում, իսկ այնտեղ ո՛չ ժամանակ կա, ո՛չ էլ՝ մասնագետներ՝ հղկելու լրագրողների լեզվական մշակույթը, կարողությունները։ Եթերային մրցավազքն էլ թույլ չի տալիս վերապատրաստումների մասին մտածել։ Այս ամենի հետեւանքով եթերում ինչպես խաթարումներով խոսում են, այդպես էլ շարունակում են։
–Դուք մտածում եք, որ հեռուստաընկերություններում ժամանակ չունե՞ն մտածելու այդ մասին։
–Գուցե ժամանակ չունեն, գուցե՝ ցանկություն, չգիտեմ, բայց արդյունքը ամենօրյա եթերն է։ Եթե նույնիսկ այլ սխալներ չլինեն, միեւնույնն է, մեր լուրերի թողարկումների հաղորդավարներն այդպես էլ չեն տիրապետում հայերենի հնչյունախոսությանը։ Օրինակ, թ—տ—ի, ր—ռ—ի արտաբերումները, ություն վերջածանցի թ հնչյունի քմայնացած արտասանությունը այդպես էլ ճիշտ չի կատարվում։ Հիմնականում սխալ են արտասանում նաեւ յու երկհնչյունը։ Այլ խոսքով, պարզվում է, որ մեր լրագրողներն անընդհատ կարիք ունեն կատարելագործելու իրենց լեզուն, ձերբազատվելու սովորական դարձած սխալներից։
–Խոսենք եթերային օտարամոլության դրսեւորումների մասին, երբ հաղորդման մասնակիցները, չխոսելով օտար լեզվով, ձգտում են լեզուն հնարավորինս համեմել ոչ հայերեն բառերով։
–Դա, իհարկե, չարյաց փոքրագույնն է, սակայն նույնպես աղավաղում է մեր լեզուն։ Իհարկե, բառեր կան, որոնք ընդգծելու համար կարելի է օգտագործել օտար բառեր, գուցե եւ հայերեն համարժեքները ներկայացնելով։ Բայց, երբ վաղուց այդ բառերի համարժեքներն ունենք, ի՞նչ կարիք կա խոսել ոչ հայերեն։ Փաստորեն, սրանք անհարկի օտարաբանություններ են։ Օրինակներ՝ որքան ասես՝ ակտուալ՝ հրատապ, ֆունկցիա՝ գործառույթ, սիտուացիա՝ իրավիճակ, նագրուզկա՝ ծանրաբեռնվածություն, ծելեվիզոր՝ հեռուստացույց, պրոցես՝ գործընթաց, մոմենտ՝ պահ։
Հպանցիկ ուսումնասիրության միջոցով, տարբեր հեռուստաընկերությունների միայն մեկ եթերային շաբաթվա ընթացքում, լրագրող—հաղորդավարների հեռուստատեսային բառապաշարից քաղել էին ավելի քան 200 բառ—արտահայտություն։ Սրան պետք է գումարել անհարկի պատճենումները եւ ոճերը, սխալ եւ անհաջող բառընտրությունները, կապերի ոչ տեղին գործածությունները, տարբեր բովանդակություն ունեցող անվանումների հայերեն եւ օտար համարժեքների շփոթությունները։
–Իսկ ինչպե՞ս են խոսում սերիալներում։ Չէ՞ որ դրանք մեր եթերի զգալի մասն են զբաղեցնում։
–Անկասկած, սերիալները վերջին մեկ տարվա ընթացքում ե՛ւ բովանդակային, ե՛ւ լեզվական առումով բավականին փոփոխություն են կրել, բայց դարձյալ խիստ խոցելի է մնում լեզուն։ Աչքի են զարնում այն փաստը եւ իրողությունը, որ դերասանները ներկայացնում են ոչ թե սցենարով նախատեսված խոսքը, այլ իրենց հանպատրաստից ստեղծագործությունը։ Իսկ դա կարող է բերել հետեւյալ իրավիճակի. սցենարիստներն ինչ—որ բան գրում են, դրանք փոխանցվում են դերասաններին, նրանք էլ ժամանակ չունենալով մարսելու ե՛ւ դերը, ե՛ւ ասելիքը, խաղում են իրենց կարողությունների չափով՝ գործի դնելով ոչ այնքան հերոսների, որքան ոչ գրական հայերենի իրենց բառապաշարը։
Հնարավորինս պետք է մաքրել սերիալների լեզուն, հերոսները պետք է կիրթ խոսեն, եթե անգամ ունենան միջավայրի սահմանափակ բառապաշար։ Երբեք դերասանական խաղը չպետք է փոխարինել խոսքաշենությամբ՝ ինչ—որ զավեշտալի, ծիծաղելի, հումորային արտահայտությունների ընդգծումով։
–Իսկ ի՞նչ անուն տալ այն իրողությանը, որ լեզվական բազմաթիվ խաթարումներով չբավարարվելով, առանձին հեռուստաընկերություններ իրենց հաղորդումները մկրտում են օտար անուններով։ Սա եւս լեզվական խախտո՞ւմ չէ։
–Եթե անգամ օրենսդրական առումով խախտում չէ, ապա ինչո՞ւ պետք է հայաստանյան հեռուստաընկերություններն իրենց հաղորդաշարերը «մկրտեն» օտար անուններով…
–Ի՞նչ պետք է անել ընդհանրապես եթերն օտարամոլությունից մաքրելու համար։
–Այն տպավորությունն ունեմ, որ հեռուստաընկերությունների մի մասը մոռացել է (կամ այդպես է ձեւացնում) «Լեզվի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքների պարզագույն պահանջները։ Ցավոք, առանձին հեռուստաընկերությունների կողմից միտում է նկատվում ընդհանրապես հաշվի չնստել այդ պահանջների հետ։ Եթե նախկինում ձգտում եւ ցանկություն կար հնարավորինս թարգմանել օտարալեզու խոսքը՝ ձայնային կամ լուսագրային եղանակով, ապա այսօր շատ հաղորդումներում առանձին մասնակիցներ խոսում են ոչ հայերեն, իհարկե, առանց թարգմանության։ Դեռ ավելին, առանձին լրագրողներ իրենք եւս ոգեւորվում են եւ շարունակում ոչ հայերեն։ Այս եւ նման օրինակները ցույց են տալիս, որ մեր զգոնությունը թուլացած է, եւ կարծես թե այդ ամենն այսօր եթերում չի համարվում առաջնային եւ կարեւոր։ Սա մի կողմից։ Մյուս կողմից էլ օրենսդրությունն իր հռչակած պահանջներից այն կողմ չի անցնում։ Հնարավորինս արագ պետք է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լեզվական խախտումների համար պատժամիջոցներ սահմանել։ Անպատժելիությունը եւ անպատասխանատվությունը նպաստում են, որ եթերում ավելանան օտարամոլությունը, ոչ հայերեն բառ ու բանը, խոսքը։

18-08-2010





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO