Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Լեզուն է ազգի ինքնության հիմնասյուներից մեկը

Հայոց լեզվի ընթացքն ու մարտահրավերները վերջին հարյուրամյակում

Լեզուն միայն հաղորդակցման միջոց չէ։ Այն առաջին հերթին մտածելակերպ է, որն աշխարհայացք եւ կենսակերպ է ձեւավորում։ Հայոց լեզուն մեր ինքնության պահպանման գրավականներից է։ Հետեւաբար առաջնահերթ լուծում պետք է տրվեն այն մարտահրավերներին, որոնք վտանգում են մեր լեզվի կենսունակությունը, մաքրությունն ու անաղարտությունը, խոչընդոտում են նրա շարունակական զարգացումը։
…Իսկ մարտահրավերներ եղել են միշտ։ Բացառություն չէ նաեւ հարյուր տարի առաջ հռչակված անկախության ժամանակաշրջանի սկիզբը։ Հետադարձ հայացք ուղղելով անցյալին, կարող ենք փաստել, որ առաջին հանրապետության պետական այրերն աշխատում էին կառուցել ազգային պետություն, որը կունենար հայեցի մտածողություն կյանքի բոլոր ոլորտներում։ Սակայն գոյություն ունեցող իրողությունն այն էր, որ նորաստեղծ հանրապետությունում գերիշխող էր ռուսերենն ու ռուսական մտածողությունը։ Պատճառն այն էր, որ Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվել էր Ռուսահայաստանի տարածքում, որտեղ կրթության ոլորտում մեծ տեղ էին զբաղեցնում ռուսական դպրոցները։
Հայերենի դերն ամրապնդելու, հայեցի մտածելակերպ ձեւավորելու ուղղությամբ առաջին լուրջ քայլերից էր դպրոցների կառավարման մասին օրենքի ընդունումը 1918 թվականի սեպտեմբերի 11—ին (այդ մասին ավելի մանրամասն «ՀՀ»—ի 25.05.2018 համարում)։ 1918—19 ուսումնական տարվա ընթացքում արդեն գործում էին 133, իսկ 1919—20—ին՝ 456 տարրական դպրոցներ (առանց Զանգեզուրի եւ Լոռիի)։ Այս շրջանում հայերենը դեռ չուներ պետական լեզվի կարգավիճակ, սակայն ակտիվ քայլեր էին իրականացվում այդ ուղղությամբ, ինչը լայն արձագանք էր գտել նաեւ ժամանակակից մամուլում։ «Աշխատանք» թերթը (1918թ. հոկտեմբերի 11) խիստ քննադատության է արժանացնում պառլամենտի անկախ պատգամավոր Ս. Մամիկոնյանին, ով «արհամարհել է հայերենը եւ ելույթ ունեցել ռուսերենով»։

Հայացման կոմիտե

1919թ. ապրիլի 17—ին քաղաքապետարանում տեղի է ունենում Երեւանի հայ թերթերի ներկայացուցիչների առաջին ժողովը, որին մասնակցել են «Աշխատանք» թերթից Հմ. Մանուկյանը, «Հայաստանի աշխատավոր»—ից՝ Վահան Խորենին, «Հայաստանի կոոպերացիա»—ից՝ Զ. Կորկոտյանը եւ «Վան—Տոսպ»—ից՝ Ա. Ավետիսյանը։ Ժողովը որոշում է կոչ անել պետական, հասարակական ու մասնավոր հիմնարկություններին խոսել եւ գրել հայերենով, ինչպես նաեւ՝ մերժել ոչ հայերենով գրություններ, լուրեր ու հայտարարություններ ընդունելը։ Բացառություն կարող էին լինել այլազգիների կողմից տրված հայտարարությունները, նաեւ եթե այն հայերենի հետ միասին էր տրվում։ «Հայացման կոմիտեն» նաեւ պահանջում էր հայերենին տալ պաշտոնական կարգավիճակ, իսկ մյուսների գործածությունը թույլատրել միայն որպես օժանդակ լեզուներ։ Թերթերի մեջ պետք է գործեին «հայացման» բաժիններ, որտեղ տպվելու էին հայոց լեզվի գործածության վերաբերյալ քարոզչական բնույթի նյութեր։ «Հայացման կոմիտեն» բաց էր խնդրով մտահոգ կողմերի համար՝ ինչպես թերթերի, այնպես էլ նախարարությունների ու քաղաքապետարանի ներկայացուցիչների համար։
Արդեն հաջորդ օրը՝ ապրիլի 18—ին, Հայացման կոմիտեն հանդես է գալիս Հայաստանի քաղաքացիներին ուղղված կոչով. «Շուտով կլրանա մեկ տարին, ինչ մենք մեզ անկախ ենք հռչակել ու մեր երկրի տերը դարձել։ Բայց այն օրվանից մինչեւ այսօր մեր պետական, հասարակական հիմնարկությունները մեզ համար մնացած են օտար, կարծես ըլլային մեր անհարազատ, խորթ որդիները։
Պետական հիմնարկները մինչեւ այսօր էլ ոչ միայն իրենց ամբողջ գրագրությունը կկատարեն ռուսերեն լեզվով, այլեւ չեն ընդունում այն գրությունները, որոնք հայերենով, մեր մայրենի լեզվով են գրված»։ Նման վերաբերմունքի դեմ առաջարկում էին կազմակերպված եւ համակարգված պայքար մղել՝ չընդունել այն գրությունները, որոնք հայերենով չեն, չհաճախել այն խանութները, սրճարանները եւ մնացած վայրերը, որոնց ցուցանակների վրա պետական լեզուն տեղ չի գտել եւ այլն։
ՀՅԴ «Հայաստանի աշխատավոր» թերթն անգամ հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր Հայաստանի Հանրապետության հիմնարկների գրասենյակներին, որ չի ընդունելու այն գրություններն ու հաղորդագրությունները, որոնք միայն ռուսերեն կլինեն գրված։ Ռուսերենով ընդունելու նախապայմանն էր հայերենի պարտադիր առկայությունը։ Խմբագրությունը հանձն էր առնում թարգմանության հարցը՝ տողի համար 1 ռուբլի վճարով։
Թերթի 1919թ. ապրիլի 27—ի համարում խմբագրականն անդրադառնում է խնդրին՝ գտնելով, որ «Հայաստանի հայ քաղաքացին նրա հիմնարկությունների մեջ պետք է հայերեն բացատրվի։ Սա մի տարրական դեմոկրատական պահանջ է։ Նա իրեն այստեղ իր տանը եւ հարազատ միջավայրում պետք է զգա։ Մինչդեռ մեր քաղաքացիների 80 տոկոսը, մանավանդ տաճկահայությունը, իրեն այստեղ չհասկացված, խորթ ու անհարազատ է զգում։ Այսպիսի աննորմալություն լինել չի կարող։ Մեր մինիստրներն ու նրանց գրասենյակի կառավարիչները եւ այլք պետք է ընդունեն, որ նախ այս պետությունը Հայաստան է, եւ ապա որ նրա մեջ ապրող հարյուր հազարավոր՝ ռուսերեն եւ ոչ մի բառ չհասկացող տաճկահայերն ու հայ գյուղացիներն էլ Հայաստանի ռամկավար հանրապետութան քաղաքացիներ են։ Ուստի եւ մենք պահանջում ենք, որ թեկուզ աստիճանաբար, բայց անհապաղ ու հաստատապես հայերենը պետականացվի եւ գլխավոր գործածական լեզուն դառնա բոլոր հաստատություններում»։ Ոչ պակաս կարեւոր էր, որ լեզվի ազգայնացումն ու պետականացումը դիտարկվում էր որպես նորանկախ երկրի անկախացման եւ ուրույն պետություն ստեղծելու գլխավոր գործոններից մեկը։
Մինիստրների խորհուրդը, հիմք ընդունելով Հայացման կոմիտեի առաջարկները, ստեղծում է հատուկ հանձնաժողով, որը մշակել եւ խորհրդին էր ներկայացրել լեզվի ազգայնացման օրինագիծը։
Օրինագիծը քննադատության է արժանանում էսէռների «Սոցիալիստ հեղափոխական» թերթի կողմից։ 1919թ. հունիսի 15—ի համարում լույս տեսած «Ազգայնացո՞ւմ, թե՞ հայացում» խորագրով հոդվածում Կ. Հովհաննիսյանը գրում է, թե իբր լեզվի օրինագիծը մշակելիս խախտվել է ազգային փոքրամասնությունների կողմից իրենց մայրենի լեզվից օգտվելու իրավունքը։ Նրա կարծիքով, ՀՀ սահմաններում ապրող ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվին պետք է արտոնություններ տալ, այլ ոչ թե «բազմացեղ ժողովուրդների լեզվի հարցի տնօրինումն իրականացնել կառավարության գործակալների միջոցով»։ Մինչդեռ ինքն էլ նշում է, որ օրինագծի դեկլարատիվ մասում սահմանվել է յուրաքանչյուր քաղաքացու կողմից իր իրավունքները իր մայրենի լեզվով պաշտպանելու հնարավորությունը։
Կ. Հովհաննիսյանի այն դիտարկումը, թե լեզվական քաղաքականությունը մշակելիս պետք է հաշվի առնել երկրի ազգագրական պատկերը, մեր կածիքով խիստ վտանգավոր էր պետականաշինության գործում առաջին քայլերն անող երկրի համար։ Խնդիրն այն էր, որ Հայաստանի ազգաբնակչության գրեթե կեսը հայեր չէին։ Հոդվածագիրը, տուրք տալով «տարրական դեմոկրատական պահանջներին», ցավոք, աչքաթող էր անում ազգային—պետական շահը։ Նրա ուշադրությունից «վրիպել» էր այն կարեւոր հանգամանքը, որ նորանկախ պետության ազգաբնակչության թվային նման հարաբերակցությունը պայմանավորված էր իր պատմական հայրենիքում հայերի երկարատեւ եւ հետեւողական բնաջնջմամբ։ Այդ իսկ պատճառով, պատմական արդարության սկզբունքից ելնելով, արդարացված էր լեզվական քաղաքականության մշակման հարցում առաջին հանրապետության պետական այրերի որդեգրած գիծը։
Ի վերջո, 1919—ի դեկտեմբերի 26—ին ընդունվում է «Պետական լեզվի մասին» օրենքը, որով սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է եւ պարտադիր զորքի ու բոլոր պետական եւ հասարակական հաստատությունների մեջ։ Այլ լեզուների գործածությունը պետական ու հասարակական հիմնարկությունների մեջ սահմանվում է հատուկ օրենքով»։ Միաժամանակ պարտավորեցնում են պետական եւ հասարակական հաստատություններին վեց ամսվա ընթացքում հայերենը դարձնել պետական գործավարության պաշտոնական լեզու։
Հայաստանի խորհրդայնացումից հետո ստեղծվեց բոլորովին նոր իրողություն՝ հայոց լեզվի կարգավիճակին եւ դերակատարմանն ուղղված մարտահրավերներով հանդերձ։ Այդ տարիներին պետության եւ հասարակության կյանքում գերակա դիրք էր զբաղեցնում ռուսերենը. պետական հիմնարկներում գրագրությունը կատարվում էր ռուսերենով, հանրապետությունում գործում էին բազմաթիվ ռուսական դպրոցներ։ Ցավոք, հայկական դպրոցներ հաճախելն ու հայերենով հաղորդակցվելը համարվում էր «գավառամտության» դրսեւորում։
1970—ական թվականների կեսերին ԽՍՀՄ—ում լայն թափ է ստանում ռուսականացման քաղաքականությունը, որի հետեւանքով Հայաստանում վտանգվել էր հայերենի՝ որպես պետական լեզվի կարգավիճակը։ Սակայն հասարակական լայն շրջանակների ճնշման ներքո 1978—ին ՀԽՍՀ նոր Սահմանադրությամբ հայերենը դարձյալ հռչակվեց հանրապետության պաշտոնական լեզու։
Արդեն Խորհրդային Միության փլուզումից հետո նոր հնարավորություններ բացվեցին հայերիս համար՝ տեր կանգնելու մեր ոսկեղենիկ լեզվին՝ ապահովելով նրա զարգացումն ու կենսունակությունը։
1993 թվականին ընդունված «Լեզվի մասին» ՀՀ օրենքով հայերենն ամրագրվեց որպես պետական լեզու, որը պետք է սպասարկեր հանրապետության կյանքի բոլոր ոլորտները։ Չնայած Հայաստանում ազգային փոքրամասնությունները տոկոսային մեծ թիվ չեն կազմում, սակայն օրենքի շրջանակներում երկրի սահմաններում երաշխավորվեց նաեւ նրանց մայրենի լեզուների ազատ գործածությունը։ Կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն սահմանվեց գրական հայերենը։ Ինչպես առաջին հանրապետության տարիներին, այնպես էլ այսօր հստակ պահանջ է դրված ՀՀ տարածքում գործող պետական մարմինների եւ այլ կառույցների ու կազմակերպությունների առջեւ՝ գործավարությունը կատարել հայերեն։
Թեեւ իրավական առումով ոլորտը կարելի է կարգավորված համարել, սակայն իրական պատկերն այնքան էլ իդեալական չէ. օտարալեզու ցուցանակներ, հեռուստաեթերից հնչող աղավաղված հայերեն եւ այլն։ Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ վիրտուալ տարածության մեջ լայն կիրառություն գտավ օտարագիր հայերենը։
Եթե սկզբնական շրջանում այն արդարացվում էր հայերեն տառատեսակների բացակայությամբ, ապա ներկայումս «խելացի» հեռախոսներն ու համակարգչային ծրագրերը լուծել են նաեւ այդ հարցը։ Սակայն ըստ մեզ, այն ավելի խորքային եւ ցավալի հիմքեր ունի։ Խոսքը վերաբերում է հայերենի իմացության ցածր մակարդակին, քանի որ հայատառ գրելու դեպքում ակնհայտ է դառնում հասարակության որոշակի շերտերի ոչ գրագետ լինելը։ Իսկ սա արդեն կրթական համակարգին նետված լուրջ մարտահրավեր է։
Ողջունելի է, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն առաջնահերթ խնդիրներից է համարում օտարագիր, մասնավորապես՝ լատինատառ հայերենի դեմ պայքարը։ Այդ մասին նա բարձրաձայնեց նաեւ Լրագրողների համահայկական 9—րդ համաժողովի նիստերից մեկի ժամանակ՝ ընդգծելով, որ նույնիսկ համացանցում հայ մարդը պետք է գրագետ եւ հայատառ արտահայտվի։ Այս հարցում լուրջ դերակատարություն է վերապահված նաեւ ԿԳ նախարարության լեզվի կոմիտեին։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

19-06-2018





20-11-2018
Որ ուժն է իրական ընդդիմությունը
Արհեստական հարցադրում կամ նախընտրական տեխնոլոգիա

ԱԺ հերթական ճեպազրույցների ...


20-11-2018
Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտները չեն հարկվի
Տարածվող լուրերը իրականության հետ որեւէ աղերս չունեն

Հայաստանի ...


20-11-2018
Հերթականությունը որոշվեց
ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ

Կենտրոնական ...


 
20-11-2018
«Հայ մշակույթի հինգերորդ դարը. նվաճումները եւ համաշխարհային նշանակությունը»
Գիտական նստաշրջանին մասնակցել է երեքուկես տասնյակ հայագետ տարբեր ...


 
20-11-2018
Քրիստոսի լույսի ու սիրո համադրությամբ
Արձակագիր Սամվել Մհերյանն օրերս ընթերցողի սեղանին դրեց մի գիրք՝ ...


20-11-2018
Մեծարվեց ազգագրական երգի նահապետը
Օրերս Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում նշվեց «Ակունք» ազգագրական համույթի ...


20-11-2018
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը ...



20-11-2018
Անակնկալ այցելություն, ստուգում, վերահսկողություն
Մանկապարտեզները քաղաքապետարանի ...

20-11-2018
«Բերքառատ Արցախի» ընթացիկ տարվա բերքը
Որ փուլում են «Հայաստան» համահայկական ...

20-11-2018
Երեւանում եռյակ է լույս աշխարհ եկել
27 տարի երեխաներ ունենալն ընտանիքի կյանքի ...

20-11-2018
Մանուկների խնդիրները՝ քննարկման թեմա
Հանդիպումներ բարեգործական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO