Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արցախի դիրքորոշումը՝ ի լուր աշխարհի

Անգլալեզու մամուլի անդրադարձն արցախյան ապրիլյան քառօրյա պատերազմին

2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը, խախտելով հրադադարի ռեժիմը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով ծանր զինտեխնիկա, հրետանի եւ ռազմական ավիացիա։ Այդ գործողությունները որակվեցին որպես ապրիլյան քառօրյա պատերազմ։ Առաջին իսկ օրվանից սկսած արեւմտյան մամուլը լուսաբանեց եղելությունը, սակայն լուսաբանումները, մեծամասամբ, միմյանցից տարբերվում էին՝ իրենց մեջ ունենալով հատուկ հաղորդագրություն։
Բրիտանական «BBC» լրատվական ընկերությունը դեպքի անմիջապես հաջորդ օրն անդրադարձ կատարեց ռազմական գործողություններին։ Նկարագրություններն ու օգտագործված ածականները կտրուկ էին, եւ հատուկ շեշտվում էր Ռուսաստանի դերակատարությունը. «Սառեցված փուլում գտնվող հակամարտությունը կրկին գլուխ բարձրացրեց։ Լեռնային Ղարաբաղը եղել է հայ սեպարատիստների ձեռքում 1994 թ. հրադադարից հետո, իսկ Ադրբեջանը չի համակերպվում ստատուս քվոյի հետ։ Ռուսաստանը, որը զինտեխնիկա է վաճառում հակամարտող երկու կողմերին, հանդես էր գալիս կոչերով անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները եւ հարցը տեղափոխել բանակցային հարթակ։ Ադրբեջանը պնդում էր, որ սահմանակից գյուղերի բնակչությանը տարհանել են, իսկ հայկական կողմը պնդում էր, որ Ադրբեջանն սկսել է լայնամասշտաբ հարձակում։ Հայկական կողմից արձանագրվել է 12—ամյա երեխայի մահ եւ երկուսի վիրավորվելու մասին»։
Մի քանի անգամ շեշտվում էր, որ հակամարտությունն էթնիկ ու կրոնական բնույթ ունի, որն իրականում քրիստոնյա Հայաստանի ու մուսուլման Ադրբեջանի մեջ է, որոնք մրցակցում են Լեռնային Ղարաբաղն իրենց տարածքում ունենալու համար։ Ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց բրիտանական «BBC» լրատվական ընկերության մի խումբ լրագրողների ադրբեջանական կառավարությունը թույլատրեց այցելել առաջնագիծ, ընդ որում, կառավարությունը խնամքով հոգացել էր դեպի առաջնագիծ «ուղեւորության» մասին։ Լրագրողները հանդիպել են սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, այցելել երկու հիվանդանոց. «Ընդգծված թշնամական տրամադրվածություն էր նկատվում տեղացիների մոտ հայկական կողմի նկատմամբ, ինչը բացատրվում էր այն հավատամքով, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է Ադրբեջանի մի մաս, իսկ Հայաստանը այն բռնազավթել է։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը վստահ է, որ իրենց երկիրն ունի միջազգային հանրության աջակցությունը, եւ փորձում է վստահեցնել, որ Ադրբեջանը հակամարտությանը փորձում է քաղաքական հանգուցալուծում տալ։ Թշնամական տրամադրվածություն նկատվում է երկու կողմում էլ, որն արդեն պայմանավորված է 1988—1994 թթ. լայնածավալ պատերազմական գործողություններով, որի ընթացքում երկու կողմերն էլ բավական շատ կորուստներ ու փախստականներ են ունեցել»։
Լուսաբանման մեջ կրկին նշվում էր Ռուսաստանի դերակատարությունը բանակցային գործընթացում, եւ հատուկ ընդգծվածության ու ուշադրության է արժանանում այն փաստը, որ Ռուսաստանը հակամարտող երկու կողմին էլ վաճառում է տարբեր տեսակի զինտեխնիկա։ Չնայած Ռուսաստանի ներգրավվածությանը բանակցային գործընթացում՝ Ադրբեջանը «հենվում է» իր գլխավոր համախոհ Թուրքիայի վրա։ Այդ ընթացքում լարված էին նաեւ Մոսկվա—Անկարա հարաբերությունները, որն էլ, իր հերթին, պայմանավորված էր թուրք—սիրիական սահմանին ռուսական մարտական ինքնաթիռի կործանման փաստով Թուրքիայի կողմից։ Ժամերի տարբերությամբ ամերիկյան «CNN»—ը մի քանի անգամ լուսաբանեց ապրիլյան ճգնաժամը՝ հղում կատարելով նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի կոչերին՝ ուղղված հակամարտող կողմերին։ Այն նաեւ անդրադարձ է կատարել հակամարտության արմատներին՝ կրկին նշելով, որ հակամարտությունն իրականում նախկին սովետական հանրապետություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ է, որոնք պայքարում են Լեռնային Ղարաբաղի համար. «Հակամարտող կողմերը միմյանց են մեղադրում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման մեջ։ ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, խուսափել հետագա էսկալացիայից եւ խստորեն պահել հրադադարի ռեժիմը։ Հակամարտությունը չպետք է ունենա ռազմական հանգուցալուծում»։ Ամերիկյան հեղինակավոր «CNN» հեռուստաալիքը, լուսաբանելով ապրիլյան պատերազմի մանրամասները, ուղիղ տեսակապ է հաստատել հակամարտող կողմերի՝ Արցախի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Հեռուստամեկնաբանը հարցերն ուղղեց առաջինը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, թե արդյոք ադրբեջանական կողմը շահագրգռվա՞ծ է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Հարցին ի պատասխան նախարարը խոսեց նախագահ Ալիեւի՝ ԱՄՆ—ում ունեցած հանդիպումներից եւ ՄԱԿ—ի անվտանգության չորս բանաձեւից ու օկուպացված տարածքների ավանդական պատմությունից։ Հեռուստամեկնաբանն ընդհատել է նրան մեկ այլ հարցով, որը հետեւյալն էր՝ եթե 1994—ից Հայաստանի աջակցությունը ստացող շրջանը լիովին անկախ էր, ինչու՞ պետք է հայկական կողմը հիմա սկսեր ռազմական գործողություններ։ Մամեդյարովը պատասխանել է, թե իբր Ադրբեջանը միայն հակադարձել է հայկական կողմին։ Այնուհետեւ հեռուստամեկնաբանը կապ է հաստատել ԼՂՀ արտգործնախարարի հետ, ով ենթադրվում է՝ պետք է մեկնաբաներ Մամեդյարովի պնդումը, որ ադրբեջանական կողմը խաղաղության ամենաշահագրգիռ կողմն է։ Արտգործնախարար Կարեն Միրզոյանը կրկին շեշտել է, որ սա ինքնորոշման գործ է, ոչ թե տարածքային, եւ որ Բաքուն բացի քաղաքականից փորձում է նաեւ ռազմական ճնշումներ գործադրել Արցախի ժողովրդի վրա։ Նախարարը նշել է նաեւ, որ հայկական կողմը գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, բայց ժամանակն է անել հասցեական հայտարարություններ։ Այստեղ ուշագրավն այն է, որ ամերիկյան առաջատար լրատվական ընկերությունը Արցախի արտգործնախարարին ներկայացրել է որպես Ադրբեջանի արտգործնախարարին իրավահավասար պաշտոնյա։ Սա, անշուշտ, իր մեջ հաղորդագրություն է պարունակում։ Կարելի է եզրակացնել, որ անդրադարձը երկկողմանի է՝ ոչ միայն արեւմտյան մամուլ եւ Արցախ, այլ նաեւ Արցախ եւ արեւմտյան մամուլ։
Ապրիլի 3—ին հետաքրքիր մի հոդված հրապարակեց նաեւ «The Guardian»—ը՝ վերնագրված «Ադրբեջանա–հայկական հակամարտությունը հիշեցնում է Եվրոպայի անկայունության մասին», որտեղ մեծամասամբ մեջբերվում են ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի, ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Բան Կի—Մունի, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի կոչերը՝ հարգել 1994 թ. կնքված հրադադարի ռեժիմի համաձայնագիրը. «Ադրբեջանական եւ հայկական ուժերի միջեւ ընթացող ռազմական գործողությունները միտում ունեն էսկալացիայի, մինչդեռ ԵՄ առաջնորդներն իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացրել են Սիրիայի քաղաքացիական պատերազմի վրա։ Պետք է, անպայմանորեն, հաշվի առնել այն, որ վիճելի տարածք համարվող Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող հակամարտությունը սպառնալիք է Եվրոպայի կայունության համար, ուստի այն եւս պակաս ուշագրավ չպետք է լինի։ Բախումների արդեն 2—րդ օրը երկու կողմերն արձանագրում են 30—ից ավելի զոհվածների մասին, որոնց թվում կային նաեւ շարքային քաղաքացիներ։ Ռազմական գործողությունների վերսկսման մեջ երկու կողմերը միմյանց են մեղադրում։ Հայկական կողմը մեղադրում է Ադրբեջանին ծանր հրետանի օգտագործելու մեջ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը փաստում է, որ 2—րդ օրն է, ինչ շարունակվում են մարտական գործողությունները, եւ պետք է միջոցներ ձեռնարկել խաղաղության հասնելու համար, իսկ Ադրբեջանի նույնանուն նախարարությունը հավաստիացնում է, որ հրադադարի ռեժիմ է հաստատվել։ Մեծածավալ կորուստներից խուսափելու համար պետք է հաստատել հրադադար»։ Ապրիլյան պատերազմի լուսաբանումն ստանձնեցին նաեւ «Euronews», «LA Times», «The New York Times», «The Washington Post» պարբերականները, որտեղ գլխավորապես նշվում էր երկկողմանի թշնամանքի, կորուստների նախնական թվաքանակի, բանակցային գործընթացին կրկին վերադառնալու անհրաժեշտության եւ Ռուսաստանի դերակատարության մասին։    
Այսպիսով, արեւմտյան մամուլի լուսաբանումներում ապրիլյան քառօրյա պատերազմի մասով հիմնական ու առանձնահատուկ շեշտադրման էր արժանանում Ռուսաստանի դերակատարությունը, մասնավորապես այն, որ Ռուսաստանը հակամարտող երկու կողմին էլ ինտենսիվ կերպով զինտեխնիկա է վաճառում եւ բանակցային գործընթացի գլխավոր ջատագովն է։ Հատուկ անդրադարձ էր կատարվում հակամարտության արմատներին, սակայն սկսած միայն 1988—1994 թթ. պատերազմական գործողությունների սկսման ժամանակահատվածից, որն էլ երկկողմանի թշնամանքի գլխավոր պատճառն է, եւ այս անգամ Արցախին հնարավորություն տրվեց արտահայտելու իր դիրքորոշումը։
Մարիամ ԱՎԱԳՅԱՆ
Վ. Բրյուսովի անվան
պետական համալսարանի մագիստրանտ

03-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO