Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.11.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հրամայե՞լ, համոզե՞լ, թե՞ հիմնավորել

1.
Կառավարման տեսության եւ պրակտիկայի կարեւորագույն խնդիրներից մեկը արդյունավետության ապահովումն է, այսինքն՝ նվազագույն ծախսերով առավելագույն արդյունք ստանալը։ «Կառավարման արդյունավետություն» հասկացությունը ինքնին հանրագումարային ցուցանիշ է, առարկայական եւ ենթակայական բնույթի մի շարք գործոնների ու հանգամանքների համադրման արձանագրում։ Դրանցից մեկը կառավարման մեթոդն է, որը բնորոշում է կառավարման օբյեկտի վրա սուբյեկտի գործադրած կառավարչական ազդեցության միջոցների ամբողջությունը։
Կառավարումը, ինչպես հայտնի է, սուբյեկտ—օբյեկտային փոխհարաբերության տեսակ է, երբ կառավարող սուբյեկտը ձգտում է ազդել օբյեկտի վրա, ուղղորդել վերջինիս վարքը որոշակի նպատակի իրականացմանը։ Ասելով «փոխհարաբերություն»՝ ընդգծում ենք փոխադարձության հանգամանքը, «սուբյեկտ օբյեկտ» հարաբերության երկկողմանի բնույթը, այլ կերպ ասած՝ կառավարման օբյեկտի (անհատ կամ խումբ) սուբյեկտային հատկանիշը, ընդ որում՝ երկու իմաստով։ Նախ՝ հետադարձ կապի առկայությունը, երբ ենթական ինքը որոշակիորեն ազդում է ղեկավարի վրա (այսպես կոչված՝ «ենթակաների իշխանությունը»), երկրորդ՝ կառավարման օբյեկտն ինքն է արդեն հանդես գալիս որպես գործունյա սկիզբ՝ գործադրելով աշխատանքի միջոցներ, ազդելով աշխատանքի առարկայի վրա, հետամուտ լինելով արտադրական նպատակների իրականացմանը։ Կառավարումը, այսպիսով, այն պահից է սկսվում, երբ որեւէ մեկը ինչ—որ գործ անձամբ անելու փոխարեն (անձամբ անելիս՝ «կառավարում», որպես սուբյեկտ—օբյեկտային փոխազդեցության տեսակ, առհասարակ գոյություն չունի), դա անում է ուրիշի միջոցով։ Այլ կերպ ասած՝ կառավարման սուբյեկտը օբյեկտի կարիքն ունի հանուն սեփական նպատակադրումների միջնորդավորված իրականացման։
Ակնհայտ է, որ սուբյեկտ—օբյեկտային փոխազդեցության մեջ առաջատարը կառավարման սուբյեկտն է, քանի որ նրան է պատկանում տվյալ համակարգի նպատակադրումը։ Նպատակը սուբյեկտային իրողություն է՝ պարփակված նպատակադրողի ներաշխարհում։ Առարկայական ձեւ ստանալու համար նպատակը պիտի կորցնի իր սուբյեկտայնությունը, կառավարողից փոխանցվի կառավարվողին եւ ուղղորդի վերջինիս գործողությունները։ Կառավարման աշխատանքը, հետեւաբար, սուբյեկտայինի տեղափոխումն է օբյեկտայինի ոլորտ՝ սուբյեկտի օբյեկտացումը։ Այս առումով «ղեկավար ենթակա» համակարգում կառավարումը, իսկ ավելի ստույգ իմաստով՝ կառավարչական աշխատանքը անմիջաբար չի ուղղված նպատակի իրականացմանը. վերջինս տեղի է ունենում կրկնակի միջնորդավորմամբ. նպատակը, նախ՝ ղեկավար—կառավարչից հաղորդվում է ենթակա—կառավարվողին, այնուհետեւ՝ նպատակը դառնում է ենթակայի առջեւ դրված խնդիր եւ իրականացվում է որպես նրան տրված աշխատանքային հանձնարարություն։ Այս փուլում արդեն կառավարվողը, որպես աշխատանքի սուբյեկտ, միջնորդավորում է սեփական գիտելիքն ու հմտությունները՝ այդկերպ իրականացնում կառավարողի նպատակը։
Եթե հակիրճ գնահատենք կառավարչական իրողության պատմական զարգացումը (որն արտացոլված է նաեւ դրա տրամաբանական ինքնածավալման մեջ), ապա կարող ենք նկատել, որ աստիճանաբար ավելի ու ավելի է մեծանում կառավարվողի ինքնուրույն դերակատարումը՝ «ղեկավար ենթակա» միասնական համակարգի ներսում։ Օրինակ՝ դարեր շարունակ գերիշխած (այժմ էլ որոշ պարագաներում գործող)՝ կառավարման «տեխնոկրատական» համակարգում կառավարվողին անելիքը սոսկ պարտադրվում է. սեփական կարծիքի եւ անհատական ինքնուրույնության որեւէ դրսեւորման հնարավորություն բացառվում է։ Կառավարողի համար կառավարվողը սոսկ անմռունչ կատարող է, գրեթե «խոսող գործիք» (ճիշտ այդպես էին անվանում անտիկ աշխարհում ստրուկներին՝ տարբերելով «համր» գործիքներից)։ Մինչդեռ կառավարման «մասնակցային» համակարգում կառավարող սուբյեկտն ամեն կերպ ձգտում է ներգրավել օբյեկտին համատեղ գործունեության մեջ՝ կառավարչական վճռի կայացումից մինչեւ դրա արդյունավետ իրականացում։ Այս դեպքում արդեն, կարող ենք ասել, նպատակադրման գործառույթը մասամբ փոխանցվում է նաեւ կառավարման օբյեկտին, այլ կերպ ասած՝ վերջինս սկսում է օժտվել ինքնակառավարման տարրերով։
Ասվածի լույսով «կառավարման մեթոդը» կարելի է սահմանել որպես սուբյեկտի նպատակադրման իրականացման կերպ՝ օբյեկտի վրա ազդեցության ձեւերի եւ եղանակների այն ամբողջությունը, որով ապահովվում է կառավարման ցանկալի ընթացքը։ Հետեւաբար, գործադրված «կառավարման մեթոդը» սուբյեկտի կառավարչական աշխատանքի սեղմ բնութագիրն է եւ, իհարկե, պայմանավորում է նաեւ կատարողական աշխատանքի բնույթը եւ ուղղվածությունը։ Կառավարչական միեւնույն իրողության մեջ տարբեր մեթոդների գործադրումը անխուսափելիորեն տարբեր արդյունք է բերում։
Կառավարաբանության մեջ ընդունված է կառավարման մեթոդների հետեւյալ դասդասումը՝ «տնտեսական», «վարչակազմակերպական» եւ «սոցիալ—հոգեբանական»։ Տնտեսականը ներառում է աշխատավարձը, հավելավճարները, պարգեւատրումները, տարատեսակ արտոնությունները (որոնք հնարավոր է արտահայտել գումարային ձեւով)։ Վարչակազմակերպականը կազմակերպական եւ կարգադրական ազդեցության եղանակներն են, համատեղ աշխատող մարդկանց արտադրական փոխհարաբերությունների կարգավորումը նորմատիվների եւ կարգապահական նորմերի համակարգի միջոցով։ Սոցիալ—հոգեբանական մեթոդները ուղղված են աշխատակազմի ներսում չձեւայնացած կառուցվածքների (փոքր խմբեր) վարքագծի ուղղորդմանը, բարոյահոգեբանական մթնոլորտի կարգավորմանը, աշխատանքի գործուն շահամիտման համակարգ ստեղծելուն, կառավարման մշակույթի բաղադրիչների օգտագործմանը։
Կառավարչական ազդեցության միջոցների դասդասման ուրիշ հիմքեր էլ են հնարավոր՝ ըստ տեւողության (երկարատեւ կամ կարճատեւ, անփոփոխ կամ անցողիկ), ձեւայնացման աստիճանի (խստիվ ձեւակերպված կամ հեղհեղուկ, առավելապես իրավական կամ առավելապես բարոյական), հաղորդման եղանակի (ուղղակի կամ անուղղակի, խոսքային կամ ոչ խոսքային), հիմնավորման բնույթի (տրամաբանական կամ հուզական), հիմնավորվածության աստիճանի (լիովին կամ թերի), շահամիտման տեսակի (նյութական, հոգեւոր, պաշտոնեական առաջխաղացմանն առնչվող), հրատապ պահանջմունքի (օրինակ՝ նախկին գործազուրկի համար՝ ապահովության, նորավարտ մասնագետի համար՝ աճի) եւ այլն։
Կառավարչական արդյունավետ մեթոդի հիմնախնդիրը մենք կքննարկենք այլ դիրքերից՝ «հրամայել–համոզել–հիմնավորել» մեթոդաբանական եռմիասնական հարացույցի սահմաններում։ Ինչպես կհամոզվենք, այս երեք մեթոդներից ամեն մեկի մեջ այս կամ այն կերպ ներառված են վերոբերյալ մեթոդների բաղադրիչները, բացի դրանից, առաջարկվող դիտարկումն ավելի խորն է բացահայտում կառավարողի եւ կառավարվողի հակասական միասնության խորքային կողմը։ Եվ հարկավոր է հասկանալ, որ դրանցից ամեն մեկն ունի կիրառման իր տիրույթը, առավելությունները եւ սահմանափակումները, որոնց իմացությունը դյուրացնում է կառավարման սուբյեկտի աշխատանքը եւ նպաստում կառավարման ամբողջական համակարգի գործառության արդյունավետությանը։

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր

11-09-2019





25-11-2020
Արցախի հիմնախնդիրը՝ միջազգային իրավունքի համատեքստում
Անկախության ճանաչումը հանուն փրկության

Պատերազմի օրերից սկսած ...


25-11-2020
«Իմ կենացը մի խմեք, այլ շարունակեք իմ գործը»
«Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է»


25-11-2020
Անկարան վերահսկում է Ֆրանսիայի 2600 մզկիթից 320-ը
Երբ ավելանում են «գայլերը», քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է մտածել ...


25-11-2020
Եռակողմ հայտարարության նախաձեռնողն ամեն կերպ կձգտի պահպանել այն
ՌԴ-ն մատնանշում է Արցախում խաղաղությունը խաթարելու փորձ անողներին



25-11-2020
Առկա իրողություններում չի կարելի բացառել տարածաշրջանային զարգացման որեւէ սցենար
Պետականության ուժեղացման ռեսուրսները հնարավոր է ապահովել միայն ազգային ներուժի ...


25-11-2020
Ռազմավարական ակնարկ Իրանին
ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկել Մերձավոր Արեւելք

Իրաքում ...


25-11-2020
Ամրոցները՝ Որոտանի ափերին
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ




25-11-2020
Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան ...

25-11-2020
ՀՀ վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կրթության, ...

25-11-2020
Ռուսական կենտրոնն սկսել է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում ...

25-11-2020
Մխիթարյանի նոր ռեկորդները եւ հնարավոր պայմանագիրը
Իտալական «Ռոման» պատրաստվում է երկարաձգել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO