Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց

Նրանք հանդիպել են կյանքի տարբեր խաչմերուկներում

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հովհ. Թումանյանի ու Կոմիտասի հանճարն ունի ազգային այնպիսի հզոր որակ, որ նրանց դարձնում է աշխարհում հայի ու հայկականության խորհրդանիշ։ Մեծեր շատ ունենք, բայց մեզ համար ազգի հավաքական ամբողջության ներկայացուցիչ են Թումանյանն ու Կոմիտասը՝ երկու հոգեղբայրներն ու հոգեւոր երկվորյակները։ Նրանք ծնվել են նույն 1869թ. ոչ թե պատահաբար, այլ ճակատագրի բերումով։ «ՀՀ»—ի հետ զրույցում այս մասին ասաց բանասիրական գիտությունների թեկնածու, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը՝ խոսելով Հովհաննես Թումանյանի եւ Կոմիտաս վարդապետի հարաբերությունների մասին։
Նա պատմեց, որ Թումանյանն ու Կոմիտասը հաճախ են հանդիպել կյանքի տարբեր խաչմերուկներում, մտերմացել ու բարեկամացել։ «Նրանք մտածում ու գործում էին նույն կերպ, նույն ոգով եւ աշխարհ էին եկել համաշխարհային գունապնակում հայկական գույնը դառնալու առաքելությամբ։ Հիրավի, նրանց տարեկից ու բախտակից լինելու հանգամանքն արտացոլում էր 20—րդ դարում հայության գոյապայքարի հաղթանակի խորհուրդը։ Կոմիտասը Թումանյան բանաստեղծին ճանաչել ու գնահատել է Գեւորգյան ճեմարանում ուսանելու տարիներին, երբ ծանոթացել է պոետի առաջին ժողովածուին՝ 1890 թ. «Բանաստեղծությունների» մոսկովյան հրատարակությանը։ Նա մեծ հափշտակությամբ է ընթերցել այն։ Գեւորգյան ճեմարանի 21—ամյա ուսանող սարկավագ Սողոմոն Սողոմոնյանն իր ոգեւորությունը փոխանցում էր դասախոսին՝ Ստեփան Լիսիցյանին՝ անվերջ կրկնելով. «Լավ է, չէ՞, լավ է, չէ՞…»։ Հովհ.Թումանյանն ու Կոմիտասն այդ պահին դեռեւս անձնապես ծանոթ չէին, թեեւ արդեն լավ ճանաչում եւ գնահատում էին միմյանց որպես արվեստագետներ»,–նկատեց գրականագետը։
Նրանց առաջին հանդիպումը, ըստ Հովհաննիսյանի, ըստ ամենայնի տեղի է ունեցել 1904 թ. հունիսի 16—18—ը, երբ բանաստեղծն Էջմիածին էր եկել Օշականից՝ «Թարգմանչաց տոնին» մասնակցելու նպատակով. «Նա «հյուրընկալվեց Կոմիտասի բնակարանում, եւ այդ «գողտրիկ» բնակարանը վերածվեց Վերնատան»։ Այդ օրերին Էջմիածնի մտավորականության համար սիրելի հավաքատեղի դարձած Կոմիտասի բնակարանում գրական—երաժշտական հավաքները տեւում էին ամբողջ գիշերը՝ մինչեւ առավոտյան ժամերգության զանգերի ղողանջները։ Այդ հավաքույթներից մեկում էլ Թումանյանը ներկայացնում է իր հեղինակած երգը՝ «Ա՛խ, ինչ լավ էր սարի վրա», եւ զարմանք ու հիացմունք պատճառում բոլոր ներկաներին։ Կոմիտասը հիացած բացականչում է. «Դա հրա՛շք է» եւ առաջարկում պարգեւատրել ե՛ւ բառերի, ե՛ւ «նուրբ մեղեդու» հեղինակին»։ Վրթանես Փափազյանի առաջարկով բանաստեղծն արժանանում է նաեւ երրորդ պարգեւի՝ երգի կատարման համար։
Երկու մեծերը, ըստ գրականագետի, հաճախ էին զրուցում Էջմիածնի՝ Կոմիտասի սիրած վայրում՝ Ներսիսյան լճի ափին։ Դասերից հետո այդ գեղատեսիլ պուրակում Կոմիտասի քառաձայն երգչախումբը բանաստեղծի համար համերգ է տալիս։ Կոմիտասի ու Հ. Թումանյանի միջեւ Էջմիածնում ստեղծված մտերմությունը շարունակվում է Թիֆլիսում։ 1905 թ. գարնանը բանաստեղծը Կոմիտասի համար այն միակ ու թերեւս ամենամտերիմ անձնավորությունն էր, որին երաժիշտը, Թիֆլիս գալով, այցելության գնաց իր համերգներից առաջ։ 1905 թ. գարնանային այդ օրվա զրույցի թեման օտարամոլության հաղթարշավին ազգային գրականության ու երաժշտության միջոցով դիմագրավելու խնդիրն է եղել։ Կոմիտասն ասում էր. «Ժողովրդական երգի բնորոշ հոտը հայոց լեռնաշխարհի գունագեղ ծաղիկների անուշ բույրն է, նրանից ուրիշ հոտ առնողն ինքն է հոտած՝ նման հոպոպի, որը շուտ—շուտ փոխում է իր բույնը՝ կարծելով, թե բույնը հոտած է, բայց փաստորեն հոտածն ինքն է»։ «1905 թ. ապրիլի 1—ին, չնայած Արտիստական թատրոնի՝ 800 անձի համար նախատեսված դահլիճում «լրացուցիչ աթոռներ» էին դրված, շատերը ոտքի վրա էին։ Դահլիճի օթյակներից, յարուսներից, ամֆիթատրոնից ու պարտերից բեմահարթակ են նետվում անհամար թերթիկներ, գրություններ՝ հիացական խոսքերով։ Բեմ են բարձրանում Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, այլք։ Բոլոր համերգներից հետո Թումանյանի բազմանդամ ընտանիքը հյուրընկալում է Կոմիտասին եւ նրան ընկերակցող հայ, ռուս, վրացի արվեստագետներին՝ նկարիչների, գրողների, երաժիշտների։ Բանաստեղծն արդեն իր տանն է մեծարանքի խոսքեր ուղղում «մեծ հայ ու մեծ հայրենասեր, ամենայն հայոց երաժիշտ, երգահավաք ու երգամշակ» վարդապետին, որին համարում է ոչ թե իր տան հյուրը, այլ «մեր աչքի լույսը»։ Կոմիտասին Հ. Թումանյանն անվանում է իր ժողովրդի «ամենանվիրական ստացվածքը», ազգային ոգու արտահայտությունը եւ հզորացման երաշխիքը։ Բանաստեղծի խոսքերով՝ Կոմիտասը նաեւ Թիֆլիսի հանրությանն ապացուցեց, թե ինչ է նշանակում ժողովրդական երգ, եւ ինչպես պետք է կատարել հոգեւոր երգերը։ Կոմիտասը ընթերցում է բեմահարթակ «վայրէջք կատարած» թերթիկներից մեկը, որի վրա գրված էր. «Եթե եկեղեցում այսպես երգեին, ներս մտնելու համար պետք կլիներ ժամերով հերթ կանգնել»,—հիշատակեց գրականագետը՝ նշելով, որ դեռ երկար տարիներ Թումանյանի ընտանիքում կարոտով ու սիրով հաճախ են հիշել Կոմիտասի հետ հավաքույթներն իրենց տանը։ Բանաստեղծի թե՛ կինը, թե՛ զավակները հարազատի ջերմությամբ եւ անկեղծ սիրով են ընդունել Կոմիտասին։ Տիկին Օլգան, որ հյուրընկալել է ժամանակի բոլոր նշանավոր հայերին եւ բազմաթիվ օտարազգի մտավորականների, պաշտոնյաների ու արվեստագետների, առանձնակի ուշադրություն ու հոգատարություն է դրսեւորել հատկապես Կոմիտասի նկատմամբ՝ զգալով նրա բնավորության մեջ ամոթխածություն։ Հովհաննիսյանն ասաց, որ հենց այդ ընդունելության շնորհիվ է Կոմիտասն իրեն ազատ զգացել Թումանյանի տանը։ Հաճախ է նստել Թումանյանի տանը՝ «Բլյուտներ» դաշնամուրի մոտ, նրան շրջապատել են բանաստեղծի զավակները, երգել ու նվագել նրա հետ. «Մշտապես արվեստի կատարելության ձգտող Թումանյանի բծախնդրությունը երբեք չի տարածվել Կոմիտասի արվեստի նկատմամբ։ Երգահանի կենսագիրը գրում է. «Թիֆլիս ժամանած Կոմիտասը հաճախակի էր այցելում իր ընկերներին ու բարեկամներին։ Նա Հ. Թումանյանի գերդաստանի ամենահարգված հյուրն էր… Երբ վարդապետը խոսակցությունը թեքում էր ազգային հարցի ու քաղաքական խառն ու իր համար չափազանց անհուսալի հարցերի շուրջ, ավելի լավատես Հ. Թումանյանը նրան շեղում էր նման մռայլ մտքերից եւ հուսադրում. «Օրեր են, կմթնեն, անց կկենան»։
Հ. Թումանյանի սերը Կոմիտասի երգարվեստի նկատմամբ, Սուսաննա Հովհաննիսյանի գնահատմամբ՝ նույնքան մեծ էր եւ խորը, որքան Կոմիտասի հիացմունքը պոետի ստեղծագործության նկատմամբ։ Մի առիթով Թումանյանի տանը, երբ Կոմիտասը երգել է «Անտունին», բանաստեղծը ձայնակցել է նրան, ապա ասել. «Սիրտս նման է էն փլած տըներ…»՝ ժողովուրդն իր ամբողջ պատմությունն է տվել. ժողովրդական ստեղծագործության գոհար է սա»։ Թումանյանը Կոմիտասի երգերից հատկապես շատ է սիրել «Անտունին», «Մոկաց Միրզան», «Տեր կեցոն»։ «Իսկ երբ 1903թ. իշխանուհի Մարիամ Թումանյանը դիմում է Կոմիտաս վարդապետին Հ. Թումանյանի «Անուշը» օպերայի վերածելու խնդրանքով՝ երգահանը ոչ միայն համաձայնում է, այլեւ արտահայտում է իր հիացմունքը՝ թեւավոր խոսք դարձած մի խոսքով. «Շնորհափա՜յլ իշխանուհի, ուրախութեամբ կարդացի պ. Հ. Թումանեանի «Անուշը» ու շա՜տ անուշ գտա»։
Կոմիտասը ստեղծագործական մեծագույն ոգեւորությամբ ձեռնամուխ եղավ «Անուշ» օպերայի աշխատանքներին։ Լիբրետոն գրելը հանձն էր առել բանաստեղծը»,—նշում է գրականագետը։ Սակայն օպերան ավարտին չհասավ, եւ չհասցնելու պատճառներից մեկը, ըստ Հովհաննիսյանի, Հովհ. Թումանյանի եւ Կոմիտասի բազմազբաղությունն էր։ Բանաստեղծն այդպես էլ ժամանակ չի գտել ամեն անգամ արձագանքելու համատեղ աշխատելու Կոմիտասի խնդրանքին։ Երգահանը դժգոհել է. «Սիրելի Յովհաննէս, ափսոս, որ Տփխիս եղած ժամանակս քեզ տեսնել չկարողացայ. պէտք է մի լավ ծեծէի։ Ա՜յ աղբէր, քեզ սպասելով՝ աչքս ջուր դառավ, չէ՞ որ դու ասել էիր, թէ Զատկի տօներից յետոյ կգաս մի քանի օրով։ Էսա Համբարձումն էլ անցաւ, դեռ դու չերեւացիր»։ Կոմիտասի համար ներշնչանքի աղբյուր է դարձել Թումանյանի ոչ միայն «Անուշը», այլեւ «Կաքավի երգը»։
Թումանյանն ու Կոմիտասն ապրել են միմյանց հոգսերով, անհանգստացել միմյանց համար։ Բանաստեղծի բանտարկությունը հուզել է Կոմիտասին. «Մեր Յովհաննէսի չարձակուելը շատ վատ տպաւորութիւն թողեց վերաս, որքա՛ն զրկւում է մեր գրական—բանաստեղծական կեանքը նորա անգործ բանտումն ընկած մնալովը»։ Գրականագետը պատմում է, թե որքան ծանր ու դժվարին կյանքով է ապրել Կոմիտասը, ինչպիսի նյութական խոչընդոտների է հանդիպել իր առաքելությունը կատարելու ճանապարհին. «Իր հոդվածներից մեկում Թումանյանն ասես հանդիմանում է հասարակությանը, որն ըստ արժանվույն չի գնահապում ու ապահովում իր տաղանդներին։ Նա գրում է. «Կոմիտաս վարդապետի պես մի անձնավորություն, նույնիսկ Եվրոպայում հիացմունք առաջ բերելուց հետո էլ չի կարողանում իր հայրենիքում մի դաշնամուր ձեռք բերի կամ հնարավորություն՝ գավառները ճանապարհորդելու եւ կատարելու մի գործ, որ միայն ինքը կարող է կատարել, եւ որն էնքան պատիվ է բերում ամբողջ ազգին»։ Կոմիտասը, իհարկե, վերջիվերջո կյանքի քառասուներորդ տարում դաշնամուր ունեցավ Ալեքսանդր Մանթաշյանի շնորհիվ։ Այն եղավ միակ սփոփանքն ու փրկությունը երաժիշտ վարդապետի համար։ Կոմիտասը երջանկությունից քարացել ու արտասվել է՝ իր ցուրտ սենյակում տեսնելով շքեղ երաժտական գործիքը։
Հովհաննիսյանի հիշատակմամբ՝ Աղավնի Մեսրոպյանը՝ Կոմիտասի ճակատագրի, նրա առողջության համար մտահոգված անձանց կազմակերպած 1920—21թթ. հուշ—երեկոների մասնակիցների թվում առաջինը նշում է Թումանյանի անունը։ Այդ երեկոների շնորհիվ 1920 թ. Թիֆլիսում ստեղծվում է «Կոմիտաս» միությունը, որի նպատակն էր անդամավճարներով, հանդեսների ու հավաքույթների շնորհիվ ձեռք բերած գումարներով սատարել երգահանի ապաքինմանը, օժանդակել նրա աշխատությունների հրատարակմանը։ Ավելի ուշ միությունը միաձուլվում է «Հայարտանը», որի նախագահն էր Թումանյանը։ Կոմիտասին փրկել չի հաջողվում։ Ամենայն հայոց բանաստեղծի մահվանից տարիներ անց՝ 1936 թ. մայիսի 28—ին, երբ պետք է հարազատ հողին հանձնվեր Փարիզից Երեւան հասած Կոմիտասի աճյունը, Թումանյանի փոխարեն ծաղկեպսակ է դնում նրա կինը՝ Օլգա Թումանյանը։
Կոմիտասի ու Հ. Թումանյանի մտերմությունն ու բարեկամությունը, գրականագետի կարծիքով, պատահական չէին, նրանք ունեին վարքագծի, ճաշակի եւ այլ ընդհանրություններ։ Կոմիտասն էլ է սիրել խոսել առածներով, նրա սիրելի առածներից է եղել «Անպտուղ ծառին քար չեն գցի» կամ «Շան հաչելով եկեղեցի չի փլվի»։ Երաժիշտը սիրել է պատմել ազգային ավանդություններ, ինչպես Թումանյանը, երկուսն էլ եղել են զվարճախոս, «սրախոս, կատակաբան, վառվռուն»։ Թումանյանին եւ Կոմիտասին, նրա խոսքով, մերձեցրել է նաեւ գրական— գեղարվեստական ճաշակի եւ նախասիրությունների նույնությունը։ Երկուսի համար էլ Աբովյանն է եղել ներշնչման աղբյուր, պաշտամունք։ Նույնն են եղել Կոմիտասի եւ Հ. Թումանյանի աշխարհընկալման մեջ արվեստի դերի, չարի եւ բարու նկատմամբ մոտեցումները։ «Թե՛ Հ. Թումանյանի եւ թե՛ Կոմիտասի հոգում հայոց վիշտն ու տանջանքն էր դրել «անագորույն մի կնիք», ինչպես գրում էր Եղիշե Չարենցը՝ երկուսն էլ այնքան «երգեր ու վերքեր» տարան իրենց հետ անվերադարձ, անխոս, անհետ, ինչպես կասեր Պարույր Սեւակը՝ երկուսն էլ նահատակ ու ամենահայ՝ մեկը՝ Ամենայն հայոց երգի վեհափառ, մյուսը՝ Ամենայն հայոց բանաստեղծ, երկուսն էլ ազգային երգ արարող «բիբլիական մի գավազան», երկուսն էլ համազգային կարոտ ու մորմոք, հրեղեն կանչ եւ մեր «Երգ երգոց»։ Թե՛ Կոմիտասը, թե՛ Հ. Թումանյանը, Հրաչյա Աճառյանի խոսքերով, «բացառիկ առաքինություններու» ծով էին։ Երկուսի կյանքն էլ դարձավ լեգենդ, առասպել։ Իսկ նրանց «փառապանծ գործը», ինչպես գրում է Ավետիք Իսահակյանը, «մի չքնաղ հրաշապատում»։ Երկուսն էլ մեր ժողովրդի հպարտությունն են, իսկ նրանց թողածը՝ «ազգային անսպառ հարստություն»։ Երկու հարազատ «հոգեղբայրները» միասին նոր ժամանակների հայ մշակույթի երկու հսկա վեմերն են՝ հայ երաժշտության եւ հայ գրականության հիմնաքարերը»,–ընդգծեց գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանը։

14-09-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO