Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Որ «ջրային պատերազմներում» տանուլ չտանք

Դրա համար պետք է պատրաստ լինել մարտահրավերներին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կան ոլորտներ, որոնց հետ կապված հարցերի ճիշտ պատասխանները չես կարող ստանալ միայն հենց այդ ոլորտը քննարկելով, պետք է քննարկել հարեւան երկրների նույն ոլորտների վիճակը՝ քոնի հեռանկարը ստույգ հաշվարկելու համար։ Այս պատճառով է, որ մեր միջուկային էներգետիկան զարգացնելու հեռանկարները միշտ քննարկում ենք միջազգային եւ տարածաշրջանային համատեքստում. այն է՝ Թուրքիան մտադիր է ստեղծել ու զարգացնել այդ ճյուղը, հետեւաբար, մենք չենք կարող չմտածել մեր ունեցա՛ծը զարգացնելու մասին։ Կամ՝ մեր ջրերը կառավարելու տեսանկյունից չենք կարող չքննարկել, թե ինչպես է դա անում Թուրքիան եւ որ տարածքում է։
«Ջրային պատերազմներ» ասվածը վաղուց նոր հասկացություն չէ։ Մենք առիթով գրել էինք, որ Թուրքիան լայն թափով ջրամբարաշինություն է սկսում, իսկ Հայաստանը դանդաղում է։ Այն պարագայում, երբ ունենք (Արցախի հետ միասին) տարածաշրջանում ջրային դոնորի վերածվելու լուրջ ներուժ։ Ի դեպ, շատ մասնագետներ են համաձայնել մեր տեսակետին։ Եվ այդ միտքը հանդիպեցինք նաեւ թուրքագետ Հայկ Գաբրիելյանի մոտ, երբ խոսել էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Արաքսի հիդրոհանգույցների հիմնախնդրի մասին։
Տարիներ առաջ ԱՄՆ ազգային հետախուզության ռազմավարությունում (2014թ.) մեծ ուշադրություն էր դարձվել ջրային պաշարներին։ Նշվել էր, որ դրանց պակասը կարող է նոր պատերազմների հանգեցնել։ Ամերիկյան հատուկ ծառայությունները ջրի պակասը հավասարեցրել էին այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ահաբեկչությունը, կարեւոր ենթակառուցվածքների վրա կիբերհանցագործությունները, զանգվածային ոչնչացման արագաճ տեմպը եւն։ Նշվել էին նաեւ խմելու ջրի պակասի տեսակետից առավել վտանգված երկրները (Չինաստան, Բանգլադեշ, Նիդերլանդներ, Հնդկաստան, Պակիստան, Ֆիլիպիններ, ԱՄՆ եւն)։ Այլ կերպ՝ արդեն ըստ ՄԱԿ—ի գնահատականների, աշխարհում 2.6 մլրդ մարդ խմելու ջուր չունի։ 39 երկիր խմելու անհրաժեշտ ջուրն արտերկրից է ստանում, այդ թվում՝ Ադրբեջանը, Լատվիան, Սլովակիան, Ուկրաինան, Իսրայելը, Թուրքմենստանը եւն։ Այս ամենին էլ եթե գումարենք ջրային պաշարների շուրջ միջպետական վեճերը (վերջին 50 տարում՝ 37 վեճ), ապա կզգանք ջրային հնարավոր պատերազմների շունչը։
Մենք պատրաստվու՞մ ենք սրան, հասկանու՞մ ենք ապագայի մարտահրավերների լրջությունը, կարո՞ղ ենք այնպես անել, որ տարածաշրջանում ջրային դոնորի վերածվենք. այս եւ այլ հարցերի պատասխանները տարբեր կարող են լինել։ Հստակ է մի բան. մենք պե՛տք է կարողանանք եւ պե՛տք է անենք։
Պե՛տք է կարողանանք, եթե նույնիսկ ֆինանսական միջոցների սղության խնդիր լինի։ Որովհետեւ այս կարգի մարտահրավերները երբ չոքում են շեմքիդ, չեն սպասում մինչեւ գումար հայթայթես, լուծես, նոր գան։
Ավելի խորությամբ ընկալելու համար հասկանանք՝ ինչ է անում Թուրքիան։ Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը, ով նաեւ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) «Քաղաքական զարգացումներ եւ անվտանգություն» ծրագրի ասոցացված փորձագետ է (թուրքագիտության մագիստրոսի կոչում ունի, հեղինակել է 100—ից ավելի գիտական եւ վերլուծական հոդվածներ, որոնք վերաբերում են Թուրքիայի արտաքին, ներքին, էներգետիկ եւ ռազմական քաղաքականություններին. այս մասին տեղեկանում ենք ՄԱՀՀԻ—ի կայքից,—Ա.Մ.), անդրադառնում է այն խնդրին, թե ինչ է անում Թուրքիան Արաքսի գետավազանում։
Եթե մեկ բառով, ապա «շանտաժ»։ Սա այն է, ինչ կարելի է ասել ընդհանրապես թուրքական ջրային քաղաքականության մասին։ Ինձ հետ զրույցում փորձագետը համաձայնեց իմ բնորոշմանը եւ բացեց փակագծերը, այն է՝ Թուրքիան իր ձեռքում շանտաժի գործիքներ ունի, որով այսօր էլ է սպառնում եւ վաղն էլ կսպառնա տարածաշրջանային եւ շատ երկրների։
Հիմա՝ ի՞նչ է անում Թուրքիան Արաքսի գետավազանում։ Ըստ Հայկ Գաբրիելյանի (նա այս մասին խոսում է նաեւ «Արաքսի հիդրոհանգույցների հիմնախնդիրը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ» հոդվածում)՝ Թուրքիան ներկայումս Արաքս գետի եւ նրա վտակների վրա կառուցել, կառուցում եւ ծրագրում է կառուցել 14 ջրամբար՝ մի մասը ՀԷԿ—երով։ Դրանցից 1—ը բաժին է ընկնում Իգդիրի նահանգին, 4—ը՝ Էրզրումի նահանգին, 9—ը՝ Կարսի նահանգին։ Ընդ որում՝ խոսքը հիմնականում փոքր ՀԷԿ—երի (6—36 Մվտ հզորությամբ) մասին է (դրանց ընդհանուր հզորությունը կազմում է 134 Մվտ)։ Ծրագրված է Արաքսի գետավազանի ՀԷԿ—երի ընդհանուր հզորությունը գրեթե եռապատկել՝ հասցնելով մինչեւ 387 Մվտ—ի։ «Սրանք կարող են փոքր թվեր թվալ Թուրքիայի մասշտաբով, սակայն իրականում զգալի դեր ունեն տվյալ տարածաշրջանի էներգետիկ կարիքները հոգալու համար»,—նկատում է թուրքագետը։
Հիմա Արաքս գետի վրա երկու ջրամբար է կառուցվում, ինչը նաեւ Հայաստանին է մտահոգում։ Այդ ջրամբարները շահագործման կհանձնվեն 2020թ.։ Մեկը կարող է նույնիսկ այս տարեվերջին շահագործման հանձնվել։ Հայկ Գաբրիելյանի տվյալներով, Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում Արաքս գետի վրա կառուցվում է Քարաքուրթի ջրամբարն ու ՀԷԿ—ը։ Ջրամբարում նախատեսվում է ամբարել 590.520.000 խմ ջուր։ Ամբարտակի բարձրությունը կազմելու է 124 մ (տարբեր տեղերում նշվում է նաեւ 137 կամ 142 մ), ՀԷԿ—ի հզորությունը կազմելու է 99 $5 Մվտ։ Ակնկալվում է, որ Քարաքուրթի հիդրոհանգույցը Թուրքիայի տնտեսությանը կապահովի տարեկան 109.165.000 լիրայով։ Ուշագրավ է այն, որ հենց Քարաքուրթի ՀԷԿ—ն է հնարավորություն ընձեռելու եռապատկել Արաքսի ավազանի ՀԷԿ—երի հզորությունը։ Մյուս ջրամբարը կառուցվում է Հայաստանի հետ սահմանից ոչ հեռու՝ Իգդիրի նահանգի Թուզլուջա (Կողբ) շրջանում։ Թուզլուջայի ջրամբարում կամբարվի 190 մլն խմ ջուր։ Դրա ՀԷԿ—ի հզորությունը կազմելու է ընդամենը 20 Մվտ։
Բացատրենք, թե ինչու է սա մտահոգել Հայաստանին։ «Արարատյան դաշտի մակերեւութային ջրային ռեսուրսների խոցելիությունը կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքով» զեկույցում նշված է Քարաքուրթի ու Թուզլուջայի ջրամբարների կառուցման ու Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին։ Ըստ այդմ՝ այս երկու ջրամբարներն ունենալու են ոչ միայն ոռոգման, այլեւ հիդրոէներգետիկ նշանակություն եւ, հետեւաբար, այլ կարգավորման ռեժիմ։
Մասնագիտական նրբությունները մի կողմ թողնելով՝ ավելի հասկանալի բացատրենք։ Սա նշանակում է՝ այդ 2 ջրամբարներն ազդելու են Արաքս գետի ջրի ելքերի վրա։ Իսկ սա էլ ազդեցություն է նշանակում Արարատյան դաշտի ջրային պաշարների վրա։ Այն պարագայում, երբ մենք Արաքս գետի ջրերով Արմավիրի ջրանցքի միջոցով Արարատյան դաշտի 20 հազ. հա հողատարածք ենք ոռոգում։
Կարիք կա՞ ասելու, թե Թուրքիան այս խաղաքարտը ինչպես կգործածի մեր դեմ։ Անշուշտ՝ ոչ։ Թյուրքական ձեռագիրը ծանոթ է յուրաքանչյուր գիտակից մարդու։
Այստեղ արդեն կարեւոր է այլ հարց. ինչ ջրային քաղաքականություն է վարելու Հայաստանը, կամ՝ թեկուզ ինչ քայլեր ենք ձեռնարկելու մենք, ասենք, ջրամբարաշինության ոլորտում։ Քանզի կարծես մենք, ի տարբերություն Թուրքիայի, չենք օգտվում այն երկու պայմանագրերից, որոնք ջրօգտագործման բնագավառում կան Հայաստանի ու Թուրքիայի միջեւ։ Իսկ այս մասին առանձին կխոսենք։

09-11-2019





19-11-2019
Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում
Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել

Արմենուհի ...


19-11-2019
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման ի՛ր ծրագիրն անել
Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




19-11-2019
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը
Ձեւավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի առաջնային կազմը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




19-11-2019
Կառավարությունը կրթության եւ գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


19-11-2019
Քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության ...


19-11-2019
Ովքե՞ր են եղանակի մասին տեղեկանում «առաջին ձեռքից»
Գարնան առաջին ամպրոպների հետ Գագիկ Սուրենյանի համար կյանքը ...


19-11-2019
Խաղաղության աղավնին՝ դպրոցի բակում
Հերիկի դպրոցը կոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով




19-11-2019
Ոսկու փոխարեն՝ արեւային էներգիա
Տարածքի կոնսերվացման նպատակով ավելի քան ...

19-11-2019
Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազանքի մեջ
«Վերնիսաժում» նստած՝ աշխարհը պտտում է իր ...

19-11-2019
Պատվաբեր առաքելություն
Արթուր Ալեքսանյանը դարձավ
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO