Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ԱՇԽԱՐՀ


Իրաքյան ճգնաժամը հաղթահարելու նոր ջանքեր

Բացառված չէ, որ կարգավորումը երկարաձգվի

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Ներքին լուրջ խնդիրներով ու օտարերկրյա շահերի հակասություններով պայմանավորված՝ Իրաքում իրավիճակը մնում է ճգնաժամային։ Թեեւ սոցիալ-տնտեսական ու կոռուպցիայի դեմ ցույցեր Իրաքում տեղի են ունեցել նաեւ 2011, 2015, 2016 եւ 2018 թթ., սակայն հոկտեմբերի 1-ից սկսված վերջին ցույցերը բոլոր առումներով աննախադեպ էին, ուստի ստեղծված պայմաններում կառավարության բարեփոխումների խոստումները չեն կարող բավարարել ցուցարարներին։
Եվ, ահա դրանք շարունակվում են Բաղդադում ու երկրի հարավային՝ շիաբնակ նահանգներում, իսկ զոհերի թիվն օր օրի աճում է։ Իրաքի մարդու իրավունքների գերագույն հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ նոյեմբերի 10—ի դրությամբ զոհվել է 319 մարդ ,եւ հազարավորներ էլ վիրավորվել են։ ԱՄՆ—ն թե՛ Իրաքում եւ թե՛ Լիբանանում առաջացած ճգնաժամի համար մեղադրում է Իրանին։ Դեռեւս նոյեմբերի 5—ին պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել էր, թե Իրաքն ու Լիբանանն իրավունք ունեն ինքնուրույն ընտրելու երկրի առաջընթացի ուղին՝ առանց Իրանի ռազմաքաղաքական ու կրոնական առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի միջամտությունների։ Նա շեշտել է, թե իրաքցիներն ու լիբանանցիներն ուզում են հետ վերցնել իրենց երկիրը, որովհետեւ եկել են եզրակացության, որ Իրանի գլխավոր արտահանումը կոռուպցիան է։
Թեհրանն էլ, իր հերթին, Լիբանանում ու Իրաքում ստեղծված իրավիճակի համար մեղադրում է ԱՄՆ—ին։ Դեռեւս հոկտեմբերի 30—ին այաթոլա Ալի Խամենեին Լիբանանի եւ Իրաքի բողոքի ցույցերի բռնկումը վերագրել էր ԱՄՆ—ին ու տարածաշրջանային բռնապետական երկրներին (ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է Սաուդյան Արաբիային)։ Նշենք, որ Իրաքի «Հաշդ ալ Շաբբի» աշխարհազորայինները, որոնք լուրջ դերակատարություն ունեցան այդ երկրում դաիշականների դեմ պայքարում, եւ Լիբանանի «Հեզբոլահը» վայելում են Իրանի հովանավորությունը, իսկ «Հեզբոլահը» քաղաքական լուրջ ուժ է եւ դեմ է ցույցերին։ Թերեւս, Թեհրանի հնչեցրած մեղադրանքը պայմանավորված է նաեւ Իրաքի շիաբնակ հարավի ցուցարարների հակաիրանական կարգախոսներով, օրինակ՝ «Իրան, հեռացիր, հեռացիր», եւ Քյարբալա քաղաքում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումով։ Բացի այդ, Վաշինգտոնը մշտապես Իրանին մեղադրել է միջինարեւելյան երկրների ներքին գործերին միջամտելու համար։
Մինչդեռ Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակարգի փլուզումից Վաշինգտոն—Թեհրան շահերը այդ երկրում նոր իշխանություն ձեւավորելու հարցում համընկնում էին, ինչի արդյունքում այդ խիստ կարեւոր ժամանակահատվածում՝ երկրում տիրող խառնաշփոթի պայմաններում, ոչ ուղղակի համագործակցությամբ ձեւավորեցին սունի փոքրամասնության մասնակցությամբ նոր իշխանություն՝ շիաների ղեկավարությամբ։ Իսկ այսօր Իրաքում լուրջ ազդեցություն ունեցող այդ երկրների շահերը հակընթաց են։ Հետեւաբար, թեեւ երկու կողմերն էլ կարեւորում են երկրի իրավիճակի բնականոնացումը, Իրաքի ինքնիշխանությունն ու ճգնաժամի շուտափույթ վերացումը, սակայն նաեւ, նշյալ հանգամանքով պայմանավորված, բացառված չէ, որ կարգավորումը երկարաձգվի։ Եվ ահա նոյեմբերի 10—ին Սպիտակ տունը, հանդես գալով հայտարարությամբ, Իրաքը ճգնաժամից դուրս բերելու նպատակով իշխանություններից պահանջել է վերջ դնել ցուցարարների հանդեպ բռնություններին եւ անհապաղ արտահերթ ընտրություններ անցկացնել։ Հայտարարությունում կարեւորվել եւ պահանջվել է կյանքի կոչել երկրի նախագահի խոստումները։ Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը հոկտեմբերի 31—ին հրապարակել էր հայտարարություն, որտեղ նշվել էր, թե վարչապետ Ադել Աբդուլմեհդին պատրաստ է հրաժարական տալ, եւ շուտով ներկայացվելու է ընտրությունների օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։ Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ թեեւ Իրանն իր եւ Իրաքում համակիր քաղաքական ու զինված ուժերը գործի է դրել, որպեսզի խաղաղ ցուցարարները չկարողանան իրենց տեսակետները, կարծիքը արտահայտել, բայց իրաքցիները հակազդելու են։
Նույն օրը ՄԱԿ—ի Իրաքի աջակցության առաքելությունը (UNAMI) եւս Իրաքի ճգնաժամի վերացման առնչությամբ ներկայացրել է «ճանապարհային քարտեզ», որը կազմված է երեք փուլից՝ «անհապաղ», «կարճաժամկետ» եւ «միջնաժամկետ»։ Առաջին փաթեթով պահանջվում է մեկ շաբաթվա ընթացքում ազատ արձակել հոկտեմբերի 1—ից՝ ցույցերի առաջին օրվանից, կալանավորված բոլոր խաղաղ ցուցարարներին, հետապնդում չիրականացնել ցուցարարների նկատմամբ, բացահայտել բռնություն գործադրողներին եւ պատժել։ ՄԱԿ—ը նաեւ տարածաշրջանի եւ դրանից դուրս գտնվող երկրներից պահանջել է հարգել Իրաքի ինքնիշխանությունը եւ չմիջամտել այդ երկրի ներքին գործերին։
Միաժամանակ հիմնահարցի օրակարգով Իրաքի ղեկավար քառյակը՝ վարչապետ Աբդուհմեհդին, նախագահ Սալեհը, խորհրդարանի խոսնակ Մոհամեդ ալ Հալբուսին եւ դատական գերագույն խորհրդի նախագահ Ֆաեք Զիդան, նոյեմբերի 10—ին նիստ են գումարել, որտեղ շեշտվել է, որ իրաքցիների բողոքի ցույցերն օրինական շարժում են, որոնց մասնակիցները պահանջում են երկրի շահերին ծառայող բարեփոխումներ։ Նրանք դեմ են արտահայտվել ցուցարարների նկատմամբ կիրառված բռնություններին եւ խոստացել պատժել օրինազանցներին եւ հանցագործներին։ Իրաքի ղեկավարությունը նաեւ որոշում է ընդունել ազատ արձակել ձերբակալված բոլոր ցուցարարներին, ինչը համընկնում է Վաշինգտոնի պահանջին։ Նշյալ նիստում ընտրությունների նոր օրենսգրքի մշակման վերաբերյալ եւս որոշում է ընդունվել, որով վերջ կդրվի կուսակցությունների մենաշնորհին, եւ ընտրությունները կանցկացվեն արդար մրցակցությամբ։
Իրաքյան զարգացումների առնչությամբ հատկանշական են նաեւ այդ երկրում շահեր հետապնդող հարեւան Թուրքիայի տեսակետները։ Նոյեմբերի 8—ին նախագահ Էրդողանը, խոսելով Իրաքում տեղի ունեցող ցույցերի ու հետեւանքների մասին, նշել է, թե դրանց բորբոքելու նպատակը պառակտում առաջացնելը, իսլամական աշխարհը մասնատելն է։ Նա նշել է, թե ցույցերի հետեւում կանգնած են ուժեր, որոնք, հավանաբար, ձգտում են դրանք արտահանել Իրան։ Նա, ակնարկելով Քյարբալայի դեպքերը, որոնց ընթացքում եղան զոհեր, եւ շիաբնակ նահանգներում ցուցարարների հնչեցրած հակաիրանական կարգախոսները, հավելել է, որ ենթադրում է, թե ինչ ուժեր են ցույցերի թիկունքում կանգնած ու խրախուսում դրանք։ Այլ կերպ ասած՝ նա իրաքյան դեպքերի առնչությամբ ոչ բացահայտ մեղադրել է ԱՄՆ—ին, միաժամանակ դժգոհել Իրանից՝ Սիրիայի հյուսիսում թուրքական զինված ուժերի ներխուժումը քննադատելու առնչությամբ՝ շեշտելով, թե անգամ Իրաքի Քրդստանի ինքնավարության ղեկավարությունն էր ըմբռնումով մոտեցել հարցին։ Ի դեպ, նա ավելի վաղ մի առիթով Իրանի նախագահ Հասան Ռոհանիից պահանջել էր «արգելել» Թուրքիայի նկատմամբ քննադատությունները։

12-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO