Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ԼՂՀ


Արախիշի զարմանահրաշ խաչքարը

Այսօրվա Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի 3 մեծ վտակի՝ արեւմտյան կողմի Աղավնոյի, միջին Հոչանցի եւ արեւելյան Շալուայի հովիտներում պահպանվել են հայոց պատմամշակութային շատ հուշարձաններ, որոնք հուշում են, որ պատմական Մեծ Հայքի Արցախ եւ Սյունիք աշխարհների այս տարածքներում մինչեւ 18—րդ դարակես մեր պապերն են ապրել։ Նրանց թողած պատմամշակութային ժառանգությունը, թեկուզ երկուսուկեսդարյա գերությունից հետո, պարզապես խոսում է այն մասին, որ մեր նախնիներն այդտեղ դարերի ընթացքում ստեղծել ու արարել են, վանքեր ու եկեղեցիներ կերտել, քարե կամարակապ կամուրջներ հիմնել։ Հազարամյակների պատմություն ունեցող ամրոցների ավերակներն ու հնադարյան դամբարաններն էլ հուշում են՝ այս տարածքները շատ վաղուց եղել են հայ մարդու բնօրրան։
Վերջին 2—3 դարի ընթացքում մեր երկրին տիրացած քոչվորները մեծ ավերածություններ են կատարել հուշարձանների հանդեպ։ Բազում եկեղեցիներ հիմնովին ավերվել են, թշնամին հատկապես ավերել եւ հողի երեսից վերացրել է հայոց գերեզմանատները՝ փորձելով վերացնել հայկական հիշեցնող ամեն ինչ։ Սակայն, այսքանով հանդերձ, այսօր այս տարածքներում ցանկացած անտառում ու ձորակում, սարահարթին ու ժայռապռնկին, գետափին ու լեռնալանջին, ծերպերին աչքդ կշոյեն հայ վարպետի քանդակած խաչն ու զարդանախշը, վիմագիր արձանագրությունը, թփուտներով պատված մատուռի ավերակը, ժայռին թառած եկեղեցին։
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք—Վակունիս գավառի Շալուա եւ նրա արեւելյան Արախիշ/Րախիշ/ վտակի միացման տեղում՝ ձախափնյա հարթությունում, ծովի մակերեւույթից 1270 մ բարձրության վրա մեծ քարաբեկորին խաչեր կան քանդակված։ Այստեղից սկսվում է անտառապատ բավականին թեք լանջը՝ ձգվելով մոտ 130 մետր ուղղահայաց վեր։ Այստեղ ամբողջ լանջը եզերվում է ուղղաձիգ ժայռերով, իսկ վերեւում արդեն մի մեծ հարթություն է՝ ալպիական մարգագետին։ Հարթության հարավային մասում՝ հենց ժայռապռնկին, տարիներ առաջ Մովսեսաշենի եւ Վազգենաշենի բնակիչները հայոց հանգստարանի տեղ են հայտնաբերել, որտեղ կա 10—ից ավելի շիրմաքար։ Հիմնականում հարթ տապանաքարեր են՝ առանց արձանագիր։ Սրանց մեջ է արվեստի իսկական գլուխգործոց մի խաչքար, որն ունի արձանագրություն։
Հուշակոթողը կերտված է դեղնավուն քարից։ Չափերն են՝ 235—105—35 սմ, վերեւի մասը կիսակլոր է, ավարտվում է սլաքով։ Կոթողը հիշեցնում է մուտք՝ եզրափակված 3 շերտով։ Առաջին շերտը կազմված է կլորավուն մոտ 50 զարդանախշերով, երկրորդը ամբողջական կլոր եզր է՝ բաժանված առաջինից բարակ փոսորակով։ Երրորդ շերտի վրա արձանագրությունն է, որն սկսվում է ներքեւի ձախակողմյան անկյունից եւ վերջանում աջ անկյունում։ Տարածքի պատմական հուշարձանների լավագույն գիտակ Ալեքսան Հակոբյանի հետ հուշակոթողն ուսումնասիրել ենք 2000 թ. հունիսին։ Պատմաբանն արձանագրությունը վերծանել է. «ՅԱՆՈՒՆ Ա/ՍՏՈՒԾՈ/Յ, ԵՍ՝ ԳԵՐԳ ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԷՉՍ Ի ԲԱՐԷԽԱՒՍՈՒԹ/Ի/Ւ/Ն/ ԻՆՁ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՅ ԻՄՈՅ ՄԻՆԱՅԻՆ ԵՒ ԱՂԲԷՐԱՑՆ Չ…»։ Խաչքարի ձախ ներքին անկյունը կոտրված է, եւ բնականաբար հնարավոր չէ ամբողջությամբ ընթերցել արձանագրությունը։ Սակայն վերջին Չ տառը, հավանաբար, խաչքարի կերտման թվագրության առաջին թիվն է՝ 700։ Չ—ից հետո նշմարվում է նաեւ Կ (60 թիվ) տառի մասնիկը։ Սա հուշում է, որ խաչքարը կերտվել է Հայոց ՉԿ (հնարավոր է, որ եղել են տասնավոր եւ միավոր արտահայտող տառեր) թվականին։ Այսպիսով, հրաշակերտ այս խաչքարը կանգնեցվել է 1311—1320—ական թվերին (760+551=1311)։ Ա. Հակոբյանը նշում է, որ վիմագրությունում հիշատակված իշխան Գեւորգն ու նրա կին Մինան նվիրատվության արձանագրություն են թողել նաեւ Գանձասարում. «ԿԱՄԱՒՆ Ա/ՍՏՈՒԾՈ/Յ, ԵՍ՝ ԳԵՐԳ, ՈՐԴԻ ՀԱ//ՅՐԱՊԵՏԱՅ, ԵՒ ԱՄՈՒՍԻՆ ԻՄ ՄԻՆԱ, ԻՇԽԱՆՈՒ//ԹԵ/ԱՆ/ ՋԱԼԱԼԻՆ ՄԻԱԲԱՆԵՑԱՔ Ս/ՈՒՐ/Բ ՈՒԽՏԻՍ, ՏՎԱՔ //ԸՆԾԱ/Յ/։ Տ/Է/Ր ՅՈՀ/ԱՆՆԷՍ/ ԵՒ ՄԻԱԲԱՆՔՍ ՏՎԻՆ ՊԱՏԱՐԱԳ// ՆՈՐ ԿԻՐԱԿ/Է/ԻՆ։ ԿԱՏԱՐԻՉՔՆ Ա/ՒՐ/ՀՆԻՆ ՅԱ/ՍՏՈՒԾՈ/Յ, ԽԱՓԱՆ//ՈՂՆ ԴԱՏԻ։ ԹՎ/ԻՆ/։ ՉԿԷ»։ /=1318թ./։ Այս արձանագրությունից իմանում ենք, որ Գեւորգի հոր անունը Հայրապետ է։
Խաչքարից դեպի հյուսիս—արեւելք՝ մոտ 2 կմ հեռու, պահպանվել են հայոց 2 եկեղեցիներ՝ դարձյալ 12—14—րդ դարերում կառուցված։ Եկեղեցիներից մեկը թուրքերի կողմից պայթեցվել է 1983 թ.։ Այն այժմ էլ, թեկուզ կիսականգուն, հիացնում է իր կերտվածքով ու գեղեցկությամբ։ Այս սրբավայրի տարածքում պահպանված տապանաքարերից մեկը պատկանում է Գեւորգ իշխանի եղբորը։ Այդ է վկայում տապանաքարի վրայի արձանագրությունը. «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԲԱԽՏԱՅ, ՈՐԴԻՈՅ ՀԱՅՐԱՊԵՏԱՅ, // ՈՐ ԿԱՐԻ ԾԵՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՂՃԱՆԵՑԱՎ։ // ՅԻՇԵՑԷՔ // Ի ԲԱՐԻՆ։ ԹՎԻՍ ՉԽԷ»։ (1298թ.)։ Մյուս եկեղեցին միանավ թաղածածկ կառույց է՝ համարյա կանգուն վիճակում. դիմացը՝ ժայռի վրա խաչեր կան քանդակված։ 2 եկեղեցիների շրջակայքում պահպանվել են մի քանի տասնյակ տապանաքարեր ու խաչքարեր։ Առհասարակ, տարածքում հայկական շատ հուշարձաններ են պահպանվել։ Հայրապետի, Գեւորգի, նրանց հետնորդների մասին էլի հիշատակություններ կան Գանձասարի վանքում եւ Արախիշի տարածքում։ Սա հուշում է, որ այդ շրջանում այս տոհմի ներկայացուցիչները եղել են Արցախ աշխարհի Վայկունիք—Վակունիս (հետագայում՝ Մաղավուզ) գավառի իշխաններն ու հոգեւորականները։
Վերջերս Վազգենաշեն գյուղի բնակիչ, Մովսեսաշենի դպրոցի նախկին տնօրեն Միքայել Բալայանի հետ եւս մեկ անգամ ուսումնասիրեցինք տարածքը։ Վազգենաշեն գյուղը Շալուա գետի վրա է։ Այստեղից ճանապարհը բաժանվում է 2 մասի։ Ուղիղ՝ դեպի հյուսիս Շալուա համայնքն է՝ մի քանի գյուղերով, իսկ դեպի աջ՝ արեւելք ընթացող ճանապարհը տանում է Քարվաճառ։ Այս ճանապարհների հատման տեղից քիչ հյուսիս սկսվող անտառապատ սարալանջին պահպանվել է միջնադարյան գերեզմանոցը՝ փոքր եւ հասարակ խաչքարերով։ Խորհրդային տարիներին ադրբեջանցիներն այստեղ անասնապահական գոմեր են կառուցել։ Քանդված տեղում՝ մոտ 2 մ խորությամբ, բացվել են ավելի հին դամբարաններ։ Փոքր գետակը դարերի ընթացքում լեռնալանջը 2 մասի է բաժանել։ Աջ կողմում մի ժայռաբեկորի վրա փոքր գուռ կա, իսկ կողքերին խաչեր են քանդակված։ Հավանաբար, այն ծառայել է որպես մկրտության ավազան։
Այստեղից մոտ 100 մ դեպի արեւմուտք շինության ավերակ կա՝ մեջը եւ կողքին խաչքարեր ու տապանաքարեր։ Կառույցի չափերն ու հորինվածքը հուշում են, որ այն եղել է եկեղեցի եւ հետագայում ավերվել։ Այստեղից ժամանակին ճանապարհը բարձրացել է վեր՝ հիշատակված արձանագիր խաչքարը։ Բռնում ենք պատմական ճանապարհը եւ բարձրանում։ Զգացվում է, որ այս ուղին դարեր առաջ եղել է բանուկ (պահպանվել են եզրաքարերը), եւ շատ ուխտավորներ են եկել տարածքի սրբավայրերը։ Բարձրանում ենք վեր, հասնում լանջը եզերող ժայռերին։ Այստեղ ժայռերի մեջ բացված մուտքից աջ կողմում խաչեր են քանդակված։ Դրանցից քիչ վերեւ է խաչքարը, որն արդեն կանգուն է եւ տարածքի բնակչության համար դարձել է սրբավայր ու հուշարձան։ Միքայելն ասում է, որ հոգեւոր տոներն ու հիշատակի օրերն այստեղ են կազմակերպում միջոցառումներ։
Այսպիսով, 700 տարի առաջ Գեւորգի կողմից կանգնեցրած խաչքարն այսօր եւս դարձել է ուխտավայր, ինչպես դարեր առաջ։ Խաչքարի մոտ պահպանված հարթ տապանաքարերը եւ պատերի հետքերը հուշում են, որ տարածքում նաեւ եկեղեցի է եղել, իսկ հարթ տապանաքարերը պատկանել են սրբավայրի հոգեւորականներին եւ, ինչպես ընդունված է, գտնվել են գավթի կամ տաճարի մուտքի մոտ։ Եկեղեցու գոյության մասին են խոսում նաեւ մոտակա ժայռից ներքեւ թափված սրբատաշ քարերի բեկորները։ Փորձում ենք ավերակների միջից գտնել հուշակոթողի կոտրված մասը, սակայն ապարդյուն։ Խորհրդային տարիներին եկեղեցին ու գերեզմանոցն ավերել են՝ ցանքատարածքներ հիմնելու նպատակով, եւ շատ տապանաքարեր, եկեղեցու քարերը գլորվել են ժայռերից ցած։ Փորձում ենք նաեւ ներքեւում փնտրել կոտրված մասը։ Այն չկար, բայց մի քանի տապանաքար, եկեղեցու քիվի կտորներ, անկյունաքարեր գտնվեցին։ Եվ մեր փնտրտուքի հիմնական արդյունքը եւս մեկ ավերված մատուռ հայտնաբերելն էր։ Հիշատակված պատմական ճանապարհի եզրին է եղել մատուռը։ Կառուցված է կոպտատաշ քարից, կրաշաղախով։ Պատերն ունեն մոտ 1 մ հաստություն։ Կարեւորը՝ պահպանվել է խորանի խաչքարը, որը գրեթե կլոր է՝ վրան 5 խաչեր են քանդակված, ունի 120 սմ տրամագիծ։ Շինության մեջ ծառեր ու թփեր են աճել։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

22-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO