Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը առանց ծանր ու հետեւողական ջանքերի, առանց փոխզիջման»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն Իտալիայում

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Միլանում աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպում է ունեցել իտալական գործարար եւ ներդրումային շրջանակների ներկայացուցիչների հետ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Իտալիայի միջեւ ներդրումային համագործակցության եւ համատեղ նոր ծրագրերի հեռանկարները։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները՝ անդրադառնալով էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մի շարք այլ ոլորտների զարգացման դինամիկային։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը հիմնարար բարեփոխումներ է իրականացնում տարբեր ոլորտներում, ներառյալ՝ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, Հայաստանում ներդրումների պաշտպանության գործուն մեխանիզմներ են գործում, եւ ներկայում ստեղծված են լավ հնարավորություններ՝ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու համար։ Կառավարության ղեկավարը նաեւ խոսել է Հայաստանի անդամակցության շրջանակում ստեղծված հնարավորությունների մասին՝ նշելով. «Դուք կարող եք եվրոպական մակարդակի բիզնես ունենալ եւ ազատ, առանց մաքսատուրքերի մուտք գործել 200 միլիոնանոց շուկա»։
Վարչապետ Փաշինյանը նաեւ պատասխանել է իտալական գործարար շրջանակների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին հարեւան երկրների հետ հարաբերություններին, մեր երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումներին, Հայաստան—Եվրոպական միություն հարաբերություններին եւ այլն։ Անդրադառնալով ԵՄ հետ համագործակցության շրջանակում առկա հնարավորությունների վերաբերյալ հարցին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի արտադրողներն օգտվում են Եվրամիության GSP+ արտոնյալ ռեժիմից, ինչպես նաեւ GSP ռեժիմից՝ ԱՄՆ—ի եւ մի շարք այլ երկրների հետ առեւտրում։
Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչները ողջունել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները եւ նշել, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային գործունեության ծավալմամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առարկայական քննարկումներ սկսել կոնկրետ ծրագրերի շուրջ։
Աշխատանքային ճաշին մասնակցել են իտալական «Mediobanca» ներդրումային բանկի նախագահ Ռենատո Պալիարոն, «Mediobanca» ներդրումային բանկի «Corporate and Investment banking»—ի Հռոմի գրասենյակի ղեկավար, «Corporate and Investment banking»—ի գործադիր փոխնախագահ Անտոնիո Գուլիելմին, «Mediobanca» ներդրումային բանկի էներգետիկ խմբի համանախագահ Կլաուդիա Ֆորնարոն, «Cassa depositi e prestiti» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Ֆաբրիցիո Պալերմոն, «Terna» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Լուիջի Ֆերարիսը, «Terna» ներդրումային ընկերության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Լուկա Տորկիան։
Հանդիպմանը հաջորդել է «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով անցկացվող հայ—իտալական գործարար համաժողովը, որի կազմակերպիչներն են Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Իտալիայի առեւտրային գործակալությունը, «Assolombarda» եւ «Mediobanca» ներդրումային ընկերությունները։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն արտաքին ներդրումների մասով՝ երաշխավորելով սեփականության լիարժեք պաշտպանություն։
Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը մասնակցել է հայ—իտալական համաժողովի շրջանակում հարցուպատասխանի ձեւաչափով քննարկմանը, որի ընթացքում պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին։
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը երեկ Միլան քաղաքում հանդիպել է Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ։ Միլանը Իտալիայի Լոմբարդիայի շրջանի մայրաքաղաքն է։
Նիկոլ Փաշինյանը եւ Ֆաբրիցիո Սալան քննարկել են Հայաստանի եւ Լոմբարդիայի միջեւ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել մեքենաշինության, բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, նորարարական կրթության, ստարտափների խթանման ուղղութամբ համատեղ ծրագրերի հեռանկարներին։ Երկուստեք նշվել է, որ համատեղ նախաձեռնությունները կնպաստեն գործարար շրջանակների միջեւ վստահության մթնոլորտի ամրապնդմանը եւ կխթանեն նոր ներդրումները։
Վարչապետն անդրադարձել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ նշել, որ կառավարության նպատակն ազատ տնտեսական միջավայրի ձեւավորումն է, որը կնպաստի ներդրումների ներգրավմանը։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է ինտեգրացիոն միավորումների՝ թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ հետ համագործակցության շրջանակում Հայաստանում գործարարությամբ զբաղվելու համար առկա հնարավորությունները եւ առաջարկել Լոմբարդիայի փոխնահանգապետին նահանգի գործարար շրջանակներին փոխանցել այդ տեղեկատվությունը։ Ի պատասխան՝ Ֆաբրիցիո Սալան նշել է, որ Լոմբարդիայի նահանգի բիզնես շրջանակները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, եւ տեղեկացրել է, որ կդիտարկեն Հայաստան գործարար առաքելություն ուղարկելու հարցը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ զբոսաշրջային ներուժի իրացման կարեւորությանը եւ կարեւորել 2020 թ. հունվարից «RyanAir» ավիաընկերության կողմից Հռոմ—Երեւան եւ Երեւան—Միլան ուղիղ չվերթների գործարկումը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առարկայական քննարկումներ սկսել համապատասխան գերատեսչությունների մակարդակով եւ ակտիվ աշխատել կոնկրետ ծրագրերի շուրջ։
Իսկ նախօրեին Նիկոլ Փաշինյանը Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում հանդիպել է Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ։
Միլանի քաղաքապետը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Իտալիա եւ մասնավորապես, Միլան քաղաք՝ այն համարելով լավ հնարավորություն համագործակցության հարցերը քննարկելու համար։ Նա նշել է, որ Միլանը դինամիկ առաջ շարժվող, բազմազգ քաղաք է, եւ ներկայացրել է Միլանի՝ որպես Իտալիայի խոշոր ֆինանսատնտեսական, արդյունաբերական կենտրոնի զարգացման ծրագրերը։ Ջուզեպպե Սալան խոսել է, մասնավորապես, քաղաքային զարգացման, նորարարությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին եւ մանրամասներ ներկայացրել քաղաքում հանրային տրանսպորտի բնագավառում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է Իտալիա պաշտոնական այցի շրջանակում Միլան այցը, որն Իտալիայի ֆինանսական, տնտեսական, մշակութային կարեւորագույն կենտրոններից է։ ՀՀ վարչապետը ողջունել է Միլանի զարգացմանը միտված ծրագրերը եւ նշել, որ Հայաստանը եւ մայրաքաղաք Երեւանը հետաքրքրված են տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման համատեղ նախաձեռնություններով։ Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը կարեւորել է հանրային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների շուրջ փորձի փոխանակումը եւ համատեղ քննարկումները։ Հայաստանի վարչապետը նաեւ անդրադարձել է 2020 թվականի հունվարից «Ryanair» ավիաընկերության կողմից Երեւան—Միլան—Հռոմ չվերթի գործարկման կարեւորությանը, որը կխթանի Հայաստանի եւ Իտալիայի միջեւ տնտեսական, գործարար, մշակութային, զբոսաշրջային եւ մարդկային կապերը, կամրապնդի քաղաքական հարաբերությունները։
Հայաստանի վարչապետը եւ Միլանի քաղաքապետը կարեւորել են Միլանի հայ համայնքի դերակատարությունը Հայաստան—Իտալիա հարաբերությունների ամրապնդման գործում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ—իտալական մշակութային կապերի զարգացման հեռանկարների շուրջ։
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկ այցելել է Միլանի կաթոլիկ տաճար, շրջել տաճարով, ծանոթացել պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող տաճարի ճարտարապետությանն ու պատմությանը։
Իսկ նախօրեին նրանք այցելել են Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոն եւ դիտել Ռիխարդ Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան։
Ի դեպ, նախօրեին վարչապետ Փաշինյանն այցելել է Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն եւ հանդես եկել ելույթով «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը։ Վարչապետն իր ելույթում անդրադառնալով ԼՂ խնդրին, մասնավորապես, նշել է. «Հակամարտության արմատներն սկիզբ են առնում Խորհրդային Միության վաղ ժամանակներից, երբ կոմունիստական կուսակցության կամայական որոշմամբ Ադրբեջանին հանձնվեց հայկական այդ շրջանը, որի բնակչության 95 տոկոսը հայեր էին։ Դա տեղի է ունեցավ 1920—ականների սկզբին բոլշեւիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։
Այնուհետեւ, քանի որ խորհրդային կայսրությունը կազմալուծման գործընթաց էր ապրում, մյուս հանրապետությունների պես Ադրբեջանը եւս դուրս եկավ ԽՍՀՄ—ից։ Համաձայն Խորհրդային Միության սահմանադրության, եթե որեւէ անդամ—հանրապետություն հայտարարում էր ԽՍՀՄ—ից առանձնանալու մտադրության մասին, նրա իրավասության տակ գտնվող ինքնավար մարզերն իրավունք ունեին որոշել իրենց կարգավիճակը, ընդհուպ այդ հանրապետությունից անջատումը։
Օգտվելով սովետական սահմանադրությունից՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը կիրառեց ինքնորոշման իր իրավունքը։ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից անկախություն հռչակեց ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը Խորհրդային Միությունից անջատվեց։
Այս անգամ Ադրբեջանի իշխանությունները ռազմական ուժ կիրառեցին հայերի դեմ։ Նրանք ծավալեցին լայնամասշտաբ պատերազմ՝ սպառնալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը։ Ի պատասխան գոյապահպանական այդ սպառնալիքին՝ հայերը, որոնք կազմում էին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր բնակչության մոտ 80 տոկոսը, դիմեցին ինքնապաշտպանության։ Նրանց հաջողվեց պաշտպանել իրենց հողը եւ ստիպել, որ Ադրբեջանը համակերպվի նոր իրավիճակի հետ։ Արդյունքում՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հրադադարի պայմանագիր ստորագրվեց 1994 թվականի մայիսի 12—ին։
Հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն սկսվել է դեռեւս 1992 թվականին՝ զինադադարի մասին համաձայնագրի ստորագրումից առաջ։ Միջազգային հանրության կողմից հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խումբը սահմանեց, որ հակամարտությունն ունի երեք կողմ՝ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը։ Այս փաստը վերահաստատվեց 90—ականների սկզբի բազմաթիվ միջազգային փաստաթղթերով։
Իսկապես, երկար ժամանակ Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին՝ որպես բանակցային գործընթացի կողմ։ 1990—ականների սկզբին նույնիսկ մի շարք հանդիպումներ են անցկացվել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի առաջնորդների, ինչպես նաեւ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների միջեւ։
Ցավոք, չնայած տասնամյակներ շարունակ միջազգային միջնորդների գործադրած ջանքերին, ղարաբաղյան հակամարտությունը դեռեւս մնում է չլուծված։
Որո՞նք են այս իրավիճակի պատճառները։ Նախ եւ առաջ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Նրանք պնդում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է համարվի Ադրբեջանի անբաժանելի մասը։ Բայց դա իսկապես շատ տարօրինակ դիրքորոշում է։ Մի կողմից՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են, որ Լեռնային Ղարաբաղը լինի իրենց տարածքային ամբողջականության մաս։ Մյուս կողմից, նրանք չեն ցանկանում երկխոսություն վարել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Սա մի փոքր տարօրինակ չէ՞։
Ի՞նչ է նշանակում նրանց այս կեցվածքը։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստորեն չեն ցանկանում բանակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ պարզապես այն պատճառով, որ նրանք սոսկ տարածք են ուզում, բայց ոչ ժողովուրդ։ Ավելի ճիշտ՝ տարածքներ առանց ժողովրդի։ Դա նշանակում է, որ նրանք հույս ունեն հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, այն է՝ գրավել Լեռնային Ղարաբաղի տարածքը, անցկացնել էթնիկ զտումներ եւ ազատվել ինչպես հայերից, այնպես էլ ինքնին այդ խնդրից։
Իրոք, շատ պատճառներ կան հավատալու, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակությանը պատրաստում են պատերազմի։ Սա է պատճառը, որ նրանք հակահայկական տրամադրություններ են բորբոքում իրենց ժողովրդի մեջ։ Ահա թե ինչու նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա։ Ահա թե ինչու հակահայկական ատելության խոսքը դարձել է պաշտոնական քաղաքականություն Ադրբեջանում։ Ահա թե ինչու հայատյացությունը դարձավ պետական քաղաքականություն Ադրբեջանում։
Ես այդ քաղաքականության որոշ կոնկրետ օրինակներ կբերեմ գործողության մեջ։
Ցանկացած օտարերկրացի, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ, հայտնվում է Ադրբեջանի սեւ ցուցակում։ Այս ցանկում արդեն ընդգրկված է ավելի քան 850 մարդ։ Որեւէ երկրի քաղաքացիներ, ովքեր կրում են հայկական ազգանուն կամ կասկածվում են, որ հայկական էթնիկ ծագում ունեն, չեն կարող մուտք գործել Ադրբեջան։ Այս քաղաքականությունը երբեմն նույնիսկ ծիծաղելի դրսեւորումներ է ունենում։ Ընդամենը մի քանի օր առաջ մի վարորդի բերման ենթարկեցին Բաքվում՝ պարզապես հայկական փոփ երգ լսելու համար։
Բայց ամենաողբերգականն ու ցինիկը Ռամիլ Սաֆարովի մասնակցությամբ դեպքն էր, ով Բուդապեշտում կացնով սպանեց ՆԱՏՕ—ի սեմինարին մասնակցող իր հայ դասընկերոջը քնած ժամանակ։ Նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման, այնուհետեւ Հունգարիայի իշխանությունների կողմից նա արտահանձնվեց Ադրբեջանին։ Դրանից հետո նրան ողջունեցին որպես Ադրբեջանի ազգային հերոս։ Նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում շնորհեց. բարձրացվեց նրա զինվորական կոչումը եւ շնորհվեց բնակարան։
Անկախ այս բոլոր հանգամանքներից՝ չնայած Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությանը, Հայաստանը ձեռնարկում է կոնկրետ քայլեր հակամարտության փոխընդունելի լուծում գտնելու ուղղությամբ։ Այդ նպատակով մոտ մեկ տարի առաջ ես հրապարակավ հայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։
Ես առաջին հայ առաջնորդն էի, ով բարձրաձայնեց նման դիրքորոշում։ Իմ երկրում ինձ խիստ քննադատեցին այդ բանաձեւի համար, որը երեք կողմերին հավասար հիմունքներով է դիտարկում։
Այդուամենայնիվ, ես համոզված եմ, որ դա հակամարտության խաղաղ եւ տեւական կարգավորման միակ ճանապարհն է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի եւ հավասարակշռման հնարավորություն։
Որպեսզի առաջ շարժվենք, ես նման հայտարարություն եմ ակնկալում նաեւ Ադրբեջանից։ Եթե մենք լսենք այդպիսի հայտարարություն նախագահ Ալիեւից, դա իսկական առաջընթաց կլինի բանակցային գործընթացում։
Այդուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ խաղաղ բանակցություններին եւ խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա։
Նախ եւ առաջ, բացարձակապես անօգուտ է սպառնալիքի լեզվով խոսել Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ։ Դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։
Մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիան աղետալի հետեւանքներ կունենա նույնիսկ գլոբալ տեսանկյունից։ Ներգրավվելով ռազմական արկածախնդրությունների մեջ՝ Ադրբեջանը կարող է պարարտ միջավայր ստեղծել այն ահաբեկիչների համար, ովքեր կորցրել են իրենց ազդեցությունը Սիրիայում եւ Իրաքում, եւ այժմ փնտրում են նոր տարածքներ՝ իրենց գործողությունների համար։
Աշխարհագրական առումով, Ադրբեջանը կարող է ծառայել որպես հենակետ՝ տարածաշրջան բոլոր չորս ուղղություններով նրանց ներթափանցման համար՝ հարավից, հյուսիսից, արեւելքից եւ արեւմուտքից»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությանը, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարական գործընթացներին, Հայաստան-Իտալիա հարաբերություններին եւ այլն։

22-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO