Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին

Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն Սախարովի դեմ գրված «սարսափելի հոդվածի» համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


...Ս. Կապուտիկյանին «առաջադրվող» հաջորդ մեղադրանքը «Սփյուռքը «Քարավաններում» կոպտագույն սխալներով» ներկայացնելն էր։ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Հակոբյանի խոսքով՝ «Քարավանները դեռ քայլում են» ուղեգրությունը 1962—63 թթ. Մերձավոր Արեւելքի հայկական համայնքներ (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս) կատարած Կապուտիկյանի ուղեւորության անմիջական տպավորություններով գրված, սփյուռքի բոլոր կառույցները իրատեսորեն պատկերող ուղեգրություն է, որը, տպագրվելով 1965 թ., հիացմունքի մեծ ալիք է բարձրացնում ոչ միայն խորհրդահայ, այլեւ սփյուռքահայ ընթերցողների շրջանում, բարձր գնահատվում տեղի եւ սփյուռքի ազդեցիկ մտավորականների, հասարակական—քաղաքական գործիչների, գրականագետների կողմից։
«Այն բնորոշվեց իբրեւ սփյուռքի մասին պատկերացում տվող գրվածքներից ամենածավալունը, ամենից հարուստը, ընդգրկունը։ …Սփյուռքի խոշորագույն հատվածների համայնապատկերը ներկայացնելու պատիվն ու պարտավորությունն ունեցող երկ։ Ի հավելումն այս գնահատականների՝ Լ. Հախվերդյանը գրում է. «Հիրավի, դյուրին բան չէ ներկայացնել սփյուռքը իր ունեցած վարժարաններով, կրթարաններով, մամուլով, կուսակցություններով եւ կուսակցական հակամարտություններով, մշակութային ու բարեգործական միություններով… Այսքան էջերը հագեցնելու համար, իրոք, պետք է հագեցած լինել ոչ միայն հուզականորեն… այլեւ իմացությամբ սփյուռքի անցյալի ու ներկայի մասին»։ Մեկ այլ գնահատականում նշվում է. «Քայլ առ քայլ հետ տանելով վարագույրը՝ Կապուտիկյանը բացում է սփյուռքահայության կյանքի պատկերն իր դժվարություններով ու փորձություններով, մաքառումով ու պայքարով, ողբերգություններով ու ողբերգությունից ծնունդ առնող զավեշտով...։ «Քարավանները դեռ քայլում են» գիրքը բանաստեղծուհու հայրենասիրական հորդացող զգացումների, հայրենիքի, մայր ժողովրդի ճակատագրի, անցյալի, ներկայի ու ապագայի շուրջ ունեցած մտածումների, խոհերի, դատումների հավաքական արտահայտությունն է»։ Ուղեգրության հիպնոսող ազդեցությունից զերծ չի մնում նաեւ Մարտիրոս Սարյանը։ Քարավաններին տրված բազմաթիվ դրական գնահատականներից չենք կարող չառանձնացնել սփյուռքահայ մեծանուն գրող, գրական միջավայրում իր ծայրաստիճան բծախնդրությամբ հայտնի Շահան Շահնուրի՝ Կապուտիկյանին ուղղված նամակը, որում նշվում է. «Կարավաններով Դուք գրած եք մեծապես թանկագին գիրք մը, որուն առթիվ պետք չէ վարանիլ գործածելու դրվատանքի ամենեն լեցուն տարազները... Առաջին անգամն է, որ Ձեզ կկարդամ եւ կխոստովանիմ, որ կարելի չէ պաղարյունությամբ խոսել գիրքի մը վրա, որ ընթերցողը կալեկոծե, կխռովե եւ ներքին փլուզումի ծայրավիճակներուն կհասցունե։ Անզուգական իր տեսակին մեջ ան կպարզե զգացական եւ իմացական աշխարհ մը, որ ձիրքերով հարուստ գրիչե մը միայն կրնա գալ»։ Շ. Շահնուրի նամակը չափազանց կարեւոր է նաեւ իբրեւ սփյուռքը մինչեւ ուղնուծուծը ճանաչող սփյուռքահայի վավերագիր։ «Այսքանից հետո մնում է հարցնել «Սփյուռքը «Քարավաններում» կոպտագույն սխալներով ներկայացնելու» տեսակետի հեղինակին՝ այդ ի՞նչ «կոպտագույն» սխալներ ես նկատ՜ել, որոնք վրիպել են հենց սփյուռքահայերի աչքերից…»,–նկատում է 3. Հակոբյանը։
Գրականագետի խոսքով՝ հետխորհրդային շրջանում մեկ անգամ չէ, որ Ս. Կապուտիկյանը քննադատվել է կոմունիստական կուսակցությանը փառաբանելու համար, շահարկվել ու շահարկվում է նաեւ նրա Ստալինյան 2—րդ մրցանակ ստանալու փաստը, որը դիտվել է իբրեւ վարչակարգին ծառայելու պերճախոս վկայություն. «Հիշենք մեծանուն այն հայ գրողների անունները, ովքեր եւս «ծախել են» հայ գրողի պատիվը, այսինքն՝ Ստալինին բանաստեղծություններ են նվիրել՝ Ավետիք Իսահակյան («Մեծ Ստալինին»), Համո Սահյան («Ցնծություն»), Պարույր Սեւակ («Խաղաղություն եւ հաղթանակ»), Վահագն Դավթյան («Մոսկվա», «Առաջնորդի ծանոթ ծխամորճը...»)։ Կոմունիստական առաջնորդներին ձոներ նվիրել են գրեթե բոլոր խորհրդային գրողները, այդ թվում նաեւ՝ Չարենցն ու Շիրազը։ Բայց, որպես կանոն, նրանց այդ գովերգերը դիտվել են որպես ժամանակաշրջանի պարտադրանք, տուրք, նույնիսկ անհրաժեշտություն, իսկ Կապուտիկյանի պարագայում դա որակվել է իբրեւ «ստորաքարշություն», մեդալներ ու կոչումներ ստանալու, վարչակարգին կուրորեն ծառայելու միջոց»։ Կապուտիկյանին տրվող հիշյալ բնութագրումներն ու որակումները, Հակոբյանի համոզմամբ, մակերեսային են ու անձնավորված, քանի որ, ըստ նրա, խոսքը վերաբերում է մի ժամանակաշրջանի, երբ ամբողջ խորհրդային ժողովուրդն էր գաղափարախոսական հիպնոսի ազդեցության տակ։
Գրականագետն անդրադարձավ Կապուտիկյանի հասցեին հնչող եւս մեկ—երկու չհիմնավորված՝ «1958 թվականին Սախարովի դեմ գրված սարսափելի հոդվածի» եւ «Պաստեռնակին մահվան հասցնելու» մեղադրանքներին. «Համացանցային լրագրությանը հատուկ սենսացիոն վերնագրով՝ «Կապուտիկյանի ամենամեծ վրիպումը Սախարովի դեմ գրված սարսափելի հոդվածն էր» նյութը, որի գրելու դրդապատճառը ամենայն հայոց բանաստեղծուհու մահվան 11—ամյակն էր, որն ավելի մեծ թվով ընթերցող գրավելու նպատակ էր հետապնդում, քան թե բանաստեղծուհուն նվիրված հավուր պատշաճի ասված հիշատակի ու հարգանքի խոսք էր։ Գաղտնիք չէ, որ հոդվածի վերնագիրը հինգ անգամ ավելի շատ են կարդում, քան բուն հոդվածը։ Չսեւեռվելով նյութում հնչած մի շարք տեսակետների վրա, որոնց հետ համաձայն չենք (մասնավորապես՝ այն, որ Կապուտիկյանը կրում էր Սեւակի ազդեցությունը), անդրադառնանք գրականագետի՝ նյութի վերնագիր դարձած մտքին։ Գրողին, որը ռուս մտավորականության շրջանում նույնիսկ այլախոհ է համարվել իր չափազանց համարձակ ու սուր ելույթների համար, նման մեղադրանք ներկայացնողը առնվազն պետք է փաստեր ունենար։ Եվ եթե Կապուտիկյանի դեմ ուղղված՝ վերը թվարկված մեղադրանքները հիմնվում էին առկա փաստերի խեղաթյուրումների կամ կիսաճշմարտությունների վրա, ապա այս պարագայում միանգամայն անհասկանալի է նման մեղադրանքի դրդապատճառն ու անհայտ՝ դրա աղբյուրը»։ «Գզրոցներում», Գ. Հակոբյանի հիշատակմամբ, Կապուտիկյանն անդրադառնում է իր եւ Ելենա Բոների մտերմությանը, այնուհետեւ դարձյալ իրեն հատուկ անկեղծությամբ խոստովանում, որ նրա ամուսնությունը այլախոհ Սախարովի հետ իրեն վախեցրել է։ «Գուցե... տարօրինակ հնչի «վախ» բառը, բայց իզուր։
...Ճիշտ է այն, որ խորհրդային կյանքի ոլորաններով ու քարավաններով անցած յուրաքանչյուր մարդու մեջ միշտ էլ ներկա է եղել վախի զգացումը, եւ ես բացառություն չեմ կարող կազմել։ Միայն թե մեկին հաջողվել է հաղթահարել այդ զգացումը, մի երկրորդին մասամբ, երրորդին՝ ամենեւին։ Ինձ կարծես թե, ընդհանուր առմամբ, հաջողվել է դա, բայց, ցավոք, ոչ միշտ»,–գրում է Կապուտիկյանը՝ պատմելով, որ Մոսկվայում գտնվելով՝ խուսափել է հանդիպել Ելենա Բոներին՝ իր արածը որակելով իբրեւ «փոքրոգություն»։
«Սակայն ավելի ուշ, երբ Սախարովի դեմ հալածանքը ավելի էր ուժգնացել, Կապուտիկյանը սիրով հյուրընկալում է Հայաստանում գտնվող Սախարովին ու Ելենա Բոներին, նույնիսկ նրանց հիսուն ռուբլի պարտք է տալիս՝ Բոների հավանած վզնոցը գնելու համար։ «Մոսկվա վերադառնալուց մի շաբաթ հազիվ անցած՝ դրամը փոստով ուղարկեցին, եւ հիմա իմ թղթերում կա փոստային փոխադրության կտրոն—նամակը՝ գրված Սախարովի ձեռքով, շնորհակալական ջերմ արտահայտություններով։ Հետագայում ես շատ հանդիպումներ ունեցա արժանավոր այդ զույգի հետ եւ, կարծում եմ, այդ շփումների ժամանակ, մանավանդ ղարաբաղյան շարժման օրերին ինձ հաջողվեց եթե ոչ իրենց, գոնե իմ աչքում «ռեաբիլիտացիայի» ենթարկել իմ վարկը»։ Սա է Կապուտիկյան— Սախարով առնչության ամբողջ պատմությունը»,–պարզաբանում է գրականագետը։ Անդրադառնալով «Պաստեռնակին մահվան հասցնելու» մեղադրանքին՝ Գ. Հակոբյանը նշեց, որ Պաստեռնակի դեմ քննադատական, հենց բանաստեղծուհու բնորոշմամբ՝ «մի պարզունակ հիմարություն»– ելույթով Կապուտիկյանն իսկապես հանդես է եկել 1956 թվականին գրողների տանը գումարված ժողովում, իսկ բացատրությունն այն էր, որ ելույթի նախօրեին Կապուտիկյանը մի խումբ երիտասարդ գրողների հետ հանդիպում է սփյուռքից առաջին անգամ Երեւան ժամանած՝ «Նաիրի» շաբաթաթերթի խմբագիր Անդրանիկ Ծառուկյանի հետ, ամբողջ օրը շրջում պատմամշակութային օջախներով, իսկ վերջում էլ՝ մինչեւ գիշերվա 1–2—ը, Կապուտիկյանի տանը շարունակում են հոգեւոր ու մի քիչ էլ մարմնավոր,—կոնյակ, սուրճ, մրգեր,—խրախճանքը։ «…Երբ առավոտյան զարթնեցի, նոր միայն ինձ հաշիվ տվեցի երեկվա մեր արածի մասին. դաշնակցական գրող, հայհոյելու չափ ազատախոս եւ ազատամիտ արտասահմանյան խմբագիր, ու մենք մինչեւ ուշ գիշեր շրջել ենք նրա հետ՝ ինքներս էլ միանալով նրա բացախոսությանը մեր կարգերի, մեր կուսակցության հասցեին»։ «Գլուխ բարձրացրած «Homo Sovetikus»—ի բնազդական վախը Կապուտիկյանին մղում է ապացուցելու իր «գաղափարական նվիրվածությունը», եւ նա ամբիոն է բարձրանում՝ հնչեցնելով Պաստեռնակի դեմ ուղղված ելույթը, որի «կվինտ—էսենցիան» Պաստեռնակին Իսահակյանի հետ համեմատելն էր՝ հօգուտ Վարպետի մարդկային, բարեհամբույր, մեր ցավ ու հոգսով ապրող տեսակի»,–մեկնաբանում է Հակոբյանը՝ հավելելով՝ զղջումն ու ամոթի զգացումը տանջել է Կապուտիկյանին տարիներ շարունակ՝ ստիպելով այս միջադեպի մասին գրել «Գզրոցներում»։ «Ահա սա էր իմ ասածի «կվինտ—էսենցիան», մի պարզունակ հիմարություն, որը, սակայն, ցեխաջրի ցայտեր թողեց ինձ վրա, մնաց ներկաների եւ, ամենից շատ, իմ հիշողության մեջ...»,–ասել է Կապուտիկյանը։
Գրականագետի դիտարկմամբ՝ այն ժամանակ, երբ ամբողջ ԽՍՀՄ—ում գումարվում էին ժողովներ, դատապարտում «հայրենիքը ծախած, երկերեսանի» Պաստեռնակին, երբ նրան վարչակարգի գլխավոր դեմքերն էին հալածում՝ օգտագործելով հնարավոր ու անհնար բոլոր միջոցները, միամտություն է պնդելը, թե Կապուտիկյանի պարզունակ ելույթը կարող էր «մահվան հասցնել» գրողին։ «Արձանագրելով բանաստեղծուհու դեմ հնչած մեղադրանքների, քննադատությունների մերկապարանոց եւ անհիմն լինելը՝ նշենք, որ անուրանալի է գրական եւ հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի վաստակը։ Ապրելով ԽՍՀՄ դժվարին, մտավորականի ինքնությունն ու անհատականությունը ճնշող, ազգային արժեքները «մեծ ընտանիքի» շահերին պարտադրել ստիպող, այնուհետեւ հետխորհրդային բարդ ու հակասական ժամանակաշրջանում՝ նա առաջնորդվեց բացառապես ազգային հետաքրքրություններով ու շահերով՝ միշտ հավատարիմ մնալով մարդ կոչմանը»,–ընդգծեց Հակոբյանը՝ շեշտելով՝ մոլորություններն ու վրիպումները, որոնց մասին անկեղծորեն խոստովանել է հենց ինքը, եւս մարդկային են։ Ուստի գրականության պատմաբանները նրա կյանքն ու գործը քննելիս, ըստ գրականագետի, պարտավոր են նկատի ունենալ, որ յուրաքանչյուր երեւույթ պետք է քննել տվյալ ժամանակաշրջանի ծիրում, դիտարկել, գնահատել ու արժեւորել պատմական տվյալ ժամանակաշրջանի առանձնահատկություններից ելնելով։

05-12-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO