Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.09.2020
ԼՂՀ


Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը

Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա Հայաստան է, եւ վերջ…
Լեոնիդ Ազգալդյան


1993 թ. դեկտեմբերի 2-ին ԼՂՀ կառավարության հատուկ որոշմամբ ստեղծվեց Արցախի 7-րդ վարչական միավորը՝ Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր կենտրոնով։ Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը, որը բացվեց 1992-ի մայիսի 18-ին, դարձավ արդեն միավորող շրջան, կամրջող տարածք։ Դրանից ընդամենը մեկ ամիս առաջ էր ազատագրվել շրջանի հարավային մասը՝ Կովսական, Միջնավան քաղաքներով եւ ողջ տարածքով։ Մոտ 3380 ք/կմ տարածքով 26-ամյա շրջանն իր մեջ է առել պատմական Մեծ Հայքի Սյունիք եւ Արցախ աշխարհների Աղահեճ-Քաշաթաղ, Վայկունիք, Բերդաձոր, Կովսական, Քաշունիք, Գրհամ, Բարկուշատ եւ այլ գավառ ու գավառակ, որոնց մի մասը խորհրդային կարգերի կազմավորման սկզբում բռնակցվել էին Ադրբեջանի Լաչինի, Կուբաթլուի եւ Զանգելանի շրջաններին։
Ներկայիս Քաշաթաղի շրջանը, որն ունի 100—ից ավելի բնակեցված բնակավայր՝ ընդգրկված 4 քաղաքային եւ 50 գյուղական համայնքներում, ընկած է Հակարի գետի ողջ ավազանում՝ նրա հյուսիսային Աղավնո, Հոչանց եւ Շալուա 3 մեծ վտակներով հանդերձ, Որոտանի ստորին հոսանքի ավազանում եւ Ողջիի ու Ծավի միջին ու ստորին ավազաններում՝ ձգվելով Քարվաճառ—Քաշաթաղ սահմանային լեռնանցքից մինչեւ Արաքս՝ մոտ 200 կմ։ Արեւմուտքում սահմանակից է ՀՀ Սյունիքի մարզին, հյուսիսում եւ արեւելքում՝ Արցախի Հանրապետության Քարվաճառի, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Հադրութի շրջաններին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։
Շրջանի հյուսիսային կողմի մեծ մասը լեռնային է, իսկ հարավայինի կեսն ընկած է Արցախի, Բարկուշատի եւ Մեղրու լեռնաշղթաների նախալեռնային գոտում։ 1994—ի գարնանը շրջկենտրոն Բերձոր եկան առաջին վերաբնակիչները (13 մարդ)՝ շրջվարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանի գլխավորությամբ։ Հետագայում Քաշաթաղում վերաբնակեցվեցին Ադրբեջանի հայաշատ բնակավայրերից եւ Արցախի՝ թուրքերի կողմից բռնազավթված բնակավայրերից (Չայլու, Գետաշեն, Շահումյան, Մարաղա եւ այլն) գաղթած մեր հայրենակիցները։ Այնուհետեւ եկան նաեւ Սպիտակի երկրաշարժից ավերված բնակավայրերից։ 1996—98 թթ. կառուցվեց Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, որը Գորիս—Ստեփանակերտ մայրուղու վրա է։ 94—ի սեպտեմբերին բացվեցին շրջանի առաջին կրթօջախները՝ Բերձորի թիվ 1 միջնակարգը, որն սկզբում կոչվեց Համբարձում Գալստյանի անունով, իսկ հետագայում անվանափոխվեց եւ կրում է արեւմտահայ հայտնի բանաստեղծ Վահան Թեքեյանի անունը, եւ Տանձուտինը, որը վերջերս հիմնանորոգվեց եւ կոչվեց 2016—ի ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Ադամ Սահակյանի անունով։ 1994—96 թթ. կրթօջախներ բացվեցին Աղավնոյում (Գ. Նժդեհի անվան), Ծաղկաբերդում (Աշոտ Նավասարդյանի անվան), Հարարում, Արտաշավիրում (Լեոնիդ Ազգալդյանի անվան), Շալուայում, Գողթանիկում (Սամսոն Կյուրեղյանի անվ.), Վակունիսում (Վուրգ Ոսկանյանի անվ.) եւ այլ համայնքներում ու բնակավայրերում։ 1996—ի հոկտեմբերին սկսեց գործել Բերձորի թիվ 2 միջնակարգ դպրոցը՝ Վահան Զատիկյանի անունով։ Այժմ շրջանում գործում է 54 (1—ը՝ տարրական կրթությամբ) հանրակրթական դպրոց՝ ընդհանուր մոտ 2200 աշակերտով, 800 ուսուցչով։ 1996—ին հարավային թեւում դպրոց բացվեց Միջնավան քաղաքում, որը կոչվեց Գալինա Ստարովոյտովայի անունով։
Տիգրանավան գյուղից մինչեւ Արաքս ընկած հատվածում վերաբնակեցումը լայն թափով սկսվեց 1997 թ. սկզբներին։ Այս մասում են շրջանի 3 քաղաքները՝ Միջնավանը՝ Արաքսի ձախ ափին, Կովսականը՝ Ողջիի ափերին եւ Որոտանը՝ Որոտանի ափերին։ Վերջին տարիներին հարավային մասում գտնվող Իշխանաձոր գյուղում իրականացվեցին բնակարանաշինական աշխատանքներ. գյուղում կառուցվեց նոր՝ Ազատամարտիկների թաղամասը՝ մոտ 100 բնակելի տնով, մարզադաշտով (Անդրանիկ Զոհրաբյանի անվ.)։ Շրջանում բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, որի զարգացած ճյուղերն են հողագործությունը, այգեգործությունը, անասնապահությունը, մեղվաբուծությունը։ Վերջին տարիներին իրականացվում է մոտ 25.000 հեկտար հացահատիկի եւ այլ մշակաբույսերի ցանքս։ Հարավային թեւում կան մի քանի տասնյակ ջերմոցային տնտեսություններ։ Այժմ ջերմոցներ են հիմնվում նաեւ հյուսիսային թեւի բնակավայրերում։
Շրջանը հարուստ է անտառներով, արոտավայրերով, խոտհարքներով, գեղատեսիլ բնությամբ։ Պահպանված պատմամշակութային բազում հուշարձանները պատմում են շրջանի Հայոց բնօրրան լինելու մասին։ Ամբողջական, կիսավեր ու ավերված վիճակներում մեզ են հասել մոտ 3 տասնյակ վանք ու եկեղեցի, հայկական գերեզմանատներ, խաչքարեր, տապանաքարեր, կամուրջներ, ջրաղացներ, այլ կոթողներ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի եւ ԵՊՀ հնագիտության ամբիոնի հնագետների հետ շրջանում հայտնաբերել ենք մի քանի տասնյակ ամրոցներ, բնակատեղիներ, դամբարանադաշտեր, Հայոց հանգստարաններ եւ այլ պատմական հուշարձաններ։ Հնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել հայտնի ու նորահայտ հնադարյան ամրոցներում, բնակատեղիներում, դամբարանադաշտերում։
Վանքերից շատ հայտնի է 4—րդ դարում կառուցված Ծիծեռնավանքը, որի Սուրբ Գեւորգ եռանավ բազիլիկ տաճարը եւ սեղանատունն ազատագրումից հետո հիմնովին վերակառուցվել են։ Սեղանատունն այժմ գործում է որպես թանգարան։ Ծիծեռնավանքին մոտ է Քաշաթաղի մելիքական ապարանքը, որը կառուցվել է 15—րդ դարում՝ Մելիք Հայկազյանների կողմից։ Այժմ գործում է որպես հյուրանոց։
Լավ են պահպանվել նաեւ 17—րդ դարում կառուցված մի շարք եկեղեցիներ՝ Հակի Սուրբ Մինասը, Միրիկի Սուրբ Աստվածածինը, Հոչանցի Սուրբ Ստեփանոսը, որոնք «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից վերջին տարիներին նորոգվել են, Հերիկի Սուրբ Գեւորգը, Շալուայի, Սթունիսի, Արախիշի, Մազրայի, Բերքնիի, Տանձատափի, Ճապկուտի, Ջամբազի եւ այլ սրբավայրեր։
Աղավնո գետի աջ ափից մոտ 1 կմ հեռու՝ բարձր ժայռի վրա, որի տակ քարանձավներ են, գտնվում է 12—13—րդ դարերում կառուցված Մկնատամի Խաչ մատուռ—եկեղեցին։ Բերձորից մոտ 60 կմ հյուսիս ընկած Արախիշ գյուղում դարձյալ կիսակործան վիճակում կանգուն է 12—13—րդ դարերի մեկ այլ հուշարձան՝ կամարակապ եկեղեցի, որը պայթեցվել է 1983 թ.։ Նման եւ ավելի վատթար վիճակում են Վարազգոմի վանքը՝ 9—րդ դար, Հարարի (16—17—րդ դդ.), Վակունիսի եկեղեցիները, Կաթոսավանքը (9—11—րդ դդ.), Աղբրաձորի Մայրաջրո վանքը (9—11—րդ դդ.) եւ այլ եկեղեցիներ։ Կան նաեւ ժայռափոր եկեղեցիներ Ծաղկաբերդում (Քրոնքի վանք), Տանձուտում, Հոչանցում, Որոտանի մոտակայքում, այլ վայրերում։ Հոչանցի ժայռափոր եկեղեցի—անապատի մասին հիշատակություն կա Առաքել Դավրիժեցու «Պատմություն» գրքում։ Ըստ պատմիչի՝ 17—րդ դարասկզբին Տաթեւի Մեծ անապատից բարձրաստիճան հոգեւորականներ գալիս են այստեղ եւ հիմնում անապատ։
Բերձոր շրջկենտրոնում, բացի 2 հանրակրթականից, գործում են արվեստի, մարզական դպրոցներ՝ յուրաքանչյուրում 200—ից ավելի սաներ, պետական մանկապարտեզ՝ մոտ 120 երեխայի ընդգրկմամբ, երեխաների խնամքի 2 հաստատություն՝ մոտ 20 երեխայով, գրադարան, Քաշաթաղի երկրագիտական թանգարանը, շրջանային բուժմիավորումը, որը կոչվում է հիմնադիր, արցախյան ռազմաճակատային բժիշկ, գրող, հասարակական գործիչ երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանի անունով։ Բուժմիավորման համար արդեն 9 տարի է՝ նոր շենք է կառուցվում, եւ շինաշխատանքներն արդեն ավարտվել են, սկսվել է սարքավորումների տեղադրումը։ «Մերան» շրջանային պաշտոնաթերթի առաջին համարը լույս տեսավ 2009 թ. դեկտեմբերին՝ Խաչիկ Բաղդասարյանի խմբագրմամբ։ 2010 թ. օգոստոսից խմբագիրն է տողերիս հեղինակը։ Թերթը տպագրվում է 500 օրինակով՝ ամիսը 2 անգամ։ Ունի խորհրդանշական՝ Արցախ—Մայր հայրենիք միավորող—մերող անվանում։ Շրջանի կայացման ու զարգացման գործում, բացի պետական հատկացումներից, կարեւոր ներդրում ունեն սփյուռքում եւ ներսում գործող բարեգործական կառույցները, որոնցից են «Թուֆենկյանը», «Հայրենասերը»։ «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամը, բացի սոցիալական ծրագրեր իրականացնելուց, յուրաքանչյուր տարի 2—3 անգամ ծառատունկ է կազմակերպում Բերձորում եւ հարակից տարածքներում։ Կարեւոր դեր ունեն նաեւ «Թեքեյանը», «Քաշաթաղը», «Արցախ—ֆոնդը» եւ այլ հիմնադրամներ։ Լիբանանում գործող «ԱՐԻ» հիմնադրամի ֆինանսավորմամբ ու ԱՀ կառավարության օժանդակությամբ Աղավնո գյուղում կառուցվել է 50 բնակելի առանձնատուն, ծրագիրը շարունակական է։
Շրջանն այժմ ղեկավարում է «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանը՝ վերջերս փոխարինելով Սուրեն Խաչատրյանին, ում ղեկավարման տարիներին մեծ աշխատանք իրականացվեց բնակարանաշինության, ճանապարհների բարեկարգման, ցանքատարածքների ավելացման եւ այլ բնագավառներում։ Դպրոցաշինության գործում վերջին տարիներին մեծ է «Հայրենասերի» դերը, որի ֆինանսական հատկացումներով ու օժանդակությամբ կառուցվել, հիմնանորոգվել, ընդլայնվել են Լեռնահովիտի, Հերիկի, Վուրգավանի, Հակի, Մուշի, Մոշաթաղի, Միրիկի եւ այլ համայնքների դպրոցական շենքերը։ Շրջանի դերը մեծ է Արցախի Հանրապետության կայացման գործում։ Քաշաթաղցիները մեծ ներդրում ունեն երկրի մշակույթի, կրթության, գյուղատնտեսության, սպորտի զարգացման գործում։ Յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի առաջին կեսին Ստեփանակերտում կազմակերպվում է Բերքի տոն, եւ մշտապես ամենաշատ բերք ու բարիք Քաշաթաղի շրջանից է բերվում տոնավաճառ։ Բերձորի արվեստի դպրոցի սաները, «Բերձոր» ժողգործիքների, Կովսականի «Թաթուլ», Իշխանաձորի դպրոցականների համույթները հաճախ են այցելում տարբեր համայնքներ, զորամասեր եւ համերգներով հանդես գալիս բնակչության, զինվորների համար։
Հարկ եղած դեպքում տղամարդկանց մեծ մասը մեկնել է առաջնագիծ ու սահմանապահ զինվորի հետ հսկել դիրքերում։ Շրջանում բարձր կարգապահությամբ է իրականանում տարեկան զորակոչը, որին ենթակա տղաները ժամանակին ներկայանում են, մեկնում հայոց բանակ, եւ բոլորն են դառնում կարգապահ ու օրինակելի զինվոր։ Տարվա ընթացքում Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից մի քանի անգամ կազմակերպվում է այցելություն առաջնագիծ՝ զորակցության նպատակով։ Շրջկենտրոն Բերձորը համագործակցության եւ բարեկամության հռչակագիր ունի ԱՄՆ Հայլենդ եւ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների հետ, Կովսական քաղաքը՝ Լիբանանի Այնճարի հետ։ Համագործակցության հռչակագիր է ստորագրվել Քաշաթաղի եւ Երեւանի Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի միջեւ։
Շրջանի կազմավորման 26-ամյակի առթիվ իրենց շնորհավորական խոսքն են հղել շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը եւ շրջանի հիմնադիր ղեկավար Ալեքսան Հակոբյանը։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

05-12-2019





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO