Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ

Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ

Իրավագետ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրույթը, ինչպես նաեւ մասնակցեց 1948 թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի կազմմանը։ Թե ինչ նշանակություն ունեցավ «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը մարդկության եւ հատկապես հայերիս համար, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի ներկա ծրագրերի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է թանգարան— ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանի հետ։
–Ի՞նչ փոխեց եզրույթի սահմանումը մարդկության դեմ գործած հանցագործությունները կանխելու հարցում եւ որքանո՞վ  նպաստեց նման հանցագործությունները բացառելուն։ Անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք՝ վերաբանաձեւելու «ցեղասպանություն» եզրույթի սահմանումը մերօրյա մարտահրավերների պայմաններում։
–Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը եւ 1948 թ. դեկտեմբերի 9—ին ՄԱԿ—ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ստորագրումը հեղափոխական նշանակություն ունեցան առաջին հերթին միջազգային քրեական իրավունքի զարգացման տեսակետից։ Այս իրադարձություններն անմիջականորեն առնչվում էին նաեւ պատմական արդարության վերականգնման հետ. կոնկրետ անվանում եւ իրավական ձեւակերում ստացավ մի երեւույթ, որը 20—րդ դարի սկզբին միլիոնավոր հայերի կյանք էր խլել։ ՄԱԿ—ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան կարեւորվեց նաեւ այն բանով, որ մարդու իրավունքների վերաբերյալ առաջին միջազգային փաստաթուղթն էր, որին արդեն հաջորդեց «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը»։
Կոնվենցիան կնքվեց բավական երկար քննարկումների եւ պետությունների միջեւ կոնսենսուսի՝ փոխհամաձայնության արդյունքում։ Կոնվենցիայի նախնական տարբերակից հանվեցին մի շարք դրույթներ, որպեսզի հնարավոր դառնար կոնվենցիայի կյանքի կոչումը։ Մասնավորապես, վերջնական տարբերակից դուրս մնաց մշակութային ցեղասպանությունը, ինչը Լեմկինի համար ցեղասպանության երեւույթի կարեւորագույն բաղադրիչներից էր, ինչպես նաեւ չընդունվեց քաղաքական խմբերին ընդգրկելու առաջարկը։ Ակնհայտ է, որ ներկայումս պետությունների կողմից քաղաքական կամք չկա՝ փոփոխելու կոնվենցիայի դրույթները, ինչի արդյունքը կոնվենցիայի՝ ցեղասպանության հանցագործության համանման արտացոլումն էր Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ։ Ուստի կարծում եմ, որ ստեղծված պայմաններում ներկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ուժեղացնել կոնվենցիայի գործադրման մեխանիզմները՝ հատկապես կապված վաղ զգուշացումների, արագ արձագանքման եւ նմանատիպ այլ գործողությունների հետ։
Համոզված եմ, որ ցեղասպանությունների կանխարգելման գործում պետք է մեծանա հասարակական ճնշումը։ Յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր դերը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման գործում, ինչին ուղղված է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի գործունեությունը։
–2010 թվականից Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի կողմից տրամադրվում է Լեմկինի անվան կրթաթոշակ եւ մինչ օրս ունեցել է 12 հաղթող։ Կներկայացնեք այս տարվա հաղթողին, եւ ինչ թեմայի շուրջ է իրականացվում գիտական աշխատանքը։
–Ի գնահատումն Ռաֆայել Լեմկինի գործունեության՝ ՀՑԹԻ—ին 2010 թվականից տրամադրում է Լեմկինի անվան կրթաթոշակ։ Կրթաթոշակի հանդեպ հետաքրքրությունը բավական մեծ, է եւ ամեն տարի մեծ թվով դիմորդներ ենք ունենում։ Կրթաթոշակի նպատակը Հայոց ցեղասպանությամբ զբաղվող հետազոտողների ցանցի ստեղծումն է եւ թեմայի հանդեպ նրանց հետաքրքրության պահպանումը։ Բավականին ընդգրկուն է նաեւ Լեմկինի մեր կրթաթոշակառուների աշխարհագրությունը։ Այս տարվա կրթաթոշակառուն Մոլդովայից էր եւ զբաղվում էր Հայոց ցեղասպանությունից հետո Մեծ Ռումինիա մեկնած հայ գաղթականների ուսումնասիրության հարցերով։
–Համագործակցության ի՞նչ ծրագրեր է իրականացնում թանգարան—ինստիտուտը այլ նմանատիպ կենտրոնների հետ։ Ի՞նչ կարող ենք առաջարկել աշխարհին։
–Աշխարհում բավական շատ են Հոլոքոստի ուսումնասիրության կենտրոններն ու թանգարանները։ Ավելանում են նաեւ այլ ցեղասպանությունների եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումների ուսումնասիրությամբ զբաղվող հաստատությունները։ Լինելով ոլորտի առաջատար՝ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտը փորձում է ակտիվորեն համագործակցել նմանատիպ կառույցների հետ՝ իր հիմնական առաքելություններն իրականացնելու համար։ Իր գործունեության ընթացքում թանգարան—ինստիտուտը միջազգային համագործակցության մի շարք պայմանագրեր է ստորագրել համանման տարբեր կառույցների հետ, որի շրջանակներում իրականացվել են տարաբնույթ գործողություններ՝ ժամանակավոր ցուցադրություններ, համատեղ հրապարակումներ, տեղեկատվական միջոցառումներ, միջազգային գիտաժողովներ եւ այլն։ Այս ամենի նպատակը ցեղասպանությունների եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացումն է, որի վերջնանպատակը հնարավոր ցեղասպանությունների կանխարգելումն է։
Վերջերս ՀՑԹԻ—ն համագործակցության պայմանագրիր կնքեց Կանադայի մարդու իրավունքների թանգարանի հետ, որի շրջանակներում հաջորդ տարի կազմակերպելու ենք միջազգային գիտաժողով եւ ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված ցեղասպանությունների ժամանակ երեխաների բռնի տեղափոխման երեւույթին։ Միջոցառման համակազմակերպիչներից է լեհական Պիլեցկի ինստիտուտը, որը զբաղվում է ամբողջատիրական համակարգերի եւ դրանց կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների ուսումնասիրության հարցերով։
Համագործակցության հուշագիր կնքվեց նաեւ Լեփսիուսի տուն—թանգարանի հետ, որի շրջանակում ոչ միայն Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտին տրամադրվեցին Լեփսիուսի տուն—թանգարանի արխիվի որոշ պատճեններ, այլեւ կազմակերպվեց ուսուցիչների վերապատրաստման դասընթաց՝ «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանությունը» թեմայով։ Նախատեսվում է, որ նման դասախոսությունները պարբերական են դառնալու ինչպես Հայաստանում, այնպես էլ Գերմանիայում։
Հաջորդը՝ «Կամպ դե Միլս» հիմնադրամի հետ ստորագրված համագործակցության հուշագիրն է, որով նախատեսվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցադրություն բացել Ֆրանսիայում։ Հնարավոր համագործակցության շուրջ բանակցություններ են ընթանում Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի եւ Փարիզի Շոայի հիմնադրամների հետ։ Ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր է նախապատրաստվում նաեւ «The Genocide Education Project»—ի հետ, որի հաջող իրականացման դեպքում շուրջ 25 ամերիկացի ուսուցիչ հնարավորություն կունենա Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերապատրաստում անցնել հենց ՀՑԹԻ—ում։
–Թանգարան—ինստիտուտը նախաձեռնել է մի շարք նախագծեր, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների եւ զոհերի տվյալների, վերապրածների վկայությունների տեսագրությունների եւ ձայնագրությունների, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հուշագրությունների էլեկտրոնային շտեմերանների ստեղծումը։ Ո՞ր փուլում են աշխատանքներն այս ուղղություններով։
–Էլեկտրոնային շտեմարանների ստեղծումն ակտիվ աշխատանքային փուլում է։ Վերջնական համաձայնություն կա շտեմարանի ինտերֆեյսի, բովանդակության վերաբերյալ։ Ներկայումս համապատասխան մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ։ Վերջնական կազմվել են նաեւ Հայոց ցեղասպանությունը վերապրածների եւ զոհերի տվյալների վերաբերյալ հարցաթերթիկները, որոնք այժմ թարգմանվում են տարբեր լեզուներով, որպեսզի կարողանանք հնարավորինս շատ տեղեկություն հավաքել։ Նշեմ, որ այս ուղղությամբ աշխատելու ենք Հայաստանի ազգային արխիվի հետ, որտեղ նույնպես մեծ քանակությամբ նյութ կա հավաքված խնդրո առարկայի վերաբերյալ։
Համաձայնեցվել են նաեւ հուշագրությունների նկարագրման բանալի բառերը։ Թանգարան—ինստիտուտի ներսում արդեն ընթանում են հուշագրությունների նկարագրման աշխատանքները, որոնք շտեմարանների գործարկումից հետո կտեղափոխվեն համակարգ։ Որոշակի նախնական աշխատանքներ տարվել են նաեւ վերապրածների վկայությունների տեսագրությունների եւ ձայնագրությունների թվայնացման հետ կապված։ Բոլոր ծրագրերը բավական մեծ ֆինանսական եւ մարդկային ներուժ են պահանջում, եւ թանգարան—ինստիտուտի ղեկավարությունը փորձում է ճանապարհներ գտնել դրանց լուծման համար, ինչը էապես կարագացնի աշխատանքների իրականացումը։
–Վերջին շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կարեւոր իրադարձություն էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձեւը։ Ինչպե՞ս են հարաբերվում քաղաքական, իրավական հարթություններում տեղի ունեցող գործընթացները պատմական արդարության վերականգնման համատեքստում։
–Թեեւ իրավական առումով բանաձեւը էական նշանակություն չունի, սակայն մեծ է դրա քաղաքական ազդեցությունը եւ առավել մեծ ու կարեւոր՝ բարոյականը։ Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը փաստ է, որը գիտականորեն հաստատված է եւ չի վիճարկվում։ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրականացվող քայլերը հնարավորություն են տալիս բարձրաձայնել նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարելու եւ դրանք կանխարգելելու անհրաժեշտության մասին։ Այս առումով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է առաջատարի իր դերը, ինչի վկայությունն է այն, որ երկար տարիների ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեան միաձայն բանաձեւ ընդունեց, որով դեկտեմբերի 9—ը հռչակվեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր», ինչպես 67 տարի առաջ նույն օրը Լեմկինի ջանքերի շնորհիվ ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան։
Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
l.mkhitaryan@hhpress.am

07-12-2019





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO