Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.03.2020
ԼՂՀ


Արցախյան շարժում եւ 2020 թվական

Մեր հայրենիքին վերաբերող ցանկացած խնդիր մենք պետք է կարգավորենք՝ ներքին լարվածության թուլացմամբ, կուռ միասնությամբ

Ծանոթանալով հայոց Արցախի հին ու ներկա պատմությանը, կարող ենք վստահորեն ասել, որ այստեղ դարեր ի վել ապրել ու արարել է իր հող-հայրենին սիրող, այն շենացնող, ծաղկեցնող ժողովուրդ, ով պատրաստ է եղել նաեւ իր լավագույն զավակների կյանքի գնով տեր մնալու հայրենիքին։
Մեր թշնամին միշտ զգացել է այն, որ արցախցին, սյունեցին, տավուշցին, ուտեցին միասնական գործելով՝ երբեք պարտություն չեն տեսել։ Աշխարհաքանդ արաբներն ու մոնղոլ—թաթարները, սելջուկ—թուրքերը, Շահ Աբասն ու Նադիրն էին հաշվի նստում արցախցու, սյունեցու հետ։ 18—րդ դարի երկրորդ կեսը ճակատագրական եղավ հայոց համար, երբ մեր թշնամիներին հաջողվեց սեպ խրել մեր ժողովրդի տարբեր հատվածների միջեւ։ Հաջողվեց նաեւ այն պատճառով, որ հանուն փառքի ու հարստության, իրենց կյանքի անվտանգության, երկրի կյանքում կարեւոր դեր ունեցող որոշ անհատներ «ծախվեցին» ու հայրենի երկրի դարպասները բացեցին թշնամու առջեւ։ Եվ թուրք ու թաթար, քուրդ ու պարսիկ, այլ քոչվորներ տեր դարձան Օմարի լեռներից մինչեւ Արաքս ընկած մեր երկրի՝ Թարթառ—Տրտուի, Հակարիի, Ողջիի, Որոտանի հովիտներին՝ մի հատվածի, որն էլ դարձավ անջրպետ Արցախի ու Մայր հայրենիքի միջեւ։
Արցախի խնդիրը, լինել—չլինելն առավել նկատելի դարձավ 20—րդ դարասկզբից։ Ռուսական կայսրության մեջ բորբոքվող հեղափոխական կրակները հասան նաեւ Արցախ։1905—1906 թթ., դրանից հետո անընդհատ տեղի էին ունենում հայ—թաթարական բախումներ, որոնց ընթացքում առավել էին թուլանում Արցախը, Սյունիքը։ Խորհրդային կարգերի հաստատումը դարձավ չարիք, ու Արցախը, Սյունիքի արեւելյան հատվածը բռնակցվեցին Ադրբեջան կոչվող նորաստեղծ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը։ Այդ օրվանից սկսած, դրանից առաջ՝ արցախցին մշտապես պայքարել է իր ազատության, անկախ ապրելու համար։ Այս պայքարն իր գագաթնակետին հասավ 1980—ական թթ.։ Գորբաչյովյան «վերակառուցումը» տվեց իր արդյունքը։
1988 թ. փետրվարյան իրադարձությունները սկզբում Արցախում, այնուհետեւ Երեւանում եւ մեր երկրով մեկ՝ հանուն Արցախի՝ Մայր հայրենիքին միավորման, ոտքի հանեցին հայ ժողովրդին։ Երեւանյան առաջին հզոր միտինգ—ցույցին նախորդել էին մի քանի ուրիշներ, որոնք ունեին, իբր, բնապահպանական խնդիրներ։ Առավել մեծ ազդեցություն ունեցավ Աբովյան քաղաքում փետրվարի 20—ի ցույցը՝ ընդդեն «Լիզին» քիմիական գործարանի փակման։ Հաջորդ օրը նույն մարդիկ ու տասնյակ հազարավոր այլ մեր հայրենակիցներ հավաքվեցին Երեւանի օպերայի հարակից հրապարակում, որը կոչեցինք Ազատության հրապարակ։ Ժողովրդի առջեւ հանդես եկան Արցախյան շարժման առաջամարտիկներ Իգոր Մուրադյանը, Համբարձում Գալստյանը, Սամսոն Ղազարյանը, մշակույթի եւ գիտության նշանավոր գործիչներ։ Ռոբերտ Ամիրխանյանի կատարմամբ հնչեց «Հայի աչքեր» երգը։ Ռեժիսոր Վաչե Սարուխանյանի յուրաքանչյուր խոսքից հետո հրապարակով մեկ լռություն էր տիրում։
Հավատում էինք՝ Կրեմլում նստած Խորհրդային Միության ղեկավարները, կոմկուսի քաղբյուրոն կընդառաջեն մեր արդար պահանջին, ու կկայանա հայոց այդ ժամանակվա ամենանվիրյալ երազանքը՝ ՄԻԱՑՈՒՄԸ։ Հրապարակով մեկ Գորբաչովի, Լենինի ու կոմկուսի այլ գործիչների լուսանկարներն էին սրբապատկերի պես, գլխներիցս վեր։ Արցախի պահանջատիրական պաստառներն էին։ Հրապարակով մեկ, հենց առաջին օրը, տիրեց միասնության ու հավատի մթնոլորտ։ Նույն օրը երեկոյան կազմակերպեցինք երթ Երեւանի փողոցներով՝ բնակչությանը ոտքի հանելու նպատակով։ Երթի հազարավոր մասնակիցներս քայլեցինք ողջ գիշեր՝ անցնելով քաղաքի մի ծայրից մյուսը։ Կամուրջների վրայով անցնում էինք՝ լսելով մասնագետներին՝ անցնել այնպես, որ դոփյունից կամուրջը չվնասվի։ Հիվանդանոցների մոտով անցնում էինք լուռ… Առավոտյան դարձյալ Ազատության հրապարակում էինք։ Ցույցերի կազմակերպիչների հետ էր տարիքով մեծ, փարթամ բեղերով Եղիշ քեռին, ով այդ օրերին դարձել էր շարժման խորհրդանիշներից։ Ֆիդայիներ կոչեց երեկոյան երթի մասնակիցներին Եղիշ քեռին, ով մշտապես հրապարակում էր։
Ընդամենը մեկ շաբաթ տեւող մեր խաղաղ ցույցերի ժամանակ շատերը մտերմացան ու բարեկամացան։ Հայտարարված էր՝ կորած իրերը կտարվեն օպերայի հարեւանությամբ գտնվող Սարյանի արձանի մոտ։ Ընթացքում կտրվեց ընկերոջս վերարկուի կոճակը։ Կատակով ասացի՝ Արթուր, գնա Սարյանի արձանի մոտից կգտնես. այդպես էլ եղավ։ Հզոր էինք ու մաքուր, բոլորիս նպատակը մեկն էր՝ Արցախի միացումը Մայր հայրենիքին։ Հանրապետության տարբեր շրջաններից հազարավոր մեր հայրենակիցներ ոտքով էին Երեւան հասնում, որ իրենց խոսքն ասեն։ Մեկ շաբաթ անց Խորհրդային ու Ադրբեջանի իշխանությունները մեր խաղաղ ցույցերին պատասխանեցին Սումգայիթում հայերի կոտորածով։ Ու Ադրբեջանով մեկ հայության նկատմամբ սկսվեցին բռնություններ։ Եվ նույն միտինգների մասնակից շատերս հենց այդ օրերին հասկացանք՝ Արցախի ազատագրումը պատերազմով է լինելու, եւ մտածեցինք ռազմական ջոկատներ կազմել։ Շուտով Խորհրդային իշխանությունը զորքեր բերեց Երեւան, Արցախում սահմանվեց պարետային ժամ։
Երեւանյան բազմամարդ միտինգների փոխարեն արդեն ստեղծված «Ղարաբաղ» կոմիտեն ժողովներ էր կազմակերպում՝ հետագա անելիքները որոշելու նպատակով։ Միտինգներն Ազատության հրապարակից տեղափոխվեցին Մաշտոցի անվան Մատենադարանի մոտ, այլ վայրեր։ Առավել մեծ ու հզոր ցույց էր Հայոց մեծ եղեռնի օրվան նվիրված երթը դեպի Ծիծեռնակաբերդ։ Ազատության հրապարակից ձեռքով Ծիծեռնակաբերդի բարձունք հասցրեցինք սումգայիթյան զոհերին նվիրված խաչքար—կոթողը։ Մայիսի 1—ին Լենինի հրապարակում, Աշխատավորների միջազգային օրվան նվիրված տոնի օրը, Երեւանի պետական համալսարանի, այլ բուհերի ուսանողներ ու կառույցների ներկայացուցիչներ, հասնելով Լենինի արձանի մոտ, որտեղ տրիբունայում ՀԽՍՀ ղեկավարությունն էր, հանեցինք Արցախը Մայր հայրենիքին միավորելուն նվիրված պաստառները։ Եղավ բախում ուսանողների ու իրավապահների հետ։ Իհարկե՝ միջադեպը կարճ տեւեց։
Մայիսի 25—ին Մոսկվայում Գորբաչովի հետ հանդիպումից վերադարձել էր հայկական պատվիրակությունը։ Պարզվեց՝ վերադարձել են ձեռնունայն։ Նույն օրը երեկոյան Երեւանի պետական համալսարանի ուսանողներով, հիմնականում բանասիրական ֆակուլտետից, կազմակերպեցինք նստացույց Ազատության հրապարակում։ Գիշերն այստեղ անցկացրեցինք։ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության աշխատակիցները՝ պետի գլխավորությամբ, այստեղ էին։ Սկզբում մեզ համոզում էին՝ տուն գնանք, սակայն առավոտյան արդեն իրենք հորդորեցին՝ շարունակենք նստացույցը, որի պահանջն էր՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը նիստ հրավիրի եւ պահանջատերը լինի արցախյան հարցի։ Մի քանի տասնյակ ուսանողներիս նստացույցին մյուս օրը միացան այլ բուհերի ուսանողներ, սկսվեց համազգային գործադուլ ու դասադուլ, եւ շուտով Ազատության հրապարակում տեղ չկար։
Նստացույցի ընթացքում կազմավորվեցին աշխարհազորայինների խմբեր, որոնք հետագայում դարձան ռազմական ջոկատներ, երկրապահ միավորումներ եւ հիմքը հայոց բանակի վերակազմավորման։ Հունիսի 15—ին, ցուցարարների ճնշման տակ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստում ընդունվեց մեր պահանջը, եւ դադարեցրինք նստացույցը։ 1988 թ. նոյեմբերի 11—ին առաջին անգամ, որպես «Գարուն» ամսագրի թղթակից, ընկերոջս՝ Արին—Վոլոդյա Գալստյանի եւ լրագրող Նաիրուհու հետ այցելեցի Արցախ։ Հենց օդանավակայանում լսեցինք, որ խորհրդային զինվորները բռնություններ են իրականացրել քաղաքում։ Կան բազում տուժածներ, որոնց մի մասը տեղափոխվել է հիվանդանոց։ Մոտ 10 օր եղանք Արցախի մի շարք բնակավայրերում՝ Թալիշ, Փառող, Խրամորթ, Բալուջա (Այգեստան) եւ այլն։ «Ղարաբաղ» հուրանոցում, որտեղ իջեւանել էինք, հանդիպեցինք Շուշիից ու այլ բնակավայրերից բռնագաղթած մեր հայրենակիցների հետ։ Այցելեցինք հիվանդանոցներ։ Պարետային ժամ էր Արցախում, բայց աննկուն էր արցախցին, չնայած մեծ էր ճնշումը հատկապես Խորհրդային կենտրոնական իշխանությունների կողմից։ Օրեր անց Խորհրդային Միության ղեկավարությունը պարետային ժամ մտցրեց նաեւ ՀԽՍՀ—ում։ Այդ ամենը չընկճեց մեզ, որ պահանջատերը մնանք մեր երազանքի՝ Արցախը Մայր հայրենիքին միավորելուն։
Թվում էր՝ վերջ, երբ տեղի ունեցավ արհավիրքը՝ Սպիտակի երկրաշարժը։ Մեր մեծ ցավն ուրախացրեց թուրքին ու ԽՍՀՄ ղեկավարությանը։ Սակայն ողջ հայությունը հասավ աղետի գոտի։ Չանցած մեկ տարի՝ Գյումրիից սնունդ հասավ, զինված ջոկատներ անցան Արցախ։ Պատերազմն անխուսափելի էր։ «Օղակ» ռազմական գործողությունը ԽՍՀՄ—ի եւ Ադրբեջանի վերջին հնարքն էր՝ վերջ տալ Արցախյան շարժմանը։ Շահումյանի, Գետաշենի, Հադրութի մի շարք բնակավայրերի, Բերդաձորի ենթաշրջանի հայաթափումը 1991—ի ապրիլ—մայիս ամիսներին դարձյալ չընկճեցին ըմբոստ արցախցուն, հայոց ոգին։ Մեկ տարի անց ազատագրվեց Շուշին, որից հետո՝ Լիսագորը, Բերդաձորը, Լաչին—Բերձորը եւ Զաբուղ—Աղավնոն։ Այստեղ եւ կայացավ հայոց մեծագույն երազանքներից մեկը՝ Արցախ—Մայր հայրենիք ՄԻԱՑՈՒՄ—ը։
32 տարի է անցել, երբ սկսվեց Արցախյան շարժումը, 26 տարի է անցել, որ հայոց հաղթական բանակը կերտեց հաղթանակ, ու կայացավ հրադադար։ Մայր հայրենիքին միացավ Արցախը, ազատագրեցինք մեր հայրենիքի մի հատված, որը դարձել էր պատնեշ մեր հայրենիքի 2 հատվածի միջեւ, ազատագրեցինք Արցախի այլ հատվածներ։ Այսօր վերահայացել են Թարթառ—Տրտուի, Հակարիի, Որոտանի ու Ողջիի՝ թշնամու կողմից գերված տարածքները, Ակնան ու Հադրութի հարավ—արեւելյան հատվածները։ Հայոց բանակն ապահովում է մեր երկրի անդորրը, 4 տարի է անցել, որ թշնամին պարտվեց ապրիլյան պատերազմում։ Իհարկե՝ թշնամին մշտապես ձգտում է վերստին տեր դառնալ Արցախին ու Սյունիքի մի հատվածին։ Երբեմն խոսում են Սեւանա լճի ու Երեւանի, Գյումրիի մասին։ Հայոց սահմանը ճեղքելու փորձերից անհամեմատ առանձնակի էր 2014 թ. օգոստոսը։ Սակայն շատ շուտ սահմանի զինվորին աջակցության հասան բազում կամավորներ։ Միայն ազատագրված եւ վերստին հայացած Քաշաթաղի շրջանից 200—ից ավելի կամավորներ հասան առաջնագիծ։ 2016 թ. թուրքերը փորձեցին մեր ուժը եւ «հրաշալի դաս» առան։ Իրենց կյանքի գնով Հայոց սահմանը պահեցին, արյունով սրբացրին մեր 18—20 տարեկան հերոս զինվորները՝ շարունակելով իրենց պապերի ու հայրերի հերոսական գործը։ Այդ ժամանակ կամավորների թիվը բազմապատկվեց։ Քաշաթաղից այս անգան 1200 կամավոր էր զինվորներին աջակից՝ առաջնագծի ողջ երկայնքով։
Շուտով Արցախում իրականանալու է համապետական մեծ կարեւորություն ունեցող իրադարձություն՝ ընտրվելու են երկրի նախագահն ու Ազգային ժողովը։ Հավատում եմ մեր ժողովրդին՝ կկատարի ճիշտ ընտրություն։ Այժմ կարեւորը ներքին կայունությունն է։ Վերջերս բանակում կատարված սպանությունները, նախընտրական իրավիճակը մտահոգիչ են։ Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածու է գրանցվել։ Կարելի է համարել ընդունելի, սակայն ցավալի է, որ մրցակիցների մեծ մասը մյուսի նկատմամբ ատելությամբ է լցված։ Ցավալի է, որ ՀՀ Ազգային ժողովում գործող 3 կուսակցությունը միասնական չեն ոչ մի հարցում։ Ցավալի է, որ բանակում տեղի ունեցածը շատերն օգտագործում են իրենց նպատակներին հասնելու համար։ Ցավալի է, որ շատերը, չճանաչելով Արցախը, արցախցուն, չիմանալով՝ որոնք են ազատագրված տարածքները, որոնք դարձել են խաղաքարտ, իրենց անօգուտ խոսքն են ասում։ Վերջերս ՀՀ Ազգային ժողովի ճեմասրահում կայացավ Արցախի ազատագրված տարածքներում գտնվող պատմական հուշարձանների, հիմնականում՝ ամրոցների, մասին պատմող պաստառների ցուցադրություն։ Նույն ճեմասրահում էին մոտ 10 լրատվամիջոցների լրագրողներ, որոնք երեւի հաճախ են գոռում հողերը տալ—չտալու մասին, սակայն ընդամենը 2—ը հետաքրքրվեցին ցուցահանդեսով։ Նույն պահին նաեւ շատ պատգամավորներ անցան ցուցադրության սրահով, ու ոչ մի հետաքրքրություն…
Մյունխենում ՀՀ վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը հանդիպեցին, խոսեցին արցախյան խնդրի կարգավորման մասին։ Ինչ խոսք, կարեւոր է, որ աշխարհն իմանա Արցախի մասին։ Սակայն մեր հայրենիքի խնդիրն առաջինը մենք պետք է կարգավորենք՝ ներքին լարվածության թուլացմամբ, մեր միասնությամբ, ինչպես էինք 1988—ին, 2016—ին։ Մեր հզոր ու ուժեղ լինելու դեպքում միջազգային բոլոր կազմակերպությունները հաշվի կնստեն հայի հետ։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

18-02-2020





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO