Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.04.2020
ԱՅԼՔ...


Հետաքրքրությունն առկա է, միտումը՝ հուսադրող

Հայաստանը ռուսաստանցիների տուրիստական նախասիրությունների առաջատարների ցանկում է

2020 թ. մեկնարկային փուլում ռուսաստանցիների տուրիստական նախասիրությունների առաջատարներն են Իտալիան, Թայլանդը, Գերմանիան, Հայաստանը եւ Թուրքիան։ Վկայակոչելով ճանապարհորդությունների պլանավորման բնագավառում մասնագիտացող «OneTwoTrip» բազմապրոֆիլ ծառայությունը այդ մասին հայտնել է ռուսաստանյան «RT» միջազգային բազմալեզու տեղեկատվական հեռուստաալիքը։ Հենց այդ ուղղություններով է ընթացիկ տարվա հունվարին Ռուսաստանում ամենից շատ տոմս վաճառվել։
Հատկանշական փաստ՝ մեկ-երկու տարի առաջ Թուրքիան այդ վարկանիշում միայն իններորդն էր, Հայաստանն ավելի ցածր դիրքում էր, իսկ առաջատար հնգյակում Վրաստանն էր։ Այժմ Վրաստանը նահանջել է, իսկ Հայաստանն ու Թուրքիան զգալիորեն առաջադիմել են։
«2020—ի հունվարին Հայաստանը մտավ Ռուսաստանից ամենաբարձր ժողովրդականություն վայելող թոփ—հնգյակը՝ զբաղեցնելով մեր ռեյտինգի 4—րդ հորիզոնականը,–հոդվածագրին տված բացառիկ մեկնաբանությունում նշել է «OneTwoTrip» ընկերության ճանապարհորդությունների համար ծառայությունների մարքեթինգի հարցերով տնօրեն Ալեքսեյ Տեպլովը։–Իսկ ձեր մայրաքաղաք Երեւանն ընդգրկվել է քաղաքների այն առաջատար տասնյակում, ուր հունվարին մեկնում էին ռուսաստանյան օգտատերերը։ Եվ դա զարմանալի չէ, քանզի ընդհանուր առմամբ ռուսաստանյան ճանապարհորդների ինչպես հետաքրքրվածությունը ձեր երկիրն այցելելու նկատմամբ, այնպես էլ նրանց իրազեկվածությունը Հայաստանում հանգիստ անցկացնելու հնարավորությունների վերաբերյալ էականորեն աճել են։ Դրա հետ մեկտեղ Հայաստանը ռուսաստանցիների համար բավական բյուջետային, այսինքն՝ ոչ ծախսատար ուղղություն է, ինչը չէր կարող զբոսաշրջիկներին չհրապուրել, հատկապես՝ Ամանորի տոներին»։
Ա. Տեպլովի խոսքերով՝ ճանապարհորդները Հայաստան հաճախ հենց ձմռանն են գալիս՝ լեռնադահուկային հանգստավայրերում հագեցած հանգիստ վայելելու նպատակով։ Այսպես, Ծաղկաձորն ու Ջերմուկը շատ հարմար են ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառու մարզիկների համար։ Դրա հետ մեկտեղ հնարավոր է զբաղվել վերջին ժամանակներում զարգացում ապրող ֆրիրայդով (անգլ. freeride՝ սնոուբորդով կամ լեռնային դահուկներով սահել նախապես պատրաստված դահուկային ուղիներից եւ, որպես կանոն, լեռնադահուկային ինդուստրիայի սպասարկման ոլորտից դուրս)։ Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ Հայաստանում տեսարժան վայրերի մեծ մասը հասանելի է նաեւ ձմռանը՝ կարելի է ծանոթանալ պատմական տեսարժան վայրերին, թանգարաններ այցելել, գնալ ռեստորան կամ սրճարան։
«Պետք է, իհարկե, հաշվի առնել նաեւ այն փաստը, որ ճանապարհորդներից ոմանք, ովքեր մտադիր էին ուղեւորվել Վրաստան, սկսել են դիտարկել այլընտրանքային երկրներ հանգիստն անցկացնելու համար եւ, մասնավորապես, ավելի մեծ ուշադրություն են դարձնում հարեւան Հայաստանին»,–ասում է Ա. Տեպլովը։
Ըստ «OneTwoTrip»—ի կանխատեսումների՝ Ռուսաստանից դեպի Հայաստան տուրիստական հոսքի աճի միտումը մոտակա ժամանակներս կպահպանվի։
«Ռուսաստանյան ճանապարհորդները,–մատնանշում է Ա. Տեպլովը,–այդ երկրում իրենց ապահով են զգում, սերվիսի եւ հաճախորդակողմնորոշվածության մակարդակն աճում է, մատուցվող ծառայությունները գնալով ավելի որակյալ են դառնում, ինչն արդյունքում ազդում է Հայաստան ավելի հաճախ այցելելու մարդկանց ցանկության վրա»։
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, միայնակ տոմսերին, ապա այդպիսիների ձեռք բերման ակտիվացումը վկայում է, որ ավելացել է այնպիսի պատվերների քանակությունը, որոնցում ձեւակերպվել է միայն մեկ տոմս։ Իհարկե, չի կարելի վստահաբար պնդել, որ այդ մարդիկ անպայման միայնակ են ճանապարհորդելու, քանի որ անհավանական է, որ նրանց ուղեկիցները տոմսերն առանձին են ձեռք բերել։ Միաժամանակ, ըստ 2019—ի օգոստոսին «OneTwoTrip»—ի անցկացրած ուսումնասիրության արդյունքների, պարզվել է, որ ծառայության հարցված օգտատերերի 50 տոկոսը հենց միայնակ ճանապարհորդելու կողմնակից է, իսկ եւս 14 տոկոսն այդպես դեռ երբեք չի արել, սակայն կցանկանային փորձել։
Որպես Հայաստանի հանդեպ ռուսաստանյան ճանապարհորդների աճող հետաքրքրության ուշագրավ օրինակ՝ գուցե կարելի է դիտարկել մոսկվացի Լիդիա Ֆրոլովայի կողմից զբոսախմբի կազմում հունվարի սկզբին Երեւան կատարած ուղեւորությունը։ Իր տպավորությունները նա օրերս տեղադրել է «Mirvokrugnas. com» համացանցային հարթակում։ Լիդիան նշել է, որ Երեւանում իրեն շատ բան է դուր եկել, մասնավորապես՝ տեղի բնակիչների սիրալիրությունը, համեղ սնունդը, բարձրակարգ սպասարկումը ռեստորանում, ինչպես նաեւ դիտահարթակներում տեղադրված արտ—օբյեկտները, որոնք մեծ մասամբ պատրաստված են կենցաղային թափուկներից։ Մեկ հարցում, ճիշտ է, մոսկովյան հյուրերի բախտը ուժեղ չբերեց. այն 6 օրվա ընթացքում, որ նրանք Հայաստանում էին, Արարատ լեռը նրանց այդպես էլ չհաջողվեց տեսնել։ Հակառակի պես՝ ամպամած էր այդ օրերին, մշուշոտ։ Կարելի է ասել՝ կրկնվեց այն իրավիճակը, որում 1837 թ. հոկտեմբերի 6—ին հայտնվել էր Ռուսիո կայսր Նիկոլայ I—ը։

Պատմական ակնարկ

1722—ից հետո, երբ, պատերազմելով պարսիկների հետ, Պետրոս I—ը հասավ մինչեւ Դերբենտ ու Բաքու, Ռուսաստանի կայսրության միապետները Կովկաս եւ Անդրկովկաս չէին գնում։ Այդ բացը լրացրեց Պետրոս I—ի քրոջ ծոռը՝ Նիկոլայ I—ը։ 1837 թ. հոկտեմբերին նա Ախալցխայով ու Ախալքալաքով հասավ Գյումրի (որտեղ հիմնադրեց Ս. Ալեքսանդրայի եկեղեցին եւ կարգադրեց քաղաքն անվանել Ալեքսանդրապոլ), հետո՝ Սարդարապատ, Մայր Աթոռ Էջմիածին ու Էրիվան։ Էրիվանում բարձրաստիճան ճանապարհորդին հատկացրեցին սարդարի նախկին պալատը՝ դեպի Զանգու գետը գեղեցիկ տեսարանով։
«Հավաքվածներին արձակելով եւ վերադառնալով իր ննջասենյակը՝ կայսրը չցանկացավ հանգիստը վայելել իր համար պատրաստած անկողնում, այլ հրամայեց թարմ խոտ սփռել մահճակալի վրա, եւ այդպես քնեց։ Առավոտյան կայսրը շատ վաղ արթնացավ ու մոտեցավ պատուհանին, որպեսզի Արարատի գագաթը տեսնի, բայց այն ամպերով էր պատված։ Հարկ է հիշատակել, որ կայսր Նիկոլայը Աստվածաշնչյան լեռան գագաթը տեսնելու մեծ հույս էր տածում՝ այն գագաթը, որին, ըստ ավանդության, կանգ էր առել Նոյյան տապանը։ Սակայն այդ ցանկությունը չիրականացավ, քանզի այն երեք օրվա ընթացքում, որ թագավորն անցկացրեց Արարատյան դաշտավայրում, եղանակն անձրեւոտ էր, եւ «մուգ Մասիսը» խիտ մշուշ էր պատել։
–Ես այցելության եկա սուրբ լեռան (Արարատի) մոտ, բայց նա ինձնից փակվեց։ Չգիտեմ, մեկ ուրիշ անգամ նա կկարողանա՞ ինձ տեսնել,–դժգոհությամբ ասաց կայսրը եւ գնաց ծանոթանալու Էրիվանի ամրոցին»։
(Մեր հայրենակից՝ պատմաբան, հնագետ, կովկասագետ Ալեքսանդր Երիցովի (Երիցիանի) «Համայն հայոց կաթողիկոսները եւ Կովկասի հայերը XIX հարյուրամյակում» ուսումնասիրությունից (1919 թ.)։
Այնուամենայնիվ, Լիդիա Ֆրոլովան Արարատը կարողացավ տեսնել՝ Երեւանից վերադառնալու օրը, երբ ուղղափառները Սուրբ Ծննդյան տոնն են նշում, բիբլիական լեռը մոսկվացիներին երեւաց, երբ նրանց ինքնաթիռը ամպերից վեր բարձրացավ։ Իսկ ահա Նիկոլայ I—ը նման հնարավորություն չուներ…
Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

20-02-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO