Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.04.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ապագան հեռավար դասընթացներինն է

Մասնավորապես՝ բարձրագույն կրթության պարագայում

Արտակարգ իրավիճակում ուսումնական հաստատությունների՝ հեռավար ուսուցման ռեժիմի անցնելու եւ դրա արդյունավետության շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է մշակութաբան, ազգագրագետ Նիկոլ Մարգարյանի հետ։
–Պարոն Մարգարյան, արտակարգ իրադրության պայմաններում որոշ կրթական հաստատություններ անցում են կատարել հեռավար ուսուցման ռեժիմի։ Որքանո՞վ եք Դուք դա արդյունավետ համարում։
–Կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու տեսանկյունից հեռավար դասընթացների կազմակերպումը կարեւոր որոշում է։ Շատ կարեւոր է հետկարանտինային իրավիճակում կրթական ծրագրերն ու կրթական հաստատություններում դասընթացների կազմակերպումը չծանրաբեռնելու եւ հավելյալ չերկարաձգելու տեսանկյունից։ Փորձը ցույց է տալիս, որ հավելյալ ծանրաբեռնումներն ու երկարաձգումներն ունենում են ձեւական բնույթ եւ մեծ հաշվով չեն փոխհատուցում կորուսվածը։ Բացի այդ, խրախուսվող ինքնամեկուսացման պայմաններում տանն ավելի շատ ազատ ժամանակ անցկացնելու հնարավորություն է ստեղծվել, որը կարելի է օգտակար դարձնել։ Նաեւ՝ խուսափել ձանձրույթից։
–Հայաստանյան ուսումնական հաստատությունների տեխնիկական հագեցվածությունը կամ դասախոսների համակարգչային հմտությունները բավարա՞ր են, արդյոք, կրթական ծրագիրն օնլայն կազմակերպելու համար։
–Բացարձակ տվյալներով չեմ կարող խոսել, որովհետեւ ձեռքիս տակ ուսումնասիրություններ չունեմ։ Այնուամենայնիվ, ընդհանուր բնույթի մի քանի դիտարկում անեմ։ Տվյալ դեպքում խնդիրը ոչ այնքան ուսումնական հաստատությունների տեխնիկական հագեցվածությունն է, որքան աշակերտ—ուսանողների՝ մի կողմից, մյուս կողմից՝ մանկավարժ դասախոսների տեխնիկական հնարավորությունները։ Խոսքը ի մասնավորի 3 պայմանի մասին է՝ համակարգչի առկայություն, անհրաժեշտ ծավալով ինտերնետ կապի առկայություն, առանձնասենյակի կամ մեկուսի տարածքի հնարավորություն, որտեղից կարելի է առանց ուրիշներին խանգարելու եւ ուրիշների կողմից խանգարվելու՝ մասնակցել հեռավար դասընթացի։ Կարծում եմ, նշված տեսանկյուններից դասախոսներն ու ուսանողները որոշակի առավելություններ ունեն։ Ավելի շատ ուսուցիչներ եւ աշակերտներ, քան դասախոսներ ու ուսանողներ զրկված են անձնական համակարգիչ ունենալու, առանձին տարածքում մեկուսանալու, մեծ ծավալով ինտերնետային կապ ունենալու հնարավորությունից։ Սրան գումարած նաեւ տարբեր բնակավայրերում սոցիալական բնույթի տարբեր խնդիրները (անբավարար ջեռուցում, անօթեւանություն) եւ կապի ֆիզիկական ու ֆինանսական հասանելիության հետ կապված դժվարությունները։ Բոլոր նշված խմբերի հաղորդակցվելու հնարավորությունը նվազում է նաեւ այն պատճառով, որ կարանտինի հայտարարման հետեւանքում ընտանիքի բոլոր անդամները «դատապարտված» են միաժամանակ տանը գտնվել։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին։ Շփվելով բուհերի ու դպրոցների մանկավարժական տարբեր խմբերի ու առանձին ներկայացուցիչների հետ, կարող եմ ասել, որ զգալի մասը, գոնե կեսից ավելին, ունեն համակարգչային բազային հմտություններ՝ հեռավար դասընթացի համար անհրաժեշտ տեխնիկական նրբությունները յուրացնելու համար։ Կախված տարիքից՝ դրանց յուրացումը կարող է մի փոքր կարճ կամ երկար տեւել։ Որոշակի հանգամանքներով պայմանավորված՝ հեռավար ուսուցման նրբությունները յուրացնելու հարցում շատ ավելի ճկուն կլինեն դասախոսները։ Բայց հմտություններն ամենակարեւոր պայմանը չեն հեռավար ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար։ Ավելի կարեւոր են մոտիվացիան եւ համարձակությունը։
–Ինչքանո՞վ են պատրաստ մեր աշակերտները, ուսանողները կամ դասախոսներն այս եղանակով աշխատելու։ Հենց մոտիվացիայի մասին է խոսքը, կա՞ն այդ պարտաճանաչությունն ու համարձակությունը, ինչպես Դուք նշեցիք։
–Վերջին տասնամյակներին հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտում իրականացված փոփոխությունները հանգեցրել են գիտելիքի յուրացման կարեւորության նվազմանը։ Դպրոցների եւ բուհերի համար առավել կարեւոր է դարձել աշակերտների եւ ուսանողների քանակ ապահովելը։ ԿԳՄՍ նախարարն ինքն էլ մի առիթով խոստովանել է, որ կրթական հաստատություններն առաջին հերթին սոցիալական խնդիր են լուծում։ Այսինքն, ապահովում են աշխատատեղեր եւ աշխատավարձեր։ Սա վտանգավոր միտում է, որովհետեւ ազդում է ինչպես գիտելիք առաջարկելու եւ սպառելու, այնպես էլ դասընթացների համար անհրաժեշտ աշխատաժամանակ ծախսելու շահագրգռվածության վրա։ Սա սատանայի անիվ է՝ անհրաժեշտ աշակերտ—ուսանողների քանակի ապահովումը հանգեցնում է վերջիններիս գիտելիքների ստուգման չափանիշների թուլացմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է անհրաժեշտ գիտելիքներ առաջարկելու մոտիվացիայի թուլացմանը։ Մի խոսքով, քանակի պատճառով տուժում է որակը։ Ինչպես սովորողների, այնպես էլ սովորեցնողների։ Բայց սրա հետեւանքում գլխավոր տուժողը սովորողներն են։ Սրա հետեւանքներն առկա են ինչպես ընդունելության եւ ավարտական քննությունների ժամանակ գրանցված արդյունքներում, այնպես էլ աշխատաշուկայում ավարտածներին դյուրությամբ ներգրավելու դժվարություններում։ Վերոհիշյալ միտումները, իհարկե, երաշխիք չեն տալիս, որ կրթական պրոցեսը վիրտուալ հարթություն տեղափոխելիս շատերի մոտ (ինչպես դասախոս—մանկավարժների, այնպես էլ ուսանող—աշակերտների պարագայում) մոտիվացիոն հեղափոխություն տեղի կունենա։ Միգուցե, հաղորդակցային նորույթով պայմանավորված՝ աշակերտները եւ ուսանողները սկզբնական շրջանում մի փոքր ավելի շահագրգռություն դրսեւորեն, բայց դա տեւական չի լինի։
–Արդեն մի քանի օր է՝ որոշ հաստատություններում գործում է այս պրակտիկան։ Ի՞նչ արձագանքներ կան դասախոսների կամ ուսանողների կողմից։ Կրթական շրջանակների կողմից կա՞ն հեռավար ուսուցման մեթոդին այլընտրանք հանդիսացող առաջարկներ։
–Քիչ խանդավառություն, ավելի շատ՝ դժկամություն եւ անվստահություն։ Որոշ չափով սա կախված է այն հանգամանքից, թե ով ինչ է պատկերացնում հեռավար ուսուցման տակ։ Ոմանց կարծիքով, դա ընդամենը սոցիալական ցանցում ինչ—որ խումբ բացելն է եւ այնտեղ անհրաժեշտ նյութեր տեղադրելը։ Հարց ու պատասխանն էլ կազմակերպվում է անհամաժամանակյա։ Սա տանելի տարբերակ է այդ խմբի համար։ Ավելի դժվար են համաժամանակյա վիզուալ հաղորդակցության ապահովումը եւ նվազագույն ֆիքսված ժամանակի տրամադրումը, ինչին, ըստ իմ դիտարկումների, շատերը հակված չեն։ Ոմանց կարծիքով էլ՝ հեռավար ուսուցումը նույն կենդանի դասախոսության տեղափոխումն է վիրտուալ հարթություն։ Միայն թե լսողները քեզ տեսնում ու լսում են օնլայն։ Կան մարդիկ, որոնք կողմ են, որ աշակերտները եւ ուսանողները (ըստ էության, նաեւ իրենք՝ ուսուցիչներն ու դասախոսները) արտակարգ իրավիճակն անցկացնեն արձակուրդի չափանիշներով՝ հետագայում դասարանային ու լսարանային լրացուցիչ աշխատանքի շնորհիվ կորսվածը վերականգնելու պայմանով։ Կան, իհարկե, նաեւ միջանկյալ այլընտրանքի առաջարկություններ։ Ի մասնավորի՝ կապված ստուգումներն ու քննություններն անցկացնելու հետ, որոնց անցկացումը հեռավար կարգով որոշակի դժվարություններ է ենթադրում։ Այսինքն, առաջարկվում է դասերն ու դասախոսություններն անցկացնել համացանցում, իսկ ստուգումներն ու քննությունները՝ ստացիոնար կամ երեսառերես։ Այլ առաջարկներ էլ եմ կարդացել, բայց այս պահին չեմ մտաբերում, թե ինչի մասին են։ Բնականաբար, եղել են առաջարկներ, որոնց ծանոթ չեմ։
–Համաշխարհային փորձի առումով՝ ինչպիսի՞ այլ եղանակներ կան օնլայն դասապրոցեսների կազմակերպման համար։ Մենք ունե՞նք այդ եղանակներից օգտվելու հնարավորություն կամ դրանց անալոգը Հայաստանում։
–Հանրակրթության ոլորտում հեռավար ուսուցման օրինակների ծանոթ չեմ։ Բայց գիտեմ, որ իմ ընկերներից ոմանք արեւմտյան բուհերում վաղուց կիրառում են այդ մոտեցումը։ Ինչպես նաեւ կան հեռավար ուսուցում առաջարկող բազմաթիվ բուհեր եւ միջազգային համբավ ունեցող բուհերի առանձին ծրագրեր։ Սրանք օգտվում են տարբեր մեթոդներից, որոնց կարելի է ծանոթանալ իրենց կայքերում։ «Online learning» բանալի բառերով կարելի է համացանցում բազմաթիվ տեղեկություններ գտնել տարբեր ծրագրերի եւ դրանց կիրառելիության վիճակագրության վերաբերյալ։
–Օնլայն դասապրոցեսի այս պրակտիկան մեզ կարո՞ղ է հուշել նաեւ հետագայում ինչ—որ ձեւաչափով այս եղանակը կիրառելու մասին։
–Ապագան հեռավար դասընթացներինն է։ Ի մասնավորի՝ բարձրագույն կրթության պարագայում։ Մասնագետ դառնալը չի ենթադրում ընդունելի վարքագծի քարոզչություն եւ կոգնիտիվ յուրացում, ինչն անհրաժեշտ է դարձնում կենդանի հաղորդակցությունը։ Հեռավար յուրացումը, բացի նորագույն տեխնոլոգիաների հետ առնչվելուց, ունի նաեւ այլ առավելություններ, որոնք արդի աշխարհում բարձր են գնահատվում։ Ժամանակի խնայողությունը, որ առաջանում է կրթական հաստատություններ չհաճախելու պատճառով։ Որոշակի ֆինանսական խնայողությունները՝ նույն պատճառով։ Կարեւոր է նաեւ հարմարավետության հետ կապված տարբերությունների հաղթահարումը, որոնք առկա են լսարանում։ Բուհական հաստատությունները եւս մասնակիորեն ազատվում են որոշակի ծախսերից (հոսանքի, ջեռուցման, շինությունների պահպանման, գույքի ապահովման, վերականգնման եւ այլն), որոնք կարելի է ծախսել կրթական ծրագրերի վրա։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

25-03-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO