Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԼՂՀ


Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է

Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր քաղաքական գործիք

Արցախի ազգային ազատագրական շարժումը վաղուց է սկսվել, բայց առայսօր շարունակվում է եւ շարունակվում է մի քանի ճակատներում։ Բացի այն, որ մեր տուն զենքով մտած ոսոխին՝ ադրբեջանցուն ստիպված էինք պատասխանել զենքով, նաեւ պետք է պատասխան տանք այդ երկրի գիտական ճամարտակություններին, որոնք ոմանց մոտ այսօր գուցե ծիծաղ են առաջացնում, բայց, միեւնույն է, երկարաժամկետ հեռանկարում իրենց մեջ լուրջ վտանգ են պարունակում։
Գողը մտնում է տունդ, փորձում սպանել քեզ՝ ունեցվածքիդ տիրանալու համար, սակայն երբ համարժեք պատասխան է ստանում, ձայնը գլուխը գցած՝ ոռնում է, թե չես թողնում, որ քեզ սպանի։ Այսպես կարելի է բնութագրել ադրբեջանական ողջ քաղաքականությունը, որն այսօր, պատկերացնո՞ւմ եք, շարունակություն էլ ունի։ Այդ երկիրը հրատարակում է բազմաթիվ գրքեր (նաեւ՝ օտար լեզուներով)՝ փորձելով ապացուցել, որ իմ ունեցվածքն իրենն է։ Մտքին դրել է, որ ինձ էլ պետք է համոզի։ Սա անբարոյականության չլսված օրինակ է, բայց երբ խոսքը թուրքին կամ թուրքանման թաթարին է վերաբերում, զարմանալ չի կարելի։
Ժամանակի մեջ սուտը կարող է ճշմարտանման հնչել, եթե քեզ չեն պատասխանում։ Ադրբեջանը գիտի, որ իր արածը տարրական անբարոյականություն է, բայց հո չի՞ ասի, որ եկվոր է, որ ոչինչ չունի, որ առանց հայի ունեցվածքի չի կարող գոյատեւել... Չի ասի, եւ նրա հույսն էլի ժամանակն է, որ պետք է մոռացնի ճշմարտությունը։
Ադրբեջանին պատասխանելու լավագույն միջոցներից մեկն Արցախի եւ ազատագրված տարածքների պատմամշակութային ժառանգությունն է։ Միայն ազատագրված տարածքներում այսօր հաշվառված է շուրջ 1500 հնագիտական, ճարտարապետական, պատմական եւ մոնումենտալ արվեստի նմուշ, որոնց մասին հարկ է խոսել։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։
–Ազատագրված տարածքների անունները հայտնի են։ Խոսքը մեր Քարվաճառի, Քաշաթաղի, Ակնայի, Կովսականի ու մյուս շրջանների մասին է։ Ազատագրված տարածքներում հայկական հնագույն հզոր մշակութային շերտ ունենք, նվազագույնը՝ 50—60 ամրոց։ 2100—ամյա Տիգրանակերտում 3 եկեղեցի կա՝ նույնիսկ 4—5—րդ դարերում կառուցված։ Վանքասարում ժայռափոր եկեղեցի կա, որը 2—րդ կամ 3—րդ դարի կառույց է։ Ժայռափոր եկեղեցիներ, բացի Վանքասարից, որը գտնվում է Ասկերանի ու Մարտակերտի արանքում, կան նաեւ Քաշաթաղում։ Ղոչանց գյուղի մոտերքում 2 ժայռափոր համալիր եկեղեցի կա։ Ունենք 1—ին դարի սրբավայր՝ Դադիվանքը, 4—րդ դարի Ծիծեռնավանք։ Ամենահարավում, որ իջնում ենք դեպի Կովսական, սուրբ Վարդան փոքրիկ եկեղեցի—մատուռն է, որը վերանորոգվեց վերջերս։ Ավանդույթի համաձայն՝ Ավարայրից վերադառնալիս սուրբ Վարդան Մամիկոնյանի աճյունը դրվել է այնտեղ, եւ քարն է դրվել, որի վրա նրա արյունն է թափվել։ Եվ այսպիսի բազմաթիվ կառույցներ ունենք, որոնք դեռ մեր թվարկությունից առաջվա են, ինչը խոսում է այստեղ հայկական հազարամյա ներկայության մասին։ Սա մեր հողն է, եւ մենք տեղաբնիկ ենք, ինչպես հայտնի է պատմությունից կամ տեղանունից՝ Ուրտեհենե, Արտեհենե, Առան կամ Արցախ։
–Արցախ նշանակում է առատ ցախ, այլ կերպ ասած՝ հարուստ պարտեզ...
–Դուք գիտեք, որ աշխարհի հնագույն կրոնը կոչվում է զրադաշտականություն։ Հետաքրքիր է, որ, ըստ ուսումնասիրությունների, Զրադաշտը եղել է Սեմը՝ Նոյի ավագ որդին։ Նա մեր տարածաշրջանում քարոզել է այն հավատը, որն իրեն փոխանցել է Նոյը։ Ըստ Զենդ Ավեստայի, որը գրված է զենդերեն եւ գրեթե 3000 տարվա գրավոր աղբյուր է, առաջին 16 պետություններից, որն ստեղծել է Աստված, առաջինը Առանն է, որը Քուռից Արաքս է ձգվում։ Խոսքն Արցախի, Ուտիքի եւ Սյունիքի մասին է։ Դրանում գրված է. «Այս փարթամ պարտեզում ստեղծվեց առաջին մարդը»։ Փարթամ պարտեզում, այսինքն՝ առատ ցախում՝ Արցախում։ Շահ հետաքրքիր աղբյուրներ կան, որոնք վկայում են այդ մասին։ Իրանը չորրորդն է այդ ցուցակում։ 19—րդ դարի առաջին կեսի գերմանացի ազգագրագետ բարոն ֆոն Հաստհաուզենը, երբ այցելում է Վրաստան, Հայաստան եւ Արցախ, ասում է՝ այստեղ հասկացա, թե ինչու Պարսկաստանը, որ ընդամենը իրան է, նշանակում է մարմին, այլ ոչ թե հոգի կամ սիրտ, ինչու է միշտ ձգտել Արցախը ձեռքի տակ պահել։ Մինչեւ 1813 թ. այստեղ պարսկական իշխանությունն էր տիրապետում։
–Արցախն արժեքներով շատ հարուստ երկրամաս է...
–Այո, բայց մեր ունեցած ժառանգության գոնե մեկ տոկոսը պետք է աշխարհին մատուցել կարողանանք։ Հայկական մշակույթը համաշխարհային մշակույթի մի մասն է, եւ մենք, որպես ժողովուրդ, ազգերի ընտանիքի անդամ ենք եւ պարտավոր ենք մատուցել մեր մշակույթը այլ ժողովուրդներին։ Հայկականը համաշխարհային մշակութային գանձի բաղկացուցիչն է։ Ճիշտ կլինի եւ գրքեր հրատարակել, եւ ֆիլմաշարեր նկարահանել, եւ տարբեր միջոցներով դրանք հասանելի դարձնել տարբեր ազգերին։ Ի դեպ, հնագետները ուսումնասիրություններ են կատարել, օրինակ, Ազոխի քարանձավում, որտեղից 5—6—հազարամյա նմուշներ են գտնում։ Նշանակում է՝ այստեղ քաղաքակրթություն է եղել հնագույն ժամանակներում։ Ես կարծում եմ՝դա մեծագույն հետաքրքրություն կառաջացնի օտարների շրջանում։ Շատ բան ունենք՝ վերագտնելու եւ մատուցելու։ Մանավանդ որ հարուստ ենք հին կիկլոպյան ամրոցներով եւ հետաքրքիր կառույցներով։ Ցանկացած ազգի մշակույթ պատկանում է ողջ մարդկությանը։ Եվ պետք է արձանագրենք մեր ունեցածը։
–Պատկերացնում եմ, թե ինչ կլիներ, եթե գրավոր աղբյուրներ չլինեին նախիջեւանյան հայկական ժառանգության մասին։
–Նախիջեւանում հայկական մշակութային հարստության հետ կատարվածը ստիպում է զգուշանալ։ Մեկ շաբաթում կործանվեցին 5—6 հազար խաչքար, եկեղեցիներ, վանքեր ու այլ համալիրներ։ Մշակույթի հանդեպ այդ վանդալիզմի նկարահանումները կան, բայց կարեւորը՝ մենք այդ հատվածի հայկական մշակույթի վերաբերյալ գրքեր եւ ուսումնասիրություններ ունենք։ Եթե մեր դրացի ազգը չի հանդուրժում հայկական պատմական հետքը, մեր մշակույթը, ապա ինչպես մեզ պետք է հանդուրժի։ Այնպես որ, պետք է անկեղծորեն առերեսվենք այսօրվա իրականության հետ եւ փորձենք կասեցնել այդ հակամարդկային երեւույթները։ Պիտի պայքարենք։
–Ընդհանրապես՝ հայտնի է, որ եւ Արցախում, եւ Սյունիքում մեր ժողովրդի համար նույնիսկ ծանրագույն ժամանակներում կարողացել ենք պահպանել կիսանկախ վիճակը, եւ դա՝ նաեւ հոգեւոր իշխանության շնորհիվ, որը պետության բացակայության պայմաններում ստանձնել եւ իրականացրել է աշխարհիկ իշխանության գործառույթները։ Ինչպիսի՞ն է եղել եկեղեցու դերը Արցախի, հայոց ազգային ազատագրական շարժումների պատմության մեջ։
–Բավական է հիշատակել 1687 թվականը։ Աղվանից կամ Գանձասարի Պետրոս կաթողիկոսը հրավիրեց առաջին գաղտնի ժողովը՝ Արցախը եւ Սյունիքը պարսկական լծից ազատագրելու համար։ Այնուհետեւ Եսայի Հասան Ջալալյանն աշխարհիկ ու հոգեւոր առաջնորդներին հրավիրեց Գանձասար։ Հենց այնտեղից էլ Իսրայել Օրուն ուղարկեցին Եվրոպա եւ Ռուսաստան։ Եվ սկսվեց ազատագրական շարժումը, որը, ի դեպ, շարունակվում է մինչեւ այսօր։ Այո, նաեւ եկեղեցական իշխանությունն ստանձնեց ազատագրական շարժման առաջնորդի դերը։ Դա միշտ է եղել։ Հարուստ ենք եղել նաեւ բերդերով ու ամրոցներով։ Տեսեք՝ երբ իջնում ես Տիգրանակերտի բլուրից, զգում ես, որ Ակնան Տիգրանակերտի շարունակությունն է։ Դաշտավայրային այդ մասում պետք էր ունենալ մի մեծ ամրոց՝ հրոսակներից պաշտպանվելու համար։ Դա ռազմավարական տեղ է։ Դա շատ իմաստուն ձեւով է կառուցված, ինչպես Ասկերանի բերդը՝ Մայրաբերդը։ Այդտեղ ավարտվում է դաշտային մասը, եւ մուտք ես գործում Լեռնաշխարհ։ Դա կարծես թե դարպաս է, եւ տեղը շատ ճիշտ է ընտրված։
–Պետական շինարարության ինչպիսի՞ ավանդույթներ կան, որոնք օգնում են այսօր կառուցելու երկիրը։
–Մենք գիտենք, որ հայ ազգը, սկսած Վանի թագավորությունից, անընդհատ ստիպված է եղել զենքով պաշտպանել իր ամբողջականությունը, իր ազատությունն ու անկախությունը, ինչն արդիական է նաեւ այսօր։ Այստեղ միշտ գիտակցում ենք հնարավոր վտանգը, որը մեզ սովորեցնում է ունենալ ամուր բանակ, բայց մենք շատ լավ գիտենք, որ պետականաշինության մեջ զենքի հետ պետք է գրիչն էլ գործածենք։ Միտքը, գիտությունը, մշակույթը շատ կարեւոր են ազգի զարգացման, ինքնությունը պահպանելու, սեփական դիմագիծն ունենալու համար։ Եվ մեր պետական գործիչները, դա շատ լավ իմանալով, շեշտը դնում են այս ամենի վրա։ Այսօր Արցախի Հանրապետությունում փորձում ենք զարկ տալ ինչպես մշակույթին ու կրթությանը, այնպես էլ գիտությանը։ Դրանք մեր կյանքի ամենակարեւոր բաղադրիչներն են։
–Ինչպիսի՞ հեռանկարում հնարավոր կլինի բացել այն հարուստ ժառանգությունը, որն ունենք ազատագրված շրջաններում։
–Կարծում եմ՝ տասնամյակներ են պետք՝ գոնե մի մասը վերաբացել կարողանալու համար։ Դրանք կապված են ֆինանսների, ժամանակի ու մասնագետների հետ։ Արցախում, ենթադրենք, 500 մասնագետ չունենք, որպեսզի տարբեր շրջաններում ուսումնասիրություններ կատարեն։ Սահմանափակ հնարավորություններ ունենք ինչպես մարդկային, այնպես էլ ֆինանսական առումով։ Համբերություն է պետք։ Բայց պետք է ասեմ, որ հին հուշարձանների պահպանության կոմիտեն, որը պատկանում է մշակույթի նախարարությանը, բավական ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ Մենք շատ լավ գիտենք, որ մեր ժառանգությունը պետք է մատուցենք աշխարհին։ Որովհետեւ այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր քաղաքական գործիք, ինչպես Տիգրանակերտի բացահայտումը։ Ցույց տվեցինք, որ վաղուց ենք այստեղ ապրում, ունենք հարստություն եւ տերն ենք մեր ունեցածի։
Ճիշտ է՝ Արցախի հարցը դեռ վերջնականապես լուծված չէ, բայց շատ լուսավոր մարդիկ գիտակցեցին ու գիտակցում են, թե ինչ է իրենից ներկայացնում Տիգրանակերտը։ Սա մեր ժառանգությունն է, որն աստիճանաբար բացում ու մատուցում ենք մարդկությանը՝ ոչ միայն հիացնելով արժեքների անկրկնելիությամբ, այլեւ ասելով, որ այս տարածքի տեղաբնիկները մենք ենք։ Եվ հիմա պայքարում ենք մի շինծու պետության դեմ, որը հիմնադրվեց նախորդ դարի սկզբներին, եւ այդ ազգությանը անվանեցին տարածքի անունով։ Ատրպատականի անունով՝ Ադրբեջան։ Այդպիսի ազգություն չկար մինչեւ 1936 թվականը։ Մինչ այդ նրանց անվանում էին կովկասյան թաթարներ։ Բոլորն էլ գիտեն այդ մասին, բայց գերտերությունների շահերն ու նրանց միջեւ հակասությունները շատ են խանգարում՝ բացահայտելու ճշմարտությունը։
–Սրբազան, ի՞նչ պետք է անել, որպեսզի հազարամյակներ հետո էլ հայերենն այստեղ հիմնական լեզու լինի։
–Գիտեք, Արցախում մարդիկ շատ լավ հասկացան, թե ինչ տեղի ունեցավ Նախիջեւանում։ Այն հայաթափվեց։ Ադրբեջանը էթնիկ զտումների հարցում վարպետ է։ 1988 թ. Ուտիքը նույնպես հայաթափվեց։ Արցախցին գիտեր, որ այդ վտանգն իրեն էլ է սպառնում։ Եվ որոշեց, որ ադրբեջանցին այլեւս չպիտի կարողանա զտումներ կատարել եւ փորձել ամբողջովին գրավել մեր պատմական նահանգները։ Արցախցին ասաց՝ ոչ, վերջում ստիպված եղավ զինված պայքար մղել, երբ նրանք պատերազմ հայտարարեցին մեզ։ Ավելի ճիշտ՝ չհայտարարեցին, ուղղակի նենգաբար սկսեցին պատերազմը։ Սա է մեր ճանապարհը՝ պահպանել մեր ներկայությունը, զորանալ եւ ավելացնել բնակչության թիվը։
–Գոյատեւում են այն ազգերը, որոնք բավարարում են երեք պահանջի՝ պետություն, լեզու—գիր եւ հավատ։ Արցախն այսօր այդ բոլոր բաղադրիչներն ունի։ Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է արվում՝ այդ հավատքն ամրապնդելու եւ առաջ մղելու համար։
–Հենց այդ նպատակով Արցախի ժողովուրդը դիմեց լուսահոգի Վազգեն Ա կաթողիկոսին, դիմեց Մոսկվա՝ կրոնի խորհուրդ, որպեսզի վերաբացվի պատմական Արցախի թեմը, որը գրեթե 60 տարի չէր գործում, որովհետեւ Ադրբեջանն արգելում էր։ Եվ 1989 թ. Վազգեն կաթողիկոսն ինձ եւ 4 հոգեւորականների ուղարկեց այստեղ՝ վերաբացելու մեր թեմը, հզորացնելու հավատքը եւ մեր սերնդին վերադարձնելու հոգեւոր ժառանգությունը։ Դուք գիտեք, որ հավատքը սնուցում է ոգին, իսկ ոգին այս պատերազմում եղել է ամենաառաջատար գործոնը, որի շնորհիվ հաղթեցինք։ Հավատքն է աղբյուրը ոգու։ Խիզախությունը Աստված է տալիս։ Եթե մարդուն խիզախությունից զրկեց, վայը տարել է նրան։ Եթե Աստված որեւէ ազգի ուզում է պատժել, բանականությունից է զրկում նրան։ Ոչ միայն վերաբացեցինք թեմը, այլեւ այսօր էլ փորձում ենք բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, մատուռներ վերանորոգել, քարոզել, տարածել, հրատարակել։ Ճիշտ է՝ շատ դժվար է 11 հոգով 278 համայնքի խնամք տանել, բայց ամեն ինչ պիտի անենք, որ մեր ժողովուրդը պահպանի իր բարոյական մակարդակը, քրիստոնեական նկարագիրը։ Այդ ճանապարհին ենք։
–Ի՞նչ կմաղթեիք հայ մարդուն։
–Սեր, հավատք եւ հզոր ոգի։
Հարցազրույցը վարեց
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

31-03-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO