Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.11.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«...Որ մեռնում եմ քաջի նըման՝ կռիվ տալով մինչեւ վերջ»

3. Խորեն Աբրահամյան. երբ ծովը ցամաքում է...

Անցյալ դարի 70-ականներին մշակույթ ներխուժեց մի հոսանք, որ միտում ուներ ժխտելու դասականությունը, այսպես կոչված՝ հինը, եւ նոր ձեւեր ու ոճեր հայտնաբերել, պոկվել արժեքային «հին» համակարգից։ Դա տարածվեց ամենուրեք, արվեստի բոլոր բնագավառներում, կոչվեց տարբեր իզմերով, քանդվեցին բոլոր կանոնները, չափերն ու ռիթմերը։ Գաղափարազրկությունը կամ խեղված գաղափարները ոտքի տեղ էին փնտրում ոչ այնքան ազատ դաշտում, իրենք իրենց համար, այլ փորձում էին իրենց համար որպես ցատկահարթակ ու պատվանդան ծառայեցնել հենց «հինը», ում փորձում էին ժխտել կամ մրցակցության մեջ մտնել հետը։ Սա առավել ցցուն արտահայտվեց թատրոնում, որովհետեւ տեսանելի էր, ակնառու եւ հանդիսատեսին պարտադրված։
Երբ ընթերցողը գիրքը վերցնում է ձեռքն ու հանդիպում ոչինչ չասող բառերի հերթագայության կամ կույտի, անիմաստության, կարող է չչարչարվել դրանց մեջ հեղինակին արդարացնելու խորհրդանիշեր փնտրելով կամ տարվել չեղած գաղտնիքներ բացահայտելու պարտավորությամբ. ուղղակի մի քանի էջից կամ տողից հանգիստ դեն է նետում, եւ վերջ. այն այլեւս չի խանգարի, իսկ երբ հանդիսատեսը հագնվում—պատրաստվում, ժամադրվում ու գնում է թատրոն, հիասթափությունն արդեն աններելի է, առավել եւս, երբ փորձում է թատրոնից թատրոն գնալ, որոնել ուզածն ու չգտնել, արդեն ոչ թե վատ գիրքն է դեն նետվում, ինչը կարող է փոխարինվել ուզածով, որովհետեւ գիրքը ձեռքի տակ է, կա ընտրության հնարավորություն, այլ թատրոնն առհասարակ, քանի որ այն չի թողնում ընտրություն, քանզի բոլորը՝ խոսքները մեկ արած, բեմադրում ու ցույց են տալիս նույն խոտանը։
Տեղի էր ունենում մի բան, որ շատերը դեռ չէին գիտակցում, չէին վերլուծում, այլ գնում էին ինքնահոսով, թվում էր՝ հեղափոխություն է, զարմանալի, չտեսնված, ու իրենք ոչ միայն մասնակից են այդ մեծ իրադարձությանը, այլեւ հնարավորություն ունեն առաջնորդ լինելու, ու, դրանով տարված, ոչ ոք չնկատեց, որ փոխվում է հանդիսատեսը, նրա որակը, որ երբեմնի պահանջկոտ հանդիսատեսը այլեւս թատրոն չի մտնում, որ ծափահարում են նրանք, ում համար թատրոնը ընդամենը թամաշա է եւ ոչ մտածելու, մտքերով կիսվելու հաճելի ժամադրավայր, ուր սովորելու ու հետը տանելու բան կա։ Հանդիսատեսի համար, հատկապես՝ քաղաքային, թատրոնը բնության հետ շփման տեսակ է. երբ փողոցից մտնում է թատրոն, փողոցը մնում է դրսում, իր հետ ներս չի բերում, գալիս է մաքուր օդ շնչելու եւ, լավ ներկայացում դիտելուց հետո փողոց դուրս գալով՝ շփոթվում է, մի պահ կողմնորոշումը կորցնում, թե ո՞ւր է, ի՞նչ անծանոթ տեղ է հայտնվել եւ հետո սթափվում, հասկանում, որ թատրոնից է դուրս եկել ու կրկին հայտնվել իր առօրյայում։
Մալյանի թատրոնը, որն իսկապես նոր խոսք էր թատրոնում, ուր իշխում էր մինիմալիզմը, եւ ողջ դեկորացիան ընդամենը մի վարագույր էր դերասանների ձեռքին, սակայն խաղի ի՜նչ տեմպ. հանդիսատեսը շունչ քաշելու ժամանակ չուներ եւ չէր զգում ժամանակը, որ մոտեցնում էր ներկայացման ավարտին։ Սա նույնպես դասականի քանդում էր, բայց նոր ոճի ու նոր չափերի մեջ. այսպես հնարավոր չէր «Օթելլո» բեմադրել, եւ պետք էր բոլորովին նոր խաղացանկ, թեկուզեւ դասական հեղինակներից, ինչն էլ հաջողությամբ իրականացրել էր Մալյանը։ Մինչդեռ այն, ինչ կատարվում էր այլ թատրոններում, հանգեցնում էր բեմական պարապության, ինչպես Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական երիտասարդական թատրոնում, ասենք, «Համլետի» բեմադրությունը, երբ ոչ թե թափանցված էր պիեսի խորքը, իրողություններն ու դետալները նոր հայացքով քննելուն, այլ, ինչ—որ խորհրդանիշերի ներմուծումով, առավել պարզունակացված, անհեթեթության աստիճանի՝ իբրեւ նորացված, սակայն ոչինչ չասող, թեեւ դերասանները փորձում էին ամեն կերպ տակից դուրս գալ։ Երբ գործը կատարյալ է, հարկավոր է կատարյալ ընթերցում, ներթափանցում եւ ոչ թե արտաքին ներարկում։ Սրան հակառակ, բայց նույն կերպ, ընթերցված չէր Պերճ Զեյթունցյանի «Ամենատխուր մարդը» պիեսը, որ իսկապես, հրաշալի նորարարություն ու թարմություն էր գաղափարի տեսանկյունից։ Պիեսում բոլոր հերոսները 25 տարեկան են՝ որդին, մայրը, կինը, կալանավորը, բանտապետը, արքան. հղացումն այն էր, որ ճակատագիրն է որոշում մարդու տեսակը, որ եթե նույն մարդը ճակատագրով մայր է, նրա սերն անդավաճան է որդու հանդեպ, իսկ կինը նման պարտավորություն չունի ամուսնու հանդեպ, բանտապանն ունի գործողության իր շրջանակն ու պարտավորությունը եւ որքան էլ համակրի կալանավորին, նրան պետք է փակի տակ պահի... Նույն կերպ մնացած հերոսները. բեմադրության մեջ, կարելի է ասել՝ սյուրռեալիստական ոճը քանդվել էր՝ տուրք տալով այդ ժամանակներում մերժվող դասականությանը, այսինքն՝ թագավորն այն էր, ինչ մենք գիտենք, կինը կին էր, մայրը՝ մայր, եւ յուրաքանչյուրը իր տարիքում էր՝ դասական իմաստով, այնինչ, ինչպես ասացի, 25 տարեկան որդու մայրը նույնպես 25 տարեկան էր եւ ոչ, ասենք՝ 45—50, որպիսին բնական կլիներ, այսինքն՝ նորի համար պայքարողները չէին ընկալել հենց նորը։ Աբսուրդը սա էր։ Այս չընթերցվածությունը նույնպես տապալում է, թեեւ կարող է ակնհայտ չլինել պիեսից անտեղյակ հանդիսատեսի համար եւ դժգոհության տեղիք չտալ, սակայն այն, ինչ հայտնի է հանդիսատեսին, ինչ մարսված է նրա համար, փորձարարությունը կարող է տխուր վախճան ունենալ թատրոնի նման զգայուն արվեստի դեպքում եւ կործանել նրան։
Այս ողջ պրոցեսը տեղի էր ուենում գրեթե բոլոր թատրոններում, որը, ցավոք, բացառություն չեղավ նաեւ Մայր թատրոնի համար։ Թատրոնի մեծերը, ինչպես ասում են՝ սյուները, այլեւս չկային, եւ նոր, երիտասարդ սերունդը վարակված էր ոչ միայն ավանդույթները կոտրելու մղումով, այլեւ, կարծես, թատրոնն առաջնորդելու տեղ էր բացվել նրանցից յուրաքանչյուրի համար, եւ շատերը իրենց՝ գլխավորի կամ գլխավոր դերում էին պատկերացնում։ Վարդան Աճեմյանից հետո թատրոնի ղեկը ստանձնեց Խորեն Աբրահամյանը, եւ, պետք է ասել, ով էլ լիներ նրա փոխարեն՝ հանդիպելու էր դիմադրության, քանի որ, ինչպես ասացի, շատերն էին ձգտում ու իրենց պատկերացնում առաջնորդի դերում, եւ Խորեն Աբրահամյանը դարձավ թիրախ, հատկապես միջակությունների, որոնցից յուրաքանչյուրին թվում էր, թե դերասանի տաղանդը հենց միայն Օթելլո խաղալով է դրսեւորվում, այնինչ թատրոնում, կոլեկտիվ աշխատանքում, չկան մեծ ու փոքր, կարեւոր ու երկրորդական դերեր, անգամ դրվագային դերով է պայմանավորված գլխավոր դերակատարի հաջողությունը, այնպես որ դրսեւորվելու համար պարտադիր չէ սեւամորթի կերպարի մեջ մտնելը։ Հավանաբար, Խորեն Աբրահամյանին պետք էր բեմադրել գերժամանակակից «Օթելլո», երբ բեմի վրա հայտնվում են մի քանի Օթելլոներ կամ բոլոր կերպարներն են Օթելլո, բոլորն անխտիր՝ ականջօղով, ներկած դեմքով եւ այնքան հարազատ թաշկինակով, որոնք սուր ճոճելով պայքարում են միմյանց դեմ ու չեն գտնում մի Դեզդեմոնա, որ նվիրական թաշկինակը՝ որպես սիրո առհավատչյա, ընծայեն նրան ու հարկ եղած դեպքում ետ պահանջեն։ Կարծում եմ, չափազանց հետաքրքիր կլիներ, բայց Խորեն Աբրահամյանը որոշեց իր խոսքն ասել Սունդուկյանի միջոցով, մեր՝ ազգայի՛ն դասականի, եւ մարդկային անբարոյականությունը ցույց տալ խտացված գույներով, սակայն ինչը կարող է մարդու համար առավել անբարոյական լինել, քան «սրտի դավթարի» այլանդակությունը։ Այստեղ նա վրիպեց որպես արվեստագետ, արվեստի ծառա. գիտեր՝ ինչ է կատարվում, եւ նրա քաղաքացիական սիրտը պոռթկում էր, ընդվզում, ճիչը զսպել չէր կարողանում, սթափության կոչ էր անում, եւ այն, ինչ արվեստն ասում է այլաբանորեն՝ առաջ մղելով գեղեցիկը, նա փորձեց ուղղակի, առանց հագուկապի շպրտել ոմանց երեսին, եւ սա էլ դարձավ այն առիթը, որով սկսվեց ուղղակի հալածանքը նրա հանդեպ։ Նա հանել էր սուսերը պատյանից եւ այլեւս նահանջել չէր կարող. կռիվն սկսված էր... Համոզված էր, որ հաղթելու է, սակայն մեծերը նույնպես միամտություն ունեն, եւ այդ միամտությունը աշխարհը փրկելու ռոմանտիկ հավատն է, այն դեպքում, երբ իրենց միամտությամբ ու հավատով չեն զգում ծովի ցամաքելը...
Ծով մտնողին թվում է, թե ամենադաժան բանը, որ կարող է լինել ծովում, մակույկի կործանումն է, չեն պատկերացնում, որ ծովը կարող է տակից գնալ, դավաճանել, ծաղրել, հեգնել, ոչնչացնել մակույկի ու լողորդի գաղափարը. դե գնա ու հիմա լողա քո ցամաքում... Այդպես պատահեց ոչ միայն Խորեն Աբրահամյանի հետ, այլեւ բոլորի, ովքեր հավատով ու համոզմունքով մտել էին արվեստի ծով աշխարհը... Պատկերացնենք իրական ծովը, երբ մակույկով կամ առանց մակույկի՝ սեփական բազուկներով, լողում, կռիվ ես տալիս ծովի հետ, ուզում ես հաղթել ու հաղթում ես, երջանիկ, ու հանկարծ ծովն աննկատելիորեն ցամաքում է միանգամից, ետ քաշվում, իսկ դու՝ բանից անտեղյակ, շարունակում ես լողալ ցամաքի վրա... Ինչ է ստացվում՝ թատրո՞ն, չէ՝ թամաշա, շոու, եւ ամբոխն սկսում է հրճվել, քարեր նետել ու ծաղրել, որովհետեւ դու այլեւս լողորդ չես, ծովը լքել է քեզ, եւ դու ընդամենը դարձել ես ամբոխի թիրախ...
Թատրոնի կործանման ողջ ողբերգությունը, ասես, ուղղակիորեն ջարդվեց Խորեն Աբրահամյանի ուսերին, եւ նա, տղամարդավարի շարունակեց լողալ ցամաքի վրա՝ կուլ տալով հեգնանքն ու թշնամանքը, որովհետեւ դրանից սերը չի պակսում (իր բառով ասեմ), սերը չի պակսում ոչ մի բանից, եթե այն կա... Արվեստի՝ թամաշա, շոու դառնալու փաստը Խորեն Աբրահամյանը խորությամբ գիտակցեց Ամերիկայում. այնտեղ հասկացավ, որ Հայաստանում ինքը, Մայր թատրոնը սոսկ թիրախ էին արվեստը կործանելու ճանապարհին, քանզի այն, ինչ եղավ, արդեն իսկ արձանագրված փաստ էր աշխարհում, որի շոշափուկները չափազանց ռոմանտիկ կերպարանք էին ընդունել հայրենիքում, եւ իր նման նվիրյալները կարծում էին՝ դեռ կարելի է փրկել թատրոնը՝ կիսվելով, բաժան—բաժան լինելով, սեփական թատրոն հիմնելով, սեփական խոսք ասելով, ինչպես Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը... Թատրոնի գաղափարի կործանման հետ զավեշտաբար, սնկի պես աճեցին մասնավոր թատրոնները՝ մեծ ու փոքր հաջողություններով կամ անհաջողություններով, ուր վրիպումները, ձախողումները, թամաշան ու շոուն դարձան գերիշխող, թելադրող, եւ այն վրիպումները, որ չներվեցին Խորեն Աբրահամյանին, այսօր արժանանում են միջակ հանդիսատեսի ու միջակ «արվեստագետների» բուռն ծափահարություններին...
Այնինչ, մեծ արտիստի ու հայրենասերի, ինչպես ինքն էր ասում՝ իսկական երեւանցու համար, աշխարհը դարձավ նեղվածք, իրականությունը շնչահեղձ էր անում, եւ նա ուզում էր գոռալ, ճչալ, ուշքի բերել, ցնցել՝ եթե ոչ աշխարհին, ապա գոնե հայ մարդուն, եւ նա՝ վիրավոր առյուծի նման աղաղակում էր Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին». չէ, չէր արտասանում, հենց աղաղակում էր, աղաղակում...
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

01-04-2020





25-11-2020
Արցախի հիմնախնդիրը՝ միջազգային իրավունքի համատեքստում
Անկախության ճանաչումը հանուն փրկության

Պատերազմի օրերից սկսած ...


25-11-2020
«Իմ կենացը մի խմեք, այլ շարունակեք իմ գործը»
«Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է»


25-11-2020
Անկարան վերահսկում է Ֆրանսիայի 2600 մզկիթից 320-ը
Երբ ավելանում են «գայլերը», քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է մտածել ...


25-11-2020
Եռակողմ հայտարարության նախաձեռնողն ամեն կերպ կձգտի պահպանել այն
ՌԴ-ն մատնանշում է Արցախում խաղաղությունը խաթարելու փորձ անողներին



25-11-2020
Առկա իրողություններում չի կարելի բացառել տարածաշրջանային զարգացման որեւէ սցենար
Պետականության ուժեղացման ռեսուրսները հնարավոր է ապահովել միայն ազգային ներուժի ...


25-11-2020
Ռազմավարական ակնարկ Իրանին
ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկել Մերձավոր Արեւելք

Իրաքում ...


25-11-2020
Ամրոցները՝ Որոտանի ափերին
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ




25-11-2020
Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան ...

25-11-2020
ՀՀ վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կրթության, ...

25-11-2020
Ռուսական կենտրոնն սկսել է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում ...

25-11-2020
Մխիթարյանի նոր ռեկորդները եւ հնարավոր պայմանագիրը
Իտալական «Ռոման» պատրաստվում է երկարաձգել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO