Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ

«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ արեւ, հիվա՜նդ եմ…»

Աղոթքը բացատրվում է որպես հավատացյալ մարդու հոգեւոր կյանքի կարեւոր բաղադրիչ, մարդու դիմումը Աստծուն, աստվածներին, սրբերին, ոգիներին, հրեշտակներին, անձնավորված բնության ուժերին, ընդհանրապես՝ Բարձրագույն Էակներին կամ նրանց միջնորդներին՝ բառային կամ մտային ձեւով...
Անկախ հավատացյալ լինել—չլինելուց, եկեղեցի հաճախել—չհաճախելուց, հոգեւորի հետ շփումից, ամեն մարդու կյանքում լինում են պահեր, երբ, անկախ իրենից, շուրթերն աղոթք են մրմնջում՝ հանուն փրկության կամ մեղքերի քավության։ Աղոթքի զորությանը հավատում են շատերը, հատկապես երբ հույսը հույս չի ներշնչում, եւ սեփական ուժերն անզոր են որեւէ բան անել, երբ ելքը հրաշքի պես բան է թվում։ Երբեմն աղոթում են մարդիկ, ում ներաշխարհը խաթարված է անմարդկային, տգեղ, մերժելի արարքներով, հանցագործ վարքով. նրանցից շատերին թվում է, թե սոսկ աղոթքով հնարավոր է փրկություն գտնել, արդարանալ եւ նորից շարունակել ապրել ու գործել նույն կերպ, դարձյալ ու դարձյալ աղոթել, չգիտակցելով, որ աղոթքն ինքնին անզոր է մաքրել մարդուն մեղքից, եթե այն շարունակում է գործվել ու գործվել...
Աղոթքը մաքրագործում է, փրկում, օգնում ապրել ու մեռնել խաղաղությամբ, եթե այն ներքին, հոգեւոր կերտվածք է եւ ոչ սոսկ մոմավառություն կամ խաչակնքելու դատարկ սովորություն, ինքնահանգստացման պես մի բան։ Աղոթքը աղոթքի կարգով ապրելու համոզմունք է, չվնասելու կամք, բարեպաշտություն, հաղորդակցություն բարու հետ՝ հանուն բարու։ Մեր ժողովուրդը Աստվածաշնչյան պաշտամունք ունի, ու եթե Աստվածաշունչը ուսումնասիրության, սեղանի գիրք է ու աղոթք առ Աստված, ապա Նարեկը՝ գլխատակի գիրք, ապաքինման աղոթք։ Դժվար է ասել, թե դրանց բովանդակությունը հայտնի կամ մատչելի է ամենքին. գիտուններն անգամ շատ դեպքերում վստահ չեն մեկնաբանություններում, սակայն դրանք անվերապահորեն ընդունվում են որպես սուրբ գրքեր եւ այդ իմաստով քննության ենթակա չեն։ Նարեկը՝ չափածո, սրտից բխող խոսք Աստծու հետ, անկեղծության պոռթկում, ներքին ռիթմ ու մեղեդի, բժշկություն ու ապաքինում, բնության ձայն... Բնության ձայնն է, որ չի խլանում մարդու հոգում ու, ոմանց դեպքում՝ երբեմն, ոմանց դեպքում՝ առավել հաճախակի, արձագանքում է ներքին հույզերին ու անկեղծությանը, մղում աղոթքի։
Սիրո, գթության ու անձնազոհության քարոզը եղավ եւ Մեծարենցի պոեզիան՝ սնուցված բնության ու միջնադարյան բանաստեղծության ոգով։ Անանձնականության երգիչը, սակայն, չէր կարող անհաղորդ մնալ սեփական ցավին ու չարձագանքել նրան, դիմադրության եզրեր փնտրել ցավի դեմ՝ ապրելու համար, ցավ, որ բուն դրեց տակավին պատանի մարմնում. 1901 թ. Սվազում, երբ Միսաքն ընդամենը տասնհինգ տարեկան էր, թուրք մսագործները նրան շփոթում են իրենց հակառակորդի հետ, ծեծի ենթարկում եւ դանակահարում, ինչն էլ դառնում է թոքախտով հիվանդանալու պատճառ, որից հետո մի քանի ամիս բուժվում է Սուրբ Հակոբի վանքում, սակայն այն ժամանակներում բժշկության համար թոքախտը դեռեւս անհաղթահարելի հիվանդություն էր, եւ ցավն ու մահվան կանխազգացումը դառնում են նրա ուղեկիցը, ինչպես որ էր Պետրոս Դուրյանի դեպքում. երկուսն էլ՝ ճակատագրի բերումով, ծնված Թուրքական կայսրությունում, ժամանակային հատվածով միմյանց մոտ, սակայն չխաչաձեւվող, տառապում նույն հիվանդությամբ, ունենում կարճատեւ կյանք՝ 20—22 տարի, թողնում՝ այսօրվա չափանիշներով, տարիքին անհամապատասխան ահռելի գրական ժառանգություն, երկուսի քնարի մեջ էլ՝ չապրվող կյանքի տխուր նոտաներ։ Մինչդեռ Դուրյանն իր մասին դառնությամբ գրում էր, թե «Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս», Մեծարենցը նրա մահվանից հետո պիտի գրեր.
Հիացքներ կ՚երթան իրեն ետեւեն...։
Եվ իր հուշերն ալ, հավետ անմոլար
ու մի՜շտ ոգեւոր՝ դեռ պիտի տեւե՜ն։
Հավանաբար, այսպես կգրեր եւ Դուրյանը Մեծարենցի մասին, թե կռահեր նրա ծնունդը եւ հոգեհարազատությունը իրեն ու իր պոեզիային, սակայն բնությունը գերադասել էր նրանց մեջ տեսնել ժամանակի շարունակությունը եւ ոչ կրկնությունը, թեեւ շարունակության մեջ կրկնությունը երանգների ու գույների նոր ներդաշնակություն է եղանակում։ Սեր, աղոթք, անչարություն, բնություն, պատկերներ, որ անցնում են աչքի ոսպնյակով, ու բնությունը կրկին, յուրովի կերտում.
Այգն է ծաղիկ երազով լի, ու բալաձիգ՝ թեթեւորեն.
մըշուշն անծալ ջրվեժի պես ամբարտակեն վար կհոսի.
իր չըփույթին մեջ կը շիկնի ոսկի աղջիկն արշալույսի՝
այգն է ծաղիկ երազով լի, ու բալաձիգ՝ թեթեւորեն։
Ի՞նչն է մեռնողի համար առավել բաղձալի, քան կյանքը, որ վայրկյանի հետ դառնում է անցյալ, եւ ինչո՞վ հագենա վայրկյանն այդ, եթե ոչ ծնրադրմամբ սիրո առջեւ.
Կ՚ուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անյագ.
Կ՚ուզեմ որ մեռնի՜ն տիւ ու ժամանակ՝
Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր։
Անիրականալի ցանկություն, որ պիտի կատարվի աղոթքի հրաշքով. դադարեն ձայները պատիր, մեռնեն տիվ ու ժամանակ, մնա լոկ սերը ու տաճարը նրա՝ աղոթքի համար ծնրադիր... Կյանքը՝ իր մաքուր ելեւէջներով... Այնպես, ինչպես Մեծարենցն ապրեց իր չապրած կյանքը՝ որպես աղոթք ու մրմունջ եւ պոեզիան զգաց՝ որպես հոգու անմահություն անդադար հոսող ժամանակի մեջ...
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

04-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO