Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Դիք. չաստվածների պաշտամունք

Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու նրա որդի Արտավազդն ունեին նաեւ գեղարվեստի եւ գեղեցիկ դպրության ճաշակ

Որքան էլ ողջամիտներին անհնարին է թվում, թե մարդ կարող է մեկ եւ միայն Գերագույն Էակից զատ ուրիշ էակի էլ Աստված անվանել, հարկ է լինում զիջել թե հեթանոսների գրավոր վկայությունների, թե առայժմ մնացած հեթանոսների ասածի ու արածի պատճառով, որոնք մոլությամբ կամ սովորությամբ ընդունել ու անվանել են այլեւայլ աստվածների ու աստվածուհիների, ըստ մեզ՝ մեծ ու փոքր չաստվածների, որոնք մեր լեզվում սովորաբար կոչվում են հոգնակի ձեւով՝ դիք, իգականները՝ դիցուհիներ… Նրանց պաշտամունքը՝ դիցապաշտություն, նրանց պատկերներն էլ քարից, կավից, պղնձից կամ որեւէ այլ նյութից լինելու, պատրաստվելու կերպի կամ արվեստի առումով կոչվում են դրոշյալ եւ կուռք, որից էլ՝ կռապաշտություն անվանումը։ Ս. գրքում հիշատակված թերափ կամ թերափիմ եղբայրական բառերը նշանակում են տնական կամ պահապան չաստվածներ։ Այս անկարծելի եւ, դժբախտաբար, ստույգ եւ շատ ընդհանուր եղած մարդկային ամենաանարգ մոլորության ծագումը իսկապես զարմանքով հարցնելի է, ինչպես արեց իր հարց ու պատասխանում մեր Վանական վարդապետը։ Ս. հայրերից շատերը եւ բարոյագրքերը եւս դրա մասին պես—պես խոսել են։
Հայերի մեջ դիցապաշտությունը մտել է օտարների մեջ մտնելուց 100 տարի հետո, ես կարծում եմ՝ դա ավելի ուշ է եղել։ Եզնիկի պես մի վարդապետ էլ, հիշելով այն ազգերին, որ, մեկը մյուսին հետեւելով, մոլորվեցին, առաջինների վրա ավելացնում է պարսիկներին ու մարերին, սրանցից շատ ավելի հետո՝ ասորիների, սրանցից էլ շատ ավելի ուշ՝ «յաւուրս Արտաշէսի [Ա] որդւոյ Արշակայ՝ ի Հայք կանգնեցաւ պատկերն Արամազդայ»։ Անշուշտ, սա հետեւողություն է Խորենացու պատմությանը, որում խոսվում է այդ Արտաշեսի աշխարհակալությամբ Հունաստանից բերած կուռքերի մասին, որոնք նրա որդին՝ Տիգրանը, կանգնեցրեց այլեւայլ քաղաքների մեհյաններում։ Բայց ըստ նույն պատմության՝ նրանցից առաջ նրանց ցեղապետ Վաղարշակը, իր եղբորը՝ պարթեւների թագավոր Արշակին, գանգատվելով, գրում էր, թե Հայաստանում չկար «իր խելքին հարմար ու օրինավոր, եւ ոչ մեհենից պաշտամունք», եւ ինքը նախ կանգնեցրեց արեգակի ու լուսնի անձնակերպ կուռքերը եւ ապա՝ իր նախնիներինը։ Այս հիշատակությունը շատ հավանական է դարձնում, որ հայերը, թեեւ ունեին վեհեր, պես—պես հավատ ու պաշտամունք, ինչպես տեսանք, սակայն հույների եւ ուրիշների նման կուռքեր չունեին։ Եվ Արշակունիները եղան Հայաստան դիքեր մտցնողները, մանավանդ այդ երկուսը (Արտաշեսը եւ Տիգրանը)՝ ոչ այնքան կրոնական, որքան գեղագիտական զգացմամբ՝ թանկ ու ճարտար ձեռագործները Հունաստանից կողոպտելով ու հարստացնելով իրենց գանձն ու երկիրը։ Ասվածի մեծ հավաստիքն է կուռքերի հետ մեկտեղ դրանց պաշտամունքավարներին, այսինքն՝ քուրմերին էլ բերելը։
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու նրա որդի Արտավազդն ունեին նաեւ գեղարվեստի եւ գեղեցիկ դպրության ճաշակ, նման լինելով ուրիշ մի քանի արեւելյան թագավորների՝ պարծանք էին համարում հունասեր (ֆիլելլինոս) կոչվելը եւ հայերի մեջ հունարենի հետ հունական կրոնն էլ ծավալեցին։ Սրանք էլ, նորությունից եւ հանդեսներից քիչ—քիչ դրդված, ավելի կամ պակաս չափով ընդունեցին նոր կրոնն ու նոր չաստվածներին, մանավանդ եթե գտան իրենց հին հավատքին որեւէ նմանություն։ Եվ ավելի վատ ստիպված էին իրենց նոր տիրակալներին էլ գերագույն պատիվ տալ, կամ սրանք էին պահանջում այդպիսի պատիվ։ Եվ եթե գրվածը ստույգ է, նույն ինքը՝ Վաղարշակը, նամակի մեջ իր եղբորը անվանում է «անձն եւ պատկեր մեր աստուածոց … եւ երեւելի բնակութեամբ ի մէջդից»։ Այդ եւ դրա նման պատկերները կոտրտեց—փշրեց Արտաշիրը, երբ Խոսրով Ա—ի մահից հետո նվաճեց Հայաստանը։ Սրա որդին՝ Տրդատ Մեծը, հեթանոսության ժամանակ իր հրովարտակի մեջ հիշատակում է իր ազգը՝ ողջունելով. «Եւ ի մեր Դիւցախառն Պարթեւաց՝ հասցէ այցելութիւն, ի փառաց թագաց»։
Ըստ մեր ազգի պատմության՝ նույն Վաղարշակի օրոք է տեղի ունեցել հնդիկ ազնվականներից ոմանց՝ փախչելով Հայաստան գալը իրենց չաստվածներով ու պաշտամունք ավարներով, թագավորի հրամանով Տարոնում բնակվելը եւ իրենց աղանդը տարածելը։ Եվ այսպես՝ երկու—երեք նորհավատք՝ հնդկականը, հունականը եւ պարթեւականը, խառնվում են հայկականին Քրիստոսից առաջ 2—րդից մինչեւ 1—ին դարի կեսը ընկած ժամանակահատվածում։ Եվ եթե ստույգ լիներ պատմվածը, խառնվել է նաեւ ասորականը կամ եդեսիականը։ Եվ այդ ժամանակամիջոցում են երեւում կամ ավելի շատ երեւում չաստվածների կռածոները (կուռքերը), որոնց նախկինում քիչ լինելը գուշակվում է նրանց գլխավոր պաշտամունքարանի՝ թագավորանիստ քաղաքում լինելուց եւ թագավորի հետ քաղաքից քաղաք փոխադրվելուց, նաեւ մի քանի հատուկ վայրերից, ինչպես Բագարանից, Հաշտիշատից եւ այլ վայրերից, ուր՝ որպես ուխտատեղիներ, մեծ տոների ժամանակ ժողովրդի հոծ բազմություն էր գալիս։ Իբրեւ մեծ դիքերի եւ պաշտամունքի հատուկ վայր՝ հիշատակվում են Մեհյանների յոթ բագինները։ Եվ Տրդատից հետո մինչեւ հիմա Հայաստանում կուռքերի ոչ մի մնացորդ չի գտնվել՝բացառությամբ մի քանի տարի առաջ Սատաղի մոտերքում գտնվածի։
Մեր նախնիների դիցապաշտական կրոնի վերաբերյալ շատ ավանդություններ չունենք, բայց շատ հավանական է, որ լեզվով մերձավորների հետ կար նաեւ կրոնի մերձավորություն։ Ստրաբոնը վկայում է, որ ինչ պաշտում էին պարսիկները, նույնը պաշտում էին նաեւ մարերն ու հայերը, իսկ երբ Հայաստան մտան նաեւ հունական կուռքերը, մեր ազգակիցները դրանց ոչ թե ընդունեցին իբրեւ նոր աստվածներ, այլ հարմարեցրին իրենց ճանաչածներին, օրինակ՝ Դիոսը՝ Արամազդին, Արտեմիսը՝ Անահիտին, Ափրոդիտեն՝ Աստղիկին, Հերակլեսը՝ Վահագնին։ Սակայն պետք է, որ նման լինեին, այլ ոչ համանման, որովհետեւ յուրաքանչյուր ազգ ուներ իր առանձին հայրենի կարծիքն ու ճաշակը։ Նույնիսկ հույներն ու հռոմեացիները, որ նույն չաստվածներին էին պաշտում, տարբեր պատկերացումներ ունեին։ Նաեւ միեւնույն ազգությունն ու լեզուն ունեցող ժողովրդի պատկերացումները այլեւայլ կողմերում այլեւայլ են։ Սա հայտնի է նաեւ այն բանից, որ միեւնույն չաստվածը ուներ զանազան անուններ կամ մականուններ՝ սկսած նրանցից ամենամեծից՝ Արամազդից, որի մասին մեր Խորենացին էլ է ասում (Ա. ԼԱ), թե ուզողի համեմատ՝ կա ոչ մեկ, այլ չորս Արամազդ, մեկն էլ՝ Կունտ Արամազդ (ո՞րն է) չորսի վրա չորսն էլ կարելի է ավելացնել կամ բազմապատկել։
Չուզելով այսպիսի խորհրդածությունները երկարաձգել՝ հիշենք մեր նախնիների՝ բնիկ կամ օտար անվամբ պաշտած չաստվածներին՝ սկսելով վերջին հիշատակվածից։
Ղեւոնդ ԱԼԻՇԱՆ
Պատրաստեց Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

11-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO