Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ԱՇԽԱՐՀ


Կփլուզվի՞, արդյոք, դեռ վերջնականապես չկայացած «Ջրային գերտերությունը»

Երաշտը եւ վատնումները Թուքիային զրկում են իր երազանքների նախագծերից

Խմելու ջրի պաշարների ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ աշխարհի ավելի քան 37 երկիր համարվում է խիստ սակավաջուր, որոնք Միջին Արեւելքում են, Հյուսիսային Ա‎‎‎‎‎‎ֆրիկայում, Կենտրոնական Ասիայում եւ Օվկիանիայում: Ըստ «World Resources Institute»-ի հետազոտությունների՝ սակավաջրությունը ծանր մարտահրավեր է տվյալ երկրներին, ինչը կարող է լրջորեն սպառնալ դրանց ազգային անվտանգությանն ու տնտեսական զարգացմանը, մանավանդ այն երկրների համար, որոնք չունեն ջրի կառավարման հստակ ծրագիր: Այս տեսանկյունից առավել խոցելի են Միջին Արեւելքի արաբական երկրները:
Սակավաջուր արաբական Միջին Արեւելքի հարեւանությամբ է Թուրքիան, որը ջրի պաշարների առումով տարածաշրջանում, թերեւս, լավագույն վիճակում է: Երկիր, որն ունի համակարգված ազգային ռազմավարական նպատակներ ու ծրագրեր, որոնց իրականացման ուղղությամբ անշեղորեն ջանքեր են գործադրում Թուրքիայի անխտիր բոլոր կառավարությունները: Այդօրինակ ծրագրերից է տարածաշրջանում Թուրքիայի «Ջրային գերտերություն» դառնալը: Այդ նպատակով, դեռեւս 1970 թ.՝ Սուլեյման Դեմիրելի իշխանության օրոք, մշակվել են երկու կարեւոր նախագծեր. ա) Peace Pipeline (խաղաղության խողովակաշար, PP), որի համաձայն պետք է երկու խողովակաշարով Թուրքիայից ջուր տեղափոխվի Պարսից ծոցի արաբական երկրներ, բ) Great Anatolian Project (Անատոլիայի մեծ նախագիծ, GAP), որով նախատեսվել է քրդաբնակ 9 վիլայեթում Եփրատ եւ Տիգրիս գետերի վրա կառուցել 22 ամբարտակ եւ 19 ՀԷԿ: Այդ նախագծերի նշանակությունն այսօր ավելի ցայտուն է դարձել, երբ սակավաջրության լուրջ մարտահրավերների առջեւ են հայտնվել Բահրեյնը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Պաղեստինը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Հորդանանն ու Եմենը: Ավելին՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Ղալին (1992-1997 թթ.), դեռեւս 1994 թ., մտահոգություն հայտնելով այդ խնդրի առնչությամբ, նշել էր. «Միջին Արեւելքում ապագա պատերազմները պայմանավորված կլինեն ոչ թե նավթի, այլ ջրի խնդրով, ինչի քանակը տարածաշրջանում աստիճանաբար նվազում է»:
Չնայած 1998-2012 թթ. երաշտը զգալի բացասական հետեւանքներ է ունեցել նաեւ Թուրքիայի համար, այսուհանդերձ, ներկա դրությամբ էլ ջրի պաշարներով այս երկիրը, թերեւս, Արեւմտյան Ասիայում առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Ուստի տարածաշրջանում «Ջրի կայսրություն» դառնալու ակնկալիքով փորձում է նման արտոնյալ վիճակն օգտագործել Միջին Արեւելքում, մասնավորապես արաբական աշխարհում, իբրեւ իր ազդեցության տարածման եւ ճնշման լծակ:
Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը, ջրի պատերազմն անխուսափելի համարելով եւ միաժամանակ հաշվի առնելով Թուրքիայի համեմատաբար ջրառատ լինելը, ընդգծել էր. «Ապագա աշխարհը նավթի աշխարհ չի լինելու, այլ՝ ջրի: 21-րդ դարը Թուրքիայի դարն է»: GAP-ի հիմնաքարը համարվում է Եփրատի վրա կառուցված Աթաթուրքի անվան ամբարտակը, որի եւ մնացած ամբարտակների կառուցման համար զոհաբերվել են քրդական բազում խոշոր բնակավայրեր ու գյուղեր: Իսկ բնակչությունը տեղահանվում է, ինչը գնահատվում է որպես քրդական հարցի «լուծմանը» նպաստող հանգամանք՝ արժանանալով խիստ քննադատությունների: Բացի այդ, GAP-ի առնչությամբ լուրջ տարաձայնություն է ծագել Սիրիայի, Իրաքի եւ Թուրքիայի միջեւ: Այսուհանդերձ, Անկարան հիշյալ գետերի վերին հոսանքում գտնվելու նպաստավոր դիրքը կիրառում է որպես Իրաքի եւ Սիրիայի նկատմամբ ճնշման լծակ: 1998-ի սեպտեմբերին PKK-ի (Քրդստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլաի Օջալանին Սիրիայից վտարելը եւս պետք է բացատրել այս համատեքստում: Սա այն դեպքում, երբ Անկարան բազմիցս խոստացել էր եւ խոստանում է, որ Եփրատի եւ Տիգրիսի ջրերի դեմը չի փակելու, դրանք հոսելու են դեպի Սիրիա ու Իրաք, բայց երբեք չի կատարել խոստումը: Ահա թե ինչու Թուրքիան չի միանում 1997 թ. կոնվենցիային, որը վերաբերում է գետերի ջրերին ու դրանց շուրջ տարաձայնություններին:
Թուրքիան, շատ լավ գիտակցելով ջրի «զենքի» հզորությունը, այն կիրառում է նաեւ Սիրիայում իր վերահսկողության տակ հայտնված տարածքների բնակչության, մասնավորապես Հասաքա քաղաքի ու շրջակայքի բնակավայրերի շուրջ մեկ միլիոն քուրդ բնակչության դեմ: 2019-ից Թուրքիայի վերահսկողության տակ է Հասաքայի խմելու ջրի գլխավոր պոմպակայանը, եւ շուրջ մեկ տարվա ընթացքում ավելի քան 12 անգամ բնակչությանը զրկելով խմելու ջրից՝ օրերս կրկին նման քայլի է դիմել: Վերլուծաբանները դա պատճառաբանում են Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծվելու հնարավորությամբ, ուստի ձգտում է առավելապես թուլացնել քրդերին եւ ինչպես միշտ՝ գործելով «նպատակն արդարացնում է միջոցը» սկզբունքով: Այս առնչությամբ «Human Rights Watch»-ի հետազոտող Սարա Քայալին «Դոյչե վելեյին» տված հարցազրույցում շեշտել է, որ Թուրքիայի նման գործելակերպը հանգեցրել է մարդկային ողբերգության:
Թեեւ, ինչպես նշեցինք, երկարատեւ երաշտի պատճառով Թուրքիայի ջրային պաշարները նվազել են, սակայն Անկարան չի հրաժարվել իր նպատակներից: 2014 թ. մայիսի 27-29-ը Ստամբուլում տեղի ունեցած Ջրի միջազգային 3-րդ համաժողովում Էրդողանը, դիմելով տարածաշրջանի նավթով հարուստ երկրներին, հայտարարեց. «Դուք նավթ ունեք, մենք՝ ջուր», ինչը վերլուծաբաններն իրավացիորեն գնահատեցին ոչ թե բարեկամական ուղերձ, այլ՝ սպառնալիք:
Բայց եւ այնպես, ըստ երեւույթին երաշտի ուղտը նաեւ «Ջրի կայսրության» դռանն է չոքել: Վերջին երկու տարվա երաշտի հետեւանքով Թուրքիայի արեւմտյան հատվածում ջրի սակավությունը խիստ զգալի է: Ինչպես հունվարի 15-ին նշել է «per.euronews»-ը, Ստամբուլի քաղաքապետարանին նախազգուշացվել է, որ նախորդ տարվա երկրորդ կեսին տեղումների սակավության պատճառով քաղաքի ջրամբարներում առկա պաշարները պահանջարկը բավարարելու են ընդամենը 45 օր: Իսկ Անկարայի քաղաքապետարանը հունվարի սկզբներին հայտարարել է, թե առկա է 110 օրվա պահանջարկին համապատասխան ջրի պաշար: Նշյալ աղբյուրը, մեջբերելով ջրի կառավարման մասնագետ Աաքգյուն Իլհանի տեսակետները, շեշտել է, որ ստեղծված իրավիճակը ոչ միայն երաշտով է պայմանավորված, այլեւ սպառման ոչ ճիշտ կազմակերպմամբ եւ շուրջ 43 տոկոս վատնումներով: Նա այնուհետեւ ընդգծել է, թե երաշտի պատճառը կլիմայի գլոբալ տաքացումն է, ինչի դեմ պայքարի Փարիզյան կոնվենցիային Թուրքիան միացել է 2016 թ., սակայն այն խորհրդարանի հաստատմանը ներկայացնելու ուղղությամբ որեւէ քայլ չի կատարվել: Իլհանը շեշտել է, որ կառավարությունը, որպես երաշտի ու սակավաջրության դեմ միջոցառում, դեկտեմբերին կրոնական հարցերի կառավարիչներին ստիպել է, որ երկրի բոլոր քաղաքներում կատարվեն «անձրեւի աղոթքներ», ինչը հաստատ անօգուտ է: Ապա ընդգծել է, թե ինքը դեմ չէ այդ ավանդույթի իրականացմանը, սակայն կլիմայի փոփոխության պատասխանատուն ոչ թե Աստված, այլ մարդն է: Այլ կերպ ասած՝ բացառված չէ, որ Թուրքիայի «Ջրային գերտերություն» դառնալու երազանքի նախագծերը կտապալվեն կամ առնվազն չեն իրականանա:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

27-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO