Գյուղերի զարգացման ծրագրերը լավ արդյունքներ են տալիս
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել սահմանամերձ մարզերին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում գործող «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը շարունակում է նպաստել Տավուշի գյուղատնտեսության զարգացմանը։ Այս տարի 45 հղի երինջներ են ներմուծվել Դանիայի Թագավորությունից։ Հատուկ սերմնավորման շնորհիվ ծնվել են էգ հորթեր, ինչը կնպաստի ֆերմայի կաթնային ուղղության զարգացմանը։ Բարելավվել են անասնակերի պահպանման պայմանները, մեծացվել է հարդանոցը, եւ փոխվել է կերակրման մեթոդը։ Ֆրանսիացի փորձագետների պարբերաբար այցերի շնորհիվ ներմուծվել են ֆերմայի կառավարման արդի մեթոդներ։ Լուսաձոր համայնքում 8 հեկտարի վրա արդեն իրականացված էլիտար աշնանացան 20 տոննա ցորենի բերքը հավասարապես բաժանվել է Լուսաձոր համայնքի 150 գյուղացիական տնտեսություններին։ Գյուղացիներին անհատույց տրամադրվել է ճակնդեղի սերմեր, ինչից ստացված 150 տոննա բերքը գնվել է նրանցից։ 2018թ. մարզի 10 համայնքների 4000 գյուղացիական տնտեսություններին տրամադրվել են շուրջ 7000 տնկի (խնձորենի, նռենի, բալենի, արքայանարինջ եւ այլն)։ Գյուղատնտեսի կողմից իրականացվել են պրակտիկ դասընթացներ՝տնկիների ճիշտ մշակման վերաբերյալ։ Կիրանց, Նավուր, Գոշ, Գանձաքար, Արծվաբերդ, Կողբ համայնքներում հիմնադրամի կողմից կառուցված փոքր մինի—ֆերմաներում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ։ Այժմ գրեթե բոլոր փոքր ֆերմաներն ունեն հարդանոց, որտեղ կարող են պահեստավորել անասնակերը։ 2017թ. հիմնադրամը ՀՀ Տավուշի մարզում ներդրել էր արեւային էներգիայի կիրառման ծրագիրը։ Առաջին շահառու համայնքը Խաշթառակն էր, որտեղ արդեն 50 ընտանիք ապահովված է տաք ջրով (300 լ), ինչպես նաեւ համայնքային նշանակության շինությունները՝ դպրոցը, մանկապարտեզը, բուժկետը, համայնքապետարանը։ 2018թ. հաջորդ շահառու համայնք դարձավ Լուսաձորը, որտեղ տեղադրվեցին 10 արեւային ջրատաքացուցիչներ։ Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը, նախատեսվում է այն շարունակել 2019թ. այլ շահառու համայնքներում. 171 ընտանիք կսկսի օգտվել արեւային էներգիայից։ Ընթացիկ տարում ընդլայնվել է կաթնամթերքի արտադրամասը եւ համալրվել նոր սարքավորումներով՝ նպաստելով հիգիենայի կանոնների առավել պահպանմանը։ Արտադրամասի աշխատակիցներին իր մասնագիտական փորձառությունն է փոխանցում ֆրանսիացի պանրագործ Պատրիկ Ֆրանժինը, ով պարբերաբար այցելում է Հայաստան։ 2019թ.–ին նախատեսվում է նաեւ այլ ֆրանսիացի փորձագետների այց՝ նոր պանրատեսակներ ստանալու համար։ Լուսաձորում արտադրվող կաթնամթերքը վաճառվում է Իջեւանի եւ Երեւանի ֆիրմային խանութներում, սուպերմարկետում, ինչպես նաեւ Մոսկվայի մեծածախ առեւտրի կենտրոններում։
18-12-2018
|