Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԼՂՀ


Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր

Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներից մեկի՝ «Կռունկի» անդամ Բորիս Առուշանյանի համոզմամբ՝ 1988—ի ազգային զարթոնքը պայմանավորված էր պատմական եւ քաղաքական մի շարք իրողություններով։ Մասնավորապես՝ «ԿԱՎբյուրոյի» կամայական որոշումը, Ստալինի կողմից Արցախն Ադրբեջանին բռնակցելու հանգամանքը, «որը միշտ էլ մշտարթուն է պահել արցախահայության ոգու զարկերակը»։
Հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների բացարձակ թշնամական քաղաքականությունը, իրենց պապենական հողի վրա արմատ ձգած բնիկներին «եկվորի» պիտակ կպցնելու, հայերին ցինիկաբար «աղվանների հետնորդներ» (ժառանգորդներ) վերագրելու, պատմությունը կեղծելու, ժողովրդի ազգային արժանապատվությունը վիրավորելու փորձերը եւ մարդկանց իրավունքները ոտնահարող մյուս բացահայտ ձեռնարկումներն այլեւս համբերելու, ինչպես ասում են՝ «լռելու տեղ չէին թողել»։
«Ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորելու վերաբերյալ ստորագրահավաքներին հաջորդող բազմամարդ ցույցերն ու հանրահավաքներն ուժով ճնշելու եւ կազմակերպիչներին («մեղավորներին») պատժելու Բաքվի սպառնալիքներն այլեւս անզոր էին կասեցնելու համաժողովրդական հորդաբուխ շարժումը։ Աշխատանքային կոլեկտիվների ժողովներում եւ հավաքներում, կուսակցության շրջանային կազմակերպություններում ընդունված որոշումները նույնպես փաստում էին Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ շարունակ Արցախը հայաթափ անելուն միտված ստոր ու նենգ քաղաքականության մասին՝ արձանագրելով բազմաթիվ օրինակներ,–հիշում է Բ. Առուշանյանը, որը գլխավորում էր Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանը։–Մարդիկ պահանջում էին քաղաքական գնահատական տալ այդ նախահարձակ դրսեւորումներին, մարզային խորհրդի նստաշրջան հրավիրել եւ խնդրին իրավական ձեւակերպում տալ։ Ասել է թե՝ համապատասխան որոշում կայացնել եւ Մոսկվա հասցնել արցախահայության արդար պահանջը։ Իսկ, կրկնում եմ, հավատալով Գորբաչովի հռչակած «պերեստրոյկային» եւ ակնկալելով հարցի դրական լուծում, մարդկանց հայացքները միամտաբար Կրեմլին էին ուղղված»։
Չնայած այն ժամանակ Ադրբեջանի էմիսարները կոմկուսի առաջնորդ Ք. Բաղիրովի գլխավորությամբ Ստեփանակերտում ու մարզի շրջաններում էին, իսկ Կենտկոմի բաժնի վարիչ Ա. Ասադովը ԼՂՀ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ սպառնացել էր «100 հազարանոց ադրբեջանցի կամավորականների զինված բանակ բերել Բաքվից եւ Ղարաբաղը դարձնել գերեզմանոց», ժողովրդական պատգամավորներին հաջողվեց անասելի ճնշման տակ մարզխորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրել՝ ստանալով հրապարակում փոթորկող, «Արցախ», «Հայաստան», «Միացում» վանկարկող բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցների լայն աջակցությունը։ Իսկ նրանց համախմբելու, նստաշրջանում պատգամավորների ներկայությունն ապահովելու խնդրում, ինչն այնքան էլ դյուրին չէր (մարզկենտրոն տանող բոլոր ճանապարհները ադրբեջանցի ոստիկանների եւ զինյալների կողմից լիովին փակվել էին), բնականաբար, վճռորոշ քիչ դերակատարություն չունեին շարժման ակտիվիստները, ձեռնարկությունների տնօրենները, մի շարք խիզախ ձեռնարկումների համահեղինակ դարձած «բանվորական խմբերը»։
Եվ, ի հեճուկս ազերի ղեկավարների՝ նստաշրջանի հրավերը տապալելու փորձերին, քվորումը կայացավ։
«Հնարավոր չէ նկարագրել այն ոգեւորությունը, համաժողովրդական այն մեծ ցնծությունը, որ նստաշրջանի պատմական որոշումն հրապարակելու ժամանակ ունեցան հանրահավաքի մասնակիցները։ Մեծ մասը հավատացած էր, որ միացումը կայացած է, եւ ուրախ ողջագուրվում, աչքալուսանք էին տալիս՝ երբեք էլ չմտածելով, թե Մոսկվան կարող է մերժել պատգամավորների իրավական պահանջը,–հիշում է տնօրենների խորհրդի նախագահը։–Ցավոք, խաղաղ ցույցերին եւ հանրահավաքներին Բաքուն պատասխանեց «համարժեք» քայլերով։ Հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մտադրությամբ Աղդամից Ասկերանի ուղղությամբ շարժվող ադրբեջանցիների 30 հազարանոց գազազած ամբոխի հարձակումները մի կերպ հաջողվեց ետ շպրտել։ Իսկ, մինչ շրջկենտրոն մտնելը, ազերիները հասցրել էին իրենց յուրահատուկ ձեռագիրը թողնել՝ հրի մատնելով շրջապատում (ճամփեզրին) հայերին պատկանող շինություններն ու ձեռնարկությունները»։
Այս միջադեպից հետո ավելի ակնհայտ դարձավ, թե ադրբեջանցիներն ինչի են ընդունակ։ Մերոնք հակառակորդի զինված հարձակումներին ու մյուս սադրանքներին դիմակայելու համար սկսեցին աշխարհազորային առաջին խմբերն ու ջոկատները ձեւավորել ու, հատկապես գիշերները, հերթապահություն սահմանել գյուղերում։ Իսկ հայկական բնակավայրերի վրա հարձակումները, ֆերմաների, պահեստների հրկիզումներն ու անասնագողությունը սովորական երեւույթ էին դարձել խաշնարածների համար։
Մինչ արցախահայությունը Մոսկվայից դրական պատասխան էր ակնկալում նստաշրջանի որոշման վերաբերյալ, Բաքվում՝ իշխանությունների կողմից, սպանդի գաղտնի ծրագիր էր մշակվում Սումգայիթի հայազգի բնակչության նկատմամբ։ «Մոսկվայի խուլ, սառը վերաբերմունքը, Գորբաչովի ցինիկ հայտարարությունները Սումգայիթի դեպքերի շուրջ մեզ հուշում էին ավելի համախմբված ու միասնական լինել մեր վճիռներում եւ հետեւողականորեն շարունակել արդար պայքարը՝ բնականաբար, գիտակցելով, որ առաջիկայում դեռ մեծ փորձություններ են սպասվում»,–պատմում է Բորիս Առուշանյանը՝ հավելելով, որ հետագայում չորս կողմից հայտնվելով շրջափակման մեջ ու ադրբեջանցի զինյալների կողմից պարբերաբար ենթարկվելով հարձակումների, արցախահայությունը հասկացավ, որ բռնությունների օղակն օրեցօր ավելի է սեղմվում, եւ պատերազմն անխուսափելի է։
Այն հարցին, թե շարժման սկզբնական փուլում խնդրին կարելի՞ էր արդյոք լուծում տալ եւ կանխել զինված բախումները, Բ. Առուշանյանը պատասխանեց. «Արցախի ժողովրդի պահանջն արդար էր, քաղաքական եւ իրավական տեսանկյունից հիմնավորված եւ, համահունչ լինելով Գորբաչովի կողմից երկրում հռչակված վերակառուցման կուրսին, մարդիկ ուզում էին հավատալ, որ խնդիրը դրական լուծում կստանա։ Մանավանդ, Սումգայիթի եղեռնից հետո, այն համոզմունքը կար, որ Մոսկվան հանցանքի համար կպատժի Ադրբեջանին, եւ Ղարաբաղն արագ դուրս կբերվի նրա ենթակայությունից։ Մինչդեռ, ինչպես Կրեմլի հակահայկական ձեռնարկումներն էին հուշում, շուտով ժողովուրդը լիովին հուսախաբ եղավ»։
Օգտվելով Մոսկվայի հովանավորությունից՝ Բաքուն ավելի սրեց իրադրությունը՝ Արցախի հայերի դեմ պատրաստվելով զինված պատերազմի։ Այն հատկապես անխուսափելի դարձավ ԽՍՀՄ—ի փլուզումից հետո, երբ նախկին խորհրդային տարածքում գրեթե անկառավարելի ու անորոշ վիճակ էր ստեղծվել։ Իսկ թե ինչով վերջացավ այդ դաժան պատերազմը, բոլորիս է հայտնի։
Ինչպես ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ, արդար, կարգավորմամբ մտահոգված ամեն մի հայ, զրուցակիցս նույնպես ողջունում է տարածաշրջանում կայունության եւ փոխվստահության հաստատմանը միտված ցանկացած ձեռնարկում՝ օգտակար համարելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների շփումները։ Միեւնույն ժամանակ նա չի թաքցնում իր անհանգստությունը հաղթողի կեցվածք ընդունած «ադրբեջանական կողմի՝ սնապարծ ու ինքնավստահ պահպանողական դիրքորոշման նկատմամբ», որ դրսեւորվում են հանդիպումների ժամանակ։ Առաջվա պես ադրբեջանցիների կողմից անարձագանք են մնում համանախագահների եւ ՀՀ—ի կառուցողական հայտարարությունները։
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Արցախի դեմ պատերազմ սանձազերծող երկիրը չէ, որ խայտառակ պարտություն է կրել ու հրադադար աղերսել հայերից,–ասում է Բ. Առուշանյանը։–Ու երբեմն տարակուսում ես, թե ոմանք ինչպես են համարձակվում ցինիկաբար շրջանառել, այսպես ասած, «տարածքներ՝ խաղաղության դիմաց» Բաքվի կողմից հրապարակ նետված հերթական սադրիչ զավեշտը՝ փորձելով մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը։ Մինչ Հայաստանն ու Արցախը պատրաստակամություն են հայտնում եռակողմ ձեւաչափով նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հավասարազոր իրավունքներով, Ադրբեջանի նախագահի շուրթերից վերստին պատերազմի կոչեր են հնչում։ Սեփական ժողովրդին խաղաղության նախապատրաստելու փոխարեն, թունավորում է նրան, անվստահություն եւ ատելություն սերմանում հայերի նկատմամբ։ Ի. Ալիեւը բարձրաձայնում է, թե իր երկրի դիրքորոշումը չի փոխվել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, եւ խնդրի լուծման ռազմական տարբերակը շարունակում է մնալ օրակարգում՝ ընդգծելով իր այն համոզմունքը, թե «աշխարհում ուժի գործոնը դառնում է գերիշխող, եւ ուժն է ծնում իրավունք»։ Այսքանից հետո միամտություն է խաղաղություն ակնկալել թշնամուց, որը վաղուց է պատրաստվում ռազմական գործողությունների»։ Զրուցակիցս միասնության կոչ է հղում համայն հայությանը՝ հանուն Արցախի անվտանգության եւ զորացման, «հորդորում» մարտականորեն տրամադրվել եւ միշտ պատրաստ լինել արժանի հակահարված հասցնելու թշնամուն, ամեն գնով պաշտպանելու արյան գնով ձեռք բերված անկախությունն ու ազատությունը։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

20-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO