Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները

Այսօր բանաստեղծի մահվան օրն է

Բոլորին հրաժեշտ տվեց, համբուրեց երեխաներին, ասելով՝ «Ղոչա՛ղ կացեք»։ Մահը վրա հասավ ինն անց տասը րոպեին։ 1923 թ. մարտի 23—ն էր։ Այդ օրը գիշերը հիվանդանոցում Թումանյանի հետ էր որդին՝ Արեգը։ Թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանի խոսքերով՝ երբ սկսվում է հոգեվարքը՝ ժամը 6 անց քառորդ սիրտը դադարում է բաբախելուց, բանաստեղծի կյանքի վերջին ժամերի մասին այսպես է պատմում Արեգը. «Ձախ աչքից բարձի վրա կաթեց երկու արցունք։ Գուցե չասած խոսքերն էին,–հայտնում է եղբորը՝ Համլիկին։–Էլ ի՞նչ գրեմ, ի՞նչ ես ուզում գրեմ… Մինչեւ հիմի էլ ինձ թվում ա, որ կենդանի ա։ Չէ՞ որ ես նրան անմահ գիտեի…Հերիք ա… Գրել էլ չեմ կարող, ամեն մի տողը մի ժամվա տանջանք ա»։
«Դա մեծ գրողի երկրային կյանքի վերջին օրն էր»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասում է գրականագետը՝ շեշտելով՝ առջեւում էր հավերժությունը՝ նրա ստեղծագործության ու կենսագրության գնահատանքի մշտնջենական միակ չափանիշը, առջեւում էր նրա գրական կերպարների, հարուստ ու հանճարեղ գեղարվեստական ժառանգության անմահությունը։ «Դիահերձմանը Արեգը ներկա էր, բայց ինչպես խոստովանում է. «Մինչեւ վերջը չդիմացա…չէ՞ որ մի օր նա իմ հայրն էր»։ Չի դիմանում, բայց եւ չի հեռանում, այլ կատարում է մի հանդուգն քայլ՝ «գողանում» է հայրիկի սիրտը, եւ դրա շնորհիվ այսօր այն հանգչում է բանաստեղծի հայրենիքում՝ Դսեղի հայրական տան բակում՝ ավելի մեծացնելով պոետի ծննդավայրի, հայրական օջախի սրբատեղի լինելու հանգամանքը. կատարվում է հայենի բնությանը ձուլվելու բնապաշտ Թումանյանի երազանքը»,–ընդգծում է Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Արեգի՝ եղբորը՝ Համլիկին ուղղված նամակից մի հատված. «Ես հայրիկի սիրտը գողացա, ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որը գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գնալ, բայց իմ սիրտս չդիմացավ։ Գողացա։ Գուցե մեղադրում ես։ Ոչինչ։ Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը։ Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա… Պետք է դեն գցեին։ Կարո՞ղ էի համբերել։ Չէ՞ որ ես էլ սիրտ ունեմ»։
Բանաստեղծը մահանում է ստամոքսի քաղցկեղից։ Սակայն Հովհաննիսյանի պատմելով, Թումանյանի հիվանդությունը ավելի է սրվում, երբ ՀՕԿ—ից խնդրում են գնալ Պոլիս եւ այնտեղից բերել նյութական օժանդակություն Հայաստանի համար։ Թեեւ բանաստեղծը շատ վատառողջ էր, բայց համաձայնվում է գնալ. «Վերադարձին առողջական վիճակն այնքան էր վատթարացել, որ անմիջապես վիրահատում են։ Հայտնաբերում են ուռուցք եւ վախենում են այն հեռացնել։ Թումանյանը Պոլիս մեկնելու ցանկություն չուներ։ Իրադարձությունների զարգացումը եւ ժողովրդի շահերը պարտադրեցին նրան ենթարկվել ընդունված որոշմանը»։ Մինչեւ վերջին վայրկյանը չի ցանկացել գնալ, ասել է. «Ի՜նչ լավ կլիներ արդեն գնացած ու ետ եկած լինեի»։ Նույնիսկ տանից դուրս գալու պահին, երբ սպասել է կառքին, ասել է. «Երանի էս րոպեին մի բան պատահեր, ու գնալս խանգարվի, էլ չգնամ, կարծես թե սպանդանոց են տանում ինձ»։ «Հավանաբար նրա ականջին հնչում էին մոր խոսքերը։ Մայրը՝ Սոնան, վատ երազ տեսնելով, եկել էր գյուղից եւ որդուն խնդրել. «Դու ծովի երեսը դուրս մի՛ գա, էն երկիրը մի՛ գնա»։ Թե՛ երազին, կանխազգացմանը, թե՛ մոր խոսքին հավատացող եւ մեծ նշանակություն տվող որդին այս անգամ ստիպված էր չլսել նրան, թեեւ ինքն էլ նույն վատ կանխազգացումն ուներ։ Կշեռքի նժարին դրված էր իր ժողովրդի փրկությունը սովի ու ծայրահեղ թշվառության ճիրաններից։ ՀՕԿ—ի նախագահությունը եւ Պոլիս կատարած ուղեւորությունը Թումանյանի բազում հերոսությունների շարքում վերջին սխրանքն էր»,—նշում է գրականագետը։ Պոլսից նույն առաքելությամբ Թումանյանը պետք է գնար Փարիզ եւ Ամերիկա, սակայն բժիշկները արգելում են, եւ նա ստիպված տուն է վերադառնում։ Հովհաննիսյանը պատմում է, որ բանաստեղծը Թիֆլիս է հասնում կնոջ՝ Օլգայի 50—ամյակի օրը՝ 1921 թ. դեկտեմբերի 22—ի երեկոյան, հոգնած, հիվանդ, նիհարած եւ ուժասպառ։ Բժիշկ Գրիգոր Սաղյանը խնդրում է հյուրերին հեռանալ, որպեսզի Թումանյանը կարողանա հանգստանալ։ Ծայրահեղ ծանր հիվանդությունը, գրականագետի մեկնաբանմամբ, այլընտրանք չի թողնում, եւ պոետը 1922 թ. հուլիսի 11—ին մի կերպ ներկայացնում է կառավարությանը իր ուղեւորության մասին հաշվետվությունը եւ հրաժարվում է ՀՕԿ—ի նախագահի պաշտոնից. «Տակավին անց եմ կացնում ապաքինման շրջանը եւ բնական է, որ էս վիճակում չեմ կարող պահել կոմիտեի նախագահի պաշտոնը, որից եւ խնդրում եմ ինձ ազատ համարել»։ Դաժան, ծանր հիվանդությունից բանաստեղծն այլեւս չապաքինվեց։ Ուռուցքը, ինչպես պատմում է Հովհաննիսյանը, բժիշկների համոզմամբ, չնայած իր բարորակ բնույթին, ենթակա չէր հեռացման։ 1922 թ. ամռանը Թումանյանի առողջական վիճակը լավ լինելուց հետո կրկին սկսում է հետզհետե վատանալ. «Եվ նորից հրատապ ու արդիական է դառնում գրողին Բեռլին ուղարկելու խնդիրը։ Հրավիրվում է բժիշկների հերթական խորհրդակցությունը։ Տասը բժիշկներից ինը նշանակեցին ցեխի տաք վաննաներ. դրան վճռականորեն դեմ էր միայն մեկը՝ Մկրտիչ Մելիքյանը, ով իրականացնում էր գրողի դեղորայքային բուժումը։ Ցեխաբուժմանը հետեւում էր Թումանյանի ընտանիքի մտերիմ բժիշկ Գրիգոր Սաղյանը։ Մ. Մելիքյանը ոչ միայն առարկում էր ցեխաբուժությանը, այլեւ առաջինը այն կարծիքը հայտնեց, որ ուժգնացող ցավերի պատճառը նույն չարաբաստիկ ուռուցքն է։ Բժշկական հանձնաժողովի կարծիքով՝ յոթ ամսվա ընթացքում բորբոքային բարորակ ուռուցքը վերածվել էր չարորակի։ Ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա զարգացումը, բժիշկներն իրավացի էին։ Իսկ ցեխի տաք վաննաները միայն ավելի վատացրեցին հիվանդի վիճակը, բացասաբար ազդեցին նրա՝ առանց այն էլ շատ թույլ սրտի վրա»։
1922 թ. դեկտեմբերի 23—ին գիշերը, ժամը 10—ին Թումանյանը որդու՝ Արեգի, դուստրերի՝ Աշխենի, Նվարդի եւ բժիշկ Գ. Սաղյանի հետ գնացքով ուղեւորվում է Մոսկվա, որպեսզի որոշ չափով կազդուրվի, ամրապնդի առողջական վիճակը հետագայում Բեռլին մեկնելու համար։ Գրականագետի պատմելով՝ ճանապարհին, ինչպես նշում է իր հուշերում Նվարդը, բանաստեղծն իրեն «լավ էր զգում, տրամադրությունը մի քիչ բարձրացավ, հուսով էր, որ գնում է բուժվելու եւ պիտի վերադառնա առողջ»։ Օստրոումովի անվան հիվանդանոցում, որտեղ Թումանյանին նշանակում են ճառագայթային բուժում, վերջնականապես հաստատվում է անբուժելի հիվանդության՝ ստամոքսի քաղցկեղի ախտորոշումը։ Կրկին որոշում է ընդունվում հիվանդին Բեռլին տեղափոխելու մասին։ Բեռլին մեկնելու հեռանկարը ուրախացնում եւ ոգեւորում է Թումանյանին. «Զատկին երեւի տանը լինեմ, առողջ, երեխաների հետ, սեղանի շուրջը միասին նստած»։ «Ո՛չ այդ ուղեւորությունը, ո՛չ էլ բաղձալի ապաքինումը այդպես էլ չիրականացան։ Թումանյանը հատկապես շատ էր կարոտում գրական աշխատանքը, հիվանդության ժամանակահատվածը համարում էր կորած տարիներ։ Հունվարի 5–ին հառաչանքով ասել է. «Կյանքիցս երկու տարի դուրս հանվեց… Ինչքա՜ն բան կանեի, ինչքա՜ն քառյակ կգրեի էս երկու տարում…»։ Ուղիղ մեկ ամիս անց մեծ կարոտով ու երազանքով ասում է. «Ա՜խ, մի լավանայի… Հիմա որ լավացա, էլ ոչ ոք չի պոկի ինձ իմ գրասեղանից։ Գարունքի հետ հենց որ աչքերս բացվեն՝ ինչե՜ր եմ թափելու, ինչե՜ր եմ թափելու՝ հեքիաթների, լեգենդների հեղեղ…»։ Մարտի 7—ին ասում է. «Օ՜ֆ, ինչքա՜ն եմ կարոտել պարապելուն, ինչքա՜ն…երանի թե էս անգամվա բժշկությունից հետո երկու ոտքս կտրեն ու մնամ իմ կաբինետում, իմ սենյակում, դուրս չգամ, չխանգարեն, հանգիստ թողնեն ինձ, հանգի՛ստ» Այդ պահերին թախիծ, ցավ ու ափսոսանք էր զգում. «Ինչքա՜ն ժամանակ եմ կորցրել ես, քանի՜—քանի՜ տարիներ եմ գողացել ինքս ինձանից ու շռայլորեն վատնել։ Եղել եմ բանաստեղծ, գրող, բայց իմ կոչումը թողած… մերթ թերթի խմբագիր… առաջնորդողներ, հոդվածնե՛ր, բանակռիվնե՛ր, մերթ հասարակական գործիչ, կռիվներ, ղալմաղալ…», ինչպե՞ս չափսոսար, երբ զգում էր. «Ուրիշների համար պատարագ արի, ինձ համար կնունք էլ չարի»,–մեջբերում է Հովհաննիսյանը՝ հավելելով՝ կյանքի վերջին օրերին զգալով, որ Երեւանն է դառնում իր հայրենիքի ու ժողովրդի խորհրդանիշը, գրեթե ողջ կյանքում հայրենիքից դուրս ապրած պոետն ասում է. «Երեւա՛նն ուզեց սիրտս մե՛ր երկիրը»։
Շարունակելով բանաստեղծի կյանքի վերջին օրերի ուշագրավ էջերը՝ գրականագետը պատմում է՝ մահվանից մեկ օր առաջ՝ մարտի 22—ին Արեգն իր հետ ինչ—որ հեքիմ է բերում, որը, ասել են թե՝ քաղցկեղով հիվանդ շուրջ տասը անհույս հիվանդ է բուժել։ Թումանյանը կարճ ժամանակով որոշ թեթեւություն է զգացել. «Դուք ինձ կենդանացրիք ու մի քանի ժամվա կյանք տվեցիք»։ Հետո բժշկին հարցրել է. «Ի՞նչ է մարդ ասածը»։ Բժիշկը, ցանկանալով գուշակել իրենից սպասվող պատասխանը, ասել է՝ «Ոչինչ»։ «Սակայն Թումանյանն ուղղեց նրան. «Մարդն ամեն ինչ է…»։ Դա ասում էր մահամերձ բանաստեղծը, ով մահվան աչքերի մեջ իր արտացոլումն էր տեսնում եւ ով կես քայլի վրա էր գտնվում անէության անհունից եւ ընդամենը չորս օր առաջ բարձրաձայնել էր, որ զավակների հայացքում հուսահատություն ու մոտալուտ կորստի սարսափ է տեսնում. «Չգիտեմ, էս երկու օրը առողջանալու հավատս խորտակվեց եւ երեկվանից քո աչքերի մեջ իմ քառյակի մի տողն եմ կարդում՝ «Մահի ահ կա իմ սրտում»։ Դու երեկվանից մահվան վախը զգացիր»,–ասում է նա դստերը։ Վերջինը դարձավ ոչ թե այդ, այլ հաջորդ գիշերը։
Մարտի 23—ին դեռ լույսը չբացված սկսեց ձյուն գալ։ Նրա կյանքի վերջին ձյունը»,–պատմում է գրականագետը։ Բանաստեղծի դին Թիֆլիս տեղափոխելու համար պահանջվում է մեկ շաբաթ։ Մարտի 31—ին Մոսկվայի հայ հասարակությունը բանաստեղծին հրաժեշտ է տալիս մշակույթի տանը, Լազարյան ճեմարանի դահլիճում։ Հովհաննիսյանի խոսքերով՝ սգավոր գնացքը Մոսկվայից դուրս է գալիս մարտի վերջին օրը, ճանապարհին գրեթե բոլոր կայարաններում հայ բնակչության պահանջով կարճատեւ կանգառ է անում, ավելի երկար՝ Խարկովում, Ռոստովում, Արմավիրում, Դերբենտում, Բաքվում, քանի որ այդ քաղաքներում հոգեհանգստի արարողություն է կատարվում։ Գնացքը Թիֆլիս է ժամանում ապրիլի 7—ին։ Թումանյանի թաղումը տեղի է ունենում ապրիլի 15—ին. «Երբ թաղման թափորն ուղեւորվեց Խոջիվանքի գերեզմանատուն, ողջ ընթացքում մառախլապատ այդ օրը երկնքից ձյունախառն անձրեւ էր տեղում. գրողի աճյունը ամփոփվեց Րաֆֆու շիրիմի կողքին»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

23-03-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO