Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Թուրքիայի կողմից Հայոց անկախ պետության ճանաչման շարժառիթները եւ նպատակները

Թուրքական վերջնագրի ստորագրումից հետո (1918 թ.)՝ հաջորդ օրը՝ մայիսի 31—ի առավոտյան, Բաթումում սկսվեցին հայ—թուրքական դիվանագիտական բանակցությունները (դրանք տեւեցին մինչեւ հունիսի 5—ը)։
Որքան մոտենում էր օսմանյան Թուրքիայի պարտությունը Առաջին աշխարհամարտում, նա գիտակցում էր այդ ամենի հնարավոր հետեւանքները եւ հարկադրված էր հաշտվել անկախ Հայաստանի գոյության փաստի հետ՝ պայմանով, որ այն լիներ Հարավային Կովկասի սահմաններում եւ ոչ թե Արեւմտյան Հայաստանում։ Նրա նպատակն էր Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանները մեկընդմիշտ անջատել միմյանցից, վերջ տալ մեծ տերությունների միջամտությանը Թուրքիայի ներքին գործերին՝ Հայկական հարցը պատրվակ բռնելով, փորձել Հայկական հարցը համարել «լուծված» եւ կանխել Արեւմտյան Հայաստանի հայության համար ինքնավարություն կամ բարեփոխումներ անցկացնելու հնարավոր պահանջը Անտանտի տերությունների ապագա միջազգային վեհաժողովի կողմից։ Մինչդեռ օսմանյան կառավարությունը մինչեւ վեհաժողովի հրավիրումը Արեւմտյան Հայաստանի ժողովրդագրական կազմը արագ եւ հիմնովին փոխելու՝ թուրքացնելու հեռահար նպատակով վաղուց ի վեր պարբերաբար հետեւողականորեն իրականացնում էր իր ավանդական քաղաքականությունը, այն է՝ բացառել ցեղասպանության պատճառով հայրենազրկված արեւմտահայ փախստականների վերադարձն իրենց հայրենի օջախներ եւ Արեւմտյան Հայաստանում բնակեցնել Անդրկովկասի եւ այլ երկրամասերի մուսուլմանների եւ միջազգային հանրությանը հրամցնել, թե Արեւելյան Անատոլիայում չկա մի տարածք, որտեղ հայերը մեծամասնություն են։ Անգամ Արեւմտյան Հայաստանը հայաթափելուց հետո (Արեւելյան Հայաստանում կուտակվել էին շուրջ 500 հազար արեւմտահայ գաղթականներ) օսմանյան ռազմաքաղաքական ղեկավարությունը քրիստոնյա բնակչության նկատմամբ ճնշումներով եւ ուժի սպառնալիքով անցկացրեց կեղծ հանրաքվե՝ միջազգային հանրությանը ցույց տալու, թե իբր այնտեղ հայությունը ազգային փոքրամասնություն է։ Փաստորեն նրանց պաշտոնական դիրքորոշումն էր՝ այլեւս թույլ չտալ արեւմտահայերի վերադարձը Արեւելյան Անատոլիա։ «Թուրքերը,–գրում է Ալ. Խատիսյանը,–կուզէին ունենալ, յանձին Հայաստանի (Արեւելյան Գ. Պ.), հողամաս մը, ուր կարողանային հաւաքել հայերու մնացորդները Թուրքիոյ սահմաններէն»։
Անդրանիկ Օզանյանը հունիսի 2—ին, Դիլիջանում ծանոթանալով հայ—թուրքական հաշտության դաշնագրի նախօրինակի բովանդակությանը, միանգամայն համոզիչ ներկայացնում է այն էական շարժառիթներից մեկը, որը հարկադրեց Օսմանյան կայսրությանը ընդունելու անկախ Հայաստանի գոյությունը. «Ինչո՞ւ, թուրքերն այդպես շտապում են հայերին անկախ տեսնել։ Եթե թուրքը հայի նկատմամբ գործողության մեջ է դնում որեւէ ծրագիր, ապա միայն ու միայն նրան հարվածելու եւ անջատելու համար։ Ուրեմն Բաթումում շուտով կնքվելիք պայմանագիրը հայ ժողովրդի դեմ թուրքերի ծրագրած հերթական դավերից մեկն է։ Հայը երբեք չպետք է հավատ ընծայի թուրքին, ոչ մի պարագայում չպետք է գլուխ խոնարհի նրա առջեւ։ Ուրեմն տվյալ պահին անկախ հայկական պետության ստեղծումը բխում է թուրքերի շահերից, ի վնաս հայ ժողովրդի… Հայաստանի ստեղծումով Թուրքիան ուզում է մոռացության տալ Արեւմտյան Հայաստանի խնդիրը»։
Մինչեւ հաշտության դաշնագրի հիմնօրինակը ստորագրելը հայկական պատվիրակությունը որոշեց Բաթումի դիվանագիտական բանակցային գործընթացներում վերջնականապես պարզել հայ—թուրքական ներկա եւ ապագա հարաբերությունները։ Այդ հարցով բանակցել սկսեց անձամբ Վեհիբ փաշայի հետ, քանի որ բանակցային գործընթացներում խնդիրներ լուծողը հիմնականում նա էր եւ ոչ թե պատվիրակության նախագահ Հալիլ բեյը։ Հունիսի 2—ին Վեհիբ փաշայի հետ բանակցության ժամանակ Ալ. Խատիսյանը փորձեց իմանալ, թե օսմանյան Թուրքիան ինչպես է գնահատում այդ փոխհարաբերությունները։ Նա հստակորեն հայտարարեց, որ հայկական պետությունը թեկուզ եւ փոքր տարածքով կազմավորելու համաձայնությունը շրջադարձային է Թուրքիայի պատմության մեջ, որ դա հայերի հետ հաշտվելու առաջին քայլն է, եւ որ դրանից հետո դյուրին կլինի լուծել հայկական մի շարք այլ հարցեր. նրանց այդպիսի տրամադրվածությանը նպաստել են՝ ա) հայերի քաղաքականության հստակությունը (սկզբում՝ թշնամական, այժմ՝ հաշտվողական), բ) Ադրբեջանի հետ հաշտության համաձայնագիրը, գ) ճշգրիտ եւ ժամանակին պատասխանը վերջնագրին եւ դ) Ղարաքիլիսայում հայրենիքը պաշտպանող հայերի հերոսությունը, որը նրանց մեջ հարգանք առաջացրեց. իհարկե մոռացության էր տրված Սարդարապատի հերոսամարտը։
Մինչդեռ իրողությունը բոլորովին այլ էր։ Ինչպես վերը նշվեց, օսմանյան Թուրքիայի համաձայնությունը հայկական անկախ պետության գոյությանը նախ եւ առաջ պայմանավորված էր նրանց շահերից բխող բազմազան ու բազմաբնույթ շարժառիթներով ու հեռահար նպատակներով եւ ոչ թե Վեհիբ փաշայի հիշատակած պատճառներով, որոնք ամենեւին էլ չէին կարող էական դեր ու նշանակություն ունենալ։ Ինչ վերաբերում է Վեհիբ փաշայի ներկայացրած չորրորդ պատճառին կամ շարժառիթին, ապա այն փաստորեն հերթական խոստովանություն էր առ այն, որ Ղարաքիլիսայում հայրենիքը պաշտպանող հայերի հերոսությունը պարտադրեց Օսմանյան կայսրությանը՝ համաձայնել ճանաչելու հայկական պետության գոյությունը։ Իրադարձությունների ականատես Ա. Խաչատրյանը վկայում է. «Իրական ու կարեւորը չորրորդն է՝ հայ զօրքի հերոսական դիմադրութիւնն է, որուն չէին սպասէր եւ այժմ խորհել կը թելադրէ թուրք դիւանագէտներուն… Վեհիբ, արդէն արհամարելով, կըսէր՝«Ուզած րոպէին կրնայ հանդիսական զօրանց—քօվ անցնել մինչեւ Ջուլֆա»։ Բայց Սարդարապատի թրքական ջախջախիչ պարտութիւնը եւ Ղարաքիլիսէի հերոսական դիմադրութիւնը յարգանք ներշնչէր էին ռազմագէտ թուրքին»։ Վեհիբ փաշան Ղարաքիլիսան գնահատեց եզակի ճակատամարտ պատերազմի պատմության մեջ, որտեղ հայերը ցույց տվեցին, որ կարող են համարվել աշխարհի լավագույն զինվորներ։ Ինչպես տեսնում ենք, ինքնանպատակ չէր, երբ Բաթումի դիվանագիտական բանակցությունների ընթացքում Վեհիբ փաշան բազմիցս խնդրանքով դիմել էր հայկական պատվիրակությանը՝ ստեղծել հայ—թուրքական ռազմական դաշինք (entente)՝ նպատակ ունենալով 10 հազար զինվոր տրամադրել օսմանյան Թուրքիային՝ Անտանտի տերությունների դեմ կռվի նետելու համար այն պահին, երբ մոտենում էր Քառյակ դաշինքի երկրների անխուսափելի պարտությունը Առաջին աշխարհամարտում։ Այդ առաջարկի հեղինակը, իհարկե, Էնվեր փաշան էր։ Սակայն հայկական պատվիրակությունը բանակցությունների ընթացքում դիվանագիտորեն խուսանավեց։ «Ոչ մէկ տեսակէտով,–գրել է Ալ. Խատիսյանը,–չէինք կարող ընդունել այս առաջարկը»։
Հարկ է նշել, որ որքան մոտենում էր Քառյակ դաշինքի երկրների անխուսափելի պարտությունը Առաջին աշխարհամարտում, այնքան մեծանում էր օսմանյան Թուրքիային պատասխանատվության կանչելու մտավախությունը՝ որպես Հայոց ցեղասպանություն ու հայրենազրկություն իրագործողի, իսկ նրա դաշնակից կայսերական Գերմանիային՝ որպես Հայոց ցեղասպանության մեղսակցի։ Եվ ամենեւին էլ պատահական չէր, որ օսմանյան կառավարությունը, ճանաչելով Հայկական անկախ պետությունը, կարծում էր, թե իբր լուծել է Հայկական հարցը եւ դրանով նպատակ էր հետապնդում մի կողմից հայերի հետ համերաշխ մտնել միջազգային վեհաժողով, իսկ մյուս կողմից մոլորության մեջ գցել համաշխարհային հասարակական կարծիքը Հայոց ցեղասպանության եւ հայրենազրկության մասին։ Դժվար չէ նկատել, թե ինչու Հայոց ցեղասպանության եւ հայրենազրկության գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Թալեաթ փաշան, Բեռլինում Հ. Օհանջանյանի հետ հանդիպման ժամանակ ասում էր. «Տաճկաստան ել կան հայեր, պէտք է լինել հայերի հետ բարեկամական յեվ հաշտ հարաբերությունների մէջ յեվ պէտք ե մեր խնդիրները մենք ինքներս մեր մեջ վերջացնենք, որ ապագայում վոչ վոք չը խառնուի մեր փոխադարձ հարաբերությունների մեջ ակնարկ ապագա համաշխարհային կոնգրեսի վրա»։
1918 թ. հունիսի 4—ին՝ երեքշաբթի օրը, Բաթումում հանդիսավոր պայմաններում ստորագրվեց «Հաշտության եւ բարեկամության դաշնագիր օսմանյան կայսերական կառավարության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ» (ֆրանսերեն)։ Օսմանյան Թուրքիայի կողմից այն ստորագրեցին թուրքական պատվիրակության նախագահ Հալիլ բեյը եւ Վեհիբ փաշան, իսկ Հայաստանի Հանրապետության անունից՝ Ալ. Խատիսյանը (պատվիրակության նախագահ), Հ. Քաջազնունին եւ Մ. Պապաջանյանը։
Նույն օրը՝ երեկոյան ժամը 5—ին, Հալիլ բեյի նախագահությամբ կայացավ մեկ ժամ տեւած լիագումար նիստ՝ հայ—թուրքական հաշտության ու բարեկամության դաշնագրի եւ երեք հավելվածների պաշտոնական փոխանակման եւ կարգավորումների արձանագրությունը ստորագրելու համար։ Նիստին մասնակցում էին թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվիրակության ամբողջ կազմը, իսկ հայկական կողմից՝ վերոհիշյալ երեք անձինք։
Երեկոյան ժամը 6—ին՝ լիագումար նիստի ավարտից հետո, տրվեց հանդիսավոր մեծ ճաշկերույթ, որի ավարտից հետո՝ հունիսի 5—ի լուսաբացին, Բաթումում սկսվեց հայ—թուրքական փաստաթղթերի արձանագրության ստորագրումը Հալիլ բեյի եւ Ալ. Խատիսյանի կողմից։ Հայկական պատվիրակությունը հունիսի 6—ին վերադարձավ Թիֆլիս։ Իրականում Հայոց ազգային (կենտրոնական) խորհուրդը դաշնագրի ստորագրումից հետո միայն ձեռնամուխ եղավ Հայաստանի օրենսդիր (Հայաստանի խորհրդի) եւ գործադիր մարմնի ձեւավորմանը։
Հունիսի 4—ի Բաթումի հայ—թուրքական «Հաշտության եւ բարեկամության դաշնագիրը» առաջին միջազգային փաստաթուղթն էր, որ ստորագրեցին անկախ Հայաստանի պատվիրակները։ Այդ դաշնագրով Հայաստանի Հանրապետությունը առաջին միջազգային իրավական ճանաչումը ստացավ։
Այսպիսով, հայոց անկախ պետության ընդունումը եւ ճանաչումը ոչ թե օսմանյան Թուրքիայի «գթասրտության» դրսեւորումներ էին հայերի նկատմամբ, այլ ընդամենը պայմանավորված էին իր շահերից բխող բազմազան ու բազմաբնույթ շարժառիթներով եւ հեռահար նպատակներով։
Գեղամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների
ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր

Հ. Գ. Նշենք, որ հոդվածում արծարծվող թեմային է նվիրված նաեւ Գեղամ Պետրոսյանի «Անդրկովկասը դիվանագիտական հորձանուտում. հայոց անկախ պետականության կերտումը (1917 թ. փետրվար 1918 թ. հունիս)» մենագրությունը։ Գրքում քննության են առնվում Տրապիզոնի, Բաթումի թուրք—անդրկովկասյան եւ մասնավորապես հայ—թուրքական դիվանագիտական առաջին եւ երկրորդ բանակցային ողջ գործընթացները Առաջին աշխարհամարտի տարիներին տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների, սուր հակասությունների, ռազմաքաղաքական եւ տնտեսական շահերի բախման բարդագույն պայմանների համատեքստում։ Լուսաբանվում են աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Հայոց առաջին անկախ պետության կերտման դժվարին ճանապարհը եւ օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց անկախ պետության ճանաչման շարժառիթներն ու նպատակները։
Գ. Պետրոսյանը, արխիվային եւ հուշագրական հարուստ հենքի վրա հիմնվելով՝ մանրամասն քննության է ենթարկել Անդրկովկասի ներքին եւ արտաքին քաղաքական դրությունը 1917 թ. հոկտեմբեր—1918 թ. փետրվար ամիսներին։ Երբեմն իրարամերժ թվացող ներքին եւ արտաքին զարգացումները ենթարկելով խորը եւ համակողմանի վերլուծության՝ հեղինակը բացահայտում է դրանց պատճառահետեւանքային կապը եւ մատնանշում տրամաբանական հանգուցալուծումները։

28-05-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO