Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.12.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Որո՞նք են աշխատանքային օրենսդրության բացերը

Արհմիությունների դերի բարձրացումը նույնպես օրակարգում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը ՀՀ աշխատանքային օրենսդրության արմատական փոփոխությունների կողմնակից չէ եւ անհրաժեշտ է համարում ըստ հրատապության աստիճանական լուծումներ գտնել։ «ՀՀ»—ի հետ զրույցում ոլորտում առկա հրատապ լուծում պահանջող հարցերից նա մատնանշեց օրենսգրքում հարկադիր աշխատանքի սահմանումը, համապատասխան դրույթով աշխատանքային հարաբերություններ ծագելու եւ հարաբերությունների ընթացքում խտրականության բացառումը, աշխատանքային իրավունքի կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների, այդ թվում՝ գործադուլի իրավունքի իրացման մեխանիզմների հստակեցումը կամ ավելի պարզեցումը։ «Թեեւ գործադուլի իրավունքն ամրագրված է սահմանադրական մակարդակով, սակայն մեխանիզմները շատ խրթին են, գրեթե ոչ կիրառելի։ Իհարկե պետք չէ դրանք այն աստիճան պարզեցնել, որ ցանկացած օր աշխատողները գործադուլ անեն, բայց եթե կա նման անհրաժեշտություն, ապա աշխատողները պետք է կարողանան ճիշտ մեխանիզմներ կիրառելով դիմել այդ քայլին»,— ասաց պատգամավորը՝ հորդորելով աշխատողներին զգուշորեն օգտագործել գործադուլ տերմինը, քանի որ դրանով ավելի խոցելի են դառնում։ Ամեն տեսակ դժգոհության դեպքում պետք է նշել, որ ընդամենը ի նշան բողոքի դադարեցնում են աշխատանքը, որովհետեւ եթե գործադուլ են հայտարարում, ապա դրա իրավական հետեւանքը կլինի այն, որ գործատուն կարող է գործադուլը ճանաչել ոչ օրինական, քանի որ իրավական ամբողջ բարդ մեխանիզմները չեն անցել։ Արդյունքում կստացվի, որ աշխատողը անհարգի չի ներկայացել աշխատանքի, ինչն առաջացնում է ազատման հիմք։ «Գործադուլի իրավունքի մեխանիզմների հստակեցումն ու որոշակի պարզեցումը կոլեկտիվ պաշտպանությունը խթանելու եւ խրախուսելու միջոցներ կլինեն, որովհետեւ մեզ մոտ աշխատանքային վեճերին փորձում են լուծում տալ առավելապես անհատական մակարդակում։ Չկա կոլեկտիվ պաշտպանության մշակույթը, ինչը կարեւոր է, եւ հենց դրան պետք է միտված լինի արհմիությունների աշխատանքը՝ միշտ բանակցել, միշտ փորձել գործատուից ստանալ ավելին՝ անվտանգ աշխատավայր, պաշտպանված իրավունքներ»,–մանրամասնեց Տիգրանյանը։
Հստակեցման կարիք ունեն նաեւ աշխատանքից ազատման հիմքերը, քանի որ ներկայումս շատ դեպքերում դրանք գործատուի հայեցողությանն են մնում, ինչպես օրինակ՝ աշխատանքին չհամապատասխանելու հիմքով աշխատանքից ազատումը։ Այս պարագայում չի նշվում, թե որ չափորոշիչների հիման վրա է որոշվելու, թե որքանով է աշխատողը համապատասխանում տվյալ աշխատանքին։ «Իսկ որտեղ կա հայեցողություն, այնտեղ էլ կլինի կամայական մոտեցում»,–շեշտեց զրուցակիցս։
2017—18 թթ. շրջանառվում էր Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որի շուրջ մեծ դժգոհություններ կային այդ ժամանակ աշխատանքային իրավունքով հետաքրքրված կազմակերպությունների, արմիությունների, մասնագետների կողմից։ Պատգամավորն այդ դժգոհություններն արդարացի է համարում, որովհետեւ ներկայացված կարգավորումները ամբողջությամբ կոչված էին պաշտպանելու գործատուի շահերը՝ ավելի խոցելի դարձնելով աշխատողներին։ «Եվ դա այն պարագայում, որ աշխատողներն այսօր էլ խոցելի են, որովհետեւ մենք չունենք այնպիսի տնտեսություն, իսկ աշխատանքի շուկան էլ չի առաջարկում այնքան աշխատատեղ, որքան աշխատուժ կա, հետեւաբար գործատուներն ազատ են աշխատողների հետ կնքելու ցանկացած տեսակի պայմանագիր, լավագույն դեպքում, եթե որոշում են կնքել այն»,–ասաց նա։
Աշխատանքի իրավունքը եւ աշխատանքի ազատ ընտրության իրավունքը մարդու սահմանադրորեն ամրագրված իրավունքն է, ինչը նշանակում է, որ ընթացիկ օրենսդրությունը պետք է համապատասխան մեխանիզմներ նախատեսի այդ իրավունքի իրացման համար։ Աշխատանքային օրենսդրության փոփոխության դեպքում պետք է գործատուի եւ աշխատողի իրավունքները պաշտպանված եւ հավասարակշռված լինեն։ «Երբ չկա օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հստակ պետական հսկողություն, այն է՝ ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը, մյուս կողմից՝ թույլ են արհմիությունները, ապա այս պարագայում աշխատողներն ըստ էության միայնակ են մնում իրենց խնդիրների, աշխատանքային խախտված իրավունքների հետ եւ հաճախ համաձայնում են ցանկացած պայմաններով աշխատանքային պայմանագրեր կնքել, որի արդյունքում գործատուն մեծապես շահող է դուրս գալիս։ Կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որ բացառվեն գործատուների կողմից կամայականությունների դրսեւորումները, եւ օրենքով հստակ լինեն խտրականության արգելքը, սահմանվի նաեւ՝ ի՞նչ է հարկադիր աշխատանքը»,–նշեց Տիգրանյանը։ Նշենք, որ գործող Աշխատանքային օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2005 թվականից։
Ի՞նչ հիմնական սկզբունքներ պետք է ամրագրվեն օրենսդրության մեջ, որպեսզի երկու կողմի շահերն էլ պաշտպանված լինեն։ Երկու կողմերի՝ գործատուների եւ աշխատողների իրավունքները պաշտպանելու համար մինչեւ աշխատանքային իրավահարաբերությունների ծագումն արդեն իսկ պետք է բացառել խտրականությունը, ինչն ամրագրված է նաեւ Սահմանադրությամբ։ Դա սկսվում է գործատուի կողմից թափուր աշխատատեղը լրացնելու համար տրված հայտարարությունից, որտեղ պետք է ներկայացվեն միայն գործնական հատկանիշներով պայմանավորված պահանջներ։ Ցավոք, արգելող նորմի բացակայության պայմաններում գործատուն երբեմն ներկայացնում է պահանջներ, որոնք ամենեւին կապված չեն կատարվելիք աշխատանքի հետ՝ պայմանավորված սեռատարիքային առանձնահատկությամբ, բարետեսությամբ եւ այլն։
Մյուս խնդիրը թույլ արհմիություններն են, որոնք ոչ թե ուզում, բայց չեն կարողանում աշխատել, այլ չունեն իրավական գործիքակազմ։ «Այն լիազորությունները, որոնք վերապահված են արհմիություններին «Արհեստակցական միությունների մասին» եւ Աշխատանքային օրեսնդրությամբ, ըստ էության, ընդհանրական են, հստակ գործիքակազմերով ամրագրված չեն եւ գործատուների հետ հավասար կողմ չեն հանդիսանում։ Գործատուներն իրենք ավելի ինքնուրույն են եւ անկախ, իսկ արհմիությունների դեպքում քիչ են դեպքերը, երբ ձեւավորվել են աշխատողների ազատ կամարտահայտմամբ։ Գործնականում գործատուն դրսեւորում է բարի կամք եւ թույլ է տալիս ձեւավորել արհմիություններ, կամ էլ գործատուից հրահանգ է գալիս ձեւավորելու արհմիություն՝ ցույց տալու համար, որ աշխատողի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում»,–մեկնաբանեց պատգամավորը։ Տիգրանյանը խնդիր է տեսնում նաեւ արհմիության նախագահի ընտրության, կառավարման մարմինների կազմավորման հարցում, քանի որ նրանք տվյալ գործատուի վարձու աշխատողներն են, հետեւաբար, ելնելով փոխկապված աշխատանքային հարաբերություններից, ըմբոստ վարքագիծ չեն դրսեւորում։
Հաջորդ խնդիրը վերաբերում է արհմիությունների ֆինանսական անկախությանը։ Որպես հասարակական միավորում՝ արհմիությանն անհրաժեշտ են որոշակի ֆինանսներ, որոնք ձեւավորվում են արհմիության անդամ հանդիսացող աշխատողի անդամավճարից։ Այստեղ, ըստ պատգամավորի, գործում է խորհրդային տարիներից եկող սխալ մեխանիզմ. թեեւ արհմիությունները գործատուից գումար չեն ստանում, սակայն արհմիության գումարները գանձելու մեխանիզմն այնպիսին է, որ անդամավճարների գանձման գործը դրվում է տվյալ գործատուի մոտ վարձու աշխատող հաշվապահի վրա։ Վերջինս հաշվարկելով եւ վճարելով աշխատողի աշխատավարձը, միանգամից հարկում է նաեւ արհմիության գումարը։ Հենց այստեղ է, որ համենայն դեպս ընկալման մակարդակում, կորում է ֆինանսական անկախությունը։ «Ինչպե՞ս կարող են գործատուն եւ արհմիությունը հակառակ բեւեռներում լինել, եթե ֆինանսական գործունեությունը փոխկապված է։ Արհմիությունները սրանում շատ մեծ խնդիր չեն տեսնում, բայց մեխանիզմը պետք է լինի հետեւյալը՝ աշխատողի՝ օրենքով սահմանված աշխատավարձի պահումները, պարտադիր հարկերը եւ վճարները պետք է անի գործատուն որպես հարկային գործակալ, իսկ աշխատողը իր աշխատավարձից X գումար կտրամադրի արհմիությանը որպես անդամավճար։ Միգուցե տեխնիկական խնդիրը մեծ չէ, բայց ընկալման առումով անկախության ոչ մի զգացողություն չի առաջանում»,–ընդգծեց Տիգրանյանը։ Ըստ նրա՝ լավագույն մոդելն այն կլիներ, որ արհմիությունները որպես գործադիր մարմին կամ կառավարիչ ընտրեն կամ նշանակեն մեկին, որը գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ, բայց դա էլ թույլ չի տալիս գործող օրենսդրությունը, որովհետեւ նշված է, որ արհմիությունը պետք է ձեւավորվի տվյալ գործատուի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանցից։
Զրուցակիցս անդրադարձավ նաեւ օրենսդրական մի շարք բացերի, մասնավորապես այն, որ արհմիությունները պետք է կարողանան կարծիք կամ դիրքորոշում արտահայտել աշխատողին կարգապահական տույժի ենթարկելու կամ աշխատանքից ազատելու՝ գործատուի մտադրության վերաբերյալ։ Էական չէ՝ այդ կարծիքը կլինի դրական կամ բացասական, բայց կարող է գործատուի համար արգելապատնեշ եւ միաժամանակ կողմնորոշիչ լինել։ Մյուս կողմից՝ այդ կարծիքը կամ դիրքորոշումը աշխատողը կարող է հաջողությամբ օգտագործել դատարանում։ «Սրանք մեխանիզմներ են, որոնք պետք է տրվեն արհմիություններին։ Դրանով նաեւ կբարձրանա արհմիությունների դերն ու հեղինակությունը»,–նկատեց պատգամավորը։
Այսօր մենք ունենք սոցիալական գործընկերություն հասկացությունը՝ «պետություն—արհմիություն—գործատուների միություն», որի շրջանակներում համապետական մակարդակով կնքված են մի քանի կոլեկտիվ պայմանագրեր։ Դրանք ըստ էության հռչակագրային բնույթի են, քանի որ սոցիալական գործընկերության կողմերին կոչ են անում պահպանել, հետեւել այս կամ այն կանոններին, բայց գործնականում որեւէ արդյունք չեն տալիս։ «Սոցիալական գործընկերները որպես կանոն արհմիություններն ու գործատուներն են, իսկ պետությունը պետք է նրանց միջեւ լինի արբիտր, բայց քանի որ այսօր հիմնականում սոցիալական գործընկերների հանդիպումները կազմակերպում է կառավարությունն ի դեմս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ ապա թվում է, թե կառավարությունը երկու կողմերին մեկ սեղանի շուրջ նստեցնելով փորձում է լուծել հարցերը, այսինքն՝ ստացվում է ոչ թե եռակողմ սոցիալական գործընկերություն, այլ երկկողմ, իսկ երրորդն էլ՝ մի փոքր ավելի իրավազոր նրանց նկատմամբ»,–մանրամասնեց նա։
Մեծ խնդիր կա նաեւ աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության մեխանզիմների մասով։ 2013 թվականին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի տեսչությունը վերակազմակերպվեց, միավորվեց, իսկ ներկայումս գործում է որպես առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին։ Արդյունքում էականորեն կրճատվեցին գործառույթները, որի հետեւանքով այսօր գործատուն ազատ է եւ կարող է կամայական մոտեցում ցուցաբերել, որովհետեւ չկա հսկողություն։ Իրավունքի ցանկացած խախտում ենթադրում է, որ աշխատողը պետք է դիմի դատարան, մինչդեռ եթե լիներ վարչական մարմին, որը աշխատողի դիմումի հիման վրա վարույթ սկսեր, ապա մարդիկ շատ ավելի պաշտպանված կզգային իրենց մինչեւ դատարան հասնելը։ Պատգամավորի համոզմամբ՝ ժամանակն է ամբողջությամբ վերանայել տեսչության լիազորությունները վերականգնելու հարցը։ «Դա չպետք է մտահոգություն առաջացնի գործատուների մոտ։ Աշխատողներն իրենց ավելի պաշտպանված կզգան, իսկ գործատուն էլ կիմանա թե այս կամ այն պարագայում օրենքի նորմն ինչպես պետք է մեկնաբանել եւ կիրառել։ Տեսչությունն առաջին հերթին հանդես պետք է գա որպես խորհրդատվական մարմին եւ ոչ թե պատժիչ գործունեություն ծավալի։ Մարդիկ ոչ միանշանակ վերաբերմունք ունեն տեսչական մարմինների նկատմամբ, որովհետեւ երկար ժամանակ դրանք ընկալվել են միայն պետական բյուջեն գումար բերելու, անձնական հարստացման, տույժեր եւ տուգանքներ կիրառելու, կոռուպցիոն գործարքների մեջ մտնելու միջոց»,–ասաց Տիգրանյանը։

20-06-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO