Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.08.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Գերխնդիրը սահմանադրականության մակարդակի բարձրացումն է

Սա է սոցիալ-տնտեսական զարգացման նոր ուղեծիր դուրս գալու ճանապարհը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի 28-29-ը Սանկտ Պետերբուրգի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» գիտահետազոտական համալսարանում անցկացվել է միջազգային գիտաժողով, որտեղ քննարկվել են մասնավորապես տնտեսության սահմանադրական կարգավորման հիմնախնդիրները եւ դրանց լուծումները երկրների զարգացման համատեքստում։ Քննարկումներն ընթացել են երկու հիմնական ուղղությամբ՝ «Իրավունքի եւ ժողովրդավարության արդի ճգնաժամը» եւ «Տնտեսության սահմանադրական կարգավորումներ» թեմաներով։ Գիտաժողովին զեկույցով հանդես է եկել ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ «Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի» տնօրեն, ՀՀ հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանը։ Գիտական միջոցառմանը ներկա են գտնվել ՌԴ Սահմանադրական դատարանի 6 դատավորներ, տարբեր բուհերի եւ գիտական կրթօջախների ներկայուցուցիչներ։
Ընդունված տեսակետ է, որ երկրների բարեկեցությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, ինչպիսիք են՝ աշխարհագրական դիրքը, կլիման, բնական եւ մարդկային ռեսուրսները, կրոնը, պատմականորեն ձեւավորված փոխհարաբերությունները հարեւան երկրների հետ եւ այլն։ Սակայն իրականացված փորձագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ կարեւոր նշանակություն կարող են ունենալ նաեւ մարդկանց վարքագծային նախընտրությունները, ինստիտուտների ընկալումը, սահմանադրական ավանդույթներն ու սահմանադրական կայունությունը։
2017 թվականին ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում ստեղծվեց «Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը», որտեղ մշակվում են սահմանադրականության ախտորոշման, մշտադիտարկման եւ կառավարման հիմնախնդիրները։ Այն սերտորեն համագործակցում է «Սահմանադրական մշակույթ» միջազգային գիտավերլուծական կենտրոնի հետ, որի ղեկավարը պրոֆեսոր Գագիկ Հարությունյանն է։
Ներկայումս կենտրոնը զբաղվում է նաեւ վարքագծային խնդիրների ուսումնասիրմամբ։ Ավանդական հարցադրումը, թե ի՞նչ կապ կա երկրի բարեկեցության եւ ինստիտուցիոնալ զարգացման միջեւ, կենտրոնի փորձագետներն այլ դիտանկյունից են քննարկում՝ առանձնակի կարեւորելով մարդկանց վարքագծային նախընտրությունները եւ բնակչության մեծամասնության կողմից ժողովրդավարական զարգացումներն ու ինստիտուտների ընկալումները։ Այս բոլոր փոխհարաբերությունները դիտարկվում են սահմանադրականության եւ սահմանադրական համակարգի կայունության համատեքստում։

Սահմանադրականություն եւ տնտեսական զարգացում

Սահմանադրականության եւ տնտեսական զարգացման առնչությունների շուրջ «ՀՀ»-ն զրուցել է Հայկ Սարգսյանի հետ։ «Սահմանադրականության եւ տնտեսության կապն աներկբա է։ Այսօր տնտեսագիտական միտքը եկել է այն համոզման, որ կառավարման ամենաարդյունավետ ձեւն ինստիտուտների զարգացումն է։ Ունես լավ ինստիտուտներ՝ ի դեմս, օրինակ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ այլն, կունենաս լավ տնտեսություն։ Չունես՝ չես կարողանալու գործադրել աճի պոտենցիալը։ Դեռեւս 4 տարի առաջ ներկայացրել եմ ներդրումային հիմնադրամի խնդիրը որպես կարեւորագույն մեխանիզմ՝ պոտենցիալ հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար։ Այսօր մեր տնտեսագիտական համայնքի եւ կոնկրետ մեր ֆակուլտետի միտքն ինչ—որ չափով տեղ հասնում է։ Լսելը՝ լսում են, բայց պետք է նաեւ հետեւողական լինեն ռացիոնալ հարցադրումների կենսագործման առումով»,–ասաց նա։
Երկրում առաջնահերթություն է սահմանադրականության մակարդակի բարձրացումը։ Այս առումով, պետք է ի նկատի ունենալ, որ Հայաստանում երկարաժամկետ կայուն սոցիալ—տնտեսական զարգացումն առաջիկա տարիներին ընթանալու է երկու խումբ սահմանափակումների պարագայում։ Սահմանափակումների առաջին խումբը մեզ պարտադրված փաստացի պատերազմական իրավիճակն ու ցամաքային մասնակի շրջափակումն է։ Այդ սահմանափակումները տնտեսագետը դիտարկում է որպես յուրօրինակ տրանսակցիոն ծախսեր, որոնք, ի դեպ, լրացուցիչ բեռ են նույն բիզնեսի համար։
Երկրորդ խումբը՝ սահմանադրականության ակնհայտ դեֆիցիտն է։ «Իհարկե, դա միայն մեզ չի բնորոշ։ Տարբեր երկրներում այն տարբեր չափով է արտահայտվում։ Նկատենք, որ այդ դեֆիցիտի կրճատումն առավելապես պայմանավորված է պետական կառավարման համակարգի արդյունավետությամբ։ Սրա գիտակցումն ամենագլխավորն է»,–նշեց դեկանը։

Սահմանադրականության դեֆիցիտ

Եթե սահմանադրականությունը Սահմանադրության մեջ ամրագրված նորմերի կիրարկումն է, ապա «սահմանադրականության դեֆիցիտը»՝ այդ նորմերի ոչ պատշաճ ձեւով կյանքի կոչելը։ Այդ դեֆիցիտը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, տարիների ընթացքում մշտապես առկա է եղել՝ իհարկե, տարբեր չափով։ Ինչ—որ չափով հենց այդ դեֆիցիտն է մարդկանց վստահության եւ լավատեսության կորստի պատճառը, որն էլ հանգեցնում է նրանց վարքագծային բոլոր բացասական հետեւանքներին՝ անտարբերություն, քաղաքացիական եւ սոցիալական ակտիվության պակաս, աննախաձեռնողականություն եւ այլն։ «Այսօր ամենակարեւոր խնդիրներից է այդ դեֆիցիտի կրճատումը, քանի որ այստեղ է թաքնված սոցիալ—տնտեսական առաջընթացի երաշխիքը։ Սահմանադրականության բարձր մակարդակն իրապես կարող է ստեղծել բավարար նախապայմաններ՝ բարձր տնտեսական աճ եւ տնտեսական զարգացում ապահովելու համար»,–ասաց Սարգսյանը՝ մեջբերելով բրիտանական բանկիրներից մեկի խոսքը, որ մարդուն խելքահան անող երեք բան կա՝ փառասիրությունը, սերը եւ դրամավարկային քաղաքականությունը։ «Տնտեսագետի համար ես կնշեի նաեւ չորրորդը՝ սահմանադրականության հիմնախնդիրները»,–հավելեց նա։

Սահմանադրականության ախտորոշում եւ գնահատում

Ինչպե՞ս կարող ենք չափել երկրում սահմանադրականության մակարդակը, եւ արդյո՞ք այն չափելի է։ Տնտեսագիտության դոկտորը նշեց, որ կենտրոնի կողմից արդեն կան որոշակի մեթոդիկայով առանձին գնահատումներ։
Եթե փորձենք տարբեր ինդիկատորների միջոցով ներկայացնել սահմանադրականության մակարդակը, կարելի է խմբավորել այսպես՝ իրավունքի գերակայության նորմեր եւ կայուն զարգացման նորմեր։ Մասնավորաբար, այս երկու ամփոփ բաղադրիչներով կարելի է խոսել սահմանադրականության մակարդակի մասին կոնկրետ երկրում։ Հենց դա է եղել այն հիմնական նպատակներից մեկը, որի համար ստեղծվեց «Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը»։ «Կենտրոնի հիմնական նպատակն է տնտեսաիրավական կարգավորումների եւ դրանց հետեւանքների գնահատման մեխանիզմների մշակումն ու դեֆիցիտի կրճատման գործընթացների կառավարումը։ Բնական է, պետք է նախ՝ դեֆիցիտի մակարդակը բացահայտվի, պետք է տեսնենք՝ որոնք են «նեղ տեղերը», եւ որո՞նք են սահմանադրականության «լոկոմոտիվ» նորմերը, որոնց վրա պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել։ Գնահատման մեթոդիկայի ստեղծումը հնարավորություն է տալիս ոչ միայն լուծել սահմանադրականության ախտորոշման խնդիրը, այլեւ կառավարել երկրում դրա դեֆիցիտի հաղթահարման գործընթացը։ Այսինքն, ոչ միայն խնդիրը բացահայտել, այլ նաեւ տալ լուծումները։ Դրա համար էլ սահմանադրականության հիմնախնդրի մասին խոսելիս մենք առանձնացնում ենք հետեւյալ երեք բառերը՝ ախտորոշում, մշտադիտարկում եւ կառավարում»,–մանրամասնեց նա։
Այս համատեքստում արդարացված է գիտական հետազոտությունների պահանջը, քանի որ երկրներում սահմանադրականացման գործընթացները պահանջում են փոխկապակցված բազմաբնույթ խնդիրների համատեղ (այսինքն՝ ցանցային) լուծումներ։ Դրանք անհրաժեշտ է դիտարկել որոշակի ինդիկատորների համախմբով, համաշխարհային զարգացման օրինաչափությունների վերադրմամբ։ Առանց պատշաճ գիտական սպասարկման ու հիմնավորման չի կարելի ակնկալել լուրջ արդյունքներ։ Հայաստանի պարագայում պետք է կարողանանք Արցախի հետ միասին 40 եւ ավելի հազար քկմ տարածքի վրա լավագույնս գործադրել մեր ներուժը։ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկանը ընդգծեց, որ բոլոր այն երկրներում՝ Սինգապուր, Չինաստան եւ այլն, որտեղ «հրաշք» է տեղի ունեցել, կատարվածը պայմանավորված է եղել սահմանադրականության մակարդակի բարձրացմամբ։ Մեր երկրում տնտեսության զարգացման գերակա ուղղություններն են տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը եւ տուրիզմը։ ՏՏ—ում Հայաստանը հետ չի մնում աշխարհի զարգացող տեմպերից, բայց անհրաժեշտ է, որ տնտեսության մեջ իրականացվեն կառուցվածքային փոփոխություններ, որպեսզի ՏՏ եւ հարակից ոլորտներում աշխատողները լինեն ոչ թե 20—25 հազար, ինչպես այսօր, այլ առաջիկա երեք—հինգ տարիների ընթացքում դրանց թիվը հասնի 150—180 հազարի։ Սա կլինի կոնկրետ բնագիծ եւ լուրջ ձեռքբերում։ Այդ ներուժը պետք է ներդրվի նաեւ ռազմարդյունաբերական ոլորտում։
Համաշխարհային զարգացման միտումներին անդրադառնալով՝ Սարգսյանը նշեց, որ տեղեկատվական եւ տելեկոմունիկացիոն ծառայություններում արտադրությունը կազմում է աշխարհի ՀՆԱ—ի 6.5%—ը։ Միայն 2010—2015թթ. էլեկտրոնային առեւտրի ոլորտում այս ծառայությունների արտադրությունը աշխարհում հասել է 25 տրիլիոն դոլարի։ Թվայնացումը միանգամայն բարձրացնում է ընկերությունների մրցունակությունը, օգնում է օպտիմալացնել ծախսերը, մեծացնել ակտիվների եկամտաբերությունը եւ, վերջապես, օգնում է ավելի լավ գնահատել սպառողների պահանջարկը։ Հաջորդ կարեւոր խնդիրը ինովացիոն տնտեսության շեշտադրումն է։ «Եվրաասոցացման հնարավորությունները զարկ կտան ՀՀ—ում ինովացիոն հենքով ընկերությունների հիմնմանը, եւ չենք սահմանափակվի ժամանակ առ ժամանակ երեւացող էքսպոներով»,–կարծիք հայտնեց նա։

Տնտեսական հեղափոխության ընկալումները եւ գործարկման հնարավորությունները

Այսօր շրջանառվող եզրույթներից է «տնտեսական հեղափոխությունը», որի ակունքները հասնում են մինչեւ նեոլիթի ժամանակաշրջան (մ. թ. ա. 11—6—րդ հազարամյակ), երբ տեղի ունեցավ երկրագործության եւ անասնապահության՝ այսօրվա եզրաբանությամբ՝ գյուղատնտեսական հեղափոխությունը։ Տնտեսագետի խոսքով, հետագայում արդյունաբերական (Անգլիա, 19—րդ դար), ներկայիս՝ չորրորդ արդյունաբերական եւ բոլոր այլ հեղափոխություններն իրենց բնույթով տնտեսական են, որոնք, սակայն, պարտադիր չէ շրջադարձեին, օրինակ, հիմնական սեփականատիրական հարաբերությունները։ Համընդգրկուն տնտեսական հեղափոխության հիմք կարող են հանդիսանալ տեխնոլոգիական եւ կառուցվածքային խոր բարեփոխումները։
Այս տարվա սեպտեմբերին կենտրոնը նախաձեռնել է տնտեսական հեղափոխությանը նվիրված գիտաժողով, որի ժամանակ կքննարկվի տնտեսական հեղափոխության ընկալումների ու գործարկումների թեման։ Այս թեմայով դա կլինի երկրորդ գիտաժողովը։ Առաջինը անցկացվել էր Արդյունաբերողների եւ գործարարների միության հետ «Ինչ անել» խորագրով, որի ընթացքում քննարկել են տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները։
Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե քաղաքական հեղափոխությունը սկիզբ առավ 2018—ի ապրիլի 23—ին եւ ավարտվեց, ապա տնտեսական հեղափոխության սկզիբը եւ ավարտը խիստ պայմանական են ժամկետի առումով, որովհետեւ տնտեսական համակարգը իներցիոն է, եւ նրա ավարտը պետք է իր ձեւակերպումն ունենա։
Քաղաքական էլիտաների փոփոխման գործընթացը կարող է ընթանալ շատ արագ, իսկ տնտեսական էլիտաները եւ համակարգերը դեռ կարող են կենսունակ մնալ՝ չենթարկվելով առանձնապես լուրջ փոփոխությունների, հարմարվելով քաղաքական նոր համակարգին եւ ժամանակի ընթացքում հարմարեցնելով նույն այդ համակարգը իրենց նպատակներին։ Ներկա իրավիճակում սա ցանկացած բարեփոխումների, այդ թվում նաեւ անցումային արդարադատության գլխավոր մարտահրավերն է։ Պետք է փաստել, որ այս խնդրի լուծումները միայն ուժային լուծումները չեն կարող լինել։ Լուծման գլխավոր ճանապարհը համակարգային եւ ինստիտուցիոնալ մոտեցումն է»,–ասաց Սարգսյանը՝ շեշտելով, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են առաջին հերթին օրենսդրական լուրջ բարեփոխումներ։ Հետեւաբար՝ տնտեսաիրավական կարգավորման ամբողջ զինանոցն այնպես պետք է գործադրվի, որ ուղղված լինի տնտեսական հեղափոխության իրականացմանը, այն է՝ զարգացման նոր ուղեգիծ դուրս գալու, տնտեսության եւ երկրի վերելքն ապահովելու համար որոշակի նախադրյալների ստեղծումը պահանջում է լուծումների ինստիտուցիոնալացում։ «Սա է տնտեսական զարգացման արդի օրակարգը։ Եթե մենք բարեփոխում ենք իրականացնում՝ կոտրելով գոյություն ունեցող կառույցը, սա կարող է վերաբերել, օրինակ, դատական համակարգին, եւ դեռեւս չունենալով հիմնարար փոփոխությունների իրականացման առումով ամբողջական տեսլական՝ պետք է ստեղծենք ներկառուցված ինստիտուտներ, որոնք միջանկյալ դերակատարում կարող են ունենալ՝ կապակցելով գոյություն ունեցողը նորաստեղծին։ Նման օրինակ է անցումային գիտակրթական համակարգի ներդրումը, որն աստիճանաբար կփոխի մարդկանց վերաբերմունքը, վարքագծային պայմանները եւ տնտեսությունը կդրվեն տեխնոլոգիական հիմքի վրա»,–բացատրեց զրուցակիցս։

Ռիսկերի կառավարում

Տնտեսագետների համար կարեւոր հիմնախնդիրներից է ռիսկերի կառավարումը։
Օտարերկրյա ուղղակի եւ ներքին ռեսուրսներով ներդրումային հոսքեր ապահովելու համար միայն երկրի գրավչության մասին խոսակցությունները բավարար չեն, դրա համար անհրաժեշտ է, որ այդ գրավչությունն ամրագրված լինի գործուն մեխանիզմներով։
Սարգսյանի խոսքով, ինստիտուցիոնալ բարեշրջումների էությունը ներդրումների ռիսկայության կրճատման առումով պետք է արտահայտվի նրանում, որ ներդրողին օրենքով ամրագրված երաշխիքներ տրվեն գործարար բարենպաստ միջավայրի եւ պաշտպանվածության մասով, այլ ոչ թե, օրինակ, նախարարի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հետ «ձեռքսեղմման երաշխիքով»։ «Արդյունավետ տնտեսության կազմակերպումը հնարավոր է միայն ժողովրդավարական, ինստիտուցիոնալ եւ քաղաքական զարգացումների առումով սահմանադրականության բարձր մակարդակ ունենալու պարագայում։ Համաշխարհային զարգացումների օրինաչափությունների պրակտիկայում ընդունված է, որ 5—7 տոկոս հարաճուն տնտեսական աճ ունենալու համար պետք է ՀՆԱ—ի 1/4—ի եւ 1/5—ի չափով ներդրումներ ապահովել։ Մեր տնտեսության պարագայում մենք պետք է խնդիր դնենք, որ ամենատարբեր աղբյուրներից գոյացող ներդրումների ծավալը գերազանցի շուրջ 2 մլրդ դոլարը»,–կարծիք հայտնեց ֆակուլտետի դեկանը։

Կոռուպցիա եւ սահմանադրական փոփոխություններ

Ներկայումս աշխատանքներ են տարվում հակակոռուպցիոն նոր մարմին ստեղծելու ուղղությամբ։ Նման դեպքում շատ կարեւոր է արձանագրել, թե ինչ գործառույթներ են ամրագրվելու եւ ինչպիսին են լինելու դրանց իրացման կառուցակարգերը, որպեսզի պարզ դառնա, թե որքանով է կենսունակ լինելու այդ կառույցը։ Այս առումով տնտեսագետը հորդորում է զերծ մնալ պատրանքներից եւ հասարակության համար չձեւավորել արագ արդյունքների սպասումներ։ Դա չափազանց վտանգավոր է եւ միայն կնվազեցնի վստահությունը կառավարության նկատմամբ։ Իրավունքի գերակայությունն ու հակակշիռների, զսպող մեխանիզմների ցուցիչների բարելավումը, ըստ նրա, կընթանա ոչ շուտ, քան 2–3 տարվա ընթացքում։ Ի վերջո, հասարակության, մարդկանց մտածողությունը շատ արագ չի կարող փոխվել։ Միայն հետեւողական եւ անշրջելի բարեփոխումները կնպաստեն արդարության հասնելուն եւ կոռուպցիան իսպառ արմատախիլ անելուն։
Խոսվում է նաեւ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։
«Երկրում սահմանադրական կարգը պետք է կանխորոշի արդարադատությունը։ Անկախ դատական համակարգ, հասուն պառլամենտարիզմ, արդյունավետ կառավարում. այս եռամիասնությունը միայն կերաշխավորի երկրի առաջընթացը եւ դուրս կբերի այն զարգացման նոր ուղեծիր։ Սահմանադրության փոփոխության դեպքում առաջնային եմ համարում զսպման եւ հակակշիռների մեխանիզմների հստակ տարանջատումն ու ամրագրումը։ Կառավարության «ռադարային էկրանի» վրա պետք է լինեն սահմանադրականության նորմերի իրացման գնահատականները։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո առաջին խնդիրը մենք համարել ենք սահմանադրական անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը։ Դրանով կարող են ամբողջացվել եւ համակարգվել երկրում թռիչքաձեւ, երկարատեւ եւ կայուն տնտեսական զարգացմանը միտված գործընթացները»,–ընգգծեց նա։

05-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO