Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Կարելի է լինել արեւմտամետ, ամենեւին չլինելով դեմոկրատ

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Անկախությունից ի վեր Հայաստանում կարեւորագույն խնդիրը ժողովրդավարության հարցն է։ Այն հռչակված է որպես քաղաքական գործունեության ուղենիշ, պետական համակարգի ու հասարակարգի դոմինանտ, ամրապնդվել է Սահմանադրությամբ, սակայն այդպես էլ ոչ մի կերպ չի կայանում։ Կարծես թե սկսել է նմանվել կոմունիզմին, որ չնայած յոթանասնամյա տոտալ պնդմանը, այդպես էլ չկառուցվեց։ Երկու փաստերի համադրությամբ դժվար չէ նկատել, որ նախորդ գրեթե ողջ հարյուրամյակում ապրեցինք երկու անհամասեռ հարթություններում՝ գերնպատակ համարելով մի բան եւ գնալով միանգամայն այլ ուղղությամբ, որդեգրելով մի գաղափարախոսություն, գործելով հակառակով։ Այսինքն՝ մի բան հռչակել, այլ բան անելը դարձել է գեշ «խասյաթ», ազգային մենթալիտետի պես մի բան։ Սա դեռ տիպական հայկական ծայրահեղություն կարելի էր համարել, եթե այլ մակարդակում սուր բնույթ չունենար. մերոնք պետություն ասելով՝ հասկանում են օրենքով սահմանված իշխանություն, գաղափարախոսություն ասելով՝ ընդունում են մոդայիկն ու հարմարը։
Ստացվում է, որ կարելի է լինել արեւմտամետ, ամենեւին չլինելով դեմոկրատ։ Անշուշտ, ձեւանալու տեսակետից երկուսն էլ հեշտ են, սակայն արեւմտամետ ձեւանալը շատ ավելի հեշտ է՝ ելնելով մշակութային արժեհամակարգերի ընդհանրությունից՝ քրիստոնեությունից։ Արեւմտյան արժեհամակարգը իր ներկայիս ժողովրդավարական ձեւերով ու հաստատություններով այլ բան չէ, քան քրիստոնեական արժեհամակարգի փոխակերպում։ Դա թերեւս միակ պատճառն է, որ ավելի ու ավելի դժվարացնում է նրա տարածումը այնպիսի երկրներում, որտեղ մշակութային ուրիշ համարժեքներ կան եւ խարսխվում են կրոնական այլ ավանդույթների վրա, ինչպես իսլամը, հինդուիզմը, բուդդիզմը եւ այլն։ Եվ բնական է, որ այս երկրներում՝ ընդունելով հանդերձ տնտեսության զարգացման եւ արդիականացման արեւմտյան կաղապարները, լուրջ չեն վերաբերվում կամ սկսում են անտարբեր դառնալ ժողովրդավարության հանդեպ։ Կապված տվյալ երկրում ավանդականորեն ձեւավորված կառավարման համակարգերի խնդրի հետ, բավական է նշել մի էական տարբերություն, որպեսզի պարզ լինի, թե ինչպիսին է լինելու ժողովրդավարության ճակատագիրը Հայաստանում առաջիկա տասնամյակներին։
Այսպես. հայտնի է, որ Արեւմուտքում եկեղեցին գերազանցապես անջատված է պետությունից, այսինքն՝ կա հստակ բաժանում, որով, պայմանական ասած, առանձնանում են Աստծո եւ կեսարի թագավորությունները։
Նույնն է պատկերը հնդկական քաղաքակրթության մեջ՝ կրոնական բարձրագույն կաստա եւ աշխարհիկ իշխանություն։ Իսլամական աշխարհում՝ Ալլահն ինքը կեսարի ներկայությունն է, Չինաստանում եւ Ճապոնիայում դարեր շարունակ պահպանվում էր մշակութային դոմինանտը՝ կեսարն էր Աստված, իսկ արեւելյան ուղղափառության մեջ՝ կեսարն Աստծո փոքր գործընկերն էր։
Հայաստանում, ինչպես մյուս ոլորտներում, լուծումը չափազանց ինքնատիպ է եւ տեղավորվում է արեւելյան ուղղափառության տրամաբանության մեջ. եկեղեցու հարկադիր բաժանումը պետությունից խորհրդային տարիներին, որ ենթադրում էր նաեւ մեկուսացում լայն զանգվածներից, իներցիայով դեռեւս պահպանվում է եւ անկախությունից երեսուն տարի անց երկչոտ քայլեր է կատարում մոտենալու ժողովրդին, չնայած կրոնական զգացման համեմատական վերելքին։ Մինչդեռ առանց նրա դերի մեծացման եւ գործառույթների ընդլայնման, հնարավոր չէ հատել ժողովրդավարության սահմանը, որովհետեւ բացառապես այդպես է ձեւավորվել մշակույթի եւ ժողովրդավարության զարգացման արեւմտյան մոդելը։
Երբեմն, իհարկե, հարց է ծագում, թե ինչու Հայաստանը պետք է անպայմանորեն առաջնորդվի արեւմտյան արժեհամակարգով։ Հիշենք Հայաստանում 98—ից ի վեր կատարված ընտրությունները, երբ եվրոպական դիտորդները բացասական էին գնահատում ընտրությունների արդյունքները, եւ ակնկալվում էին որոշակի պատժամիջոցներ, իշխանության բարձր օղակներից ելույթ ունեցողները կասկածի տակ դրեցին արեւմտյան ժողովրդավարության «իդեալականությունը» եւ տնտեսական ինտեգրման այլ ուղիներ նշեցին։ Մինչդեռ անառարկելի է, որ քրիստոնյա ժողովուրդները, գրեթե առանց բացառության, արեւմտամետ են։ Իրոք. չկա իրեն քրիստոնյա համարող մի ժողովուրդ, որ չընդունի զարգացման արեւմտյան ունիվերսալությունը, ապա ժամանակի ընթացքում բռնած չլինի ժողովրդավարության ճանապարհը։ Այնպես որ, դա ոչ թե ընտրություն է, այլ ճակատագիր եւ համաշխարհային պատմության թատերաբեմում օրավուր կոշտացող պայքարի պարագայում, որ քաղաքակրթությունների բախման երանգներ է ձեռք բերում, հայ ժողովուրդը հազիվ թե կարողանա ընդդիմանալ այդ ճակատագրին (Աֆղանստանում, Իրաքում, հետագայում, հավանաբար՝ Իրանում, ինչու չէ՝ Աբխազիայում, Բոսնիայում, Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները նմանօրինակ բախման նախնական իլյուստրացիաներն են, եթե չասենք՝ փորձարարական փուլը)։
Բայց անկախ այս ամենից, կարծես թե մինչեւ մշակութային ինքնության գիտակցումը, Հայաստանը իշխանությունների կամքով դատապարտված է միջանկյալ ճանապարհ անցնելու, որը պատճառաբանված է 300—ամյա ռուսական կայսրության գերիշխանության եւ կառավարման գրեթե ասիական համակարգով, ինչը նույնպես տեղավորվում է արեւելյան ուղղափառության տրամաբանության մեջ։
Դեռեւս դպրոցական դասագրքերից է հայտնի ռուսական իրականության երկու՝ սլավոնասերների եւ արեւմտամետների պայքարի պատմությունը։ Չմանրամասնելով այդ պայքարի ընթացքը, միայն նշենք, որ այն շարունակվում է (ատլանտիզմ եւ եվրասիականություն անունների տակ)։ Եվ ահա 80—ական թվականներին, երբ Ռուսաստանում արդեն զգալի էր լիբերալ բարեփոխումների շունչը, հիշյալ կողմնորոշումները դարձյալ գլուխ բարձրացրին գրեթե ավանդական կերպարանքով։ Դարձյալ, ինչպես միշտ, դեմոկրատները առավելապես արեւմտամետ էին, իսկ արեւմտամետները դեմոկրատ չէին։ Մտածողության այս անհամադրելի տարամիտությունը, որ մենք հոդվածներից մեկում անվանել ենք արեւմտյան վիրուս եւ մշակութային շիզոֆրենիայի տանող բեւեռացում, ցայտուն երեւում է ժամանակակից Ռուսաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության տատանումներում։ Նշանակալի է ռուսական պատմության մի այլ օրինաչափություն. սոցիալ—տնտեսական բարեփոխումների ցանկացած ծրագրի իրագործումը ուղեկցվում է իշխանության կենտրոնացմամբ։ Այս օրինաչափությունը չխախտվեց 1917 թվականի հեղափոխությունից հետո, իսկ ելցինյան տասնամյա դեմոկրատիայից հետո Պուտինի ամբողջ գործը դարձյալ իշխանության կենտրոնացումն էր, ինչը նույնպես անհամատեղելի է ժողովրդավարության հետ։ Հայաստանում այս օրինաչափությունը փոքր—ինչ տեղական գունավորում ունի. մեզ մոտ արեւմտամետ են նրանք, ովքեր Արեւմուտքի աջակցությունն են ակնկալում, իսկ դեմոկրատ են նրանք, ովքեր իշխանություն չունեն։ Սա եւս անհամատեղելի է դարձնում արեւմտամետ դեմոկրատի եւ դեմոկրատ արեւմտամետի կերպարները, ինչպես գրում էր Թումանյանը՝
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում (1917, hունվարի 15)։

12-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO