Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Նախաձեռնողականությունը կտա իր արդյունքները

Հայաստանը քայլեր պետք է անի աշխարհի քարտեզում նկատելի դառնալու ուղղությամբ

Աշխարհում տեղի ունեցող վերադասավորումները ցույց են տալիս, որ Ասիան դառնում է համաշխարհային տնտեսության շարժիչ ուժը։ Տնտեսական շահերն ու զարգացումները նախանշում են նաեւ քաղաքական գործընթացների ուղղությունը։ Կարող ենք մի շարք կանխատեսումներ անել, թե ինչպիսին կլինի առաջիկա տասնամյակների աշխարհի քարտեզը, բայց այն, որ այդ քարտեզում ամենավառ եւ ազդեցիկ խաղացողը լինելու է Չինաստանը, արդեն միանշանակ է։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, որը կարող ենք համարել «Մետաքսի ճանապարհի» ժառանգը, մինչեւ 2019թ. մարտ ամիսը համագործակցության համաձայնագրեր են ստորագրել 125 երկրներ եւ 29—ը միջազգային կազմակերպություններ։ Համաշխարհային տնտեսական, քաղաքական զարգացումների եւ դրանցում Հայաստանի դերի եւ անելիքների շուրջ «ՀՀ»—ն զրուցել է «Չինաստան—Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ։
–Աշխարհում կարեւոր վերադասավորումներ են տեղի ունենում, որտեղ ավելի ազդեցիկ է դառնում Արեւելքի դերակատարությունը Չինաստանի գլխավորությամբ։ Ինչպիսի՞ զարգացումներ եք տեսնում քաղաքական— տնտեսական ուղղություններով։
–Այո՛, գաղտնիք չէ, որ համաշխարհային տնտեսության հիմնական շարժիչ ուժը տեղափոխվել է դեպի Արեւելք, որտեղ առաջատար դիրք է զբաղեցնում Չինաստանն իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությամբ։ Արագ տեմպերով զարգանում են Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի անդամ պետությունները, Հնդկաստանը։ Հարավային Կորեան եւ Ճապոնիան շարունակում են պահպանել առաջատար դիրքերը։ Այս ամենը գիտակցում են նաեւ Վաշինգտոնում եւ Մոսկվայում, որի պատճառով 2011թ. ԱՄՆ—ը հայտարարեց դեպի Ասիա—խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, իսկ Ռուսաստանն էլ՝ դեպի Արեւելք շրջադարձ կատարելու մասին։ Մի խոսքով, Ասիան դառնում է աշխարհի տնտեսության շարժիչը, սա պետք է գիտակցել եւ գործնական քայլեր կատարել։
–Վերջին շրջանում քայլեր են արվում խորացնելու եւ նոր ազդակ հաղորդելու հայ—չինական, հայ—վիետնամական եւ հայ—սինգապուրյան հարաբերություններին երկրի ղեկավարի պաշտոնական այցերի շրջանակներում։ Ինչպիսի՞ ներուժ ունենք այս ուղղություններով։ Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որ պետք է լուծենք խոսքից գործի անցնելու եւ իրական արդյունքներ գրանցելու համար։
–Այս երեքը տարբեր երկրներ են տարբեր հնարավորություններով։ Այցելությունները լավ են, ակտիվություն են մտցնում երկկողմ հարաբերություններում՝ ճանաչելի դարձնելով Հայաստանը։ Ուղղակի պետք է այս այցելություններից որոշ ժամանակ անց կոնկրետ արդյունքներ լինեն, որպեսզի այցելությունները չմնան զուտ ճանաչողական բնույթի։
Չինաստանի մասով կարելի է ասել, որ ահռելի հնարավորություններ կան. այս երկիրն առաջ է քաշել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որի շրջանակներում մինչեւ 2019թ. մարտը համագործակցության համաձայնագրեր է ստորագրել 125 երկրի եւ 29 միջազգային կազմակերպությունների հետ։ 2013—2018 թթ. Չինաստանի առեւտուրը «Մեկ գոտի, մեկ ճանապարհում» ընդգրկված երկրների հետ հասել է մինչեւ 6 տրիլիոն դոլարի։ Չինական կազմակերպությունների «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» մասնակից երկրներում կնքված պայմանագրերի արժեքը հասնում է մոտ 400 միլիարդ դոլարի։ 2013—2019 թթ. Չինաստանի ուղիղ ներդրումները նախաձեռնության (ՄԳՄՃ) երկրներում կազմել են 90 միլիարդ դոլար։ Գործարարները ՄԳՄՃ երկրորդ համաժողովի ընթացքում կնքեցին 64 միլիարդ դոլարի հասնող պայմանագրեր։ Ցավոք, Հայաստանին դեռեւս չի հաջողվել զգալի ներդրումներ ստանալ այս նախաձեռնության շրջանակներում, Հայաստանը բարձր մակարդակով ներկայացված չէր թե՛ առաջին, թե՛ երկրորդ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համաժողովների ժամանակ։ Համենայն դեպս, առաջիկա երկու տարիների ընթացքում պետք է շատ լրջորեն պատրաստվել երրորդ համաժողովին, որպեսզի ներկայանանք բարձր մակարդակով եւ փորձենք հետ բերել բաց թողածը։ Իսկ համագործակցության բնագավառները բազմաթիվ են՝ էներգակիրներ (հատկապես արեւային էներգիայի համատեղ արտադրություն), գյուղատնտեսություն, ֆինանսաբանկային համակարգ, ռազմաքաղաքական, տեխնոլոգիաներ, թվայնացում («Մետաքսի թվային ճանապարհ»), ճանապարհաշինություն, երկաթգծեր եւ այլն։
Վիետնամի տնտեսությունը եւս շատ արագ է զարգանում։ ԵԱՏՄ—ն եւ Վիետնամը կնքել են առեւտրի ազատականացման համաձայնագիր։ Անհրաժեշտ է լրջորեն հետազոտել վիետնամական շուկան, փորձել հայկական ապրանքների համար ճանապարհ հարթել դեպի այդ երկիր։ Կարծում եմ՝ հայ գործարարները եւս հետաքրքրված կլինեն այս երկրում ներդրումներ կատարելու համար, ինչը հնարավորություն կտա նրանց իրենց ապրանքները վաճառելու Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի անդամ պետություններում, իսկ հարկերը վճարելու Հայաստանում։
Սինգապուրում երկար ժամանակ եղել է հայկական ներկայություն, այս երկրի հետ հարաբերությունները եւս կարեւոր են, քանի որ այն թեեւ փոքր է, բայց տնտեսական եւ քաղաքական որոշակի ազդեցություն ունի Արեւելքում։ Կարելի է ուսումնասիրել նաեւ Սինգապուրի վարած տնտեսական բարեփոխումների փորձը, իհարկե, որոշ դրույթներ ձեւափոխելով օգտագործել նաեւ Հայաստանում։ Զարգացած է նաեւ Սինգապուրի կրթական համակարգը. կարելի է կապեր հաստատել Հայաստանի եւ Սինգապուրի տնտեսագիտական համալսարանների, ինստիտուտների հետ, ինչպես նաեւ համատեղ ուղիներ փնտրել տնտեսական հարաբերությունների խորացման գործում։
–Չինաստանն իր հարաբերությունները զարգացնում է նաեւ մեր տարածաշրջանային երկրների հետ։ Ինչպիսի՞ վտանգավոր զարգացումներ կարող են լինել մեզ համար Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կարեւոր նախագծեր իրականացնելու պարագայում, եւ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը տարածաշրջանային զարգացումներից հետ չմնալու համար։
–Այո՛, վերափոխվել են չին—թուրքական հարաբերությունները, եւ դա նաեւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շնորհիվ։ Թուրքերը՝ սկսած 2015 թվականից, լուրջ աշխատանք են տանում այս ուղղությամբ։ Թուրքիայի վարչապետ Էրդողանը մասնակցել էր նաեւ 2017 թ. «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համաժողովին, որի արդյունքում չինական կողմից ստացավ միլիարդների հասնող ներդրումներ։ 2017 թ. դեկտեմբերին Չինաստանը Թուրքիայում կատարել էր արդեն 3.1 միլիարդ դոլարի ներդրում, իսկ թուրքական կողմը, չնայած երկրում առկա տնտեսական ճգնաժամին, մինչեւ 2018 թ. դեկտեմբերը Չինաստանում կատարել էր 270 միլիոն դոլարի ներդրում։ Երկկողմ առեւտուրը կազմում է 21.6 միլիարդ դոլար, որից 17.8 միլիարդ դոլարը Չինաստանից Թուրքիա արտահանվող ապրանքների ծավալն է, իսկ 3.8 միլիարդ դոլարը՝ Թուրքիայից Չինաստան արտահանվող ապրանքների արժեքը։
Թուրքիան կարեւոր դերակատարում ունի Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ցամաքային թեւի՝ «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու» Չինաստան—Կենտրոնական Ասիա—Արեւմտյան Ասիա տնտեսական միջանցքում, որի շնորհիվ Չինաստանն իր բեռները տեղափոխում է դեպի Եվրոպա։ Թուրքիան Չինաստանի նախաձեռնության հետ կապված համատեղ ծրագրեր է իրականացնում նաեւ Ադրբեջանի հետ։ Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն ընդգրկված են «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» ֆինանսավորող Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկում։ Այս բանկից 2016 թ. նոյեմբերին Ադրբեջանին հաջողվեց տրանսանատոլիական բնական գազի գազամուղը կառուցելու համար ստանալ 600 մլն դոլար։ Պետք է նշել, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը, 2017 թ. հոկտեմբերին շահագործման հանձնելով Բաքու Թբիլիսի—Կարս երկաթգիծը, ամրապնդեցին սեփական դիրքերը Չինաստան—Կենտրոնական Ասիա—Արեւմտյան Ասիա տնտեսական միջանցքում։ Ի դեպ, այս տարի Ադրբեջանին հաջողվեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրորդ համաժողովի ժամանակ այս երկաթգիծը, ինչպես նաեւ Բաքու նավահանգիստն ընդգրկել մասնակից երկրների ղեկավարների կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ՝ որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կարեւոր բաղկացուցիչ։ Հուլիսի սկզբին, երբ Էրդողանը հանդիպեց Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, նա եւս առաջ քաշեց Բաքու—Թբիլիսի—Կարս երկագծի միջոցով չինական ապրանքները դեպի Եվրոպա տանելու ծավալները մեծացնելու հարցը։
Վերոհիշյալ երկու ծրագրերն էլ շրջանցում են Հայաստանը։ Վտանգ կա, որ թուրքերն ու ադրբեջանցիները կփորձեն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ընձեռած հնարավորությունները եւս օգտագործել Հայաստանի դեմ, եթե իհարկե Հայաստանը շարունակի պահպանել պասիվություն եւ չինական կողմի հետ չքննարկի վերոհիշյալ վտանգը։ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի վարած քաղաքականությունը, այն է՝ մեկուսացնել Հայաստանը տարածաշրջանային նախագծերից, հակասում է Չինաստանի առաջ քաշած համատեղ խաղաղ գոյակցության հինգ սկզբունքներից միջպետական հարաբերություններում հավասարության եւ փոխադարձ օգուտի սկզբունքին։ Այս կետերի շուրջ բանակցելով Պեկինի հետ՝ կարելի է վերջինիս միջոցով ճնշում գործադրել Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկրները չօգտագործեն «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» տարածաշրջանային հնարավորությունները Հայաստանը մեկուսացնելու համար։
–Առաջիկա օրերին Երեւանում հյուրընկալելու եք «Մետաքսի ճանապարհը» Վիեննայից Շանհայ ուսումնասիրող գիտական էքսպեդիցիայի ավստրիացի գործընկերներին։ Կմանրամասնե՞ք, թե ինչ հանդիպում է, եւ ինչ արդյունքներ կարելի է ակնկալել նման հանդիպում—քննարկումներից։
–Ընդհանապես նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս պահպանելու եւ կապեր ստեղծելու չինագիտության ոլորտի առաջատար կենտրոնների հետ։ Նրանց հետ քննարկումների շնորհիվ ստանում ենք նաեւ նոր տեղեկույթ եւ գիտելիքներ։ Ի դեպ, «Չինաստան—Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհրդի բոլոր քննարկումները բաց են։ Մենք փորձում ենք այս քննարկումների, սեմինարների, գիտաժողովների միջոցով կրթել նաեւ հասարակության տարբեր շերտերի՝ հետաքրքրված անհատներին։ Առավել քան համոզված եմ, որ իսկական գիտությունը պետք է բաց եւ հասանելի լինի բոլորին։ Նմանատիպ գիտական քննարկումներից կարող են օգուտ քաղել թե՛ գիտնականները, թե՛ գործարարները, որոնք օրինակ՝ կարող են իմանալ, թե ինչ տրանսպորտային ուղիներ են գործում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում եւ պրակտիկ օգտագործել բիզնեսում։ Կառավարության ներկայացուցիչները կարող են մասնակցել իմանալու համար, թե օրինակ՝ ի՞նչ ֆինանսավորման աղբյուրներ է Չինաստանը տրամադրում տարբեր երկրներում ներդրումներ կատարելու համար, զինվորականները կարող են ճշտել ոչ բարեկամ երկրների՝ մեզ մեկուսացնող եւ վտանգող երկաթգծերի, գազամուղների գտնվելու վայրը եւ այլն։
Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
l.mkhitaryan@hhpress.am

12-07-2019





19-11-2019
Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում
Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել

Արմենուհի ...


19-11-2019
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման ի՛ր ծրագիրն անել
Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




19-11-2019
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը
Ձեւավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի առաջնային կազմը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




19-11-2019
Կառավարությունը կրթության եւ գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


19-11-2019
Քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության ...


19-11-2019
Ովքե՞ր են եղանակի մասին տեղեկանում «առաջին ձեռքից»
Գարնան առաջին ամպրոպների հետ Գագիկ Սուրենյանի համար կյանքը ...


19-11-2019
Խաղաղության աղավնին՝ դպրոցի բակում
Հերիկի դպրոցը կոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով




19-11-2019
Ոսկու փոխարեն՝ արեւային էներգիա
Տարածքի կոնսերվացման նպատակով ավելի քան ...

19-11-2019
Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազանքի մեջ
«Վերնիսաժում» նստած՝ աշխարհը պտտում է իր ...

19-11-2019
Պատվաբեր առաքելություն
Արթուր Ալեքսանյանը դարձավ
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO