Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Առաջնորդ եւ կառավարիչ

Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում է կառավարվողների աշխատանքի միջոցով։ Միեւնույն ժամանակ մարդկանց համատեղ աշխատանքի ընթացքում նպատակադրման սուբյեկտ լինում է ոչ միայն կառավարիչը, այլեւ առաջնորդը։ «Առաջնորդ» եւ «կառավարիչ» հասկացությունների իմաստային հարաբերակցության, առաջնորդի եւ կառավարչի փաստացի դերակատարման մեկնաբանության առումով մասնագիտական գրականության մեջ տարբեր, երբեմն հակադիր տեսակետներ կան՝ ծայրահեղ բեւեռացումից մինչեւ լիակատար նույնացում։
Արդ՝ կառավարչական իրողության շրջանակներում առաջնորդի եւ կառավարչի վարքագծային ընդհանրության եւ տարբերությունների վերաբերյալ պատկերացումները ամփոփենք ցանկի ձեւով։
Ա. Կառավարչին ենթարկվում են, առաջնորդին՝ հետեւում շնորհիվ այն հանգամանքի, որ ինչպես ենթակաները, այնպես էլ հետեւորդներն ունեն պահանջմունքներ, որոնց բավարարումն ուղղակիորեն կամ միջնորդավորված կախված է կառավարչից (առաջնորդից)։ Իհարկե, դրանք տարբեր են (նյութական վարձատրություն, հարգանք, ապահովություն, ստեղծագործական աճ, իմաստալից զբաղմունք, ծառայողական առաջխաղացում եւ այլն), բայց դրանց բավարարումն առնչվում է կառավարչի (առաջնորդի) միանգամայն որոշակի գործելակերպին։
Բ. Ըստ կայունացած ըմբռնումների՝ կառավարիչը պաշտոնական ղեկավարն է. ներկազմակերպական կառուցվածքում իր դիրքով գերադասություն ունի ենթակաների հանդեպ։ Առաջնորդը, որպես կանոն, ոչ պաշտոնական ղեկավարն է. նա հետեւորդներին ուղղորդում է չձեւայնացած կառուցվածքում իր բարձր կարգավիճակի շնորհիվ։ Միաժամանակ, որոշ դեպքերում կառավարիչը ոչ թե սոսկ ձեւական ղեկավարն է, այլ հենց ինքը իր գործողությունների բնույթով առաջնորդում է մյուսներին, այսինքն՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական ղեկավարները համատեղված են։
Գ. Կառավարումը գործնական երեւույթ է։ Կառավարչի հիմնական պարտականությունը կառավարման ընթացքի ապահովումն է՝ պլանավորումը, կազմակերպումը, շահամիտումը, վերահսկողությունը։ Առաջնորդումը կարող է բնութագրական լինել նաեւ ի պաշտոնե կառավարողին, այդ պարագայում արդեն առաջնորդումը կարող ենք համարել կառավարման գործառույթների կատարման որակ՝ կառավարչական—գործաբանականի հոգեւոր—կամային լրացում։
Առաջնորդը (կամ՝ առաջնորդող կառավարիչը) այդ գործառույթները դիտարկում է կազմակերպության ընդհանուր գործունեության, նպատակների, առաքելության լույսով եւ այդ ամբողջական ընկալումը փոխանցում հետեւորդներին եւ ենթականերին՝ նրանց ոգեւորելով, խանդավառելով, մղելով դեպի նպատակամետ գործունեություն։
Դ. Որպես գործունեության տեսակ՝ կառավարումը որոշակի անձանց (կառավարչի ենթակաների) գործողությունների հերթականության ապահովումն է, առաջնորդումն առնչվում է հենց գործող անձանց ձգտումների որոշակի ուղղորդմանը։
Եվ դարձյալ՝ այս իրավիճակում հնարավոր է ինչպես զուտ կառավարչական գործունեություն, այսինքն՝ ենթակաների քայլերի սոսկ կարգավորում եւ վերահսկում, այնպես էլ սեփական օրինակով ենթակաների ոգեւորում, խանդավառում, ավելին անելու մղումներով տոգորում, այսինքն՝ կառավարիչ—առաջնորդի վարվելակերպ։
Ե. Կառավարչի իշխանության հիմքն են զբաղեցրած պաշտոնը, լիազորությունները, ուստի եւ տնօրինության տակ են առավելապես իրավական բնույթի լծակները։ Առաջնորդի իշխանությունը հիմնված է հեղինակության, վարկի, հարգանքի, վստահության, բարոյահոգեբանական բնույթի այլ լծակների վրա։
Զ. Կառավարիչը (զուտ կառավարիչը) հաճախ է ընդգծում իր դիրքային առավելությունը եւ այդ հիմքով պահանջում անվերապահ ենթակայություն, առաջնորդը սեփական օրինակով է ստեղծում հավասարների հանրույթ, այլոց շահերի մասին հոգատարությունը դարձնում է ընդհանուր վարքականոն։
Է. Կառավարչի համար առաջին պլանում են առարկայական գործոնները՝ կազմակերպության կառուցվածքը, տեխնոլոգիան, պաշարները, ներքին եւ արտաքին միջավայրի առանձնահատկությունները, առաջնորդի համար առավել էական է միջանձնային փոխհարաբերությունների կարգավորումը, միասնական թիմի զգացողությունը, այսպես կոչված՝ «ընդհանուր ոգու» ապահովումը։
Ը. Կառավարիչը ձգտում է կայունության, ուստի նա արդյունավետ է գործում կառավարման առկա հարացույցի շրջանակներում, որտեղ նա կարող է մասնակի փոփոխութուններ կատարել, առաջնորդը ձգտում է նորանոր նվաճումների, ուստի եւ ունակ է նաեւ արմատական փոփոխություններ կատարելու։
Թ. Ժողովրդավարության, փոխադարձ վստահության, «թիմային աշխատանքի» կարեւորության մասին դատողություններով հանդերձ՝ կառավարիչը (զուտ կառավարիչը) հաճախ թերագնահատում է այլոց հետ խորհրդակցելու անհրաժեշտությունը եւ հակված է լինում միանձնյա վճիռ կայացնելուն, առաջնորդը բաց է գործընկերների կարծիքների համար, նաեւ սեփական օրինակով է հետեւորդներին ընձեռում համատեղ առաջնորդվելու հնարավորություն։
Ժ. Առօրյա խնդիրներով զբաղված՝ կառավարիչը երբեմն տուրք է տալիս տեխնոկրատական գործելակերպին, անտեսում ենթակաների հետ անմիջական շփման կարեւորությունը։ Առաջնորդը միջանձնային արդյունավետ հաղորդակցման, սեփական կերպարը մատուցելու, հանրային կարծիքի վրա ազդելու մեծ վարպետ է։
ԺԱ. Կառավարիչը երբեմն թերագնահատում է ենթակաների նախաձեռնողականությունը, նրանց առաջարկությունները, ինքնուրույնությունը, մինչդեռ առաջնորդը ձգտում է խթանել նրանց ինքնազարգացման, ինքնուրույնության, ստեղծագործելու պահանջմունքները։
ԺԲ. Կառավարիչը ենթականերին հիմնականում ձգտում է վերահսկել, իսկ առաջնորդը (նաեւ՝ առաջնորդող կառավարիչը)՝ հետեւորդներին առավելապես վստահում է։
ԺԳ. Կազմակերպության հաջող գործունեության դեպքում կառավարիչը սովորաբար շեշտադրում է իր դերը, անձնական վաստակը, իսկ ձախողման դեպքում՝ հակված է լինում միայն ենթակաների մեջ մեղավոր փնտրելու։ Առաջնորդը, ընդհակառակը, իր վրա է վերցնում ձախողման համար պատասխանատվությունը, իսկ հաջողությունը վերագրում է հետեւորդներին։
ԺԴ. Կառավարիչը ենթականերին անելիքը հիմնականում հանձնարարում է հրամայական եղանակով, առաջնորդն առավելապես հիմնավորում է հետեւորդների անելիքը եւ նրանց համոզում։
ԺԵ. Հիմնականում միանման գործող, ռիսկից խուսափող կառավարչի (զուտ կառավարչի) համեմատ առաջնորդը (առաջնորդող կառավարիչը) ավելի ճկուն է, դյուրին է հարմարվում իրավիճակի փոփոխություններին, կարողանում է գործունեության առավել հարմար ոճ ընտրել։
ԺԸ. Կառավարչի խոսքն առավելապես մենախոսության բնույթի է՝ կարգադրում է, հրահանգում, պահանջում, մինչդեռ առաջնորդը հակված է երկխոսային բնույթի հաղորդակցման։
«Կառավարում» («կառավարիչ») եւ «առաջնորդում» («առաջնորդ») հասկացությունների այս տարբերակումը պայմանական է այն իմաստով, որ լավ կառավարիչը չի կարող չլինել նաեւ առաջնորդ (այս հանգամանքն էլ մեզ հարկադրում է գործածել «զուտ կառավարիչ» եւ «առաջնորդող կառավարիչ» հավելյալ բառակապակցությունները)։ Բայց ավելի էական է այն, որ 21—րդ դարի կառավարաբանության հարացույցի շրջանակներում «լավ», «իդեալական» կառավարչի մասին դատողություններում եւ պատկերացումներում առավելապես շեշտադրվում են հատկապես առաջնորդի հատկությունները, շատ ավելի ցայտուն, քան նախկինում։
Հանրային կյանքի բոլոր բնագավառներում զգացվում է այս նոր տեսակի կառավարչի կարիքը։ Անցումային հասարակության քաղաքական կյանքում, պետական կառավարման մարմիններում, տնտեսության մեջ, տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական կազմակերպություններում, այլ հաստատություններում հմուտ առաջնորդ—կառավարիչն անփոխարինելի է դառնում հանրության բնականոն զարգացման համար։ Հայաստանում նույնպես այդ կառավարիչները վճռորոշ դեր են խաղալու։ Եվ ուրեմն նոր որակի կառավարիչների ստվարացող խավը հարկավոր է դիտել որպես նոր ձեւավորվող հանրային կյանքի առաջնորդ, հզոր մի լծակ, որով կարող է ապահովվել խորքային բարեփոխումների անխոչընդոտ ընթացքը։

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
փ.գ.դ., պրոֆեսոր

18-07-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO