Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»

Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն է աշխարհում ամենաշատը ապշեցրել ինձ. այն, որ ոչ ոք նպատակին չի հասել։ Մի անգամ, Գյոթեի մոտ միեւնույն միտքը ընթերցելուց առաջ… ես արտաբերեցի այս անհեթեթությունը. «Պետք է ունենալ անհնարին նպատակ», ինքնասեւեռումի դաժան մի պահի գրել է Պոլ Վալերին։ Հայ ընթերցողին շատ կողմերով անհայտ մի անուն, որը, սակայն, իրավացիորեն համարվում է դարիս խոշորագույն մտածողներից մեկը, արվեստագետ, որ միաժամանակ կանգնած է մի շարք գիտությունների (նշանագիտություն, կիբեռնետիկա եւ այլն) ակունքների մոտ, եւ որի ստեղծագործությունը գրեթե լիովին ընդգրկում է դարիս մշակութային ավանգարդիզմի վայրիվերումների ու դասականորեն հաստատուն բոլոր ժանրերի ձեւերն ու կերպերը։ Վալերին ապշեցրել է քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկին՝ Լուի դը Բրոյլին։ Նրա մասին հիացմունքով է արտահայտվում դարիս խոշորագույն բանաստեղծներից Ռիլկեն. «Ես մենակ էի, ես սպասում էի, իմ ամբողջ ստեղծագործությունը սպասում էր։ Եվ ահա մի անգամ ես կարդացի Վալերի եւ հասկացա, որ իմ սպասման վերջը եկել է»։
1945 թ. արձագանքելով նրա մահվանը, Խորխե Լուիս Բորխեսը գրում է. «Մեռնելով, Պոլ Վալերին մեզ է կտակում մարդու մի կերպար, որ անսահմանորեն ընկալունակ է ամեն կարգի փաստի նկատմամբ, մի մարդու, որի համար ցանկացած փաստ մտքի անվերջ հերթագայության ներզոր սնուցիչ է։ Մարդու, որ դուրս է ինչ—որ Եսի տարբերակիչ շրջանակներից, եւ որի մասին կարելի է արտահայտվել Ուիլյամ Հեզլիտի խոսքերով՝ ասված Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»։ Մարդու, որ արյան, հողի եւ կուռքերի երկրպագության դարում նախընտրեց մտքի լուսավոր ուրախությունները եւ կարգի գաղտնի ուղիները»։
Պոլ Վալերին ծնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Սեթ քաղաքում 1871 թ. հոկտեմբերի 30—ին։ Հայրը՝ Բարտելեմի Վալերին, կորսիկացի էր, տոհմիկ ծովագնաց, մայրը՝ Ֆաննի Գրասին, Հյուսիսային Իտալիայից էր։ «Հարազատ նավահանգստին են պարտական իմ ոգու առաջին զգացողությունները,—գրում է Վալերին,—սերը առ լատինական ծովը եւ անկրկելի քաղաքակրթությունները, որոնք ծագել են նրա ափերին։ Ինձ թվում է, որ իմ բոլոր ստեղծագործությունները ներծծված են իմ ծագումով»։
1884—ին դպրոցական տետրում գրում է իր առաջին ոտանավորները։ Վալերիների ընտանիքը տեղափոխվում է Մոնպելյե, ուր Պոլը սովորում է լիցեյում։ «Իմ ուսուցիչները կառավարում են սարսափով։ Գրականության մասին պատկերացումները բռի զինվորական են։ Ծրագրերում, ինձ թվում է, իշխում են հիմարությունն ու անզգայությունը»։ Հափշտակվում է Բոդլերով։ Մոնպելյեի համալսարանում (այժմ կոչվում է իր անունով) ուսումնասիրում է իրավունք։ 1889—ին տպագրվում է նրա առաջին բանաստեղծությունը։ Կարդում է Հյուիսմանսի «Ընդհակառակը» վեպը եւ իր համար հայտնաբերում ժամանակակից ֆրանսիացի նշանավոր բանաստեղծներին՝ Վեռլենին ու Մալարմեին։ Մեկ տարի անց նամակ է ուղարկում Մալարմեին եւ նրանից խորհուրդ հարցնում, որին վերջինս պատասխանում է. «Սիրելի Բանաստեղծ, գլխավոր՝ նրբին համաբանության շնորհը՝ համապատասխան երաժշտականությամբ, դուք ունեք…Ինչ վերաբերում է խորհուրդներին, դրանք տալիս է լոկ մենությունը»։ Գրական գործին զուգընթաց Վալերին ջանադրաբար զբաղվում է մաթեմատիկայով եւ ֆիզիկայով։ 1892 թ. աշնանը Վալերին ապրում է իր կյանքի թերեւս ամենաճգնաժամային փուլը («Ժենի գիշերը»), եւ պատճառը ոչ թե ստեղծագործական է, որքան գրականությանն ու արվեստին մոտենալու ըմբռնումների քննությունը, անգամ անհատ—հեղինակային չէ, որովհետեւ հեղինակը, ըստ Վալերիի, ընդամենը «երեւակայական անձ է»՝ ընթերցողական վերացարկում։ Այդ թվականին նա վճռում է իր մեջ սպանել ամեն կարգի ռոմանտիկականություն, լեզվի ու զգացումների ոլորտից արտաքսել ցանկացած «կուռք», որ խոչընդոտում է մտքի «մաքուր» գործառույթը։
Իսկ դա նրա համար այլ բան չի նշանակում, քան տրվել ու ապավինել «ինտելեկտի մաթեմատիկային»։ Երկու տարի անց նա ձեռնարկում է «Լեոնարդո դա Վինչիի համակարգի ներածությունը» եւ սկսում «Մի երեկո պարոն Տեստի հետ» էսսեները։ Վերջին գործը ավարտում է 1896—ին։ Մերձավոր ընկերները նրան նախատում են «ոչ մի կոնկրետ բան» չստեղծելու մեջ, որի առիթով Վալերին գրում է. «Մի՞թե նրանք հավատում են լոկ հանրության հրահանգին»։ 1897 թ. լոնդոնյան «Նոր հանդեսը» տպագրում է Վալերու «Գերմանական նվաճումներ» խորագրով հոդվածը, որտեղ հեղինակը գերմանական քաղաքականության մեջ հայտնաբերում է մեկ միասնական ու ինքնաբավ մեթոդ, որը հենվում է զանգվածների վրա որպես «մերկ թվերի»։ Նա դրանով կանխազգում է «գերմանական մեթոդի» անհողդողդ նպատակասլացության սպառնալիքը, որը հետագայում իրականանում է՝ այն էլ երկու անգամ։
Որքան էլ այս եւ հետայսու գրած գործերը շատ կողմերով մարգարեական կանխագուշակումներ են, հոգեւոր մաթեմատիկայի պարզ հաշվարկի արտածումներ, Վալերու՝ որպես հեղինակի համբավը ամենից առաջ կապված է «Մի երեկո պարոն Տեստի հետ» էսսեին։ 1929 թ. վերահրատարակության մեջ Վալերին գրում է մի նախաբան եւ «տեստյան շարքը» ամբողջացնում «Բարեկամի նամակը», «Տիկին Էմիլի Տեստի նամակը», «Գրառումներ պարոն Տեստի log—book»—ից գործերով (հետմահու տպագրվում են հատվածներ՝ կապված նույն հերոսի հետ)։
«Մի երեկո պարոն Տեստի հետ» էսսեն յուրատեսակ առասպել է, որի հերոսը, լինելով «վերացական ֆիգուրա», հեղինակին թույլ է տվել մակաբերել իր բոլոր գաղափարները՝ համատեսական բոլոր եզրահանգումներով հանդերձ։ Հերոսի այսպիսի առասպելականությունը ինքնին ենթադրում է այն խնդիրների անլուծելիությունը, որ իր առջեւ է դրել հեղինակը։ Երեսուն տարի անց այս մասին Վալերին գրում է. «Ինչո՞ւ է պարոն Տեստը անհնարին… Որովհետեւ նա ոչ այլ ոք է, քան հնարավորի դեւը»։

18-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO