Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»

Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, որ մարդկանց բնականոն համակեցությունը հնարավոր է միայն միասնական իշխանական կամքին ենթարկվելու շնորհիվ։ Նախ՝ Արարչի կամքը մարդուն «տիրող իշխան կարգեց երկրին վերայ», բոլոր կենդանիներին, անգամ մարդուց ավելի ուժեղներին, դրեց նրա իշխանության տակ։ Երկրորդ՝ «աշխարհի պատմութիւնը ցոյց կուտայ, որ իշխանութեան առաջին խանձարուրն ընտանիքն է». հայրը բնական իրավունքով է իշխում, հետո ընտանիքը մեծանում է, ընտանիքները բազմանում են, առաջանում է տանուտերական իշխանություն, փոքր շեները մեծանում են, մեծ բնակավայր դառնում, մեծ իշխանություն է ձեւավորվում, տիրում շատ քաղաքների ու գավառների, մինչեւ «աշխարհակալութեան ծայրագոյն դիրք»։ Երրորդ հիմքը մարդկանց բնական անհավասարությունն է, մրցակցությունը, «տիրողական բուռն ձգտումն», որոնք պետք է սանձահարել պետության ուժով։ Եվ երեք փաստարկների ամփոփումը. «Ուրեմն իշխանութիւն եւ օրէնք վերին տեսչութեան յաւիտենական կարգադրութիւնն է, որպէս զի մարդիկ երկիւղածութեամբ եւ բանավարութեամբ ապրին ընկերական կեանքին մէջ»։
Ուշագրավ է պետության «պարտիքի»՝ գործառույթների բնութագրումը։ Մասնավորապես, «առաջին պարտիքն է» ըմբռնել սեփական գոյության եւ գործառության երկկողմանի պայմանավորվածությունը. իշխանությունը տրված է «աստուածապետական զօրութենէն իբրեւ ավանդ», բայց իշխանավորները հաշվետու են նաեւ ժողովրդի առաջ, եթե իշխանությունը «սահմանադրապէս ընտրուած է»։ Իշխանության «մեծ ու նուիրական պարտքն» է ժողովրդի բարօրության մասին հոգատարությունը. դա իր գոյության հիմքն է. «Իշխանութեան աթոռը՝ ժողովուրդի պատուանդանին վերայ հաստատուած է, եւ երբ ժողովուրդ կործանի՝ անշուշտ իշխանութիւնն եւս կանգուն չի մնար»։ Պետությունը պետք է սահմանի եւ պահանջի հարկեր՝ «չափով եւ արդարությամբ». եթե ծանր լինեն, ապա տուժելու է ոչ միայն ժողովուրդը, այլեւ իշխանությունը. չէ՞ որ «ժողովուրդն իբրեւ գործող անդամ կը համարուի կառավարութեան. երբ անդամներ ուժաթափին՝ գլուխն եւս նրա հետ կ ուժաթափի»։
Օրենքների հավասար գործադրումը իշխանության «ամենամեծ» պարտքն է. հարկ է, որ «երկրին օրէնք անաչառ ճշդութեամբ հաւասարապէս գործադրէ տկարին եւ զօրաւորին վերայ, իշխանին եւ ժողովուրդին վերայ»։ Կարեւոր է պաշտոնավորների օրինազանցությունը զսպելը («չը թողուլ, որ զօրաւորներ հեստեն օրէնքին դէմը»), օրինականության պահպանմանը կոչվածների օրինամերժության դեմն առնելը («չը թողուլ....եւ նոքա, որ կարգեալ են օրէնք պաշտպանելու՝ նոքա զեղծանին օրինաց մէջ եւ առ ոչինչ համարին զայն»). իշխանությունը պիտի հանդես գա որպես «օրինաց վրէժխնդիր», պատժի օրինազանցներին, իսկ «առաւել վարիչ պաշտօնեաներուն»։
«Իշխանութեան առաջին եւ վերջին մեծ պարտիքն է լոյս, գիտութիւն եւ կրթութիւն տարածել ընդհանուր երկրին մէջ». սխալվում են իշխանավորները, թե տգետ ժողովրդին ավելի դյուրին է կառավարել. այդկերպ իշխանությունը իրեն կործանում է. «նոյն ժողովուրդի թաղուած գերեզմանին մէջ կը թաղուի իշխանութիւն, եթէ ջանայ նախ ժողովուրդը թշուառութեան գերեզմանին մէջ թաղել, եւ բռնութեան ծանր կափարիչով փակել նորա բերանը»։
Այս թվարկմանը հետեւում է ժողովրդի պարտականությունների քննարկումը, հրաշալի է բնորոշված կողմերի ներքին պայմանավորվածությունը. «Ինչ որ իշխանութեան պարտիքն էր, այն է ահաւասիկ ժողովրդին իրաւունք, եւ ինչ որ իշխանութեան համար իրաւունք է, այն է տիրապէս ժողովրդին պարտիք»։
Ժողովրդի պարտականությունն է օրենսդրության իմացությունը. «Ճանչնալ նաեւ երկրին ընդհանուր օրէնքները, քաղաքային օրէնքներ, դատաստանի օրէնքներ, տրոց եւ հարկի օրէնքներ, կալուածական օրէնքներ եւ այլն»։ Իսկ թե ինչո՞ւ, տրվում է երկու պատասխան։ Մեկը բխում է ողջախոհությունից՝ սեփական իրավունքները պաշտպանելու, պաշտոնավորների իշխանազանցության դեմն առնելու համար. «որպէս զի օրինավորներ ժողովուրդի անգիտութեան եւ ապշութեան համար չը համարձակին նոյն իսկ օրէնքով հարստահարել, որոնց օրինակ բազում անգամ եւ բազում տեղ կը տեսնամք աշխարհին մէջ»։ Մյուս պատասխանը մեզ վերադարձնում է «պետություն–հասարակություն» փոխհարաբերությանը. ինչպե՞ս պիտի դա կարգավորվի, եթե իշխանավորները կամայական վարվեն, կամ էլ քաղաքացիները չենթարկվեն իշխանավորներին, այլ կերպ ասած՝ որտե՞ղ է ավարտվում մի կողմի պարտքը եւ սկսվում՝ մյուսի իրավունքը։ Ներդաշնակ փոխհարաբերությունների ապահովման լավագույն եղանակը երկուստեք օրենքներին ենթարկվելն է, քանի որ ամեն կողմի «պարտիք եւ իրաւունք այս օրէնքներէն կÕորոշին, եւ օրէնքն է որ կը չափէ եւ կը կշռէ ժողովուրդին եւ իշխանութեան իրաւունք եւ պարտիք»։
«Իշխանություն–ժողովուրդ» կապի լույսով քննության են առնվում նաեւ կողմերի «զեղծումները»՝ պարտականությունները պատշաճ չկատարելը։ «Երկրին իշխանութիւնը կը զեղծանի, եթէ այդ պարտիքներ չկատարելով ընդհակառակն վարի, եթէ թողու օրինաց արդարութիւն եւ միայն բռնի եւ սրով իշխէ»։ Ժողովուրդն է զեղծում, երբ «ժողովուրդի խղճի գիտակցութեան խայթ իսպառ կը բթանայ», «կÕստահակի ժողովուրդ, երկրին եւ ազգին օրէնքները հնազանդութեամբ չի յարգեր, կը հեստէ եւ անիշխան վարիլ կÕուզէ»։ Զեղծումները կարող են հանգեցնել համակարգային խաթարման. «երբ ազգի եւ երկրի կառավարութեան անձնիւր կարգեր գերիվայր լինելով կը շփոթին», «տէրն իբրեւ ծառայ եւ ծառան իբրեւ տէր», «երբ անարգն իբրեւ պատուական կը յարգուի եւ պատուականն կÕանարգուի, երբ տգէտք ու խաբեբայք կը տիրեն, ժողովուրդի հաւատարիմներ կը մերժուին»։ Թեպետ մեղքը մեկինն է, վնասը դարձյալ երկկողմանի է. «Զի երկրի վարիչներ կը գործեն մեղք, երկիր եւ ժողովուրդ կը տուժէ եւ կը կործանէ..., առաջնորդներ կը խոտորին եւ ժողովուրդ մոլորելով կը հետեւի»։
Առավել եւս պարտավորեցնող է իշխանության դերը այդ վարիչների առաջխաղացման հարցում. իշխանությունը խաթարում է իրերի բնականոն վիճակը, երբ պայմաններ է ստեղծում, որ անարժաններն ու տգետները կառավարեն արժանավորներին եւ գիտուններին։ «Իշխանութիւն կեղծանի իւր վարչութեան մէջ, երբ անընտրող կը լինի, արժանաւորին եւ անարժանին յարգ մի կշռով կը չափէ. մերթ եւս պատիւ եւ բարձ կÕընծայէ նմա, որ երկրին շինութեան հիման մի քար չէ դրեր. կը թողու լաւն ու կարող, եւ ժողովուրդին կառավար կը դնէ այնպիսիներ, որոց միտքը թափուեր է կառավարութեան ուսմունքէն եւ օրէնքէն, որք առաւել կարօտ են կառավարուելու քան թէ կառավարելու»։
Ժողովրդավարության ուղնուծուծը սա է. եթե ժողովուրդը ընդունում է իշխանությանը, ենթարկվում, ապա կողմերի փոխհարաբերությունները բնականոն են, իրավունքները եւ պարտականությունները՝ հավասարակշռված։ Աստիճանաբար կուտակվում են զեղծումներ, իշխանությունը զրկվում է օրինականությունից (կամ՝ ժողովուրդն է այդպես համարում), կատարվում է իշխանափոխություն։ Այդպես վերարտադրվում է հանրային բնականոն կյանքը, քանի պահպանվում է Խրիմյան Հայրիկի ձեւակերպած ուղղորդող սկզբունքը՝ մի կողմի իրավունքը մյուսի պարտականությունն է, եւ եթե մի կողմը ցանկանում է ունենալ իրավունքներ, պիտի անշեղորեն կատարի պարտականությունները։
Մեծ կաթողիկոսի եւ մտածողի դատողությունները այսօր էլ օգտակար են հանրային կյանքի բնականոն կազմակերպման համար։
p Երբ պետական աթոռի վերայ նստող թագաւոր արդարութեամբ կը գործէ, իշխանն՝ իրաւունքով կÕիշխէ, դատաւորն օրէնքով կը դատի, ժողովուրդն՝ օրինաց կը հնազանդի։
p Երբ իշխանութիւն մի իւր իրաւունք ժողովուրդէն լիովին կÕստանայ եւ առ ժողովուրդն ունեցած պարտիքներ կը մոռնայ, այլ եւս ժողովուրդ ի՞նչ միջոցաւ կարող է այդ անվճար եւ մոռացեալ իրաւունքը ձեռք բերել։
p Իշխանութեան պարտիքն է մեծ իմաստութեամբ տնտեսել երկիրը. չթողուլ, որ իւր հարստութեան գետերը երթան թափին օտար ծովերու մէջ, ի վերջոյ երկրին ջուրը ցամքի, դառնայ ծարաւ մի անապատ, երկրին հարստութեան գետեր երկրին մէջ պահելու համար՝ պէտք է զայն շրջապատել օրէնքով եւ այն միջոցներով, զոր քաղաքային տնտեսութիւն կÕուսուցանէ։
p Քաղաքակրթութեան ազատ օրէնք թոյլ կուտան, որ իւրաքանչիւր մարդ ինքնաշխատութեան արդիւնքն՝ ինքն ազատապէս վայելէ, բաւական է որ արդար լինի մարդ իւր աշխատութեան մէջ։ Բաւական է եւ երջանիկ կը լինի ժողովուրդ, եթէ երկրին օրէնք եւ իշխանութիւն հսկէ, որ աշխատող ժողովուրդին վաստակն ապահովի, եւ նա կարենայ ազատութեամբ միայն իւր վաստակն վայելել եւ չէ թէ հարուստի վաստակէն բաժին ընդունել։ Ո՞րչափ շնորհակալ կը լինի բաւականասէր ժողովուրդն, եթէ հարուստն եւս իւր արդար վաստակովն բաւականանայ եւ չկռփէ ու չհարստահարէ զանաւագ ժողովուրդն։
p Ազգն ընտանեկան արդարութեամբ կը բարձրանայ եւ ընտանեկան մեղքով կը նուազի։
p Ժողովուրդը եթէ կը յառաջդիմէ՝ իւր առաջին քայլը ընտանեաց սրահէն կÕառնու. եթէ կը լուսաւորի, իւր լոյսը ընտանեկան ճրագէն է. եթէ կը միանայ, իւր ոգին եւ կապն ընտանիքն է... Եթէ իւր զաւակները բարեկիրթ քաղաքացի պատրաստել կÕուզէ, իւր բարեկրթութեան առաջին համալսարան ընտանիքն է։
p Ժողովուրդ եթէ կը զեղծանի՝ ներքին իւր զեղծման սկզբնաւորութիւնը ընտանիքէն է, եթէ բարոյական կենդանի կեանք չունի՝ մեռելութիւն ընտանիքէն է. եթէ դէպի կորուստ կը դիմէ, իր կորստեան ճամբայ բացող ընտանիքն է.... Եթէ աշխարհիս կեանքի ճանապարհին մէջ ուղղութիւն չունի, յոռութիւն ընտանիքէն է. եթէ Եւրոպիոյ կախարդիչ նորասիրութիւնք զինքը պիտի կողոպտեն անխնայ, թող զգաստ լինի եւ տեսնայ որ մեծ կողոպտիչ ձեռք իր ընտանիքն է։
p Պէտք է խելամտի ու ճանչնայ ժողովուրդ թէ՝ իւր կեանքն արդիւնաւորողն՝ միմիայն իւր ինքնաշխատութեան ձեռքն է.... Մի ազգ եւ ժողովուրդ՝ եթէ իւր կեանք եւ բախտ ուրիշէ կ ակնկալէ, շատ բնական եւ յայտնի է թէ՝ իբրեւ երազայոյս պահ մի գիշերուան ծանր քունին մէջ կը խայտայ եւ առաւօտ ոչ ինչ կը գտնէ։
p Որչա՞փ զարմանալի է, երբ մարդիկ առանց գործելոյ, ժամանակէն գործ եւ յաջողութիւն սպասեն, որպէս թէ ժամանակն աշխարհի տնտեսն ու մատակարարն է, եւ կամ թէ մեր ագարակի մէջ վարձաւոր մշակ։

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

01-08-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO