Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2019
ՄԱՐԶԵՐ


Վտանգավոր, «մահացու» ջուր

Երբեմնի կարմրախայտ ձկան փոխարեն Գեղարոտ գետում այսօր անգամ գորտ չկա

Արագածն Ապարանի տարածաշրջանի (Արագածոտնի մարզ) ամենախոշոր գյուղական բնակավայրն է՝ մոտ 4 հազար բնակչությամբ։ Արագածցին իր ապրուստի միջոցներն ստեղծում է հիմնականում կարտոֆիլի մշակությամբ, ինչն էլ այսօր, ըստ էության, վտանգված է։ Գյուղացին իր կատարած ներդրումների 20—30 տոկոսի չափով բերք չի ստանում։ Պատճառը, գյուղացիների համոզմամբ, Գեղարոտ գետի հունի վրա կառուցված 2 ՀԷԿ—ն են, որոնց գոյությունը գյուղն այսօր կանգնեցրել է ճակատագրական՝ լինել—չլինելու խնդրի առաջ։
Գործունեության 10 տարվա ընթացքում այդ կայանները զգալի վնասներ են պատճառել նաեւ տարածաշրջանի այլ գյուղերի (Քուչակ, Շենավան, Ծաղկաշեն, Վարդենուտ, Արայի), ինչի մասին քանիցս ահազանգել են ինչպես տվյալ բնակավայրերի բնակիչները, այնպես էլ վարչական ղեկավարները։ Իսկ խոսքը, մասնավորապես, ոռոգման ջրի բաղադրության կտրուկ փոփոխության մասին է, ինչի հետեւանքով մեծապես տուժում է բուսական ու կենդանական աշխարհը։
Ի դեպ, Գեղարոտը Քասախ գետի աջ վտակն է։ Սկիզբ է առնում Արագած լեռան արեւելյան լանջին, երկարությունը 25 կմ է։ Այն տարածաշրջանի մի շարք գյուղերի ոռոգման միակ ջրաղբյուրն է։
Սնուցումն ստանում է լեռան գագաթում ձեւավորվող ձնհալի ջրերից, որոնցով իրականացվում է նաեւ տվյալ գյուղերի խմելու ջրամատակարարումը։ Արագածի այս ստորոտն ունի յուրօրինակ երկրաֆիզիկական ու երկրաքիմիական առանձնահատկություններ, եւ երբ չհիմնավորված, անհարկի միջամտում ես բնական գործընթացներին, ապա ջրում մինչեւ 10 եւ ավելի անգամ բարձրանում է ծանր մետաղների վտանգավոր պարունակությունը։
—Երբ կառուցում էին այդ չարաբաստիկ ՀԷԿ—երը,–ասում է արագածցի Վարդեւան Մխիթարյանը,–մենք միամիտ, անտեղյակ էինք։ Միայն էժան հոսանքի, աշխատատեղերի ու սպասվելիք այլ օգուտների մասին խոստումներ էինք լսում։ Ի՜նչ իմանայինք... Երբ սկսեցին ի հայտ գալ առաջին նախանշանները, էլ ինչ ասես մտքներովս չանցավ՝ անբարենպաստ եղանակ, վարակված սերմացու, անորակ թունաքիմիկատ եւ այլն, եւ այլն։ Ժամանակի ընթացքում բոլոր այդ կասկածները վերացան, եւ սկսեցինք հասկանալ, թե որն է մեր դժբախտությունների հիմնական պատճառը...
—Այս տարի,–համագյուղացու խոսքը շարունակում է Բաղիշ Հակոբյանը,–մոտ 3 տոննա կարտոֆիլի սերմացու ունեի, բայց այդպես էլ չցանեցի։ Ուրիշ ճար չունեի, այդ ցանքատարածքները վարակված են, խոտատեղ եմ դարձրել։ Իզուր ինչի գլխացավանքի տակ ընկնեի, չնայած ապրուստի այլ միջոց էլ չունենք...
—Մալինան չորանում է,–դժգոհում է բանջարանոցում աշխատող արագածցի կինը,–լոբի, վարունգ, պոմիդոր ցանում ենք, չորանում է։ Կանաչի անգամ չի աճում...
Սկսեցին, այո՛, հասկանալ ու պատկերացում կազմել, թե ինչու է գնալով նվազում կարտոֆիլի բերքատվությունը, ինչի հետեւանք են հողագործին երբեմն տհաճ անակնկալներ մատուցող այս մշակաբույսի ձեւափոխված ու անճոռնի պալարները, ինչու են չորանում ծառերն ու բույսերը, եւ, ի վերջո, ինչու է հարազատ բնաշխարհը տարեցտարի վանող ու անհրապույր դառնում... Առավել եւս, որ մասնագիտական վերլուծության արդյունքում պարզվեց՝ ՓՀԷԿ—երի շահագործման պատճառով Գեղարոտի միջին հոսանքները չորանում են՝ խախտելով գետի ինքնամաքրման պրոցեսները։ Այս առումով լուրջ վտանգ է սպառնում նաեւ տարածաշրջանի գյուղերի խմելու ջրի աղբյուրներին, քանի որ դրանք գետի ակունքի ջրերով են սնվում։
Այո՛, ինքնամաքրման, ինքնազտման բացակայության պատճառով հնարավոր չէ ջրում նվազեցնել մետաղների բարձր պարունակությունը, ինչը լրջորեն վտանգում է նաեւ բնակչության առողջությունը։ Այդպես շարունակվելու դեպքում ոչ հեռու ապագայում տվյալ գյուղերի բնակչությունը ստիպված կլինի խմելու նպատակով օգտագործել ծանր մետաղներով թունավորված ջուր, քանզի խմելու ջրի այլ աղբյուրներ այս տարածաշրջանում չկան...
Այստեղ ապրողները լավ հիշում են՝ գետի, առուների ջուրը ժամանակին այնքան ջինջ ու պարզ էր, որ խմում էին, օգտագործում կենցաղային կարիքների համար։ Կարմրախայտ կար, բայց այսօր անգամ գորտ չկա, որթ չի մնացել։ Ժանգագույն ջրատարի, ժանգաջրի վերածված լեռնային մաքուր գետն անխնա սպանել, ոչնչացրել է կենդանի ամեն արարած։ Չկա, ըստ էության, նաեւ Գեղարոտը. գետի հունն ամայացել, գրեթե չորացել է։
—Այնքան պարզ ու ակնհայտ է ամեն ինչ,–ասում է արագածցի Սամվել Գասպարյանը,–որ անգամ փորձաքննության անհրաժեշտություն չկա։ Մեր աչքով տեսածը, մեր մաշկի վրա զգացածը բավարար չե՞ն, արդյոք, համապատասխան հետեւություններ անելու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռք առնելու համար։ Որտե՞ղ է գրված, կամ ո՞վ է արտոնել, որ իրավունք ունես ժողովրդին մաքուր ջուր ստանալու կենսական իրավունքից զրկել...
Ի վերջո, բնակչության կողմից տարիներ ի վեր հնչեցված բազմաթիվ ահազանգերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։
—Հանձնաժողովի աշխատանքները շարունակվում են,— «ՀՀ»—ին ասաց Ապարան համայնքի Արագած գյուղի վարչական ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը,–բայց արդեն իսկ ի հայտ են եկել այնպիսի փաստեր, որոնք լիարժեք հիմք են տալիս դադարեցնելու ՀԷԿ—երի աղետաբեր գործունեությունը։ Ի դեպ, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 2019 թ. հունիսի 12—ին կայացրած համապատասխան որոշումով կասեցվել է կայանների աշխատանքը։ Նման որոշում ակնկալում ենք նաեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից...
Բնությունը պատժում է մեզ՝ մեր անփութության, ագահության, իր հանդեպ ցուցաբերած անհարգալից, բարբարոսական վերաբերմունքի համար։ Եվ, արդարացիորեն, վրեժ է լուծում... Մեզ պատուհասած բոլոր աղետների, դժբախտությունների պատճառները, թերեւս, պետք է փնտրել հենց այդ անհեռատեսության, շահասիրության ու անպատասխանատու վերաբերմունքի մեջ։ Իզուր չի ասված՝ ինչ որ ցանես, այն էլ կհնձես…
Ի վերջո, բնությունը հետ բերելն այդքան էլ հեշտ չէ։ Ուստի եւ հստակեցնել է պետք՝ առողջ էկոհամակա՞րգ, թե՞ անհետեւողական հոսանքարտադրություն։ Հնդկացի ժողովրդի իմաստախոսություններից մեկն ասում է՝ երբ արմատախիլ կարվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, երբ կբռնեն վերջին թռչունին, միայն այնժամ կհասկանաք, որ փողը չի՛ կարելի ուտել...
Հ. Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրամաններով կասեցվել Են «Վակուֆլօ» ՍՊԸ—ի 2012 թ. հոկտեմբերի 12—ի «Արագած—1» եւ 2017 թ. մարտի 2—ին «Գեղարոտ» փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման նպատակով «Էլ—Կաս» ՍՊԸ—ին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները։
Նախարարի հրամանի համաձայն՝ նշված ՓՀԷԿ—երը ջուրն օգտագործում են թույլտվության պայմանների խախտմամբ։ Մասնավորապես՝ փոքր հիդրոէլեկտրակայանների ջրահեռացումից հետո տեղի է ունենում ջրային ռեսուրսի որակական փոփոխություն, մինչդեռ ջրօգտագործման թույլտվության պայմաններում ամրագրված է, որ փոքր հիդրոէլեկտրակայանների ջրահեռացումից ջրի որակական փոփոխություն տեղի չի ունենում։ Ընկերություններին ծանուցվել է, որ 15 աշխատանքային օրվա ընթացքում վերացնեն խախտումը, ինչը ընկերությունները չեն կատարել։
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
v.sargsyan@hhpress.am

29-08-2019





15-10-2019
Հայաստանը պետք է նպաստի մի շարք նախագծերում Վրաստանի ինտեգրմանը
Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ...


15-10-2019
Բարեկարգվել է մոտ 140 կմ ճանապարհահատված
Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից է ճանապարհաշինությունը։ ...


15-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Դասական կոստյում

Ժամանակակից նորաձեւության կարգախոսն է կանացիության եւ ...


 
15-10-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ...


15-10-2019
Ֆինանսական վարձակալությամբ՝ նաեւ կաղնեփայտե տարաներ
Էկոնոմիկայի նախարարությունը լիզինգի ծրագրում լրացում է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




15-10-2019
Քննարկվել է պետական բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ քննարկվել է աշխատանքի ...


15-10-2019
Թուրքիան նախապատրաստվել էր հարձակման
Զենքի վաճառքի սահմանափակման մասին հայտարարությունները չեն զսպի Էրդողանի ...



15-10-2019
Աշխարհում տեսակով առաջին փառատոնը կկայանա Երեւանում
Ժամանելու են մեր օրերի լեգենդար ...

15-10-2019
Աշնան ամենաանուշ օրը
Բերքի ավանդական տոնն ...

15-10-2019
Սիրիայի բանակը պատրաստվում է դուրս մղել զավթիչներին
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



15-10-2019
Չյուրացված դասի հետեւանքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO