Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար

Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության հռչակագիրն ընթերցելու պատմական օրն ու պահը. պարոն Մանուկյան, պատմեք, խնդրում եմ, փաստաթուղթն ընթերցելու մասին որոշման կայացման, զգացողությունների ու ապրումների մասն»։
Նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանը մինչ այդ եւ մյուս հարցերին պատասխանելը՝ առաջարկեց իր «սցենարը»։ Նա պատմեց, որ մեր խմբագրությունից զանգը ստանալուց հետո, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 1991թ. սեպտեմբերի 25—ի համարն է առանձնացրել, որի նախաբանով էլ սկսեց հարցազրույցը.
«Պահ կա՝ մանկան ծնունդի պես է։
Սպասում, տագնապում, փայփայում ես հույսը ու չես հավատում, քանի դեռ Հյուլեն չգոյությունից չի դարձել ՀՐԱՇՔ։
Մեր Պահն էլ այսպես ծնվեց՝ դժվար երկունքով, բայց թեթեւ ձեռքով, զի կնքահայրը ողջ ժողովուրդն էր։ Դարավոր ամլությունից հետո՝ իր Միածին որդու գոյությամբ խենթացած, նրա ապրելու, շարունակվելու եւ Կայանալու իրավունքն այլեւս երբեք ուրիշի ձեռքերի չվստահելու կամք ու վճիռով։
Եվ որովհետեւ Մանուկը մերն էր ու ծնունդն արդար՝ Տոն պիտի լիներ Հայոց աշխարհում։
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար։ Մենք փող փչելով—թմբուկ զարկելով եկանք—դեմ առանք Մհերի դռան, ու Դավիթ կանչեց.
—Ելիր, լաո, գարին դարձավ քանց մասուր…»։
Այս էր այդ ոգեւորությունը, տրամադրությունն այդ օրերին, որովհետեւ այն պատմական էր, այն հարյուրամյակների սպասելիքի արդյունքում էր, այն տասնյակ սերունդների երազ էր, հարյուրավոր զոհվածների ու բանտերում անցկացրած քաղաքական գործիչների ուզածն էր։ Եվ այդ երազն իրականացնելու բախտը, պատիվը, նախախնամությունը մեզ էր տրված՝ մեր սերնդին եւ Գերագույն խորհրդին, որն ընտրվեց ժողովրդի ազատ կամքով, որը կերտեց Հայաստանի անկախությունը, Հայաստանի պետականությունն ու սուվերենությունը։
Ես այդ ամենի մեջ փոքր մաս եմ, որին պատիվ տրվեց կարդալու եւ 1990—ի օգոստոսի 23—ի փաստաթուղթը եւ 1991թ. հանրաքվեի արդյունքում Գերագույն խորհրդի որոշումը։ Մի քանի առիթ կար՝ ամենաերիտասարդ պատգամավորներից էի, առոգանությունը տեղն էր, կամքն ու ցանկությունը՝ տեղը, անունս էլ Արամ Մանուկյան։ Եվ Լեւոն Տեր—Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի առաջարկով այդ պատիվն ինձ տրվեց։ Դա ինձ համար եւ նախախնամության խնդիր էր, եւ ճակատագրի ու պատվի։ Այդպես…
–Հաղորդումներից մեկում ասում եք, որ Ձեր ծնկները դողում էին փաստաթուղթն ընթերցելիս։
–Խոսքը 1990թ. օգոստոսի 23—ի հռչակագիրն ընթերցելու մասին էր։ Գիտեի, որ ես եմ կարդալու հռչակագիրը։ Օրեր շարունակ պատրաստվում էի թե՛ հոգեբանորեն, թե՛ տրամադրությամբ ու առոգանությամբ։ Բայց չգիտեի, որ այդ օրն եմ կարդալու։ Ըստ նախատեսվածի՝ մի քանի օր հետո պետք է ընթերցվեր։ Սակայն պահն այնպիսին էր, որ միջազգային լրատվամիջոցի ներկայացուցիչներ շատ կային, եւ հենց այդ ժամանակ պետք է ընթերցվեր։ Եվ այսպիսի մի պահ եղավ՝ ասացի, պարոն Տեր—Պետրոսյան, ես այս պահին պատրաստ չեմ, ասաց՝ պատրաստ չես՝ ուրիշին կառաջարկեմ։ Չէ, ասացի, ինչպե՞ս ուրիշին առաջարկեք։ Ու 15 րոպե ժամանակ տվեց պատրաստվելու համար։ Այդ պատճառով էր հուզմունքը շատ։ Սկզբում ձայնս երերում էր՝ ծնկներս էլ հետը, բայց մի քանի կետ կարդալուց հետո, արդեն հարթ ու համարձակ էր ստացվում։ Իսկ սեպտեմբերի 23—ի Գերագույն խորհրդի որոշումն ընթերցելիս հուզմունք այդքան չկար։ Միկրոֆոնն արդեն ինձ չէր վախեցնում։
–Ընկերներից մեկի խորհրդով 10 գրամ «ոգեւորող» խմի՞չք…
–Դա էլ է վերաբերում օգոստոսի 23—ին։ Այդ ընկերս Հովհաննես Մատինյանն էր՝ պատգամավոր, հետո Լոռվա մարզպետ։ Երբ իմացա՝ պետք է կարդամ, գնացի Հովիկին ասացի՝ արի իջնենք ճաշարան, կարդամ, լսիր։ Մի անգամ կարդացի՝ լավ էր, հետո ասաց՝ 10 գրամ պետք է խմես, որ հեշտ լինի։ Խմել եմ հետո կարդացել՝ հանուն քաջության։
–Կարդալուց հետո խորը շունչ քաշեցիք. վերջ՝ ավարտվեց։ Հետո ի՞նչ եղավ։
–Օգոստոսի 23—ին ընթերցելուց հետո, ինձ դարձրին «սրբի դուռ»։ Ժողովուրդը ոգեւորված էր, գոռուն—գոչյուն, քեֆ—ուրախություն... Բոլորի սիրելին էի դարձել։ Այդ օրն Օպերայում՝ Ազատության հրապարակում ինքնաբուխ հավաքվեց երեւի մոտավորապես 100 հազար մարդ։ Եվ Վանո Սիրադեղյանը խնդրեց՝ այդտեղ ժողովրդի համար էլ տեքստն ընթերցեմ, որովետեւ այն ժամանակ ուղիղ հեռարձակում չկար, ոչ ինտերնետ ու ոչ էլ «ֆեյսբուք» կար, որ օնլայն դիտեին։
–Հռչակագիրը կարդալուց հետո ստացվել—չստացվելու մասին ու՞մ կարծիքն եք հարցրել։
–Հովհաննես Մատինյանի, ասաց՝ լավ էր։
Եվ սա մտավ դասագիրք, սա ֆիլմ դարձավ։ Մենք ճշգրիտ դուրս եկանք, անկախության գործընթացը Հայաստանն իրականացրել է Սովետական Միության բոլոր գործող օրենքներով, միջազգային ստանդարտներով՝ չխախտելով դեռեւս գործող Սովետական Միության որեւէ օրենքի տառ, որեւէ կետ։ Նույնիսկ դրա մեջ մի փոքր համարձակություն էլ կար, որովհետեւ ոմանք պնդում էին, որ մենք հանրաքվեն պետք է շատ շուտ անենք, մասնավորապես, 1991թ. սկզբին։ Բայց քաղաքական ղեկավարության մոտեցումը հստակ էր՝ ավելի լավ է մի քիչ ուշ, բայց ամուր հիմքերով երկիր անկախացնել։
Սովետական Միությունում մերը միակ հանրապետությունն էր, որն իր անկախությունը կերտեց հանրաքվեով եւ այդ հանրաքվեն կազմակերպեց Սովետական Միության գործող օրենքներով։ Այդ առումով մեր մոտեցումն անխոցելի էր, եւ դա դարձավ անշրջելի։ Ստացանք պատմական հրաշալի թվեր։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը կազմում էր 2 մլն 163 հազար, քվեարկությանը մասնակցել է 2 մլն 56 հազար մարդ՝ 95 տոկոս։ Եվ մասնակիցներից 2 մլն 42 հազարը՝ 94 տոկոսը, անկախությանն «այո» ասաց։ Դա աննախադեպ էր, ոգեւորող էր, դա հեքիաթ էր, աստեղային ժամ էր։ Հանրաքվեի թերթիկը դարձավ մեր ծննդականը։
–Եթե հռչակագրի 12 կետը խմբագրման՝ ավելացման, պակասեցման հնարավորություն լինի, ապա …
–Ոչ մի բան, բացարձակ։ Դա նույնն է, եթե ասենք՝ Ավետարանը խմբագրելու կարիք ունի։ Խմբագրելու բան չկա։ Մեր անկախության տարիները եղել են անխմբագրելի, ավելին ասեմ՝ գերբը, դրոշը, հիմնը անփոփոխելի են։ Ոչ թե նրա համար, որ մեր եռագույնը դիզայնով ամենասիրունն է, գերբն ամենահանճարեղն ու ամենագեղարվեստականն է՝ ամենեւին. դրանք 1918—1920թթ. անկախ պետականության շարունակությունն են։ Եվ մենք ընդունել ենք դրանք որպես ժառանգություն, որպես պապի անուն, որը կարող է լավը չլինի, բայց դա քո պապի անունն է, եւ պապին հարգելով, որդին երեխային հոր անունով է կոչել։ Բոլոր սիմվոլները, որոնք ընդունել ենք, պետականության զգացողության սիմվոլներն են։

21-09-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO