Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ժամանակին համընթաց քայլող Մայր բուհը

Այն հիմնադրվեց իբրեւ ճանապարհ դեպի առաջադեմ ազգերի քաղաքակրթական ընտանիք

1919թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը որոշում ընդունեց Երեւանում համալսարան հիմնելու մասին։ Այն բացվեց 1920 թվականի հունվարի 25-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Այս տարի լրացավ Երեւանի պետական համալսարանի 100-ամյակը։ Հոբելյանը նշանավորվեց մի շարք միջոցառումներով՝ գիտաժողովներ, գրքերի շնորհանդեսներ, հոբելյանական հանդիսություններ եւ այլն։ Մայր բուհի անցած ճանապարհի, նրա պատմությունը կերտած անհատների, ձեռքբերումների եւ հետագա անելիքների շուրջ «ՀՀ»—ն զրուցել է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Գեղամ Գեւորգյանի հետ։
–Պրն. Գեւորգյան, թույլ տվեք շնորհավորել բոլորիս Երեւանի պետական համալսարանի 100—ամյակի առթիվ։ Առաջին հանրապետությունը կարողացավ իրականություն դարձնել այնպիսի կարեւոր կրթօջախի ստեղծման գործը, ինչպիսին համալսարանն է, կրթօջախ, որը տարիների ընթացքում իրավամբ ձեռք բերեց «Մայր բուհ» տիտղոսը։
–Այն փաստը, որ 1919 թվականին՝ քաղաքական եւ տնտեսական բարդ իրավիճակում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնամուխ եղավ բարձրագույն կրթական հաստատության հիմնադրմանը, վկայում է, որ նրա ղեկավարները հեռահար ծրագրեր ունեին, եւ դա խոսում է նրանց հեռատեսության, պետական մտածողության մասին։ Նմանատիպ ծրագրի դրսեւորում էր նաեւ 1943 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրումը։ Համաշխարհային պատերազմի օրերն էին, բայց մարդիկ վստահ էին, որ հաղթանակած են դուրս գալու, եւ որ այդ հաղթանակի մեջ իր կարեւոր դերն է ունենալու գիտությունը։ Իրապես պետության կայացման գործում գիտությունն ու կրթությունը շատ կարեւոր դեր ունեն։
–Համալսարանի հիմնադիրները կարեւոր առաքելություն էին համարում հայոց լեզվով գիտական մտքի զարգացմանը նպաստելը։ Այսօր էլ մարտահրավերների առաջ ենք կանգնած. գիտությունը զարգանում է, եւ մենք պետք է կարողանանք համընթաց քայլել։
–Արդի աշխարհը միավորվել է տարբեր գիտական խնդիրներ լուծելու շուրջ, եւ մենք նույնպես պետք է այդ զարգացումների մասը դառնանք։ Միեւնույն ժամանակ օտար լեզուներով գիտական արդյունքի ստեղծումը չպետք է հակադրվի մայրենի լեզվով կրթությանը։ Ի դեպ, համամիտ եմ բոլոր նրանց հետ, ովքեր կարծում են, որ համալսարանի հիմնադրումը պայմանավորված էր երկու կարեւոր գործոններով. համալսարանը՝ իբրեւ ճանապարհ դեպի առաջադեմ ազգերի քաղաքակրթական ընտանիք, եւ համալսարանը՝ ներհայաստանյան քաղաքակրթական միջավայրի ստեղծման երաշխավոր։
–Ո՞րն է Երեւանի պետական համալսարանի զարգացման տեսլականը։
–Վարկանիշային դասակարգման աղյուսակում այս տարի 1930—րդ տեղում էինք։
Եթե հաշվի առնենք, որ 26 հազարի մեջ ենք այդ հորիզոնականում եւ մոլորակի յոթ միլիարդ բնակչությունից երեք միլիոնն ենք, կարծում եմ՝ բավականին լավ դիրքերում ենք։ Համոզված եմ՝ ի վիճակի ենք անելու ավելին եւ պետք է անենք։ Դրան հասնելու համար մեզ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ գիտակրթական համակարգում։ Մասնավորապես՝ մեր համալսարանը շատ է «մեծացել»։ Համեմատության համար նշեմ, որ 1970—80—ականներին համալսարանի բոլոր բաժիններում՝ առկա, հեռակա, երեկոյան, սովորում էր մոտ 8 հազար ուսանող, մինչդեռ այսօր ունենք դրա կրկնակին, այն պարագայում, որ ազգաբնակչության թվաքանակը պակասել է։ Իրականում այդ թիվը մի քիչ ավելի փոքր պետք է լինի։ Ուսանողների թիվը պակասեցնելով՝ շեշտը կդնենք որակի վրա։
Հաջորդը. ԵՊՀ—ն պետք է վերանայի նաեւ իր կրթական ծրագրերը, դրանց բովանդակությունը։ Եթե մենք ուզում ենք տեղ գրավել աշխարհի առաջատար բուհերի շարքում, ապա լուծարք գաղափարն ընդհանրապես պետք է մոռանանք։ Ուսանողը կրթություն է ստանում, պետք է գիտակցի դրա կարեւորությունը եւ ամբողջ գործընթացին մոտենա ամենայն պատասխանատվությամբ։
–Այսօր նոր մարտահրավեր եւ նոր պահանջներ են դրվում կրթության առջեւ։ Դուք նշեցիք բարձր որակը։ Ուրիշ ի՞նչ կառանձնացնեիք։
–Մենք պետք է փորձենք համընթաց քայլել այսօրվա տնտեսությանը։ Հայաստանյան բուհերը խորհրդային տարիներին կայացել են մեր երկրում զարգացող տնտեսական ուղղություններին համահունչ։ Այսօր կան տարբեր ոլորտներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, սպասարկման, որոնք կարող են ուղենշային դառնալ։ Չմոռանանք, որ մի շարք մասնագիտությունների պահանջ այսօր չկա։
–Պարոն Գեւորգյան, խոսենք մրցունակ եւ պահանջված գիտելիքի մասին։ Կարո՞ղ ենք նորօրյա պահանջներին համահունչ ապահովել մրցունակ կրթություն։
–Մրցունակության երկու չափանիշ կա. մեկը բովանդակությունն է, այսինքն՝ ինչ մասնագետի կարիքն ունենք, այդ մասնագիտությամբ էլ կրթություն տանք։ Դրա համար պետք է հստակ գիտակցենք, թե այսօր Հայաստանին ինչ է պետք, եւ ինչպիսի տնտեսություն ենք ունենալու։ Պետք է փորձենք կանխատեսել զարգացումները եւ գնանք այդ ուղղությամբ։ Այնուհետեւ՝ ինչ մակարդակի մասնագետներ են մեզ անհրաժեշտ։ Սա էլ մրցունակության երկրորդ չափանիշն է։
–Օրենսդրական բացերի շուրջ խոսենք։ Մեզ կրթության մասին ինչպիսի՞ օրենք է պետք, որպեսզի բարձրացնենք նրա դերը եւ խթանենք կրթական համակարգի զարգացումը։
–Բացեր, իհարկե, կան եւ միշտ կլինեն, քանի որ կյանքն անընդհատ փոխվում է, նոր պահանջներ են առաջ գալիս։ Օրենքի նոր նախագծով այդ հարցերի մի մասին լուծում տրվում է, մյուս մասին, կարծում եմ, հետո լուծում կտրվի։
–Ինչպե՞ս եւ ինչո՞վ նշանավորվեց համալսարանի հարյուրամյա ընթացքի ամփոփումը։
–Հարյուրամյակը համալսարանի պատմության մեջ մի հանգրվան էր. մենք պարզապես գնահատեցինք նախորդ հարյուր տարին։ Կրթական եւ գիտական համակարգերը մի քիչ պահպանողական են. հնարավոր չէ դրանք արագ ստեղծել կամ փոխել։ Հայաստանում կա բավականին մրցունակ գիտակրթական համակարգ։
–Տարվա ընթացքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։ Որո՞նք կառանձնացնեիք։
–Համալսարանի 100—ամյակը նշանավորվեց տարբեր գիտական միջոցառումներով, իսկ հոբելյանի օրերին տեղի ունեցավ «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը եւ նորարարությունը 21—րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ելույթներ ունեցան տարբեր բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, նշանավոր գիտնականներ։ Հոբելյանը առիթ էր՝ հրատարակելու մի շարք գրքեր, որով ամփոփեցինք մեր հարյուրամյա պատմությունը։
Շատ եմ կարեւորում այդ օրերին Ակադեմիական ազատությունների երեւանյան հռչակագրի ստորագրումը հայաստանյան եւ արտասահմանյան համալսարանների կողմից։ Այն բաց է բոլոր բուհերի համար։ Դրանով մենք արժեւորում ենք ակադեմիական ազատությունների դերը բարձրագույն կրթության զարգացման ու կայացման գործում՝ բացառելով քաղաքական, կրոնական եւ այլ բնույթի գործունեությունը համալսարաններում։
–Համալսարանի բացմանը նվիրված «Հայաստանի համալսարան» թերթի (1919 թ. լույս է տեսել ընդամենը մեկ համարով) առաջին էջում խմբագրության կողմից նշված էր, որ թերթի վաճառքից ստացվող եկամուտը տրամադրվելու է «համալսարանի չքավոր ուսանողների փոխադարձ օգնության ֆոնդին»։ Փաստորեն հիմնադրման օրվանից համալսարանը եղել է ուսանողակենտրոն եւ սոցիալական պատասխանատվություն է ստանձնել։ Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում մերօրյա համալսարանը։
–Մենք ուսանողին ապահովում ենք կրթական համապատասխան միջավայրով՝ գրադարան, համացանց եւ այլն, գործում է նաեւ զեղչերի եւ կրթաթոշակների լայն համակարգ։ Այս օրերին քննարկել եւ որոշել ենք, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողներին պետք է առավելագույնս աջակցել դասապատրաստմանն օժանդակելու եւ համալսարանի տարածքում նրանց ուղեկցելու հարցերում՝ ապահովելով կրթության մատչելիությունն ու հասանելիությունը։ Թեեւ նրանց թիվը շատ չէ, սակայն կարեւորը նրանց հանդեպ ուշադրությունն ու հոգատարությունն է։ Համալսարանն ապրիլյան պատերազմից անմիջապես հետո ամեն ամիս սկսեց գումար հատկացնել զոհված զինվորների, սպաների անչափահաս երեխաներին մինչեւ չափահասության հասնելը։ Պարտավորվել ենք, որ եթե ընդունվեն Երեւանի պետական համալսարան, ապա նրանց վարձը նույնպես կվճարենք։ Կարող ենք փաստել, որ հարյուր տարի առաջ որդեգրած սկզբունքներն անփոփոխ են մնացել։
–Համալսարանը նախ եւ առաջ այն անհատներն են, որոնք պատմություն են կերտել։ Հայ իրականության խոշոր գործիչներից շատերը համալսարանական են եղել։
–Այստեղ ընկալումը երկակի է։ Իրո՛ք, անուն են թողնում մեր մեծերը, բայց առանց մյուսների այդ մեծերը շատ բան անել չէին կարող։ Նրանց կողքին աշխատող դասախոսներից եւ աշխատակիցներից յուրաքանչյուրը մի քար է ավելացրել Մայր բուհի պատմությանը, իրենց աշխատանքով հետք են թողել համալսարանում, ուսանողների մեջ սեր արթնացրել գիտության հանդեպ, քաղաքացիական կեցվածք ձեւավորել։
Գիտաժողովներից, հրատարակված գրքերից բացի տարվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ եւս. սեպտեմբերի 7—ին համալսարանի 100—ամյակին նվիրված պուրակ է բացվել Արցախում, հուշաքար է դրվել, նաեւ ծառատունկ կազմակերպվել։ Ավան վարչական շրջանում նույնպես բացվել է համալսարանականների պուրակ։ ՀՀ կենտրոնական բանկը արծաթե հուշադրամ է թողարկել 1000 դրամ անվանական արժեքով։ «Հայփոստը» համալսարանի հոբելյանին նվիրված նամականիշ է թողարկել։ Գյումրիում այն շենքի պատին, որտեղ անցկացվել են համալսարանի առաջին դասերը, փակցվել է հուշատախտակ։
Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
l.mkhitaryan@hhpress.am

16-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO