Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը

Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, այսինքն՝ երեք միլիարդ մարդ ինտերնետում օգտվում է սոցիալական ցանցերից։ Սոցիալական ցանցերում միմյանց հետ շփվելը, տեղեկություն ստանալն ու տարածելը, ինքնադրսեւորման երեւույթները գրեթե վերջին երկու տասնամյակի պատմություն են, սակայն չափազանց արագ տեմպերով են զարգանում ու մուտք գործում մարդկային կյանք։
Արդյո՞ք սոցցանցերի հղացումն արհեստածին է կամ զարգացող տեխնոլոգիաների հետեւանք, թե՞ դրա բնական պահանջարկն ու անհրաժեշտությունն են հանգեցրել աշխարհի հետ շփվելու այդ տեսակի առաջացմանը։ Կարելի է ասել՝ մեկը մյուսի հետ թափանցիկ կապ ունեն։ Միմյանց միջեւ ընկած տարածությունն ու ժամանակը միշտ էլ խնդիրներ են առաջացրել մարդու համար, եւ մարդը ժամանակի ընթացքում տարածության վրա եւ ժամանակային տիրույթում շփվելու ամենապարզ ու պրիմիտիվ միջոցներից աստիճանաբար հասել է առավել զարգացած ու արագ շփման ձեւեր գտնելու աստիճանի։ Ժամանակակից տեխնոլոգիան թույլատրում է դրա առավել կատարելագործված ու թռիչքային զարգացումներ՝ շփման տիրույթում կիրառության մեջ դնելով նորանոր գործողություններ։
Ասել, թե գաղափարն հղացվել է զարգացող տեխնոլոգիաների հետեւանքով, այնքան էլ ճիշտ չի լինի, քանի որ այն սաղմնավորվում է նախ եւ առաջ երեւակայության տիրույթում՝ անհրաժեշտությունից ելնելով, որը հաճախ արտացոլվում է գրականության մեջ։ Նմանատիպ օրինակի հանդիպում ենք XIX դարի ռուս գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ Վլադիմիր Օդոեւսկու «4338 թիվ» ուտոպիական անավարտ վեպում՝ գրված 1837 թվին, որտեղ նա նկարագրում է, թե «ծանոթ տների միջեւ ստեղծված է մագնիսական հեռագրություն, որի միջոցով միմյանցից հեռու ապրողները զրուցում են իրար հետ», ինչպես նաեւ հիշատակում է «տնային թերթերի» մասին, որ «հրատարակվում են շատ տներում, հատկապես նրանց միջեւ, ովքեր մեծ ծանոթություններ ունեն», բացատրելով, թե այդ թերթերը փոխարինում են սովորական նամակագրությանը՝ տեղեկություն հաղորդելով տանտերերի առողջական վիճակի, հիվանդության կամ այլ տնային նորությունների մասին, այնուհետեւ՝ տարբեր մտքեր ու դիտարկումներ, ոչ մեծ հայտնագործություններ, զանազան հրավերքներ եւ այլն։ Վեպի գաղափարը, իհարկե, հղացվել է տարածության վրա միմյանց հետ շփվելու անհրաժեշտությունից, եւ հեղինակը չի էլ պատկերացրել, թե որքան մոտ է իր գաղափարը իրականություն դառնալուն, այլապես դրա իրագործումը չէր վերագրի այդքան հեռավոր հազարամյակների՝ 4338 թ., որն այնքան ուտոպիական չէր թվա այն ժամանակների համար՝ գրեթե ֆանտաստիկ ու անիրագործելի։
Բայց գաղափարները, անկախ ամեն ինչից, ծնունդ առնելով, իրենց շուրջն ստեղծում են մագնիսական դաշտ ու սկսում գոյատեւել այդ դաշտում՝ մինչեւ որեւէ մեկի կողմից չեն դառնում իրականություն, անգամ, երբ այդ որեւէ մեկը իրապես ծանոթ էլ չէ «օդում» նետված գաղափարին, որով էլ բացատրվում է շատ հաճախ միեւնույն գյուտի նույն ժամանակաշրջանում արված հայտնագործությունը՝ միմյանց հետ կապ չունեցող անձանցից, ինչպես 1895 թվականին ռադիոյի միաժամանակյա հեռարձակումը գյուտարարներ՝ իտալացի Գուլելմո Մարկոնիի եւ ռուս Ալեքսանդր Պոպովի կողմից։ Ինչպես ռադիոյի, այնպես էլ ցանկացած գյուտ իր հետ նոր մշակույթ է բերում, եւ եթե ռադիոյի շնորհիվ մարդը կարողացավ աշխարհի հետ կապ հաստատել տարածության վրա, ճիշտ է՝ միակողմանի, իսկ հեռախոսի գյուտը թույլ տվեց զրուցակիցների միջեւ երկկողմանի կապ, ապա ինտերնետային կապը, կարելի է ասել, ընդգրկեց կապի ու տեղեկատվության բոլոր միջոցները՝ միասին վերցրած։ Սրանով էլ հենց այն դարձավ առավել գայթակղիչ ու հարմար, առավել արագ ու մատչելի, բազմակողմանի ու բազմաշերտ, եւ զարմանալի չէ, որ յուրաքանչյուրը ցանկանում է հաստատվել այդ տիրույթում։
Սոցիալական ցանցի գյուտը, այսպես ասած՝ ոտքի տեղ բացեց ամենքի համար, ու եթե այդ իմաստով մամուլն ու ռադիոն, կապույտ էկրանը, զանազան բեմեր անմատչելի են զանգվածների ինքնադրսեւորման համար, ապա այստեղ որեւէ խտրականություն չկա որեւէ առումով, անգամ տաղանդի ու անտաղանդի, գիտունի ու անգետի, բարոյականի ու հանցագործի, այսինքն՝ սոցիալական ցանցերի ընդգրկումն ու տարածքը նույն կյանքի տարածքն ու ընդգրկումն է՝ հասարակության բոլոր շերտերով ու աստիճաններով, միայն թե այս հարթությունում առավել սուր ու ազատ են դրսեւորվում մարդու ներաշխարհի արատներն ու թուլությունները, հոգեվիճակը եւ առավել ցցուն՝ սեփական անձի հանդեպ անլիարժեքության բարդույթը, որը, դառնալով վարակի աղբյուր, աստիճանաբար առավել ու առավել է ընդգրկում զանգվածներին եւ սպառնում վերածվել հասարակության բարդույթի, ինչը կարող է հանգեցնել համընդհանուր հուսալքության ու ապատիայի։
Ստացվում է այնպես, որ, ասենք, օպերային բեմ են բարձրանում պրոֆեսիոնալ երգիչներ, եւ նրանց հետ միաժամանակ բեմ են լցվում հանդիսատեսները, ում օժտվածությունը չի ներում օպերայում երգելու, սակայն նրանք համառորեն չեն ուզում բեմից իջնել եւ լսել երգողներին, այլ ամեն կերպ նրանց ձայնը խլացնելու համար փորձում են այլ բան բեմադրել, որպեսզի իրենք գրավեն բեմն ու տարածքը, իսկ նրանց բեմադրությունը ոչ այլ ինչ է, քան գռեհկաբանություն ու հայհոյանքներով լի հոգեկան ընկճախտ։ Բանն հասել է այնտեղ, որ մարդիկ այլ բան չունեն, քան ցուցադրել ու գովազդել իրենց կամ սրա—նրա մարմնի «արժանիքները», կարծես, ուրիշ ոչ ոք օժտված չէ դրանցով, մի երեւելի բան, որ ո՛չ ցերեկվա արեւի լույսով, ո՛չ գիշերվա ճրագով չես գտնի։
Շատերի համար կարեւորվում է ոչ այնքան սեփական ասելիքը, որքան դրա արձագանքը, ավելի ստույգ՝ ոչ այնքան արձագանքի բնույթը, որքան քանակը, եւ որքան անհեթեթ է գրառումը, այնքան մեծ է արձագանքողների թիվը, եւ հասարակական հարթակի վրա արտացոլվում է մի պատկեր, ուր իրական արժեքները անտեսվում կամ արհամարհվում են։ Մարդիկ սկսում են ապրել ոչնչով ու դատարկությամբ, սակայն ինքնագոհ՝ պատկերացում չունենալով իրենց իսկ իրական ունակությունների մասին, որ խեղաթյուրվում են պարզունակ «լայքեր» հավաքելու կամ չհավաքելու ծանրութեթեւով եւ, ընկնելով հավաքած կամ չհավաքած «լայքերի» ազդեցության թմբիրի մեջ, տրվում հոգեկան անառողջ ապրումների, ինչը հանգեցնում է հուլության ու ծուլության, անգործունեության։ Այսպես է ստացվում, երբ տգետն իրեն գիտունի տեղ է դնում եւ կարծում, թե գիտունից առավե՛լ կարող է նրա գործն անել, եւ ոչ ավելի, ոչ պակաս, նետվում բեմ եւ առանց տեքստի փորձում խառնվել պատրաստի բեմադրությանը եւ փչացնել այն։
Պատկերացնելու համար ստեղծված վիճակը, բավական է արձանագրել այն փաստը, որ հանդիսատեսները միշտ էլ՝ հազարներով, հարյուրհազարներով ու անգամ միլիոններով, գերազանցում են պրոֆեսիոնալներին, եւ, ըստ այդմ՝ կարելի է պատկերացնել, թե ինչ աղետ է սպասվում, երբ բեմը դառնում է հանդիսասրահ, իսկ հանդիսասրահը դատարկվում է, այսինքն՝ վերանում է զրույցը բեմի եւ հանդիսատեսի միջեւ. բեմը կորցնում է հանդիսատեսին, իսկ հանդիսատեը՝ զրկվում հոգեւոր սննդից, ինքն իրեն ճանաչելու, իր ներսը թափանցելու հնարավորությունից։
Ցավոք, տեխնիկայի զարգանալու հետ, ինչը հեշտացնում է մարդու կյանքը, խնայում թանկ ժամանակը, բարձրացնում աշխատանքի օգտակար գործողության գործակիցը, աշխարհը ճանաչելի եւ, շփման տեսակետից, մատչելի դարձնում տարածային եւ ժամանակային առումով, մարդու ինքնագիտակցությունը զարգացում չի ապրում, եւ մարդիկ իրենց իսկ նվաճումը փորձաքար են սարքում սեփական գլխին, այնպես, ինչպես ատոմի գյուտը, որ հայտնաբերելով էներգիայի աղբյուր, միաժամանակ դարձավ ոչնչացման ու սպառնալիքի գործոն։ Սա կյանքի պարադոքսներից կարեւորագույնն է, որի հետ պետք է հաշվի նստել լրջորեն եւ ինքնաորոնման ճանապարհին չհանգցնել այն լույսը, որն օգնում է հայելու մեջ տեսնել սեփական դեմքը։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

18-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO