Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը

Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց հանճարի դիրքորոշումը քննարկելը հիշեցնեմ «Ուժն է ծնում իրավունք» եւ «Իրավունքն է ծնում ուժ» լայնորեն տարածված, նաեւ հակասական մեկնաբանություն ստացող կարգախոսները։ Թեպետ դրանք դիտարկվում են որպես մարդկանց բնականոն համակեցությունն ապահովող քաղաքական եւ իրավական հակադիր լուծումներ, սակայն կյանքում տեսնում ենք, թե ինչպես են մեկը մյուսին փոխակերպվում. ուժով իրավունքին տիրացածը հետագայում նաեւ իրավունքն է որպես իշխանական ուժ գործադրում, ինչպես որ իրավունքի ուժով իշխանության գլուխ եկածը երբեմն չի խորշում զուտ ուժի կառավարչական գործադրումից։
Այս հակիրճ նախաբանից անցնենք, նախ՝ Հովհաննես Թումանյանի կենսափիլիսոփայությանը, ապա՝ ուժի եւ ուժեղի վարքագծի մասին նրա ըմբռնմանը։ Առաջինի ուղնուծուծը նրա անսասան վստահությունն է բարի արարքի արդարացի վարձահատուցման մեջ, որ լավագույնս ձեւակերպված է «Խոսող ձուկը» հեքիաթի ամփոփ փիլիսոփայությամբ. «Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ»։ Իսկ երկրորդը, որ կարող ենք անվանել «բարի ուժի» փիլիսոփայություն, առավել ցայտուն արտահայտված է «Հսկան» բալլադում։
Այստեղ հսկան անհիմն ու անսպասելի հարձակման է ենթարկվում գոռոզամիտ եւ ինքնահավան իշխանից («Ինձնից ուժեղ չեմ ճանաչում // Ես ոչ մի տեղ եւ ոչ մեկին»), ուստի եւ իրերի բուն տրամաբանությամբ լիակատար իրավունք ունի իր ամեհի ուժն օգտագործելու եւ կոտորելու իշխանի ուղարկած զորքը, եւ այդպես էլ ուզում է անել։ Բայց հսկայի մայրը իր խոսքով նրան հակում է ներողամտության, հատուցումից հրաժարվելու, այդկերպ՝ արդարացի քայլ անելու։
Որո՞նք են «բարի ուժի» թումանյանական փիլիսոփայության հիմնադրույթները։ Նախ՝ ուժեղը չպետք է ճնշի թույլին միայն այն պատճառով, որ ինքն ուժեղ է. սա բարոյական անվերապահ հրամայական է։ Երկրորդ դրույթը նախորդի տրամաբանական հիմունքն է պարզաբանում՝ որպես կենդանի էակներ՝ երկուսն էլ կյանքի հավասար իրավունք ունեն, ոչ մեկն արտոնյալ չէ եւ ոչ մի հիմքով։ Երրորդ՝ ուժեղը պետք է հիշի, որ «միշտ ուժեղից ուժեղը կա» («իսկ ամենից ուժեղը՝ մահ»), իրենից ավելի ուժեղը կա, այլ կերպ ասած՝ ուժի անարդարացի գործադրումը կարող է շրջվել իր դեմ, ուստի եւ նման գիտակցումն արդեն պետք է զսպի ուժեղին անխոհեմ քայլ կատարելուց։ Վերջապես, չորրորդ՝ ուժեղը պետք է ունակ լինի անսալ խոհեմ խորհրդին, միայն այդ պարագայում ուժը կստանա բարի գործադրում՝ տվյալ պայմաններին վայել, արդարացի ու գեղեցիկ արարք։
Հովհաննես Թումանյանի այս հայեցակարգը ինքնին ամենախոհեմ խորհուրդն է, որով ե՛ւ թույլը, ե՛ւ ուժեղը, ե՛ւ ուժեղից ուժեղը կարող են խաղաղ գոյակցել, սակայն այդ գաղափարն իսկ արմատապես հակադիր է ինչպես գրողի ժամանակաշրջանում, այնպես էլ ներկայում տարածված սոցիալ—դարվինիզմի փիլիսոփայությանն ու հանրաբանությանը, ուժապաշտական ուսմունքներին։ Բնական է, որ ուժեղի իրավունքը հիմնավորող եւ արդարացնող գաղափարները, «կամքն առ իշխանությունը» ամեն ինչից վեր դասող նիցշեականությունը խորթ էին հայ հումանիստ մտածողին։
Ըստ Թումանյանի՝ բարությունը, հանդուրժողականությունը, խաղաղասիրությունը հայ ազգի ընդոծին հատկություններից են, թեպետ շփվելով այլազգիների, հատկապես թուրքերի եւ թաթարների հետ, մենք ձեռք ենք բերել որոշ մերժելի հատկություններ, որոնցից ազատումը նա դիտարկում էր որպես ազգային ինքնավեհացման խնդիր։ Հայ մարդկանց ազնվության, արդարամտության, մտածելակերպի ու գործելակերպի առավելությունների, «բարի ուժին» հակվածության մասին բազում վավերագրեր կան, բայց լավագույնը, թերեւս, Հովհաննես Թումանյանի կազմած կոչն է, որով հանդես եկան լոռեցիները 1906 թ. փետրվարի սկզբին՝ ձգտելով հանդարտեցնել հայ—թաթարական բախումները. «Մենք, լոռեցիներս, չենք հարձակվում ու չենք կռվում մեր հարեւան թուրքերի հետ եւ ոչ մի կողմի վրա, որովհետեւ, եթե ուժեղ ենք անիրավություն է, եթե թույլ ենք հիմարություն է։ Մենք պահպանում ենք խաղաղություն եւ հաշտություն, դրա համար բարձրացնում ենք սպիտակ դրոշակ եւ կոչ ենք անում մեր հարեւան թուրքերին էլ մեզ հետ միասին պահել խաղաղությունը։ Եվ երդվում ենք միշտ մաքուր ու բարձր պահել մեր սպիտակ դրոշակը։ Իսկ եթե նրանք մեզ չեն լսիլ եւ կհարձակվեն մեր գյուղերի վրա կաշխատենք պետական ուժով դրա առաջն առնել, եւ եթե անկարելի եղավ, մենք ինքներս դուրս կգանք նրանց դեմ եւ անխնա, բայց այնուամենայնիվ դարձյալ չենք գնալ նրանց գյուղերի վրա»։
«Բարի ուժի» թումանյանական փիլիսոփայությունն ուղղված է նաեւ հայերիս բնականոն, հաշտ ու խաղաղ, համերաշխությամբ ու սիրով համակեցության ապահովմանը, ներազգային հանդուրժողականության ապահովմանը։ Հիրավի, «մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը»։
Իսկ հանդուրժող վարվելակերպի նրա բանաձեւն այսօր էլ հայերիս (եւ ոչ միայն հայերիս) համար կարող է ծառայել որպես մարդկանց ցանկալի համակեցության վարքականոնի բարձրագույն ձեւակերպում. «Ինչքան ցավ եմ տեսել ես, // Նենգ ու դավ եմ տեսել ես, // Տարել, ներել ու սիրել,// Վատը՝ լավ եմ տեսել ես»։
«Տարել ներել սիրել» այս եռաբաղադրիչ աստիճանավորումը, որ իրոք, բարության եւ հանդուրժողականության անզուգական մի ձեւակերպում է, միակ ճանապարհն է «վատը՝ լավ» տեսնելու, բայց մեզանից քանիսին է հասու մեծ բանաստեղծի եւ մեծ մարդու այս կենսափիլիսոփայությունը։
Առհասարակ, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից դժվար չէ եզրակացնել, որ նա խորաթափանց հոգեբան է եղել, մարդկանց ճանաչելու զարմանահրաշ ձիրք է ունեցել։ Ուշագրավ դիտարկում ունի Դերենիկ Դեմիրճյանը. «Թումանյանը լավ էր ճանաչում մարդկանց, բայց չէր ցույց տալիս այդ, ձեւացնում էր, թե չի տեսնում։ Դա միայն նրա համար չէր, որ շոյի դիմացինին, այլեւ նրա համար, «որ վատը լավ տեսնի» նաեւ ինքը։ Նա բռնի իդեալականացնում էր կյանքը, մարդկանց, ջանում էր նրանց բարձրացնել իր աչքում, ջանալով եւ իրեն բարձրացնել նրանց եւ իր աչքում.... Նա իդեալիստ էր եւ ձգտումներ ուներ բարձրանալու եւ բարձրացնելու»։
Այդպես է, իհարկե, բայց չմոռանանք, որ այդ «բռնի իդեալականացումը» հենվում է բնավ էլ ոչ չիմացության կամ ռոմանտիկ պատրանքների վրա։ Հովհաննես Թումանյանը մարդաբան գրող է, մարդ արարածի էության մեջ մշտապես խորասուզվող փիլիսոփա հետազոտող, եւ նրա գնահատումները լիովին իրատեսական են։ Պատահական չէ, որ մտերիմներին ուղղված նամակներում նա հաճախ էր դառնությամբ արձանագրում, թե «քիչ մարդիկ կան, որ համ ճաշակ ու սիրտ ունեն, համ էլ սրտալի են մոտենում եւ մարդ զգում է ջերմությունը անկեղծության եւ սիրո», «մարդիկ քիչ են՝ գազանները շատ» եւ այլն։ Եվ, ուրեմն, առավել եւս կամք ու ջանք էր պահանջում «տանել ներել սիրել» հավատամքին անդավաճան մնալը։
Թումանյանի կյանքում եղել են, իհարկե, նաեւ զայրույթի, վրդովմունքի պահեր։ Կենսական եւ ստեղծագործական անսասան սկզբունքների տեր մարդու համար, բնականաբար, կային արժեքներ, որոնք չպետք է արհամարհվեն, բարոյական նորմեր, որոնց խախտումն անթույլատրելի էր։ Նվարդ Թումանյանի վկայությամբ, «շատ էր վրդովվում, երբ տեսնում էր այնպիսի հայերի, որ իրենց հարազատ լեզուն, գրականությունն ու պատմությունը չգիտեն»։ Թումանյանի հրապարակախոսության մեջ հանդիպում ենք նաեւ սուր քննադատության, կյանքում եւ գրականության մեջ կեղծիքի անհանդուրժողական մերժման, բայց նրան երբեք չենք տեսնում չարացած։ «Իմ զայրույթը լիքն է սիրով» հավատամքը, ընդհակառակը, միշտ դուռը բաց է թողնում, տեղ է թողնում «վատը՝ լավ տեսնելու», եւ դա, ամենից առաջ, հենց իրեն է հարկավոր, ուրույն թումանյանական ժպիտն ամենքին պարգեւելու համար։
Ի՞նչ է պատգամում մեզ մեր մեծ ազգակիցը, հավիտենական Ուսուցիչը։ Հասկանալ, որ փոխադարձ հանդուրժողականության ձեւավորման առաջին քայլը «տանելն» է, այսինքն՝ մի անձի տեսակետից մեկ ուրիշի՝ անընդունելի, մերժելի արարքին (արտահայտությանը, կարծիքին, կեցվածքին, դիրքորոշմանը) համակերպվելը, ինչը, բնականաբար, անձից պահանջում է հարգալից վերաբերմունք, պահանջում է լինել, թումանյանական ձեւակերպմամբ, «ավելի լայնսիրտ, ավելի համբերատար»։ «Տանելը» ճանապարհ է բացում դեպի «ներելը», ինչը նշանակում է ըմբռնել անընդունելի արարքը եւ մասամբ արդարացնել որպես մարդկային արարածին բնորոշ թուլություն, թերություն, անխոհեմ քայլ, անցողիկ սխալ կամ գայթակղություն։ Լիակատար ներումն արդեն հնարավոր է դարձնում «սիրելը», ինչը պիտի հասկանալ լայն իմաստով՝ թույլ, անկատար, սեփական կարծիքը, ուժերը գերագնահատող, դյուրին մոլորվող մարդուն մխիթարելու, կարեկցելու, փրկության հույս տալու իմաստով. եւ հատկապես «սիրո պայծառ զգացմունքն» է մեզ համար բացահայտում այն ճշմարտությունը, թե «մարդ չկա, որ լավ կողմեր չունենա»։
Ուրիշի ընկալման նմանօրինակ այլափոխումը, անտարակույս, մարդուց պահանջում է հոգու եւ մտքի աշխատանք, որ տեսնում ենք Թումանյանի օրինակով։ Նրա մանկության ընկեր Նեսոն հասուն տարիքում բոլորովին այլ մարդ է, վարքուբարքը բնավ դրվատանքի արժանի չէ, բայց բանաստեղծը ներքուստ ջանում է նախկին ընկերոջ բարոյական անկումն ամեն կերպ արդարացնել (տանել) կենսական հանգամանքների ազդեցությամբ. «Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ»։
Ամենակարեւորն այն է, որ եթե ցանկանում ենք ինչպես Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը, այնպես էլ «տանել ներել սիրել» հավատամքը դարձնել ամեն մի հայի վարքականոնի տիպար, անհրաժեշտ է ապահովել հանրային բարենպաստ միջավայր։ Խոսքն այն մասին է, որ այդօրինակ վարվելակերպը լինի ոչ թե առանձին—անհատական, բացառիկ մի երեւույթ, այլ հայոց համակեցության ամենաբնորոշ գծերից մեկը, հայազգիների դաստիարակության պարտադիր հիմքը։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

23-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO